HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Կյուրեղյան. «Չես խփելու էս անգամ, ես 14 տարի չեմ նստելու»

Ինչպես հայտնել էինք նախորդ հրապարակմամբ, Հայկ Կյուրեղյանի գործով դատական նիստը հետաձգվել էր մինչև ժամը 15:00-ն: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ հավաքված քաղաքացիներին, ովքեր եկել էին ներկա գտնվելու Կյուրեղյանի նիստին, այս անգամ առհասարակ թույլ չտվեցին մտնել դատարանի շենք:  

«Հետքի» հարցին պատասխանելով՝ կարգադրիչները միայն նշեցին, որ դատավորի հրահանգն է՝ նիստին թույլատրել միայն լրագրողներին: Նիստին մասնակցել թույլ չտվեցին անգամ ամբաստանյալ Հայկ Կյուրեղյանի հորը՝ Արմենակ Կյուրեղյանին:

«Փաստորեն փակ նիստ են անում՝ խոչընդոտելով մեր իրավունքը՝ իբր պատճառաբանելով դատական նիստի ընթացքը խոչընդոտելու հանգամանքով: Բայց որևէ մեկը ինձ չի ասում, թե ինչպես եմ խոչընդոտել դատարանի աշխատանքը: Պարզ նպատակ է՝ ուզում են հանրային հնչեղություն չլինի»,- ասաց Կյուրեղյանի հայրը:

Փաստորեն, իսկապես Հայկ Կյուրեղյանը գտնվում էր դատարանում, ժամը 15:00-ին նրա ներկայությունն ապահովվեց: Դատավոր Բեկթաշյանը նկատեց, որ թեև ամբաստանյալը 10 ժամով հեռացված է նիստերից, այդուհանդերձ պաշտպանական ճառի ու վերջին խոսքի իրավունքից օգտվելու համար ապահովվել է նրա ներկայությունը:

«Բոլորը զարմացած են 14 տարի կրակելու վրա: Հիշեցի մի բան, որ Սերժ Սարգսյանը ընտրությունների ժամանակ ասեց՝ ինչքան կուզեմ՝ կխփեմ: Նույն տրամաբանության մեջ ա՝ ինչքան ուզի՝ կխփի մարդը՝ 14 տարի, 114 տարի: Բայց ես ասում եմ՝ չես խփելու էս անգամ, ես 14 տարի չեմ նստելու: Ով անհանգստանում ա իմ համար, ասում եմ՝ մի անհանգստացեք՝ ես ոչ ճնշվել եմ, ոչ էլ իմ մարտական ոգին ա իջել: Ես համոզված եմ, որ 14 տարի չեմ նստելու, որովհետև էս ռեժիմը կարող ա 14 օր էլ չդիմանա»,- ասաց Կյուրեղյանն իր պաշտպանական ճառում:

Իսկ երբ նրան տրվեց վերջին խոսքի իրավունքը, Կյուրեղյանն ասաց, որ ասելիքն ավարտել է:

Դատավոր Արմեն Բեկթաշյանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Դատավճիռը կհրապարակվի սեպտեմբերի 15-ին, ժամը 12:00-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter