HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սողոմոն Քոչարյանը հիվանդության հիմքով ենթակա է պատժից ազատման (տեսանյութ)

Ցմահ ազատազրկված Սողոմոն Քոչարյանի մորը` տիկին Զինային երկար բանակցություններից հետո մի քանի րոպեով թույլ տվեցին տեսնել որդուն: Նա դուրս թռավ գոռալով ու լաց լինելով. «Խեղդվեց, խեղդվեց...»: «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում իրարանցում սկսվեց: Բոլորը վազում էին դեպի «բոքս»: Բժիշկներին այս անգամ հաջողվեց փրկել Սողոմոն Քոչարյանի կյանքը:

Սողոմոն Քոչարյանի մայրը մեզ պատմեց հետևյալը. «Ինձ տեսավ, սկսեց լաց լինել... ջուրն էլ չի կարում խմի, ուռած, աչքերը փոքր, կոկորդը ուռած... էդ վիճակով առավոտը ուզել են տանեն բերդ, ինչի՞ համար՝ տանեն սպանեն... զոռով հարկի բժիշկը պահել ա, ասել ա՝ ես եմ պատասխանատու... թողեք գոնե մի երկու օր ապրի»:

Այսօր «Հետքը» եղավ «Էրեբունի» ԲԿ-ում, որտեղ վերակենդանացման բաժանմունքում երկու օր է՝ գտնվում է ցմահ ազատազրկված Սողոմոն Քոչարյանը: Սրտաթոքային բաժանմունքի բոքսի դիմաց քրեակատարողական համակարգի համազգեստավոր ու զինված քաղաքացիական համազգեստով ծառայողներ էին կանգնած: Ինձ թույլ չտվեցին ներս մտնել, չթույլատրեցին նաև լուսանկարել ու նկարահանել այդ հատվածը: Փորձեցի հարցազրույց վերցնել բժշկից, ով հրաժարվեց խոսել ձայնագրիչը կամ տեսախցիկը միացված: Նա պարզապես բանավոր ասաց, որ Սողոմոն Քոչարյանը ծանր հիվանդ է, կարող է փրկվել միայն հրաշքով:

Հիվանդանոցի 7-րդ հարկի նախասրահում էին Սողոմոն Քոչարյանի մայրը, քույրը, բարեկամները, «Նուբարաշեն» ՔԿՀ գլխավոր բժիշկը: Վերջինը նույնպես հրաժարվեց հարցազրույցից՝ նշելով, որ ծառայության մեջ է: Սողոմոնի մայրը՝ Զինա Քոչարյանը, անընդհատ խնդրում էր բանտի բժշկին, որ որպես խնամակալ ձևակերպեն իրեն: «Գոնե կողքին կլինեմ»,-ասում էր նա: «Նուբարաշեն» ՔԿՀ բժիշկն ասաց, որ խնդիր չի տեսնում, միայն թե հիվանդանոցից անհրաժեշտ թղթերը՝ ախտորոշումը պիտի բերեն բանտ:

Զինա Քոչարյանը նախքան բանտ գնալը մեզ տրամադրեց Սողոմոնի ախտորոշումը, ըստ որի` որդին տառապում է սրտի իշեմիկ հիվանդությամբ՝ 4-րդ աստիճանի սրտային անբավարարությամբ (իշեմիկ կարդիոմիոպաթիա), ունի հետինֆարկտային խրոնիկ անևրիզմա, հիվանդ է նաև կանգային թոքաբորբով:

Սողոմոն Քոչարյանը սրտի իշեմիկ հիվանդությամբ ենթակա է պատժից ազատման: Այդպես է սահմանված Կառավարության 825-Ն որոշմամբ: Այնտեղ սահմանված է պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկը: 28-րդ կետում նշված են սրտի հիվանդությունները` արյան շրջանառության 3-րդ աստիճանի անբավարարությամբ: Իսկ 4-րդ մասում նշված է սրտի իշեմիկ հիվանդությունը:  

«Փաստորեն, մեզ բանտից էսքան ժամանակ չէին ասում, որ Սողոմոնիս մոտ իշեմիկ հիվանդություն ա, բժիշկներն ասեցին, որ սրտի առաջին հետազոտությունից հետո պարզ է եղել հիվանդության անունը: Ասեցին՝ դա պարզելը դժվար բան չէ: Բայց ինչի էսքան թաքուն պահեցին, որ չազատեն: Էդ հարցը թողնում եմ իրանց խղճին: Ես բանտի բժշկին ասեցի`ինչի՞ են մի քանի անգամ բերել ու տարել նորից բերդում փակել: Բժիշկներն ասեցին, որ Սողոմոնս երկար կյանք չունի, որ եթե հրաշք էլ լինի՝ փրկվի, մինչև կյանքի վերջ կարող ա մնա սրտի անբավարարությունը, անգամ բարձր աստիճանը: Գոնե հիմա թողնեն տանեմ տուն»,- ասում էր տիկին Զինան՝ նշելով, որ եթե շուտ պահեին տղային հիվանդանոցային պայմաններում, նա կառողջանար, այսքան չէր սրվի վիճակը: Նա ցույց տվեց որդու սրտագրությունն ու ախտորոշումը:

Հիշեցնենք, որ Սողոմոն Քոչարյանը Արցախյան պատերազմի մասնակից է, հետախույզ, 2-րդ կարգի հաշմանդամ: Դատապարտվել է մահապատժի 1995 թ.-ին իրանահպատակ ադրբեջանցու սպանության մեղադրանքով: 20 տարի գտնվում է անազատության մեջ: Այս տարիներին կորցրել է ընտանիքի անդամներին՝ կնոջն ու դստերը: Աղջկա ինքնասպանությունից հետո Սողոմոն Քոչարյանի առողջական վիճակը գնալով վատացել է: Նրա մայրը վերջին մեկ տարվա ընթացքում բարձրաձայնել է որդուն հիվանդանոց տեղափոխելու, հետազոտելու, իսկ վերջին շրջանում նաև հիվանդանոցային պայմաններում պահելու անհրաժեշտության մասին:

Հ.Գ. Քրեակատարողական վարչությունից փորձեցինք ճշտել, թե որտեղ է գտնվում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին, ով հուլիսի 27-ին կալանավորվեց Գորիսում Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների դեպքի առթիվ քննվող քրեական գործով: ՔԿՎ-ից մեզ հայտնեցին, որ նա գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, բայց ոչ թե խցային պայմաններում, ինչպես կալանավորվածների մեծամասնությունը, այլ բուժմասում է արդեն երկու շաբաթ: Հարցին, թե ինչպես է որոշվում, թե որ կալանավորին կամ դատապարտյալին բուժմաս կամ հիվանդանոց տեղափոխելու հարցը, ՔԿՎ-ից պատասխանեցին. «Եթե հիվանդը ստացիոնար բուժման կարիք ունի, բժիշկն այդ մասին զեկուցում է, և տեղափոխում են»:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter