Պինոչետի վերելքն ու անկումը․ ինչը որոշիչ դարձավ նրան հեռացնելու հարցում
Աննա Շահնազարյան
1988թ․ Չիլիի ժողովուրդը կարողացավ երկարատև պայքարի արդյունքում թոթափել բանակի ղեկավար՝ գեներալ Ավգուստո Պինոչետի դիկտատուրան. մի բան, որ հարյուրամյակ շարունակ սահմանադրական կարգ վայելող պետությունը երբեք չէր ունեցել։ Պայքարի գագաթնակետը հանրագիրն էր՝ պլեբիսցիտը, որով առաջարկվում էր Չիլիի ժողովրդին այո կամ ոչ քվեարկել ևս տասը տարի Պինոչետին երկիրը ղեկավարելու իրավունք տալու հարցում (Չիլիի սահմանադրական կարգը վաղուց էր խախտվել, և Պինոչետը երկու անգամ կարողացել էր կեղծ ընտրությունների միջոցով փոխել սահմանադրությունը, այդ թվում՝ վերացնել նախագահական պաշտոնը նույն անձի կողմից մեկ ժամկետից ավելի զբաղեցնելու արգելքը)։
Հայաստանում վերջերս ակտիվորեն քննարկվում է Չիլիի փորձը՝ հատկապես հանրաքվեի համատեքստում, թե ինչպես ժողովուրդը դիկտատուրան կարողացավ տապալել՝ ընդամենը հանրաքվեում «ոչ» քվեարկելով։ Այս թեզն այնքան էլ ճշմարտացիորեն չի նկարագրում պատմությունը, ուստի անհրաժեշտ է պատմական փոքրիկ ակնարկ անել, որպեսզի հնարավոր լինի վերլուծել Չիլիի փորձի հաջողություններն ու դրանց արդյունքները։
Նախքան 1973թ․ ռազմական հեղաշրջումը
Մինչև 1973թ․ ռազմական հեղաշրջումը Չիլին համարվել է Լատինական Ամերիկայի ժողովրդավարության փարոսը։ Ի տարբերություն, օրինակ, Արգենտինայի, որտեղ 1930-ից 1970-ականները ժողովրդավարական ընտրություններ ընդամենը երկու անգամ են անցկացվել, մնացած բոլոր դեպքերում կառավարությունները զավթվել են ռազմական հեղաշրջումների արդյունքում, իր անկախ պատմության 150 տարվա ընթացքում Չիլիում խունտայի իշխանության ներքո ժողովուրդն ապրել էր գումարային հաշվով ընդամենը 180 օր մինչև վրա հասավ 1973թ․ (Օպենհայմ, 1997)։ 1830թ․ ի վեր, երբ գաղութարար Իսպանիայից անկախանալուն հաջորդող քաոսային տասնամյակներն ավարտվեցին և Չիլին դարձավ սահմանադրական հանրապետություն, սահմանադրական կարգը հիմնականում պահպանվել է, քաղաքականությունը՝ որպես տարբեր խմբերի շահերի բախում, մղվել է բազմակարծիք և բազմաշերտ միջավայրում, հանրությունը եղել է խիստ շերտավորված՝ միևնույն ժամանակ դրսևորել է ակտիվ ժողովրդական մասնակցություն քաղաքական գործընթացներին։ Չնայած տարածված կարծիքին, թե աղքատ ժողովրդական զանգվածները որպես կանոն քաղաքականապես ակտիվ չեն լինում, Չիլիում, ինչպես և Բրազիլիայում և Լատինական Ամերիկայի այլ երկրներում ընչազուրկ խավը երբեք լուսանցքային չի եղել և ակտիվորեն ներգրավված է եղել քաղաքականության մեջ, ակտիվ են եղել նաև կանայք։ Ավելին՝ ընչազուրկ խավը, հաճախ լինելով ստվերային տնտեսության կորիզը, գիտակցել է իր այդ ուժը և դրսևորել հստակ քաղաքական ճնշում (Օպենհայմ, 1997)։
20-րդ դարը Չիլիում հատկանշական է եղել հզոր դասակարգային պայքարներով, որոնք մղվել են քաղաքատնտեսական գաղափարախոսությունների և ետգաղութային համատեքստում։ Դասակարգային և այլ խմբերի պայքարները մեծամասամբ մղվել են սահմանադրական կարգի ներքո՝ ժողովրդավարական գործընթացների և ինստիտուտների շրջանակներում՝ չնայած 1880-ականների կարճատև քաղաքացիական պատերազմին։ 19-րդ դարում պղնձի արդյուհանման շնորհիվ Չիլին մտավ համաշխարհային տնտեսության մեջ, սակայն միևնույն ժամանակ դարձավ խիստ խոցելի համաշխարհային շուկայի տատանումների նկատմամբ։ Աշխատավորների պայքարները եղել են ուղղակի, հետո իրենց ձայնն են գտել մի շարք քաղաքական կուսակցություններում՝ Ռադիկալ, Կոմունիստական և այլն։
1973թ. հեղաշրջմանը նախորդող ժամանակաշրջանում կառավարման մոդելը եղել է կիսապառլամենտական, իսկ կառավարությունները՝ գրեթե միշտ կոալիցիոն, քանի որ մեկ կուսակցության մեծամասնությունը պարզապես արգելված էր 1925թ․ սահմանադրությամբ։ Խորհրդարանում ներկայացված են եղել բոլոր երեք քաղաքական ուղղվածությունները՝ կենտրոնամետ, աջակողմյան և ձախակողմյան։ Աջակողմյան Ազգային կուսակցությունը (Partido Nacional) պաշտպանում էր խոշոր ֆերմերների, բիզնեսմենների և ֆինանսիստների շահերը, կապիտալիզմի և laissez-faire տնտեսական քաղաքականության կողմնակից էր և հուժկու պայքար էր մղում մարքսիստների դեմ։ Մինչև 1950-ականները միջին դասակարգին հիմնականում ներկայացնում էր Ռադիկալ կուսակցությունը, որը հստակորեն ընդդիմանում էր Սանտիագոյի ցենտրիստական քաղաքականությունը և եկեղեցու գերիշխանությանը։ Ռադիկալների գաղափարախոսությունը հաճախ էր աջից ձախ և հակառակը փոփոխվում։ Կենտրոնամետ, սակայն առավելապես աջ հարող խոշոր կուսակցություններից էր նաև Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը, որը թեև փորձում էր ներկայացնել կապիտալիզմին այլընտրանք համարվող կոմունիտարիզմի գաղափարախոսությունը, սակայն կառչած է եղել մասնավոր կապիտալի պաշտպանությանը և ունեցել է հստակ քրիստոնեական գաղափարախոսություն։ Այս կուսակցություն մեծ ժողովրդականություն է վայելել՝ հատկապես մասնագետների ու ինտելեկտուալների շրջանում։ Քաղաքական ձախը ներկայացված էր կոմունիստական և սոցիալիստական կուսակցություններով, որոնք ներկայացնում էին աշխատավորների և աղքատ խավի շահերը։
Կային նաև այլ փոքր կուսակցություններ, ինչպես նաև զինված պայքարի կողմնակից համարվող կոմունիստական և հակակոմունիստական խմբեր, որոնց զինված գործողություններն ուղղված էին ինչպես սոցիալիստ նախագահ Ալլենդեին հեռացնելուն, այնպես էլ Պինոչետին հեռացնելուն։
Չիլիում ընթացող ներքին քաղաքական գործընթացների վրա ազդեցություն են նաև ունեցել սառը պատերազմը և արտաքին միջամտությունները՝ ինչպես ուղղակիորեն, այնպես էլ՝ արտաքին տնտեսական քաղաքականության միջոցով։ Երբ 1970թ. Չիլիի ժողովուրդը նախագահի պաշտոնում ընտրեց մարքսիստ Սալվադոր Ալլենդեին, ով խոստացել էր Չիլիում կառուցել սոցիալիզմ առանց բռնի հեղաշրջումների, սա չէր կարող չանհանգստացնել Միացյալ Նահանգների նիքսոնյան վարչակարգին, որը շարունակում էր աշխարհի ցանկացած մասում հաստատված մարքսիզմը համարել սպառնալիք Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանը: Ալլենդեն խոստացել էր հողային ռեֆորմ, խոշոր կալվածքների վերաբաշխում և գյուղատնտեսական բարեփոխումներ, հանքերի ազգայնացում, հարստության վերաբաշխում և սոցիալական քաղաքականություն՝ ուղղված երկրի մեծամասնությունը կազմող աղքատ բնակչությանը: Ալլենդեի ընտրությունը և խաղաղ ճանապարհով անցումը սոցիալիզմին խափանելու նպատակով Միացյալ Նահանգների հետախուզական գործակալությունը (CIA) աջակցեց ծայրահեղ աջակողմյան մի խմբավորման բանակը քաղաքականությունից ետ պահող և սահմանադրականության խիստ կողմնակից՝ բանակի ղեկավար գեներալ Շնայդերին առևանգելու և սպանելու հարցում՝ դրանով արտակարգ իրավիճակ առաջացնելու և ռազմական հեղաշրջում խթանելու նպատակով: Դավադրությունը Չիլիում բացահայտվեց, և խափանվեց խմբավորման նախնական պլանը՝ հանցագործությունը ձախականների վրա գցել և բանակը ձախերի դեմ տրամադրել: Այդուհանդերձ, Ալլենդեին չէր հաջողվելու իրագործել իր կառավարության պլանները՝ կապիտալի խոշորամասշտաբ փախուստի, բնական պաշարների համաշխարհային գների անկման, միջազգային առևտրատնտեսական ճնշման, ինչպես նաև ներքին կոալիցիոն անհամաձայնությունների պատճառով որոշումների ձգձգման, խիստ հեղափոխական պլանների անիրագործելիության պատճառով:
Այս ամենին նպաստում էր Միացյալ Նահանգների կառավարությունն ուղղակիորեն և երբեմն ամերիկյան խոշոր կորպորացիաների՝ հանքարդյունաբերական Անակոնդա և Քենեքոթ կորպորացիաների, հեռահաղորդակցության կապ ապահովող և ենթակառուցվածքներ շահագործող Միջազգային հեռախոսային և հեռագրային ընկերության (ITT) անմիջական միջամտությամբ: Արդյունքում՝ Ալլենդեի կառավարության երեք տարիներն իսկ բավարար էին, որպեզի բնակչությունը դժգոհ լինի նրա վարած քաղաքականությունից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել