
«Հետաքննող լրագրողների» հայցն ընդդեմ գլխավոր դատախազության բավարարվեց
ՀՀ վարչական դատարանը, Լիաննա Հակոբյանի նախագահությամբ, պարտավորեցրեց Գլխավոր դատախազությանը «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ին տրամադրել նախկին ցմահ դատապարտյալ, իսկ այսօրվանից ազատության մեջ գտնվող Սողոմոն Քոչարյանի վերաբերյալ 1995 թ-ին կազմված հսկողական վարույթը, որը պահվում է դատախազության արխիվում:
Հիշեցնենք, որ «Հետքը» (հիմնադիր` «Հետաքննող լրագրողներ» ՀԿ) դեռևս 2014 թ. նոյեմբերին գրավոր նամակով ՀՀ գլխավոր դատախազին խնդրել էր հնարավորություն տալ ծանոթանալու 1995 թ.-ին ՀՀ գերագույն դատարանի դատավճռով մահապատժի դատապարտված Սողոմոն Քոչարյանի վերաբերյալ հսկողական վարույթին և կատարել լուսանկարահանում: Դատախազությունը որևէ կերպ չէր արձագանքել մեր հարցմանը: Նույնաբովանդակ նամակ «Հետքը» ուղարկվել էր նաև 2015 թ. մարտին, սակայն գլխավոր դատախազությունից երկրորդ անգամ ևս որևէ պատասխան չէինք ստացել: Օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը լրանալուց հետո «Հետաքննող լրագրողներ» ՀԿ նախագահ Էդիկ Բաղդասարյանը դիմել էր ՀՀ վարչական դատարան: Դատարանում «Հետաքննող լրագրողներ»-ի շահերը պաշտպանում էր փաստաբան Գրիշա Բալասանյանը:
Դատարանը բավարարեց նաև փաստաբանի ծառայության վճարի (80 հազար դրամ) և դատական ծախսերի (4000 դրամ) փոխատուցման պահանջը:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել