HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պինոչետի վերելքն ու անկումը․ ինչը որոշիչ դարձավ նրան հեռացնելու հարցում (մաս 2)

Աննա Շահնազարյան

սկիզբը

Մաս երկու

Սահմանադրական կարգի վերացումը ռազմական հեղաշրջմամբ. Պինոչետի դիկտատուրան և տնտեսության վերաձևումը

1973թ. սեպտեմբերի 11-ին Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյի Լա Մոդենա նախագահական պալատը շրջափակվեց ռազմական մեքենաներով և սկսեց ռմբակոծվել ուղղաթիռներից. ընդամենը մի քանի ժամվա ընթացքում զինուժերի ղեկավարները նախագահական պալատը զավթեցին, և ինքնահռչակ խունտան՝ գեներալ Ավգուստո Պինոչետի գլխավորությամբ սահմանեց արտակարգ դրություն։ Այն հայտարարեց վեց կուսակցությունից բաղկացած՝ ղեկավարող Ժողովրդական միասնություն (Unidad Popular) կոալիցիան՝ անօրինական ու արձակեց պառլամենտը: Ժողովրդավարական եղանակով ընտրված մարքիստ նախագահ Սալվադոր Ալենդեն հասցրել էր իր վերջին ուղերձը հղել ժողովրդին, որում պնդում էր, որ իր հավատարմությունը Չիլիի ժողովրդին նա վկայելու է իր կյանքով և հավատ էր տածում, որ ոչ մի ժողովուրդ ետ կանգ չի առնի սոցիալական առաջընթացից՝ նույնիսկ հրացանի ու բռնության սպառնալիքի տակ: Ալենդեին խունտան չհասցրեց ձերբակալել. նա արդեն ինքնասպան էր եղել:

Պինոչետն ընդամենն ամիսներ առաջ էր ստանձնել բանակի գլխավոր հրամանատարի պաշտոնը՝ փոխարինելով սահմանադրականությունը պաշտպանող գեներալ Պրաթսին, ով հրաժարական էր տվել: Պինոչետն ինքը խոստացել էր պահպանել սահմանադրությունը, սակայն սահմանադրական կարգին առաջին խախտողը դարձավ: Մարքսիստ ղեկավար Ալենդեից դժգոհ ժողովրդական զանգվածները թեև սովոր չէին ռազմական հեղաշրջման երևույթին, սակայն հույս ունեին, որ հեղաշրջումից կարճ ժամանակ հետո հնարավորություն կունենան ընտրությունների միջոցով ձևավորել նոր կառավարություն: Նման հնարավորություն Պինոչետը չէր պատրաստվում ընձեռել, փոխարենը՝ Պինոչետը սկսեց ահ սփռել ողջ երկրով մեկ՝ Ազգային հետախուզական տնօրինության (DINA)՝ ոստիկանական լիազորություններ ունեցող նորաստեղծ զինված մարմնի հաճախակի ռեյդերի, ձախակողմյան կուսակցականների զանգվածային առևանգումների և ձերբակալումների, խոշտանգումների, բռնաբարությունների, համակենտրոնացման ճամբարներ հիշեցնող հարկադիր աշխատանքի և կտտանքի, մարդկանց վտարումների միջոցով: Ըստ էության, խունտան ինքն իրեն հռչակել էր Չիլիի արժեքային պահապանի դերը, որոնց թվում էին նաև կապիտալիզմը և մարքսիզմի հիմնահատակ վերացումը: Այս բռնությունները հաճախ ներկայացվում էին որպես ձախերի կողմից հրահրվող քաղաքացիական պատերազմի կանխարգելում, իսկ ռազմական մեքենաների շուրջօրյա պարեկության, օդում սավառնող ռազմական օդանավերի, գիշերային կրակոցների ֆոնի ներքո Պինոչետի այս վարկածները շատերին հավանական էին թվում։

Միջազգային արձագանքն այս ամենին բավականին ուշացած էր, թեև ՄԱԿ-ն առաջիններից էր, որտեղ հնչեցվում էր Չիլիում մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների մասին, նիքսոնյան վարչակարգը ոչինչ չխոսեց՝ մինչև նախագահի պաշտոնը զբաղեցրեց Ջիմի Քարտերը։

Պինոչետի տարիներին Չիլին հարկադրված լքել է շուրջ 1 միլիոն մարդ, մեծամասնությունը՝ ձախական հայացքների տեր, իսկ համաձայն 1990-ին ստեղծված Չիլիի մարդու իրավունքների հանձնաժողովի՝ սպանվել ավելի քան 2300 մարդ (Օպպենհայմ 1997), կտտանքների ենթարկվել շուրջ 30,000-ը: Կազմակերպվում էին նաև ահաբեկչական գործողություններ երկրից դուրս․ մասնավորապես Վաշինգտոնում սպանվեց Ալենդեի կառավարության տարիներին Միացյալ Նահանգներում Չիլիի դեսպան Օրլանդո Լեթելիերը  և Բուենոս Այրեսում՝ բանակի նախկին ղեկավար՝ Կարլոս Պրաթսը և նրա կինը:

Կառավարությունը շարունակում էր գործել չորս գեներալներից բաղկացած խունտայի ղեկավարությամբ, ում Պինոչետը 1974թ. համոզեց իրեն լիազորել գործադիր ղեկավարի պաշտոնը: Կոմունիստներից ու սոցիալիստներից բացի՝ Պինոչետը մշտապես թշնամիներ էր ստեղծում, որպեսզի պայքարեր դրանց դեմ, նույնիսկ կազմակերպված աշխատավորական խմբերին ու արհմիություններին էր անվանում կոմունիստներ, ինչի արդյունքում կազմակերպված աշխատավորությունը նա չեզոքացրեց։ Չիլիում նա արգելեց երեք խոշոր թերթի տպագրությունը, համալսարանները դրեց ռազմական վերահսկողության տակ, արգելեց երգելը հանրային վայրերում, սահմանեց խիստ գրաքննություն: Գրախանութներում այն աստիճանի գրաքննություն էր, որ հավաքվել և այրվել էին նույնիսկ կուբիզմի մասին բոլոր գրքերը՝ այն նկատառումով, թե իբր դրանք Կուբայի մասին են (Ակերման և Դյուվալ, 2000):

Ռազմական դիկտատուրիայի սկզբնական ժամանակաշրջանը՝ 1973-78թթ․ բնորոշվեցին հեգեմոնիայի կոնսոլիդացմամբ, հանրության ապաքաղաքականացմամբ, քաղաքական ինստիտուտների և պրակտիկաների վերացմամբ։

1978թ. Պինոչետն անցկացրեց իր առաջին հանրաքվեն: Նա հանրաքվեի էր դրել հայտարարության մի տեքստ, որը մոտավորապես հնչում էր այսպես․ «… ես սատարում եմ նախագահ Պինոչետին՝ ի պաշտպանություն Չիլիի արժանապատվության և վերահաստատում եմ կառավարության լեգիտիմությունը»: Ոչ ոք, սակայն, չէր հավատում, որ հանրաքվեն չի կեղծվել, չլրացված քվեաթերթիկները հաշվարկվել էին որպես «այո»:

Պինոչետը երկրորդ հանրաքվե նշանակեց 1980թ.՝ այս անգամ սահմանադրության մեջ փոփոխությունների դրույթներով՝ համաձայն որոնց պետք է արգելվեին դասակարգային պայքարի և հեղափոխության մասին հիշատակող, ինչպես նաև ընտանիքի ինստիտուտի ընդդիմախոս և «ազգի պատիվը նսեմացնող» բոլոր կուսակցությունները, այսինքն՝ մարքսիստական և սոցիալիստական կուսակցությունները։ Այս դրույթները տարածվում էին ոչ միայն կուսակցությունների վրա, այլ նույնիսկ անհատների, ովքեր՝ նման գաղափարներ ունենալու դեպքում 10 տարով զրկվում էին պետական, և կրթական համակարգերում, լրատվամիջոցներում, ուսանողական և մասնագիտական միություններում աշխատելու իրավունքից, ինչպես նաև ընտրելու իրավունքից։

Սահմանադրական փոփոխություններով Պինոչետն իրավունք էր ստանում նախագահի պաշտոնում մնալ ևս ութ տարի, և խունտային էր լիազորվում նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրելու բացառիկ իրավունքը: Սահմանադրական այս հանրաքվեն նույնպես կեղծված էր, շատ տեղերում ընտրողների թիվը գերազանցում էր իրական բնակչության թվին (Ակերման և Դյուվալ, 2000):

Պինոչետի տնտեսական քաղաքականությունը

Ռազմական խունտան, ըստ էության, նպատակ ուներ ստեղծել բյուրոկրատական֊ավտորիտար կառավարման համակարգ, որը հատուկ էր Լատինական Ամերիկայում հաստատված այլ խունտաներին՝ հստակ քաղաքական և տնտեսական պլանով՝ թուլացնել պետության դերը տնտեսության և սոցիալական ապահովության համակարգերի մեջ, մասնավորեցնել պետական բոլոր հիմնարկները, խթանել արտաքին ներդրումները, վերջ տալ ներմուծումները փոխարինող տեղական արդյունաբերականացմանը և խթանել պետության կողմից չվերահսկվող ազատ ներքին և արտաքին շուկայական համակարգը։ Այս քաղաքականության իրականացման համար անհրաժեշտ էր լինելու հաստատել ռեպրեսիվ վերահսկողություն ժողովրդական զանգվածների նկատմամբ, ինչպես նաև՝ մեծ թվով տեխնոկրատներ։ Արդեն նշվեց, որ տեղական և միջազգային մակարդակում նախապես ամեն ինչ արվել էր  սոցիալիզմի կառուցման նպատակ հռչակած Ալենդեի պլանները խաթարելու և զանգվածային դժգոհություն առաջացնելու համար, այժմ պետք էր նոր՝ շուկայական տնտեսական համակարգի հիմքերը դնել։ Այդ հարցում Պինոչետին խորհուրդներ էին տալիս «Չիկագոյի տղաները»՝ ազատ շուկայական տնտեսության կամ այլ կերպ՝ նեոլիբերալ քաղաքականության կնքահայրեր՝ Միլտոն Ֆրիդմանի և Արնոլդ Հարբերգերի աշակերտները, որոնք Չիկագոյի համալսարանում ուսանելուց հետո վերադարձել էին Չիլի։ 

Մինչև 1978թթ․՝ Պինոչետը լիովին ներդրել էր ազատ շուկայական քաղաքականությունը, վերադարձրել էր ազգայնացված ընկերությունները նախկին բաժնետերերին և վաճառել էր բոլոր պետական ձեռնարկությունները՝ ներգրավելով այդքան ցանկալի արտաքին ներդրումներ, վերադարձրել էր հողային ռեֆորմի արդյունքում խոշոր հողատերերից փոխհատուցմամբ վերցված և վերաբաշխված հողերը նախկին խոշոր կալվածատերերին։ Այս վերջին քաղաքականությունն իրականացնելիս՝ զանգվածային բռնությունների ու խոշտանգումների առաջին թիրախը դարձան ռեֆորմի արդյունքում ստեղծված գյուղատնտեսական կոոպերատիվներն ու գյուղացիական միավորումները։

Պինոչետը նաև դրակոնյան սկզբունքներով հաստատեց նեոլիբերալ դրամային քաղաքականությունը՝ «շոկային թերապիան»՝ համաձայն որի նախքան տնտեսական աճը խթանելն անհրաժեշտ էր ապահովել գնաճի խիստ վերահսկողություն, ինչն իր հերթին ենթադրում էր ապրանքների գների նախնական բարձրացում և պետական ծախսերի կրճատում, որոնց պետք է հաջորդեր առևտրի լիակատար ազատականացում։ Պինոչետն ինքը ստիպված դադարեցրեց «շոկային» դրամային քաղաքականությունը 1976թ․-ին։

Բնակարանային «բարեփոխումների» արդյունքում մայրաքաղաք Սանտյագոյի հատակագիծը փոխվեց, ստեղծվեցին ծայրամասային թաղամասեր, որտեղ վերաբնակեցվեցին աղքատ խավի մարդիկ՝ ստեղծելով հարուստ և միջին խավին պատկանող «կենտրոնական վակուում»։ Անշարժ գույքի քաղաքականությունն առաջ բերեց գնային սպեկուլիացիա, որի արդյունքում շինարարական խոշոր ընկերություններ հսկայական շահույթներ ունեցան։ Այս ընկերությունների և նրանց ֆինանսավորող բանկերի կապերը ոչ միայն սերտ էին, այլև հաճախ՝ փոխկապակցված, դրանցում ներգրավված էին նաև «չիկագոյի տղաներն» առաջացնելով ակնհայտ շահերի բախում իրենց զբաղեցրած պետական պաշտոնների և մասնավոր շահերի միջև, ինչը տարիներ անց չհանդուրժեց նույնիսկ Պինոչետը (Օպենհայմ, 1997)։

Տեղի ունեցավ կապիտալի և հարստություն աննախադեպ կենտրոնացում մի քանի մասնավոր ընկերությունների ձեռքում։ Մինչև 1978թ․ Վիալ (Vial) կոնգլոմերատին էր պատկանում Չիլիի խոշորագույն 250 ձեռնարկությունների 25 տոկոսը, իսկ Կրուզա-Լարենին (Cruzat-Larrain)՝ 37 տոկոսը, որոնք երկուսն էլ սնանկացան 1983թ․ տնտեսական ճգնաժամի ժամանակ։ Սոցիալական բևեռացումը Չիլիիում աճում էր օրըստօրե, անհավասարությունը փոքրաթիվ հարուստների և գերակշիռ աղքատների միջև ահռելի էր։

Առաջին տասը տարիները թողեցին տնտեսական «բումի» տպավորություն, սակայն ազատ շուկայական հարաբերությունները ներխուժել էին ոչ միայն տնտեսական ոլորտ, այլև սոցիալական ապահովության, առողջապահության, կրթության և մշակութային ոլորտներ՝ սփռելով դրանց մասնավորեցում, ապակարգավորում կամ ապակենտրոնացում։ Մասնավորեցվեց կենսաթոշակային համակարգը՝ իբր բնակչությանը ընտրության լայն հնարավորություն տալու նկատառումով։ Հետագայում Չիլիի այս փորձը պիտի հայտարարվեր տապալված։ Չիլիի խոշորագույն համալսարանները զրկվեցին պետական ֆինանսավորումից և հայտարարվեցին ինքնաֆինանսավորվող, իսկ հանրակրթության համակարգն ապակենտրոնացվեց՝ հանձնվելով խղճուկ բյուջե ունեցող տեղական ինքնակառավարման մարմիններին։ Պետական հիվանդանոցների մեծ մասը նույնպես մասնավորեցվեց, իսկ սուբսիդավորվող հիվանդանոցները պարզապես ի վիճակի չէին սպասարկել անապահով բնակչությանը։

Ազատ շուկայական հարաբերությունները տարածում էին «տնտեսական և սոցիալական դարվինիզմ», այսինքն՝ գոյատևում և բարգավաճում էին միայն նրանք, որոնք ուժեղ էին ու հարուստ, իսկ «թույլերը» ենթակա էին (ինքնա)ոչնչացման, այս մտածելակերպը նաև լայնորեն պրոպագանդվում էր։

1980-ականների համաշխարհային տնտեսական ճգնաժամի համատեքստում Չիլիի ազատ շուկայական տնտեսությունը, որը մեծապես կախված էր համաշխարհային շուկայից, նույնպես տուժեց․ ոչ միայն փոքր ու միջին բազմաթիվ ձեռնարկություններ սնանկացան, խոշորագույն կորպորացիաներ նույնպես սուզվեցին բարձրացած վարկային տոկոսադրույքների, նախորդ տարիների գնային սպեկուլյացիաների հետևանքով։ Պետության դերը նվազեցրած կառավարությունը, դեմ գնալով իր իսկ որդեգրած սկզբունքներին, միջամտեց, որպեսզի փրկի բանկային համակարգը։ Տնտեսության փլուզման հիմնական պատճառներն էին՝ դոլարի արհեստականորեն ցածր փոխարժեքի պահպանումը՝ հանուն դրսից եկող ապրանքների վաճառքի խթանման և արտաքին խոշոր պարտքի կուտակումը (Օպենհայմ, 1997)։

Գործազրկության մակարդակը 1983թ․ հասավ պաշտոնապես 30 տոկոսի։ Աղքատության մակարդակը նույնպես սկսեց բարձրանալ, ինչն իր ազդեցությունն ունեցավ նաև հասարակության քաղաքական ակտիվացման վրա։ Չիլիի ժողովուրդը կարծես արթնացավ լեթարգիկ քնից։ Կենցաղային և գոյատևման խնդիրներ լուծելու շուրջ համախմբած բազմաթիվ քաղաքացիական խմբեր և ցանցեր սկսեցին մոբիլիզանալ քաղաքականության շուրջ։ Վերաակտիվացան նաև կուսակցություններն, այդ թվում՝ ընդհատակ անցած ձախական ուժերը։

(շարունակություն)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter