HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սինթետիկ կենսակտիվ սննդային հավելումների օգտակարության առասպելը. մաս 3

Գոհար Ջրբաշյան

սկիզբը

Ամբողջական սննդից ստացվող և սինթետիկ վիտամինների տարբերությունները

Վիտամինների պակասը լրացնելու համար երբեմն սննդակարգի շտկումը բավարար չի լինում կամ նույնիսկ անհնար է լինում, ասենք՝ մարդու կրած վիրահատության պատճառով (օր. ստամոքս-աղիքային տրակտի կամ դիմա-ծնոտային) կամ արյան մեծ կորստի պատճառով, կամ մեկ այլ պատճառով: Պարզվում է, որ նման դեպքերում սինթետիկ վիտամիններն օգտակար դեր կատարում են, ճիշտ այնպես ինչպես դեղերը, որ հիվանդներն ընդունում են բուժման նպատակով: Չէ՞, որ անմտություն կհամարենք եթե առողջ մարդը դեղ խմի: Այս մոտեցումը պետք է որդեգրել նաև վիտամինահանքային հավելումների պարագայում, և սինթետիկ սննդային հավելումները պետք է դիտարկվեն որպես դեղեր: Առողջ մարդկանց վիտամինների ու միկրոտարրերի հավելումներ ընդունելը պարզապես անհեթեթություն է: Վերը բերված լայնածավալ, պատահական, կրկնակի-կույր վերահսկվող կլինիկական փորձարկումների արդյունքների ամփոփումները ներկայացրեցին, որ մեծ դեղաչափերով վիտամինների ընդունումը լուրջ վնաս է հասցնում առողջությանը: Վիտամինների և միկրոտարրերի փոքր դեղաչափերով երկարատև ընդունման հետևանքները ևս չեն կարող բարենպաստ լինել մարդու առողջության համար, քանի որ դրանց նյութափոխանակությունն ընթանում է այլ կերպ քան բնական վիտամիններինը և դրանց ընդունումը ժամանակի ընթացքում հանգեցնում է կուտակային ազդեցության: Սինթետիկ կենսակտիվ հավելումները հիվանդներին օգնում են մինչև ինչ-որ պահը: Ինչու՞ է դա այդպես:

Վիտամինները (լատ.՝ vita կյանք բառից), կենսաբանորեն ակտիվ օրգանական միացություններ են, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի բնականոն նյութափոխանակության ու կենսագործունեության համար և այդ առումով անփոխարինելի են։ Վիտամիններն անհրաժեշտ են սնունդն էներգիայի փոխարկելու համար: Վիտամինների մեծ մասը մարդը ստանում է սննդի միջոցով, և միայն մի քանիսն են սինթեզվում օրգանիզմում։ Կան կազմությամբ վիտամիններին մոտ նյութեր, նախավիտամիններ, որոնք փոխարկվում են վիտամինների մարդու մարմնում։ Վիտամինները խթանում են օրգանիզմում ընթացող քիմիական ռեակցիաները, ազդում են սննդանյութերի յուրացման վրա, նպաստում բջիջների բնականոն աճին և ամբողջ օրգանիզմի կենսունակությանը։ Լինելով ֆերմենտների բաղկացուցիչ մաս՝ վիտամիններն ապահովում են դրանց բնականոն գործառույթները և ակտիվությունը։ Վիտամինների անբավարարությունը կարող է տարբեր հիվանդությունների պատճառ հանդիսանալ, օրինակ` լնդախտ (C վիտամինի պակաս) և ռախիտ (D վիտամինի պակաս): Սնուցման մասնագետները պնդում են, որ մարդկանց պետք է միայն այնքան վիտամին, որքան օրական հաշվեկշռված սննդակարգի թույլատրելի քանակն է: Վիտամին արտադրողները պնդում են, որ կանոնավոր սննդակարգը չի ապահովում բավարար վիտամիններ, և, որ շատն ավելի լավ է: Մարդկանց մեծ մասը ենթադրում է, որ, վիտամինների ավելցուկը որևէ վնաս չեն տա: Սակայն վերը ներկայացվածից պարզվում է, որ գիտնականներին տարիներ ի վեր հայտնի է, որ մեծ քանակությամբ վիտամինները կարող են վնասակար լինել (51): Եվ քանի որ ինչպես արդեն ցույց է տրվել սննդի պարտադիր հարստացման դեպքում գերդոզավորումից խուսափելն անհնար է, ապա սննդի պարտադիր հարստացում իրականացնող երկրներում բնակչության զգալի մասը ենթակա է գերդեղաչափովերով հավելանյութերի (պրեմիքսների) վնասակար ազդեցությանը։

Վիտամինները բջիջների պահպանման և վերարտադրության համար անհրաժեշտ կենսաքիմիական ռեակցիաների կատալիզատորներ են: Նրանք ծառայում են որպես կո-ֆակտորներ բազմաթիվ ֆերմենտային ռեակցիաներում: Որևէ վիտամինի սակավությունը հանգեցնում է բջջի թերգործունակության (հիվանդության) կամ մահվան: Ամբողջական բնամթերքի վիտամինների հետ մարդը ստանում գրեթե բոլոր անհրաժեշտ բաղադրիչները՝ այլ վիտամիններ, կո-ֆերմենտներ, կո-ֆակտորներ, և հանքային նյութեր,  որոնք պետք է աշխատեն միասին, որպեսզի հանգեցնեն նախատեսված կենսաբանական արդյունքի: Դեղատներում վաճառվող վիտամինների ճնշող մեծամասնությունը, ինչպես նաև հարստացման պրեմիքսները սինթետիկ վիտամիններ են, որոնք զուրկ են ուղեկցող բաղադրիչներից։  

Վերամշակման ենթարկված որոշ սննդամթերքներ, ինչպես օրինակ. սպիտակ ալյուրը (այսինքն, թեփահանված ցորենի սպիտակեցված ալյուրը), սպիտակ բրինձը (թեփահանված և հղկված), սպիտակ շաքարը (որը ստացվում է ճակնդեղի կամ շաքարեղեգնի մզվածքի եփուկի գոլորշիացման, սպիտակեցման և ռաֆինացման միջոցով), և սեղանի աղը (ստացվում է միկրոտարրերով հարուստ քարաղի լվացման և այլ տարրերը մաքրելու միջոցով) մի ժամանակ ամբողջական բնամթերք են եղել, սակայն վերամշակման ընթացքում նրանց սնուցիչների մի մասը քայքայվել է, իսկ մի մասն էլ հանվել է այլ նպատակներով օգտագործելու համար։ Օրինակ՝ որպես բնական խտանյութեր (ցորենի թեփը, սուրճի կոֆեինը) առանձին վաճառելու կամ դեղերի արտադրության համար: Վստահաբար կարելի է պնդել, որ սննդամթերքի մշակման ընթացքում հանված (կորած) սննդարար տարրերը արհեստական սնուցիչների (սինթետիկ վիտամիններ, հանքանյութեր, քաղցրացուցիչներ, և այլն) ձևով դրանց մեջ ավելացնելը ոչ մի կերպ չի փոխարինում այն սնուցիչներին, որոնք «կորել» են մշակման ընթացքում: Դիտարկենք բնական և սինթետիկ սնուցիչների մի քանի էական տարբերություններ.

  1. Սինթետիկ վիտամինները չեն պարունակում նորմալ գործունեության համար անհրաժեշտ կո-ֆակտորներ և այլ սնուցիչներ (օրինակ` միկրոտարրեր կամ այլ վիտամիններ), որոնք բնական վիտամիններին ուղեկցող բաղադրիչներ են: Կո-ֆակտորը ոչ սպիտակուցային միացություն է, որն անհրաժեշտ է սպիտակուցի կենսաբանական գործունեության համար: Այս սպիտակուցները հաճախ ֆերմենտներ (enzymes) են, և կո-ֆակտորները կարելի է համարել «օգնական մոլեկուլներ», որոնք աջակցում են կենսաքիմիական ձևափոխումներին: Փաստն այն է, որ վիտամինները և կո-ֆակտորները կախված են միմյանցից: Նրանք համագործակցում են, որպեսզի կանխեն հիվանդությունը, բուժեն, սնուցեն և ակտիվացնեն ամբողջ մարմինը: Դրանք բոլորը պետք է աշխատեն միասին, որպեսզի վիտամիններն օպտիմալ արդյունքներ տան: Առանց այդ կարևոր կո-ֆակտորների, մեկուսացված, սինթետիկ վիտամինները չեն կարող ունենալ սիներգետիկ, դրական առողջական հետևանքները, որ բնական վիտամիններն ունեն: Հարվարդի բժշկական դպրոցի «Ողջ Ճշմարտությունը վիտամինների և հանքանյութերի մասին. առողջ մնալու համար անհրաժեշտ սնուցիչների ընտրությունը» հատուկ առողջապահական զեկույցի (2014) համաձայն, վիտամիններով հարուստ սնունդ ուտելն ավելի լավ է, քան վիտամինային հավելումներ ընդունելը: Պատճառներից մեկը, թե ինչու է դա ճիշտ, այն է, որ բնական մթերքները պարունակում են սնուցիչների խառնուրդներ, որոնց բաղադրիչները համագործակցում են միմյանց հետ: Վիտամին B12 և վիտամին B9 ֆոլատը կազմում են սնուցիչների լավագույն զույգերից մեկը: B12 օգնում է մարմնին կլանել ֆոլատ, և երկուսն աշխատում են միասին աջակցելու բջջի կիսումը և վերարտադրությունը, որը թույլ է տալիս փոխարինել մահացած բջիջները (52):

Սինթետիկ վիտամինները զուրկ են նաև անհրաժեշտ հանքանյութերից և օգտագործում են մարմնի հանքային պաշարները, ինչը կարող է հանգեցնել հանքանյութային անբավարարության՝ վնասելով առողջությունը: Վիտամինների ավելցուկը կարող է բացասական հետևանք ունենալ: Օրինակ, սինթետիկ ասկորբինաթթվի ընդունումը կարող է ժամանակի ընթացքում մարմինը դարձնել ավելի թթվային, և ասկորբինաթթվի չեզոքացման համար «գողանալ» մարմնի կալցիումի պահուստներից՝ մեծ վնաս տալով մարմնին՝ օրինակ դրդելով երիկամային քարերի առաջացում (53):

  1. Սինթետիկ վիտամինները մարմնի ներսում դիտվում են որպես օտար նյութեր, ինչպես դեղերը: Սա նշանակում է, որ մարմինը պետք է աշխատի դրանց տոքսիկ ազդեցությունը չեզոքացնելու համար, ինչը լրացուցիչ բեռ է երիկամների ու լյարդի համար, որոնք ծանրաբեռնված են բազմաթիվ այլ քիմիկատների (օրինակ՝ կոնսերվանտներ, գունանյութեր, համի բարելավիչներ, և այլն) բացասական ազդեցությունը չեզոքացնելով:
  2. Սինթետիկ վիտամիններն աշխատում են մինչև ինչ-որ պահ: Սինթետիկ վիտամինները հիվանդներին օգնում են կարճատև ժամանակահատվածում: Իրականում մարդու բջիջները կարող են վերցնել սինթետիկ վիտամինի «մերկ» մոլեկուլը և համալրել այն անհրաժեշտ կո-ֆատկորներով և այլ բաղադրիչներով՝ մարմնի պահուստներից: Երբ կո-ֆատկորները սպառվեն, սինթետիկ վիտամինն այլևս չի կարող աշխատել: Շատ անգամ սինթետիկ վիտամինների տված օգուտները նվազում են կամ էլ լիովին վերանում բուժումը սկսելուց որոշ ժամանակ անց: Ախտանիշերի կրկնությունը կամ վատթարացումը հաճախ պատահող երևույթ է նման դեպքերում, քանի որ մարմինը սպառելով կո-ֆակտորների պաշարները՝ պարզապես այլևս անկարող է օգտագործել ընդունած սինթետիկ վիտամինները: Ավելին, որոշ սինթետիկ «վիտամիններ» բնական սնուցիչների փոխարեն առաջնահերթության (preferentially) «իրավունքով» տեղ են գրավում տվյալ վիտամինի մետաբոլիկ շղթայում՝ արգելակելով բնական վիտամինի օգտագործումը մարմնի կողմից: Այս երևույթը տեղի է ունենում նաև սինթետիկ B9 վիտամինի (ֆոլաթթվի) դեպքում (54
  3. Վիտամինների սինթետիկ տարբերակները պարունակում են քիմիական միացություններ, որոնք նախատեսված չեն մարդկու սպառման համար և չեն հանդիպում բնույթան մեջ, կամ աջ ու ձախի կարևորությունը: Էվոլյուցիան թելադրում է, որ մենք ուտենք սնունդ, որն աճում է բնական պայմաններում, այլ ոչ թե սնունդ, որը ստեղծվում է լաբորատորիայում: Սինթետիկ միացությունից միշտ չէ, որ մենք կարող ենք ստանալ այն, ինչ ակնկալում ենք: Օրինակ, հավելումներում առկա E վիտամինը D/L-alpha tocopherol ռասեմիկ խառնուրդ է, որոնցից L-ը բնականին անալոգ իզոմեր է, իսկ D-տեսակը բնության մեջ գոյություն չունի, այնինչ սինթետիկ E վիտամին ընդունողը կուլ է տալիս դրանք իրար հետ: Կենդանի օրգանիզմում մոլեկուլները, այդ թվում, ԴՆԹ, սպիտակուցները, ամինաթթուները, ածխաջրերը, վիտամինները, շաքարները, ֆերմենտները, ընկալիչները, ինհիբիտորները, և տեղափոխողները օպտիկական ակտիվություն, այսինքն կայրալություն (chirality) ունեն՝ աջապտույտ (D) կամ ձախապտույտ (L) տեսակի են լինում: Բացի D/L համակարգից լինում է նաև ստերեոիզոմերության S/R և այլ համակարգեր: Կենդանի բջիջներն ընդհանուր առմամբ, իրենց ֆերմենտային գործառույթներում օգտագործում են միայն մի տեսակի օպտիկական ակտիվության վիտամին: Գրեթե բոլոր ամինաթթուները L տեսակի են (L-arginine, L-tryptophan), իսկ գրեթե բոլոր ածխաջրերը D տեսակի (α-D-glucopyranose): Մարդու սննդի համար պիտանի բնամթերքը տրամադրում է այն կայրալության միացություններ, որոնց հարմարված են մարդու մարմնի բջիջները: Արհեստական վիտամինների սինթեզի ժամանակ, սովորաբար ստացվում են հավասար քանակությամբ և՛ D և՛ L (կամ S և R) տեսակի իզոմերներ՝ օպտիկապես ոչ ակտիվ ռասեմիկ խառնուրդ (Racemic mix), որոնց տարանջատումը լրացուցիչ միջոցներ է պահանջում: Այս երկու ձևերի քիմիական բաղադրությունը նույնական է, իսկ կառուցվածքները հայելային, ճիշտ այնպես, ինչպես աջ ու ձախ ձեռքերի ձեռնոցները: Եվ եթե թանկարժեք հավելումներ արտադրելիս մաքրման գործընթաց երբեմն իրականացվում է, ապա պարտադիր հարստացման համար նախատեսված պրեմիքսներում օգտագործում են հենց ռասեմիկ խառնուրդները: Սինթետիկ վիտամինը, որը բնական վիտամինի համապատասխան իզոմերը չէ՝ կլինի քիչ արդյունավետ, քան այն, որն առկա է ամբողջական սննդի մեջ: Օրինակ D-ascorbate էնանթիոմերը (բնության մեջ չկա, սակայն առաջանում է ասկորբինաթթու արտադրելիս) ունի բնական L-ascorbate էնանթիոմերի հակաօքսիդանտ հատնությունը սակայն շատ ավելի պակաս վիտամին C-ի հատկություններ։ Հակառակ կայրալության որոշ իզոմերներ նույնիսկ կարող են տոքսիկ լինել:

Կարծիք կա, որ բնականին հակառակ կայրալություն ունեցող իզոմերը չի յուրացվում օրգանիզմում և արտազատվում է: Սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դա բնավ այդպես չէ: Օրինակ, պարզվել է, որ ի տարբերություն սինթետիկ B9 վիտամին 6 [S] 5-MTHF (բնական տեսակի իզոմեր) սպիտակուց կապելու 56% ունակության, 6 [R] 5-MTHF (բնականին հակառակ տեսակի իզոմեր) դրսևորել է սպիտակուց կապելու 88% ունակություն, և որպես հետևանք նվազել է երիկամային մաքրման արագությունն ու ավելի երկար է մնացել արյան շիճուկում: Դրա հետ մեկտեղ, դրսևորել է նաև տոքսիկ ազդեցություն՝ ստոմատիտ, սրտխառնոց/փսխում, լուծ, անեմիա, լեյկոպենիա, և պրոմբոցիտոպենիա (55): Մեր օրգանիզմի այս տարօրինակ «երկրաչափության» պատճառով սինթետիկ «վիտամինի» լիարժեք գործունեություն հնարավոր չէ, ինչպես բնական վիտամինների համալիրներն են ակտիվորեն մասնակցում հյուսվածքների վերականգման և մարդու կենսունակության ապահովման կենսաքիմիական ռեակցիաներին:

  1. Բջջանքի առկայությունը կամ բացակայությունը ևս մի կարևոր տարբերություն է բնական և սինթետիկ սննդային հավելումների միջև: Ի տարբերություն սինթետիկ սննդային հավելումների, ամբողջական բնամթերքում վիտամինները և հանքանյութերը գալիս են բնական բջջանքի հետ, որի դրական դերը առողջության վրա լավ հայտնի է:
  2. Բնական և սինթետիկ վիտամինների տարբերություններն այսքանով չեն սահմանափակվում: Օրինակ, բնական ֆոլատները հակաօքսիդանտ են, այնինչ սինթետիկ ֆոլաթթուն լիովին օքսիդացած նյութ է: Ջրալույծ բնական վիտամինները (օրինակ՝ բնական ֆոլատները) երբևէ ավելցուկ չեն առաջացնում, մինչդեռ՝ սինթետիկ ֆոլաթթուն ջրի մեջ գրեթե չի լուծվում։ Ավելին, մարդու լյարդի թույլ կարողության պատճառով օրական 200մկգ-ից ավել ընդունած ֆոլաթթուն չի ձևափոխվում և անցնում է արյան շրջանառության համակարգ։ Ֆոլաթթվով հարստացված սննդի ամենօրյա սպառման պատճառով չձևափոխված ֆոլաթթուն կարող է կուտակվել ու կուտակային ազդեցություն ունենալ: Կարևոր տարբերությունների շարքում չմոռանանք նշել նաև այն, որ մինչ բնական վիտամիններն ու հանքանյութերը մենք ստանում ենք մարդու սննդի համար պիտանի բնության բարիքներից, սինթետիկ սննդային հավելումների մեծ մասը ստացվում է նավթի կամ ածխի վերամշակման միջոցով, և անգամ կովի ուղեղի կամ ձկան լյարդի ուլտրամանուշակագույն ալիքի UVB ճառագայթման միջոցով, ինչպես օրինակ սինթետիկ D վիտամինը, այնինչ մարդու մաշկն այն արտադրում է արևի ճառագայթների տակ, որի պակասություն չկա արևառատ Հայաստանում: Վիտամինների մասին վերը շարադրվածը վերաբերում է նաև հանքանյութերին, որոնք բնամթերքում առկա են այնպիսի միացությունների ձևով և/կամ այն ուղեկցող կո-ֆակտորների հետ, որ մարդու մարմինը կարողանում է հեշտությամբ յուրացնել դրանք, օրինակ խնձորի երկաթը հեշտությամբ յուրացվում է խնձորում առկա C վիտամինի շնորհիվ: Ամփոփելով.

Սննդակարգի տեսանկյունից, ընդհանուր առմամբ, սինթետիկ վիտամինահանքային հավելումները և/կամ հարստացման պրեմիքսները ամբողջական բնամթերքի վիտամինների աղքատ և վնասակար փոխարինիչներ են: Առողջ մարդու կողմից սինթետիկ վիտամինների ու հանքանյութերի երկարատև սպառումը կարող է հանգեցնել աուտոիմուն հիվանդությունների, մեծ դեղաչափերի ընդունման դեպքում՝ սրտանոթային և այլ հիվանդությունների աճի: Մարմինն ունի էպիգենետիկ մեխանիզմներ, որոնք նախատեսված են հաղթահարել սովը, ուժեղ սթրեսը և էկոլոգիական այլ մարտահրավերները: Սակայն, այդ մեխանիզմները հիմնված են բջիջների ֆերմենտային համակարգերի հավասարակշռված ֆունկցիայի վրա: Օրգանիզմում խաթարումներ են առաջանում, երբ մի գործոն չափից շատ առատ է, իսկ մի այլ գործոն անբավարար։ Նման անհավասարակշիռ վիճակ հաճախ է առաջանում սինթետիկ վիտամինահանքանյութերով հարստացված սնունդ և սննդային կենսակտիվ հավելումներ ընդունելու ժամանակ։

 

Սինթետիկ վիտամինահանքային հավելումները կարող են օգտագործվել միայն որպես
 որոշ առողջական խնդիր ունեցողների կարճաժամկետ բուժման միջոց
:

 

Մինչ օրս չի հաջողվել արհեստականորեն վերարտադրել
ամբողջական բնամթերքում առկա վիտամինները:

 

Մայր բնությանը հիմարացնել միԵՎնույնն է չի ստացվի:

 

Ճարպակալման գլոբալ խնդիրը, ցածր յուղայնության սնունդը և սինթետիկ վիտամինները

Ճարպալույծ վիտամիններ A, D, K, և E կարող են երկար պահվել մարմնում (լյարդում և ճարպային հյուսվածքներում), իսկ բնական B վիտամինները և C վիտամինն ամբողջությամբ լուծվում են ջրում և մարմնում չեն կուտակվում։ Սննդի մեջ ճարպի պակասի դեպքում խանգարվում է կենտրոնական նյարդային համակարգի և բազմացման օրգանների գործունեությունը, թուլանում օրգանիզմի դիմադրողականությունը զանազան հիվանդությունների նկատմամբ։ Ճարպերը սեռական հորմոնների, բոլոր բջիջների թաղանթների, ներվային թելերի թաղանթի հիմնական տարրն են: Ճարպերն անհրաժեշտ են երկու հիմնական պատճառով.

1)      դրանք էներգիայի հիմնական աղբյուր են

2)      հնարավորություն են տալիս արտամղել լեղին լեղապարկից:

Բավարար չափով ճարպեր չստանալու դեպքում առաջանում է լեղու կանգ, որի հետևանքով լեղապարկում առաջանում են քարեր: Անյուղ սննդից և ծոմապահությունից տուժում է լեղապարկը: Ճարպերի հետ օրգանիզմ են անցնում կենսաբանորեն կարևոր նշանակություն ունեցող A, D, K, E ճարպալույծ վիտամիններ։ Եթե դուք համառորեն անյուղ կամ ցածր յուղայնության սնունդ եք օգտագործում, ու հետո A, D, K, E վիտամինների պակասը լրացնում եք դրանց սինթետիկ տարբերակները խմելով (կամ ցածր յուղայնության հարստացված կաթնամթերք եք օգտագործում), ապա դուք մեծ գլխացավանք եք ստեղծում ձեր համար:

Ողջ աշխարհում գիրության տարածվածությունն ավելի քան կրկնապատկվել է 1980-2014թթ. ընթացքում: 2014թ. ավելի քան 1,9 միլիարդ (երկրագնդի ողջ բնակչության 39%) 18տ. և ավելի տարիքի մարդիկ ավելորդ քաշ ունեին, որոնցից ավելի քան 600 մլն-ը (13%) ճարպակալում: Մինչև 5տ. 42 մլն երեխա ավել քաշ կամ ճարպակալում է ունեցել 2013թ.: Մի ժամանակ, ավել քաշի և ճարպակալման տարածվածությունը համարվում էր բարձր եկամուտ ունեցող երկրների խնդիր: Այժմ այն աճում է նաև ցածր ու միջին եկամուտ ունեցող երկրներում, հատկապես քաղաքային բնակավայրերում: Այդ երկրների մանուկների շրջանում ավել քաշի և ճարպակալման ցուցանիշը 30%-ով ավելի է աճել, քան զարգացած երկրներում: Ավելորդ քաշը և ճարպակալումը կապված են մահացության ավելի մեծ ռիսկի հետ քան ցածր քաշը (56):

Մանուկների և դեռահասների գիրությունը մեծացնում է ոչ ինֆեկցիոն հիվանդությունների ռիսկը, որոնք մահվան առաջատար պատճառն են աշխարհում: Դրանց շարքում առանձնանում են՝ սրտանոթային հիվանդությունները (հիմնականում սրտի հիվանդություն և կաթված), մկանա-կմախքային խանգարումները (հատկապես օստեոարտրիտ՝ հոդերի բարձր հաշմանդամության դեգեներատիվ հիվանդություն), շաքարախտ, որոշ քաղցկեղներ (էնդոմետրիալ, կրծքագեղձի, և հաստ աղիքի): Բացի այդ, մանկության գիրությանն առնչված ուղեկցող հիվանդությունների հետ, ինչպիսիք են զգացմունքային, ուսուցման խնդիրներ, մկանակմախքային խանգարումներ, ինչպես նաև 2-րդ տիպի շաքարախտի և սրտանոթային հիվանդությունների վաղ սկիզբ: ԱՀԿ «Մանկության գիրության դադարեցման հանձնախումբը» նշում է, որ մանկության գիրության կանխումը ոչ վարակիչ հիվանդությունների հետագա բեռը նվազեցնելու և երեխաների ու նրանց ընտանիքների առողջությունը բարելավելու կարևոր հնարավորություն է: ԱՀԿ զեկույցը նշում է, որ ճարպակալման և ավելորդ քաշի հիմնարար պատճառը էներգետիկ անհավասարակշռությունն է ընդունած և սպառած կալորիաների միջև, որը հետևանք է բարձր յուղայնության խիստ էներգետիկ սննդի սպառման, ֆիզիկական անգործության, նստակյաց բնույթի աշխատանքի, տեղաշարժման եղանակների փոխվելու, և աճող ուրբանիզացիայի: ԱՀԿ-ն որպես խնդրի լուծման միջոց առաջարկում է սահմանափակել ճարպերի և շաքարների ընդունումը, մեծացնել մրգերի և բանջարեղենի, ինչպես նաև լոբեղենի, ամբողջական հացահատիկեղենի ու ընկուզեղենի սպառումը, կանոնավոր կերպով զբաղվել ֆիզիկական ակտիվությամբ (1 ժամ օրական) (57):

«Մանկաբուժության և դեռահասների բժշկության արխիվներ» (Archives of Pediatrics and Adolescent Medicine) ամսագրում 2005թ. տպագրված «Կաթ, սննդային ճարպ, սննդային կալցիում, և քաշի ավելացում» հոդվածի համաձայն. հակառակ ընդունված կարծիքի, սննդային կալցիումի և ցածր յուղայնության (1%) կաթի սպառումը կապված են քաշի ավելացման հետ, այնինչ յուղալի կաթնամթերքի սպառումը կապված չէ: Անյուղ կաթ ամենաշատը խմած երեխաները ձեռք են բերել ամենամեծ հավելյալ քաշը: Հեղինակները ենթադրում են, որ մեծ քանակությամբ կաթի սպառումը կարող է տրամադրել ավելցուկային էներգիա (ավելացվող շաքարի պատճառով), և հանգեցնել ավելորդ քաշի որոշ երեխաների մոտ (58):

Հաշվի առնելով շաքարով քաղցրացված ըմպելիքների սպառման և գիրություն կապը, ԱՄՆ Գյուղդեպարտամենտի (US Department of Agriculture), Մանկաբուժության ամերիկյան ակադեմիայի (American Academy of Pediatrics) և այլ կազմակերպությունների ուղեցույցները գրեթե բոլոր տարիքային խմբերին հետևողականորեն խրախուսում են օրական առնվազն 3 բաժակ ցածր յուղայնության կաթ սպառել։ «Ամերիկյան բժշկական ասոցիացիայի մանկաբուժություն» ամսագրում (The Journal of American Medical Association - Pediatrics) 2013թ. լույս տեսած «Երեք չափաբաժին ցածր յուղայնությամբ կաթ ամեն օր։ Արդյո՞ք սա ապացուցողական հիմք ունեցող հանձնարարական է» հոդվածը կասկածի տակ է առնում և՛ երեխաների և՛ մեծահասակների համար այդ քանակով անյուղ կաթի սպառումը խթանող «գիտական» հիմնավորումը, և վերանայում է կովի կաթի դերը մարդկանց սնուցման մեջ: Հայտնի է, որ անարատ կաթի բարձր հագեցած ճարպերի պարունակությունը կապված է խոլեստերինի բարձր մակարդակի հետ: Սակայն, ցածր յուղայնությամբ կաթը կարող է դրդել ավելի բարձր գլիկեմիկ ինդեքսով սննդի սպառում, որոնք կարող են բարձրացնել տրիգլիցերիդ (Triglyceride) ճարպերի մակարդակը, ինչն ի հերթին կարող է մեծացնել ազդեցությունը սրտի հիվանդության ռիսկի գործոնների վրա, ինչպիսիք են բարձր խոլեստերինը և հիպերտոնիան: Հաճախ, որպեսզի երեխաները հաճույքով խմեն անյուղ կաթը, այն համեմվում է տարբեր համ ու բույր ունեցող սննդային հավելումներով (հիմնականում սինթետիկ) և ավելացվում է շաքար: Սրա արդյունքում, ցածր յուղայնության 1 բաժակ կաթը կարող է ունենալ 3գ պակաս ճարպ, սակայն 13գ ավել շաքար, քան ամբողջական (յուղը չհանած) կաթի մեկ գավաթը (59, 60):

Փորձագետներն ասում են, որ ցածր կալորիական սնունդ ուտելը չի նշանակում քիչ կալորիաների ստացում, քանի որ որոշ դեպքերում դա կարող է դրդել ձեզ ավելի շատ ուտել կամ խմել: Ուսումնասիրությունը պարզել է, որ հակառակ ակնկալվածի՝ երեխաները, ովքեր մանուկ ժամանակ անյուղ կաթ են խմել՝ մեծանալուց հետո շատ ավելի գեր են եղել, քան նրանք, ովքեր ամբողջական (յուղը չհանած) կաթ են խմել: Անյուղ կաթնամթերքի մեջ հաճախ ավելացվում է շաքար՝ համի բարելավման համար: Ի վերջո, չպետք է նաև մոռանալ, որ յուղազերծված կաթն ավելի քիչ սնուցիչներ է պարունակում, քան ամբողջականը: Լիարժեք յուղայնությամբ կաթնամթերքը ճարպալույծ A, D, E և K վիտամինների, ինչպես նաև կալցիումի և ֆոսֆորի կարևոր աղբյուր է, հանքանյութեր, որոնք աշխատում են D վիտամինի հետ միասին ամուր ոսկորների աճի համար: «Ճարպալույծ» տերմինը նշանակում է, որ այդ վիտամինները պետք է յուղի հետ տրվեն, որպեսզի այդ սնուցիչները հասանելի լինեն մարմնին: Յուղազերծումը, որի հետ հեռացվում են նաև բնական յուղալույծ վիտամինները, և այնուհետև սինթետիկ վիտամինների ավելացումը (միայն ցածր յուղայնության կաթնամթերքն է հարստացվում սինթետիկ վիտամիններով և հանքանյութերով) դժվարացնում և նույնիսկ անհնար է դարձնում դրանց ներծծումը: Ցածր յուղայնության կաթ խմելն այնքան է արմատավորվել մարդկանց (հատկապես քաղաքաբնակների) սննդային ընկալումներում, որ այն պահպանվում է չնայած դրա օգտավետության ապացույցների բացակայության (61):

Վերջաբան

2015թ. ապրիլին, Կոլորադոյի համալսարանի քաղցկեղի կենտրոնի քաղցկեղի կանխարգելման հարցերով տնօրեն Թիմ Բայերսը (Tim Byers), Քաղցկեղի հետազոտությունների ամերիկյան ասոցիացիայի ամենամյա հանդիպմանը ներկայացնելով իրենց ուսումնասիրության արդյունքներն ասել է. «Վիտամինների և հանքային նյութերի ընդունումն ավելի շատ, քան անհրաժեշտ է՝ ավելի շատ վնաս է տալիս, քան օգուտ, և կարող են բարձրացնել քաղցկեղի և սրտի հիվանդության ռիսկը:» Հազարավոր հիվանդներ ներգրավող մեկ տասնամյակից ավել տևած շատ փորձարկումների արդյունքների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանք, ովքեր լրացուցիչ վիտամիններ և հանքային նյութեր են ընդունում հավանական է, որ առողջական խնդիրներ ունենան: Նա նշել է, որ կենդանիների վրա առաջին փորձակումները հուսադրող արդյունքներ են ցույց տվել, սակայն, մարդկանց մոտ վիտամինահանքանյութերի երկարաժամկետ կիրառումը հակառակ արդյունքն է գրանցել: Պարզվել է, որ օրական հանձնարարելի դեղաքանակից ավելի β-կարոտին (որը գովազդվում է որպես իմունային համակարգի խթանիչ) ընդունելը մեծացրել է թոքերի քաղցկեղի և սրտի հիվանդության ռիսկը 20%-ով: Վիտամիններն ու հանքային նյութերն օրական ճիշտ դեղաքանակով ընդունելը կարող է լավ լինել առողջության համար, սակայն սննդարար բնամթերքին որևէ փոխարինում չկա: Բայերսը նշել է, որ մարդիկ իրենց անհրաժեշտ օրական հանձնարարելի չափաքանակով վիտամիններ ու հանքանյութեր կարող են ստանալ առողջ սննդից և վիտամինահանքային հավելումներ ընդունողներից շատերը դրանց կարիքը բնավ չունեն: Բայերսը կոչ է արել իշխանություններին, «ավելի մեծ ուշադրություն դարձնել վիտամինահանքային հավելումների անվտանգությանը և թե ինչպես են նրանք գովազդվում», քանի որ վաճառքում առկա հավելումները հաճախ մի քանի անգամ ավելի մեծ դեղաչափով են լինում, քան վիտամինների և հանքանյութերի օրական հանձնարարելի չափաբաժիններն են (62, 63): Սննդի պարտադիր հարստացման պարագայում ևս գերդոզավորումից խուսափել անհնար է։ Եվ, քանի որ երկաթը ինչպես նաև ավելցուկ ֆոլաթթուն արտազատելու մեխանիզմ չկա՝ բջջային գործընթացները խաթարելուն զուգընթաց՝ կուտակվելու հետևանքով դրանք ժամանակի ընթացքում կունենան բարձր դեղաչափի ազդեցություն։

«Վիտամինահանքային հավելումներ: Արդյո՞ք մենք դրանց կարիքն ունենք» հոդվածը տպագված 2012թ. «Կանխարգելիչ բժշկության միջազգային ամսագրում» (International Journal of Preventive Medicine) նշում է. Մեկը կարող է հարցնել՝ հաշվի առնելով չափահաս բնակչության մեծամասնության համար վիտամինահանքային հավելումների առողջական օգուտների էական ապացույցների բացակայությունը, ինչու՞ են դրանք այդքան շատ վաճառվում Միացյալ Նահանգներում և այլուր: Վիտամինների օգտագործման համոզմունքը խոր արմատներ ունի: Նախ, վիտամինների ռախիտի և լնդախտի կանխարգելիչ ազդեցությունը մի ժամանակաշրջանում, երբ բացահայտ սննդային անբավարարություն էր տարածված, այդ դեղերին տվել է կախարդական ուժի լուսապսակ։ Մինչև 1990-ական թվականները, որոշ նշանավոր գիտնականներ մեծ ջանասիրությամբ քարոզում էին վիտամինների և հավելումների օգտագործումը։ Մասնավորապես, Նոբելյան մրցանակի կրկնակի դափնեկիր Լայնուս Պոլինգը հավատում էր (կամ գուցե որևէ շահախնդրություն ուներ ինչպես սենատոր Պրոքսմայըրը), որ C վիտամինը կարող է կանխել քաղցկեղը և երկարացնել քաղցկեղով հիվանդների կյանքի տևողությունը: Պոլինգի և Կամերոնի «ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի գիտական տեղեկագրում» (Proceedings of the National Academy of Sciences of the USA) 1976թ. հրապարակել են C վիտամինի  փորձարկման արդյունքները` քաղցկեղով մահամերձ 100 հիվանդի տալով C վիտամին և նմանատիպ 1000 հիվանդի չտալով՝ եզրակացրել են, որ C վիտամինը երկարացնում է քաղցկեղով հիվանդների կյանքը 1 տարով։ Սակայն պարզվել է, որ փորձարկումը պատահականացված չի եղել։ Հետագա կրկնակի կույր պատահականացված փորձարկումները C վիտամինի որևէ օգուտ չեն գտնել։ Չնայած նման բացասական արդյունքներին, Պոլինգի և այլ գիտնականների լայնորեն հանրայնացված գովաբանական մեկնաբանությունները դեռևս հայտնվում են մամուլում (անկասկած՝ արտադրողների ջանքերով) և ազդում մարդկանց գիտակցության վրա: Երկրորդ, ի տարբերություն դեղերի, հավելումների անվտանգությունը և արդյունավետությունն ապացուցելու համար մարդկային հետազոտություններ չեն պահանջվում Միացյալ Նահանգներում։ Միայն եթե Պարենի և դեղերի վարչությունը գտնում է, որ հավելումները վտանգավոր են, ապա երկարատև գործընթացներից հետո կարող է դատական կարգով պարտադրել դադարեցնել այդ ապրանքների վաճառքը։ Երրորդ, սննդային հավելումների ոլորտը կանոնակարգող ԱՄՆ օրենքները անարժանահավատ և ապակողմնորոշիչ գովազդի հնարավորություն են տալիս (64

Կուտակված մեծաքանակ ապացույցները բավարար են ռուտին կերպով հավելումներ ընդունելը խորհուրդ չտալու համար։ Դրանց օգտագործումը արդարացված չէ հատկապես սնուցիչների անբավարարության հստակ ապացույցներ չունեցող առողջ բնակչության համար։ Սինթետիկ սննդային հավելումները հարկավոր է դիտարկել որպես դեղեր՝ նախքան վաճառքի հանելը դրանք մանրակրկիտ ստուգում պետք է անցնեն և գրանցվեն լիազոր մարմնի կողմից: Անթույլատրելի է նաև սննդի պարտադիր հարստացումը սինթետիկ վիտամինահանքային պրեմիքսներով։ Առողջ մարդկանց դա միայն վնաս կտա՝ կուտակային բացասական ազդեցության պատճառով։ Ավելին, տարատեսակ հիվանդություններ ունեցող բազմաթիվ մարդկանց պրեմիքսների որոշ բաղադրիչներ կարող է ընդհանրապես հակացուցված լինեն։ Ֆոլաթթով, երկաթի սուլֆատով, A վիտամինով և ցինկով հարստացված ալյուրից պատրաստված սննդի ընդունումը սնուցիչների փաստագրված անբավարարություն չունեցող մարդկանց կողմից արդարացված չէ, և դրանից պետք է խուսափել:

Մայր բնությանը հիմարացնել միԵՎնույնն է չի ստացվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter