HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սինթետիկ կենսակտիվ սննդային հավելումների օգտակարության առասպելը-2

Գոհար Ջրբաշյան

սկիզբը

Մաս 2

Վիտամինահանքային հավելումների ազդեցությունը մարդկանց առողջության վրա

Սինթետիկ վիտամինների և միկրոտարրերի հավելումները չեն կրկնում բնական սննդից եկած վիտամինների պաշտպանիչ ազդեցությունը: Դրանց ընդունումը որևէ կանխարգելիչ և բուժիչ ազդեցություն չունի երկարաժամկետում։ Ընդակառակը, բազմաթիվ լայնամաշտաբ համակարգված հետազոտություններ (systematic reviews) գալիս են ապացուցելու, որ և՛ հիվանդացությունը և՛ մահացությունը բարձր է նրանց մոտ ովքեր հետամուտ իրենց առողջության պահպանմանը, հետևելով բժիշկների նշանակումներին և/կամ գովազդի ազդեցությամբ սիստեմատիկորեն երկար ժամանակ կենսակտիվ սննդային հավելումներ են ընդունել: Ստորև բերվող հակիրճ ամփոփումները ներկայացնում են ապացուցողական բժշկության մեթոդաբանության համաձայն իրականացված համակարգված վերլուծությունների արդյունքներ: Դրանց մեծ մասը հարյուր-հազարավոր մասնակիցներ ներգրավող, երկարաժամկետ, պատահականացված, կրկնակի-կույր, պլացեբո վերահսկվող փորձարկումների ամփոփումներ են: Հետևաբար, տվյալները, որ դրանք ներկայացնում են, վերին աստիճանի հուսալի են: Դրանք ապացուցում են, որ վիտամինահանքային հավելումները, հատկապես մեծ դեղաչափերով ընդունելու դեպքում, որևէ օգտակարություն չունեն հիվանդու­թյունների կանխարգելման ու կյանքի երկարացման համար, և նույնիսկ վնասակար են առողջ մարդկանց համար, հատկապես երկարատև ընդունման դեպքում: Տեղին է նշել, որ երկաթը ինչպես նաև ավելցուկ ֆոլաթթուն արտազատելու մեխանիզմ չկա և կուտակվելու հետևանքով դրանք ժամանակի ընթացքում կունենան բարձր դեղաչափի ազդեցություն։

Ստորև ներկայացվող ուսումնասիրությունները բացահայտում են, մեղմ ասած, զարմանալի արդյունքներ: Դրանցում բերված փաստերը բնավ ի նպաստ վիտամինահանքային հավելումների չեն: Այսպիսով.

  1. 1996թ.-ին, Սիեթլի Ֆրեդ Հաթչինսոն (Fred Hutchinson) քաղցկեղի հետազոտական կենտրոնի գիտնականներն ուսումնասիրել են 18314 մարդու, ում մոտ աճել էր թոքերի քաղցկեղի ռիսկը ասբեստի ազդեցությանը ենթարկված լինելու պատճառով: Պատահականության սկզբունքով նրանց տրվել է վիտամին A, β-կարոտին, երկուսն իրար հետ կամ ոչ մեկը: Հետազոտողները շատ կտրուկ դադարեցրել են ուսումնասիրությունը, երբ հասկացել են, որ վիտամիններ և լրացումներ ընդունածների մահացությունը քաղցկեղից և սրտի հիվանդություններից համապատասխանաբար 28% և 17% ավելի բարձր է, քան հսկիչ խմբում (26, 27, 28):
  2. 2005թ. Ջոնս Հոփկինս բժշկական համալսարանի հետազոտողները գնահատելով մոտ 136000 մարդ ներգրավող 19 կրկնակի-կույր վերահսկվող, կլինիկական փորձարկման արդյունքները, գտել են, որ E վիտամինի (>=400 IU/օր) հավելում ընդունելու հետ կապված է մահվան ռիսկի աճ (29):
  3. 2007թ. Դանիացի հետազոտողների իրականացրած վիտամինային հավելումների առողջական հետևանքների համակողմանի ուսումնասիրությունը ներառել է 68 պատահականացված փորձարկում 232606 մասնակցով (385 զեկույց): Նրանք կատարել են լայն շրջանակ առողջական վիճակների (սիրտ-անոթային խանգարումներից մինչև քաղցկեղ) բուժման համար հակաօքսիդանտ A, E, C վիտամիններների, β-կարոտինի, և սելենիումի առանձին կամ որպես համալիր հավելումների կիրառման մի քանի կլինիկական փորձարկումների տվյալների մետա-անալիզ: Արդյունքները զարմանալի, նույնիսկ մտահոգիչ են: Այդ կլինիկական փորձարկումներից մեկը «հակաօքսիդանտ հավելումների» որևէ օգուտ չի հայտնաբերել: Երկրորդի համաձայն, բուժումը «β-կարոտին, վիտամին A, և վիտամին E»-ով կարող է բարձրացնել մահացությունը: Վիտամին C և սելենիումի մահացության վրա ունեցած պոտենցիալ դերերը կարիք ունեն հետագա ուսումնասիրության: Այս ուսումնասիրությունը դրդում է վերանայել վիտամին հավելումների օգուտները (30):
  4. 2008թ. նույն հետազոտողները կատարել են ինչպես առողջ, այնպես և առողջական խնդիրներ ունեցող 232550 մասնակից ներառող 67 պատահականացված փորձարկումների տվյալների մետա-անալիզ: Նրանք դիտարկել են միայն այն ուսումնասիրությունները, որոնք համեմատել են տարբեր առողջական վիճակներում հակաօքսիդանտ հավելումների առաջնային և երկրորդային կանխարգելման արդյունավետությունը պլացեբոյի համեմատ: Հեղինակները հայտնում են, որ նրանք «չեն գտել որևէ ապացույց ի աջակցություն հակաօքսիդանտ լրացումների առաջնային կամ երկրորդային կանխարգելման: Վիտամին A, β-կարոտին և վիտամին E ընդունումը ավելացրել է քաղցկեղի և սրտի հիվանդության ռիսկը և կարող է բարձրացնել մահացությունը:» Հակաօքսիդանտ լրացումները պետք է դիտարկվեն որպես դեղագործական ապրանքներ և պետք է անցնեն բավարար քննություն և փորձարկում շուկա հանելուց առաջ (31):
  5. 2004թ. ելնելով այն հանգամանքից, որ օքսիդատիվ սթրեսը կարող է քաղցկեղ առաջացնել՝ Կոպենհագենի համալսարանի հետազոտողների խումբը փորձել է պարզել, թե արդյո՞ք հակաօքսիդանտ հավելումները նվազեցնում են ստամոքս-աղիքային քաղցկեղի և մահացության մակարդակը: Նրանց կատարած համակարգված վերլուծությունը ներառել է 14 հետազոտություն, ավելի քան 170000 մասնակից, ովքեր ընդունել են վիտամիններ A, C, E և β-կարոտին: 2008թ. ընդլայնված և թարմացված համակարգված վերլուծությունը ներկայացնում է 211818 մասնակից ներառած 20 պատահականացված կլինիկական փորձարկումների (β-կարոտին, վիտամիններ A, C, E և սելեն) տվյալների մետա-անալիզը: Արդյունքում, չեն գտնվել համոզիչ ապացույցներ առ այն, որ հակաօքսիդանտ հավելումները կարող են կանխել ստամոքս-աղիքային քաղցկեղը: Ընդհակառակը, ինչպես երևում է դրանք բարձրացնում են ընդհանուր մահացությունը (32):
  6. 2011թ. Քլիվլենդի կլինիկայի հետազոտությունը, որ ներառել է մոտ 55000 անձ, արձանագրել է, որ վիտամին E սննդային հավելումը զգալիորեն ավելացել է (17%) շագանակագեղձի քաղցկեղի ռիսկը առողջ տղամարդկանց շրջանում (33):
  7. 2011թ. Մինեսոտայի համալսարանի հետազոտողները գտել են, որ մուլտիվիտամինային հավելումներ և միկրոտարրեր (մագնեզիում, ցինկ, պղինձ և երկաթ) ընդունած 39000 կնոջ շրջանում մահացությունն ավելի բարձր է եղել, քան նրանց մոտ, ովքեր հավելումներ չեն ընդունել: Տարիքով կանանց մոտ, լայնորեն կիրառվող մի քանի սննդային վիտամինահանքային հավելումների ընդունումը կարող է կապված լինել ընդհանուր մահացության ռիսկի աճի հետ: Այս կապն ամենա արտահայտվածն է եղել հավելյալ երկաթի պարագայում (34):
  8. Ապացուցողական բժշկության Քոքրեյնի շտեմարանում 2013թ. հրապարակված ամեն օր մինչև 2գ C վիտամին ընդունած ավելի քան 10000 մասնակից ներառող 30 կլինիկական փորձարկումների տվյալների համակարգված վերլուծությունը եզրակացրել է, որ վիտամին C չի կանխարգելում կամ բուժում ընդհանուր մրսածությունը (35): «Բրիտանական բժշկական ամսագրում (British Medical Journal) 2011թ. տպագրված համակարգված վերլուծությունը, եզրակացրել է, որ կալցիումի հավելումները վիտամին D-ի հետ կամ առանց D վիտամինի ավելացրել է սրտանոթային իրադարձությունների, մասնավորապես սրտամկանի ինֆարկտի ռիսկը (36):
  9. Արյան մեջ ֆոլաթթվի բարձր խտությունը կարող է առնչվել բնական քիլլեր-բջիջների ցիտոտոքսիկության նվազման հետ, և ֆոլատի բարձր խտությունը կարող է նվազեցնել պատասխանը մալարիայի, ռևմատիկ արթրիտի, փսորիազի և քաղցկեղի դեմ օգտագործվող հակաֆոլատ դեղերին։ Տարեցների մոտ ֆոլաթթվի բարձր մակարդակի և վիտամին B12-ի ցածր մակարդակի համադրությունը կարող է հանգեցնել ճանաչողական անկման և անեմիայի (37), իսկ հղի կանանց մոտ՝ 2-րդ տիպի շաքարախտի և ճարպակալման ռիսկերի աճի նրանց երեխաների մոտ (38): Հետմենոպաուզալ առողջ կանանց մոտ գտել են հակադարձ կապ պլազմայում առկա չմետաբոլացված ֆոլաթթվի և բնական քիլլեր բջիջների ցիտոտոքսիկության միջև, որը մոտ 23%-ով ցածր է եղել չմետաբոլացված ֆոլաթթու ունեցող կանանց մոտ: Հակադարձ հարաբերակցությունն ավելի ուժեղ է եղել ≥ 60տ և ավել տարիքի կանանց շրջանում և ավելի զգալի չմետաբոլացված ֆոլաթթվի աճող կոնցենտրացիաների համար (39): Ֆոլաթթուն նպաստում է նախաքաղցկեղային բջիջների և արդեն առկա քաղցկեղների զարգացմանն ու աճին (40): Ֆոլաթթվի և այլ B վիտամինների ընդունումը չի նպաստում սրտանոթային հիվանդությունների և կաթվածի երկրորդային և երրորդային կանխարգելմանը, չնայած հոմոցիստեինի մակարդակն իջեցնելուն (41, 42, 43):
  10. 2010թ. այս ուսումնասիրության տվյալները ստացվել են Շվեդիայի մամոգրաֆիայի կոհորտից (խումբ): Ընդհանուր առմամբ 61433 կին լրացրել է «350 հարց սննդակարգի և ապրելակերպի այլ գործոնների, ինչպես նաև սննդային հավելումների օգտագործման վերաբերյալ» հարցաթերթիկը 1987-1990թթ. ընթացքում: 39227 կին լրացրել է երկրորդ հարցաշարը: Շվեդիայի քաղցկեղի ռեգիստրի տվյալների համաձայն` նշված խմբից 974-ի մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ միջինը 9,5 տարվա ընթացքում: Մուլտիվիտամինների օգտագործումը կապված է եղել կրծքագեղձի քաղցկեղի վիճակագրորեն նշանակալի ռիսկի զգալի (19%) աճի հետ, ի համեմատ չօգտագործողների: Հեղինակները հատուկ ընդգծում են, որ այս «ասոցիացիան մտահոգիչ է, և արժանի հետագա քննության» (44): Հոդվածի նախաբանում ասվում է, որ «մուլտիվիտամինային հավելումների օգտագործումը շատ տարածված է Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում: Շատ մարդիկ կարծում են, որ դրանց կանոնավոր ընդունումը կնվազեցնի քաղցկեղի և սրտանոթային հիվանդությունների ռիսկը»։ Այնինչ, ինչպես ցույց տրվեց վերևում, ճիշտ հակառակն է տեղի ունենում։

Ապացուցողական բարձրագույն հիմք ունեցող հետևյալ համակարգված վերլուծություններն ի հակառակ վերը նշվածների ապացուցում են, որ ամբողջական հացահատիկեղենից պատրաստված սննդի սպառումը նվազեցնում է հաստ աղիքի քաղցկեղի ռիսկը:

  1. Հետազոտողների մի այլ խումբ ուսումնասիրել է ամբողջական հացահատիկեղենից[1] պատրաստված սննդամթերքի սպառման և հաստ աղիքի քաղցկեղի ռիսկի առնչությունը նախորդ հղված ուսումնասիրության «Շվեդիայի մամոգրաֆիայի կոհորտում»: Շվեդիայի քաղցկեղի ռեգիստրի տվյալների համաձայն` այդ խմբից 805-ի մոտ հայտնաբերվել է հաստ աղիքի քաղցկեղ միջինը 14,8 տարվա ընթացքում: Ամբողջական հացահատիկեղենի սպառման մեծ ծավալը կապված է եղել հաստ աղիքի քաղցկեղի ցածր ռիսկի հետ: Ամբողջական հացահատիկից պատրաստված սննդի առավելագույն սպառողների (օրական 4,5 չափաբաժին - 1 չափաբաժին= 240մլ) խմբում հաստ աղիքի քաղցկեղի ցուցանիշների հարաբերությունը (հարաբերական ռիսկը - RR) նվազագույն սպառման (<1,5 չափաբաժին/օր) խմբի ցուցանիշին եղել է 0,67: Ուսումնասիրությունից բացառելով առաջին 2 տարվա ընթացքում հայտնաբերված քաղցկեղի դեպքերը, համապատասխան RR եղել է 0,65: Այսպիսով, ամբողջական հացահատիկեղենից պատրաստված սննդի (ներառյալ թեփը չհանած ցորենի հացի) սպառումը նվազեցնում է հաստ աղիքի քաղցկեղի ռիսկը (45):
  2. 2011թ. Լոնդոնի կայսերական քոլեջի (Imperial College London) և Լիդսի համալսարանի hետազոտողներն այս համակարգված վերլուծությունը կատարել են 25 հեռանկարային ուսումնասիրությունների հիման վրա, որոնք ներառում են հաստ աղիքի քաղցկեղի մոտ 14500 դեպք 1,9 մլն մասնակիցների շրջանում: Հաստ աղիքի քաղցկեղը երրորդ ամենատարածված տեսակն է բոլոր տեսակների քաղցկեղների մեջ: Հեղինակները եզրակացնում են, որ սննդային բջջանքի, մասնավորապես հացահատիկային բջջանքի և ամբողջական հացահատիկեղենի սպառման ծավալին զուգընթաց կրճատվում է հաստ աղիքի քաղցկեղի ռիսկը: Ամբողջական հացահատիկեղենով հարուստ սննդակարգը նվազեցնում է հաստ աղու քաղցկեղի ռիսկը: Մրգերի և բանջարեղենի բջջանքը ևս կրճատում է այս տեսակի քաղցկեղի ռիսկը, սակայն պակաս արդյունավետությամբ: Վերլուծության տվյալների հիման վրա նրանք եզրակացնում են, որ օրական երեք չափաբաժին ամբողջական հացահատիկեղեն սպառողների մոտ գրեթե 20%-ով կրճատվել է հաստ աղիքի քաղցկեղի ռիսկը: Ուսումնասիրությունը նաև եզրակացնում է, որ այս քաղցկեղի հավանականությունը նվազել է 10%-ով` յուրաքանչյուր 10գ. բջջանքի հավելյալ սպառման հետ (46):
  3. Nature ամսագրում 2000թ. տպագրված «Թարմ խնձորների հակաօքսիդանտ գործունեությունը» հոդվածը նշում է, որ C վիտամինն օգտագործվում է որպես կենսակտիվ սննդային հավելվում իր հակաօքսիդանտ հատկությունների համար, թեև բարձր դեղաչափը (>500 մգ) կարող է հանդես գալ որպես պրո-օքսիդանտ: Այս հոդվածում ցույց է տրվում, որ 100գ թարմ խնձորն ունի 1500մգ C վիտամինի գործունեության համարժեք հակաօքսիդային ազդեցություն, և որ ամբողջական խնձորի մզվածքը զսպում է հաստ աղիքի և լյարդի քաղցկեղի բջիջների աճն in vitro (փորձանոթի մեջ) չափաբաժնին համարժեք կերպով: Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ի տարբերություն սինթետիկ սննդային կենսակտիվ հավելումների՝ թարմ մրգերի բնական հակաօքսիդանտերն իրապես արդյունավետ են (47):

Այսպիսով, ի տարբերություն սինթետիկ վիտամինային հավելումների, ամբողջական բնամթերքից (ներառյալ հացահատիկեղենը) ստացված վիտամինները և սնուցիչները ոչ միայն անվտանգ են, այլև իրապես հակաօքսիդային ազդեցություն ունեն, տրամադրում են այլ սնուցիչներ ու սննդային բջջանք, որոնք կենսական կարևորություն ունեն առողջության համար:

Հակաօքսիդացման և օքսիդացման դիսբալանսը՝ հիվանդությունների պատճառ

Ինչո՞վ է բացատրվում սինթետիկ վիտամինահանքային հավելումների և քաղցկեղի, սրտանոթային և այլ հիվանդությունների ու մահացության վերը բերված բազմաթիվ ուսումնասիրություններով պարզված կապը: Բանալի բառը հակաօքսիդանտն է: Հակաօքսիդացումը և օքսիդացումը համարվում են պայքար բարու և չարի միջև, որը տեղի է ունենում բջջի միտոքոնդրիումի մեջ, որտեղ մարմինը սնունդը փոխարկում է էներգիայի, մի գործընթաց, որը պահանջում է թթվածին (օքսիդացում): Օքսիդացման մի արդյունքն այն է, որ առաջանում են ազատ ռադիկալներ, որոնք նաև ատոմային աղբահավաքներ են համարվում: Ազատ ռադիկալները կարող են վնասել ԴՆԹ-ն, բջջային թաղանթները և զարկերակների էնդոթելիումը: Զարմանալի չէ, որ դրանք առնչվում են ծերացման, քաղցկեղի և սրտային հիվանդություների հետ: Ազատ ռադիկալները չեզոքացնելու համար, մարմինը սինթեզում է հակաօքսիդանտներ: Հակաօքսիդանտներ շատ կան նաև մրգերի ու բանջարեղենի մեջ: Ուժեղ հակաօքսիդանտ հատկությունների ունեն սելենը, β-կարոտինը և A, C ու E վիտամինները:

Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ ավելի շատ միրգ և բանջարեղեն ուտողների մոտ քաղցկեղի և սրտի հիվանդությունների մակարդակն ավելի ցածր է, և նրանք ավելի երկար են ապրում: Տրամաբանությունն ակնհայտ է. Եթե միրգն ու բանջարեղենը պարունակում են հակաօքսիդանտներ, և մարդիկ, ովքեր շատ միրգ ու բանջարեղեն են ուտում՝ առողջ են, ապա նրանք, ովքեր ստանում են լրացուցիչ հակաօքսիդանտներ պետք է, որ նույնպես առողջ լինեն: Սակայն ամեն ինչ այդքան պարզունակ չէ: Հնարավոր բացատրությունն այն է, որ ազատ ռադիկալներն այնքան էլ «չար» չեն, ինչպես ներկայացվում է: Ի դեպ, մարդիկ դրանց կարիքն ունեն բակտերիաներին ոչնչացնելու և քաղցկեղի նոր առաջացած բջիջները վերացնելու համար: Երբ մարդիկ մեծ չափաքանակով հակաօքսիդանենր են ընդունում վիտամինահանքային հավելումների ձևով (նաև սննդի հարստացման արդյունքում), ազատ ռադիկալների արտադրության և դրանց ոչնչացման հավասարակշռության խախտումը կարող է հանգեցնել մի անբնական վիճակի, երբ վնասակար միկրոօրգանիզմներ ոչնչացնելու իմունային համակարգի կարողությունը կտրուկ նվազում է: Հետազոտողներն այս վիճակն անվանում են հակաօքսիդանտային պարադոքս: Այսպիսով, հակաօքսիդանտների մեծ չափաբաժիններով ընդունման ուսումնասիրությունները հստակորեն չեն խրախուսում դրանք օգտագործումը: Ավելի հաճախ են հնչում հայտնի մասնագետների ու հեղինակավոր կազմակեր­պությունները կոչերը, որոնք խորհուրդ չեն տալիս առողջ մարդկանց վիտամինահանքային հավելումներ ընդունել (48):

Հակաօքսիդանտային պարադօքսի բացատրությունը բոլորովին վերջերս տրվեց շվեդ հետազոտողների 2014թ. Science Translational Medicine-ում տպագրված ուսումնասիրությունը: Այն ցույց է տալիս, որ երկու հակաօքսիդանտներ՝ N-acetylcysteine (NAC) ու E վիտամինը ՝ արագացնում են թոքերի վաղ ուռուցքների առաջընթացը: Նրանք գտել են, որ հակաօքսիդանտները կրճատել են ռեակտիվ թթվածնի տեսակները (ՌԹՏ, reactive oxygen species – ROS) և ԴՆԹ վնասը, քան ակնկալվում էր, սակայն հակաօքսիդանտները կրճատել են նաև ուռուցք ճնշող p53 սպիտակուցի էքսպրեսիան: p53-ի ապակտիվացումը վերացնում է հակաօքսիդանտի ազդեցությունը: Այսպիսով, հակաօքսիդանտներն արագացնում են ուռուցքի աճը, ճեղքելով ՌԹՏ-p53 առանցքը: Քանի որ p53 սոմատիկ մուտացիաները տեղի են ունենում ուռուցքի աճի ուշ շրջանում, հակաօքսիդանտները կարող են արագացնել վաղ ուռուցքների կամ նախաքաղցկեղային ախտահարումների աճը բարձր ռիսկային բնակչության մոտ, ինչպիսիք են ծխողները և քրոնիկ խանգարիչ թոքային հիվանդություններ ունեցողները, որոնք NAC են ստանում լորձի արտադրությունը թեթևացնելու համար (49, 50): Այնպես, որ սինթետիկ վիտամիններն առողջ մարդկանց համար չեն:

Երբ խոսքը վերաբերում է սնուցիչներին` բնամթերքին փոխարինող չկա:

(շարունակություն)


[1] Ամբողջական հացահատիկեղեն (այսինքն չկեղևահանված և որևէ մասնիկը չհանած). չկեղևահանած ցորենի ալյուրից հաց, մակարոնեղեն, բլիթներ, թխվածք, ցորենի աղանձ, փոխինձ, բլղուր, հաճար, կոտրած հաճար; շագանակագույն բրինձ, վայրի բրինձ; չկեղևահանած եգիպտացորենի հատիկներ և ալյուր, ադիբուդի; չկեղևահանած վարսակ, վարսակաձավար («հերկուլեսի փաթիլներ»); հնդկացորեն («գրեչկա»); չկեղևահանած գարի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter