
Դատավորը բավարարեց «Ամերիաբանկի» նախկին փոքր բաժնետիրոջ միջնորդությունը. Կենտրոնական բանկն ու Դեպոզիտարիան ներգրավվեցին գործում
«Ամերիաբանկի» նախկին բաժնետեր Արտաշես Հովհաննիսյանի ներկայացուցիչներն այսօր դատարանում նոր միջնորդություն ներկայացրին:
Հիշեցնենք, որ «Ամերիաբանկի» բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի որոշմամբ` բանկի բաժնետոմսերը կոնսոլիդացվել էին, որի արդյունքում փոքր բաժնետերեր Արտաշես Հովհաննիսյանի հինգ բաժնետոմսերը փոխարկվել են 0,625 հատ կոտորակային բաժնետոմսի, ապա հետ գնվել բանկի կողմից առանց նրա իմացության:
Արտաշես Հովհաննիսյանը դատարանում բողոքարկում է բանկի արտահերթ ընդհանուր ժողովի որոշումը՝ պահանջելով անվավեր ճանաչել այն և կիրառել առոչինչ գործարքի անվավերության հետևանքները` վերադարձնել հինգ բաժնետոմսերը:
Այսօր հայցվորի ներկայացուցիչներ Հայկ Հովհաննիսյանն ու Գագիկ Գրիգորյանը միջնորդություն ներկայացրին գործում որպես պատասխանող երրորդ անձ ներգրավվել Կենտրոնական բանկին և Կենտրոնական դեպոզիտարիային:
Հայցվոր կողմն այս միջնորդությունն արել է` տեսականորեն հնարավոր համարելով, որ դատարանի` իրենց հայցը բավարարելու դեպքում ԿԲ-ի և Կենտրոնական դեպոզիտարիայի համար լրացուցիչ պարտականություն կառաջա` անվավեր ճանաչելու արդեն իսկ իրականացրած գործարքները:
«Բոլոր այդպիսի դեպքերում միշտ պետք է այդ անձինք, ում համար պարտականության կամ իրավունք է սահմանվում վճռով, ներգրավվեն դատական պրոցեսում, որպեսզի իրավունք ունենան պաշտպանելու իրենց իրավունքները: Սրանից ելնելով` մենք ներգրավում ենք Կենտրոնական բանկին և Դեպոզիտարիային»,- նշեց Հայկ Հովհաննիսյանը:
Հայցվոր կողմը Կենտրոնական դեպոզիտարիայի համար որպես լրացուցիչ պարտավորություն կանխատեսում է հետգնման գործարքի արդյունքում բաժնետոմսերի փոխված համամասնության գրանցման, իսկ Կենտրոնական բանկի կողմից` «Ամերիաբանկի» կանոնադրության փոփոխության անվավեր ճանաչումը:
Թեև «Ամերիաբանկի» ներկայացուցիչը` Արման Մարտիրոսյանը, դեմ արտահայտվեց միջնորդությանը, սակայն դատավոր Գագիկ Խանդանյանը բավարարեց այն: Դեպոզիտարիան և ԿԲ-ն ներգրավված են գործում:
Դատական նիստը հետաձգվեց սեպտեմբերի 29-ին:
Մեկնաբանել