HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԺ-ում երեք խմբակցություններ հայտնեցին, որ դեմ են քվեարկելու 2016 թվականի բյուջեի նախագծին

Լիլիթ Թադևոսյան

ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագծին ՕԵԿ, ՀՅԴ-ն և ՀԱԿ խմբակցությունները դեմ են քվերակելու: ԲՀԿ-ն իր տեսակետն, ինչպես միշտ, կհայտնի ավելի ուշ, իսկ ՀՀԿ-ն կողմ է:

ՕԵԿ մբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը բյուջեի նախագծի վերաբերյալ խմբակցությունների անունից ելույթների ժամանակ ասաց հետևյալը.

«Ոչ միայն մենք՝ պատգամավորներս, այլև բազմաթիվ տնտեսագետներ բյուջեի այս նախագծում որևէ հուսադրող կետեր չեն գտնում: Հաջորդ տարվա բյուջեի նախագիծը լավատեսության առիթ չի տալիս, քանի որ այս տարի նվազել են արտահանման ծավալները, իջել է քաղաքացիների գնողունակության մակարդակը: Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ վարկանիշը Համաշխարհային բանկի Doing Business 2016 զեկույցում բարելավել է ևս 3 կետով՝ 2016թ.-ի պետական բյուջեի հիմքում դրված ներդրումների մակարդակը չնչին աճ է արձանագրելու և կազմելու է ՀՆԱ-ի 20,3%-ը, իսկ դա նշանակում է, որ Հայաստանն ունի ներդրումների ներգրավման խնդիր, ու նույնիսկ այդ զեկույցը ներդրումների ավեացման վրա ազդեցություն չի թողնելու»,- ասաց Բիշարյանը:

Նրա խոսքով՝ տպավորություն է ստեղծվում, թե այս բյուջեն ներկայացվել է լոկ այն բանի համար, որ ասվի, թե տեսեք, մենք էլ բյուջե ունենք:

ԲՀԿ խմբակցության անունից խոսեց Միքայել Մելքումյանը, ով ասաց, որ ՀՀ տնտեսությունը չի կարող դիմակայել արտաքին շոկերին: «Արտաքին ցնցումներին ՀՀ տնտեսությունը չի դիմակայում, օրինակ երբ ռուբլին արժեզրկվում է, Հայաստանում տնտեսությունը ցնցվում է: Արտաքին պարտքը ևս խնդիր է: 2008-ից հետո ՀՀ արտաքին պարտքը կրկնապատկվել է 2014-ի տվյալներով»,- ասաց Միքայել Մելքումյանը՝ նշելով, որ խնդիրներ կան նաև էներգետետիկայի ոլորտում:

Նա նաև նշեց, որ խնդիր է էլեկտրաէներգիայի և գազի սակագների թանկացումը, իսկ Հայաստանի էներգետիկ կարողությունը 40 տարվա հնություն ունի: Պատգամավորի խոսքով՝ իրավիճակը փոխելու համար առաջին հերթին կառավարությունը պետք է ռուսական ռուբլիով վարկեր վերցնի և  արդյունաբերական կապիտալը զարգացնի:

Իսկ ՀՅԴ-ի տեսակետը ներկայացրեց Արծվիկ Մինասյանը, ով անդրադառնալով Հայաստանի արտաքին պարտքին և այն պնդումներին, որ պետք  է ավելի շատ պարտք վերցնել՝ ասաց, որ շատ պարտք վերցնելն արկածախնդրություն է և պետք  չէ պարտք կուտակել: «Այս բյուջեին մենք բնականաբար չենք կարող կողմ լինել»,- ասաց Մինասյանը:

ՀԱԿ խմբակցության տեսակետն էլ ներկայացրեց խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Ներկայացված փաստաթուղթը, ըստ էության, մեկ իրողություն է ցույց տալիս, որ ներկա կառավարությունը, իսկ ավելի ճիշտ՝ իշխանությունը, չունի երկրի զարգացման ո՛չ ծրագիր, ո՛չ հավակնություն, և ոչ էլ հույս: Այնուհետև իր խոսքում Զուրաբյանն անդարադարձավ Սահմանադրական փոփոխություններին:

«Միթե կարծում եք, որ մեր ժողովուրդը, որին դուք այսքան վնաս եք տվել, մատնելով նրան գործազրկության եւ աղքատության, ցրելով նրա զավակներին ամբողջ աշխարհով մեկ, կընդունի Սերժ Սարգսյանի այս խաբեությունը և թույլ կտա, որ կեղեքիչները, փոփոխելով սահմանադրությունը, ցմահ թագավորեն նրա գլխին։ Չե՞ք հասկանում, որ հանրաքվեում ժողովրդի կամքը ոտնահարելով դուք էլ ավելի կթուլացնենք մեր պետությունը եւ ավելի մեծ փակուղու մեջ կմտցնեք տնտեսությունը։ Ի՞նչ եք անելու հետո, երբ անխուսափելիորեն հասցնեք երկիրը կա՛մ սոցիալական պայթյունի, կա՛մ տարածքային կորուստների:

Եվ պետք չէ խաբել ժողովրդին, ասելով, թե սահմանադրությունը փոխում եք առանց ցնցումների իշխանափոխություն նախապատրաստելու համար: Սահմանադրությունը փոխում եք միմիայն Սերժ Սարգսյանի իշխանությունը պահպանելու համար: Ո՞ւր է, որ հասկանայիք, որ իրականում ձեր սպառված ռեժիմը Հայաստանի համար այլևս կարող է միայն մեկ բարի գործ կատարել՝ կազմակերպել իշխանության խաղաղ փոխանցումը ժողովրդին։ Եթե դուք առանց ցնցումների իշխանափոխություն եք ուզում, ձեր անելիքը շատ պարզ է»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter