
1 տոննա թմրանյութի գործով մի շարք պետությունների հասցեագրվել են իրավական օգնության միջնորդություններ
Իրանից Հայաստան շուրջ 1 տոննա թմրանյութերի տեղափոխման գործով մի շարք պետություններին հասցեագրվել են իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ միջնորդություններ: Այս մասին «Հետքին» հայտնել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը:
Հիշեցնենք, որ շուրջ 1 տոննա թմրանյութերի գործով դատապարտված վրացի Աֆթանդիլ Մարտիաշվիլուն մերժել են արտահանձնել Վրաստան:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, պատասխանելով Աֆթանդիլ Մարտիաշվիլու արտահանձման խնդրանքին, հայտնել է, որ վարորդի դիմումն ուսումնասիրվել է, սակայն արտահանձնումը նպատակահարմար չեն գտել, քանի որ քննվում է նոր քրեական գործ: Թե ինչ նոր քրեական գործի մասին է խոսքը, փոխնախարարը չի մանրամասնել:
Վիգեն Քոչարյանից փորձեցինք պարզաբանումներ ստանալ, թե ինչ նոր քրեական գործի մասին է խոսքը: «Ավթանդիլ Սիկոյի Մարտիաշվիլիի վերաբերյալ քրեական գործից հանցագործության կազմակերպիչների մասով անջատվել է նոր քրեական գործ, որը գտնվում է նախաքննության փուլում: Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, մի շարք պետություններին հասցեագրվել են իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ միջնորդություններ, սակայն նախաքննությունը դեռևս չի ավարտվել»,- հայտնել է Արդարադատության նախարարի տեղակալը:
Ելնելով վերոգրյալից՝ Աֆթանդիլ Մարտիաշվիլու պատժի մնացած մասը կրելու նպատակով Հայաստանի Հանրապետությունից Վրաստան փոխանցումը ներկայիս դրությամբ համարվել է ոչ նպատակահարմար:
Վարորդ Մարտիաշվիլու հարազատները «Հետքին» հայտնեցին, որ Աֆթանդիլը պատրաստվում է դիմել Եվրադատարան: Այս պահին փաստաբանները զբաղված են նրա հայցի և փաստաթղթերի պատրաստմամբ:
Այս գործով թմրանյութ տեղափոխելու համար Թուրքիայի քաղաքացի Օսման Ուղուրլուն դատապարտվեց 19, Վրաստանի քաղաքացի Ավթանդիլ Մարտիաշվիլին՝ 17 տարի ազատարզրկման: Սակայն վարորդ Մարտիաշվիլին երկու ատյաններում էլ պնդում էր, որ տեղյակ չի եղել թմրանյութի առկայությունից, որոնք հատուկ ներկառուցված թաքստոցում են եղել, և այս պատմության մեջ հայտնվել է միայն այն պատճառով, որ վարել է մեքենան: Վերաքննիչը ամբաստանյալների բողոքները քննելով' դատավճիռը թողել է անփոփոխ:
Վարորդ Մարտիաշվիլին դիմել էր նաև Վճռաբեկ դատարան: Վճռաբեկը, դատավոր Դավիթ Ավետիսյանի նախագահությամբ, որոշել է չքննել վարորդ Մարտիաշվիլու բողոքը:
Մեկնաբանել