Պինոչետի վերելքն ու անկումը․ ինչը որոշիչ դարձավ նրան հեռացնելու հարցում (մաս 3)
Աննա Շահնազարյան
Մաս երեք
Պինոչետի անկումը․ քաղաքական և քաղաքացիական հանրության մոբիլիզացումը հանուն ժողովրդավարության վերականգնման
Պինոչետի դիկտատուրայի դեմ հանրային մոբիլիզացիան Չիլիում սկվեց աշխատավորական խավից՝ առանց գործող կամ ընդհատակյա կուսակցությունների ներգրավվածության։ Նախորդ մասում արդեն գրվել է, որ Պինոչետը չեզոքացրել էր կազմակերպված աշխատավորությունը՝ արհմիությունները հայտարարելով ապօրինի։ Ռազմական հեղաշրջումից հինգ տարի անց 1978թ․ Չիլիի խոշորագույն՝ Չուկիկամատա պղնձի հանքում աշխատավորները բողոք բարձրացրին աշխատավարձերի բարձրացման պահանջով (ի դեպ, Չիլիում ազատ շուկայական տնտեսության ներդրումից հետո իրական աշխատավարձերը գրեթե կիսով չափ կրճատվել էին՝ սոցիալիստական կառավարության օրոք աշխատավարձերի համեմատությամբ, նույնիսկ 1990֊ականներին իրական աշխատավարձերը 70-ականների 90 տոկոսն էին կազմում (Օպենհայմ, 1999)): Սակայն շուտով նրանց բողոքը լռեցվեց ռազմական բռնությամբ, հանքը շրջափակվեց բանակայիններով, գործադուլի կազմակերպիչները հայտարարվեցին կոմունիստներ և չեզոքացվեցին։ Սա առաջացրեց նոր ընդվզում և ինքնակազմակերպվելու հզոր մղում։ Օգտագործելով համաշխարհային իրենց կապերը, չիլիացի արհմիութենականները հասան նրան, որ Միացյալ Նահանգների Արհմիությունների համաշխարհային ֆեդերացիայի (AFL-CIO) կողմից չիլիական ապրանքների բոյկոտի սպառնալիքի տակ, խունտան գնաց զիջումների և թույլատրեց արհմիությունների գործունեությունը, թեև շատ խիստ պայմաններով, օրինակ՝ երեսուն օրվա գործադուլից հետո աշխատողներին կարելի էր փոխարինել, իսկ վաթսուն օրից ավելի գործադուլը համարժեք էր լինելու աշխատանքից դուրս գալուն, արհմիութենականն իրավունք չուներ միանալ որևէ կուսակցության և այլն։ Այնուամենայնիվ, սա ստեղծում էր որոշակի գործողության տարածք, և 1978թ․ կազմակերպվեցին հեղաշրջումից հետո առաջին արհմիութենական ընտրությունները, որոնց մասնակցեց շուրջ կես միլիոն աշխատավոր։ Հատկապես ուժեղ էին պղնձի հանքերի արհմիությունները, որոնք թեև սկզբնական շրջանում բարձրացնում էին ձեռքով հանք փորող չարքաշ աշխատավորների հիմնարար կարիքները բավարարելու պահանջներ՝ աշխատավարձ, բնակարանային պայմաններ, բուժսպասարկում, աշխատանքային ժամեր, սակայն շուտով վերաճեցին երկիրը դիկտատուրայից հանելու հզոր ուժի։
1983թ․ Աշխատավորների ազգային կոմիտեի ղեկավար դարձած Դոդոլֆո Սեգելի գլխավորությամբ հայտարարվեց համազգային գործադուլ։ Երբ հայտարարված գործադուլից չորս օր առաջ հանքերը շրջափակվեցին տանկերով և զորքով, աշխատավորները համազգային ցույցերի կոչ արեցին՝ փորձելով ընդլայնել բողոքի շրջանակը։ Մայիսի 11-ին առաջին համազգային բողոքի ցույցին մասնակցեց հիմնականում մայրաքաղաք Սանտյագոն, մարդիկ ոչ միայն փողոցներում էին, այլև տների պատուհաններից կաթսանների շխշխկոցով ստեղծել էին բողոքի իրական պայթյուն։ Աշխատավորները շարունակեցին կոչ անել գրեթե ամեն ամիս գործադուլներ և ցույցեր անել, բողոքի ալիքն արդեն տարածվում էր ողջ երկրով մեկ, 1983թ․ ամառվա ամիսները թեժ էին։ Ցույցերը ցրվում էին բռնի ուժով, շատ տեղերում ցուցարարները փորձում էին ինքնապաշտպանվել, բռնությունները դառնում էին փոխադարձ, որտեղ բնականաբար հաղթում էր զինված վարչախումբը (Ակերման և Դյուվալ, 2000)։
Փողոցային գործողությունների բռնի ճնշումը ստիպեց աշխատավորներին, քաղաքացիական խմբերին և արդեն ներգրավված քաղաքական կուսակցություններին վերանայել իրենց ռազմավարությունը․ առաջացավ պառակտում պայքարի եղանակի շուրջ՝ կոմունիստական ուժերը պնդում էին պարտիզանական զինված պայքար մղելու ուղղությամբ, մնացած բոլոր ուժերը կողմ էին ոչ-բռնի պայքարին։ Բռնությամբ պայքար մղելուն դեմ էին նաև ձախական շատ ուժեր, որոնց վտարանդի անդամներից շատերը հասցրել էին ապրել ինչպես Արևելյան Եվրոպայի և Խորհրդային Միության սոցիալիստական երկրներում, այնպես էլ՝ Արևմտյան Եվրոպայի սոցիալ֊դեմոկրատիայի պայմաններում։ Տոտալիտար սոցիալիզմի չարիքները նրանց արդեն մոտիկից էին ծանոթ, ինչի արդյունքում Չիլիի ձախականությունը շատ ավելի մեծ գաղափարական անհամաձայնությունների մեջ էր։
1983թ․ օգոստոսին ձևավորվեց պահպանողական աջ կուսակցությունների, կենտրոնամետ՝ Ռադիկալ, Սոցիալական և Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունների և ձախակողմյան սոցիալիստական կուսակցությունների (բացի կոմունիստականից) «Ժողովրդավարական դաշինքը», որը նպատակ ուներ միավորվել ժողովրդավարությունը վերականգնելու շուրջ՝ չնայած իրենց քաղաքական, գաղափարական և կրոնական՝ տարբերվող և երբեմն հակընդդեմ հայացքներին։ Դաշինքը հիմնականում հետապնդում էր հասարակական ճնշման ոչ֊բռնի ճանապարհով Պինոչետին բանակցություններ հարկադրելու և այնուհետև նրան տապալելու նպատակը՝ հակադրվելով ծայրահեղ ձախական տարբեր խմբավորումների գաղափարին, թե ռեժիմին հնարավոր է տապալել միայն զինված պայքարով և ահաբեկչությամբ։
Պինոչետը փորձեց մեղմացնել ժողովրդական բողոքը՝ երկխոսության պատրանք ստեղծելով և նշանակելով ներքին գործերի նոր նախարարի, ով պետք է բանակցեր Դաշինքի հետ։ Իրականում թավշյա ձեռնոցի տակ երկաթյա բռունցքն էր, բանակցությունների մասին խոսելու հաջորդ ցույցերը ցրեց ոչ թե ոստիկանությունն, այլ բանակը, որի արդյունքում զոհվեց 26 ցուցարար (Ակերման և Դյուվալ, 2000)։
Ներքին գործերի նախարարի հետ բանակցությունների առաջին հանդիպմանը Դաշինքի ներկայացուցիչները ներկայացրին Պինոչետի հրաժարականի պահանջը, նախարար Յարպան նույնիսկ չէր ցանկանում վերցնել պահանջագիրը։ Վերջապես պայմանավորվեցին վտարանդի մի քանի քաղաքական գործիչների վերադարձը թույլատրելու, քաղաքական գործունեությունը և գրքերի հրատարակումն առանց նախնական հաստատման թույլատրելու շուրջ։ Թեև Պինոչետի իշխանությանը սա չէր սպառնում, այնուհանդերձ հանրային մոբիլիզացիայի և քաղաքական գործունեության փոքր֊ինչ ավելի ազատ տարածք էր բացում։
Չնայած ընդդիմադիր ուժերը փորձում էին բարձրացնել 1980թ․ սահմանադրության վերացման և նախկին՝ 1925թ․ ժողովրդավարական սահմանադրության վերականգնման հարցը, Պինոչետն անդրդվելի էր․ գործող` 1980թ․ սահմանադրությամբ պետք է անցկացվեր խունտայի ներկայացրած նախագահական թեկնածուի շուրջ հանրաքվեն, իսկ եթե կուսակցությունները ցանկանում էին պայքարել, ապա պետք է պայքարեին իր ստեղծած այդ խաղի կանոնների շրջանակում։ Կոմունիստական կուսակցությունը պնդում էր, որ նրա ստեղծած խաղի կանոնները ենթադրում էին ընտրությունների կեղծում և որ դրանց շրջանակներում հնարավոր չէր պայքարել, ուստի որդեգրել էր «բոլոր միջոցներով պայքարի» մեթոդը, այդ թվում՝ զինված։ Զինված և ահաբեկչական գործողություններն իրականացնում էր ոչ թե կոմունիստական կուսակցությունն անմիջապես, այլ նրա կողմից վերահսկվող՝ Չիլիի ազատագրական պայքարի ազգայնական հերոս` Մանուել Ռոդրիգեսի անվան ճակատը (MRF):
Ի դեպ, Սառը պատերազմը շարունակում էր իր ներկայությունը զգացնել տալ Չիլիում․ 1986թ․ Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական գործակալությունը Պինոչետի վարչախմբին փոխանցեց արբանյակային լուսանկարներ, որոնցում երևում էր Չիլիի հյուսիսային անապատներում և մայրաքաղաք Սանտյագոյում կուտակված հսկայական ռազմամթերք, որը ձեռք էր բերվել Խորհրդային Միության օգնությամբ։
Պինոչետն անդրդվելի էր, նրա հեգեմոնիան ավելի ու ավելի էր զորեղանում, հատկապես ընդդիմության շրջանում զինված պայքարի, իր դեմ մահափորձի, ոստիկանական ուժերի վրա հարձակումների համատեքստում։ Պինոչետը նման միջավայրում իրեն զգում էր ինչպես «ձուկը ջրում», սա նրան առիթ էր տալիս գործի դնել բանակին, սահմանել պարեկային ժամեր, սահմանափակել քաղաքացիների իրավունքները, բարձրացնել սեփական հեղինակությունը որպես «երկիրը ծայրահեղ հեղափոխականների և ահաբեկիչների քաոսից» ազատող փրկիչ։ Իր կողմից վերահսկվող լրատվամիջոցներում նա պարզապես «ժողովրդական աստղ» էր։
1985թ․ ձևավորվեց նոր քաղաքական միավորում, որին միացավ նույնիսկ ներքին գործերի նախարարի պաշտոնը թողած Յարպան։ «Ազգային համաձայնությունը» որոշեց ոչ թե պահանջել Պինոչետի հրաժարականը, այլ՝ 88-ին նշանակված «այո» «ոչ» հանրաքվեի փոխարեն ազատ ընտրությունների անցկացում, արտակարգ դրության վերացում, նոր ընտրական համակարգ և արտաքսումների դադարեցում։ Չէին իրագործվում ո՛չ այս պահանջները, ո՛չ էլ արդյունավետ էր զինված պայքարը։ Ընդդիմությունը որոշեց ուժերը համախմբել 88-ին նշանակված հանրաքվեի շուրջ՝ փորձելով Պինոչետի սահմանած խաղի կանոնների կողքին դնել սեփական կաննոները։
Քաղաքացիական համախմբումը
Չնայած Պինոչետի բոլոր ջանքերին՝ պրոպագանդել անհատի և ընտանիքի պաշտամունքը՝ նպատակ ունենալով ոչնչացնել կոլեկտիվ գիտակցությունն ու գործունեությունը, 80֊ականներին ձևավորվեցին բազմաթիվ քաղաքացիական խմբեր և ցանցեր, սկզբում՝ համայնքներում՝ «շոկային թերապիայի» ստեղծած սոցիալական խնդիրները լուծելու համար փոխօգնության, այնուհետև՝ քաղաքական համախմբան շուրջ։ Այս խմբերը ստեղծել էին ցերեկային ճաշարաններ անապահովների համար, գնորդների կոոպերատիվներ, արհեստանոցներ, աշխատանքի տեղավորման կենտրոններ և այլն։ Մինչև 85թ․ միայն Սանտյագոյում կարելի էր գտնել հազարից ավելի նման սոցիալական կազմակերպություն, բնակչության 20 տոկոսն օգտվում էր նրանց սոցիալական ծառայություններից (Օպենհայմ, 1999)։
Չիլիի ավանդական քաղաքական համակարգը, որտեղ կուսակցություններն ունեին լայն ժողովրդական բազա, քայքայվել էր, կուսակցությունների և հանրության հիմքերի միջև կապերը խզվել էին։ 80֊ականներին ինքնակազմակերպվող քաղաքացիական միավորներն ու ցանցերը նպաստեցին նաև չքավոր և միջին խավի ու կուսակցությունների միջև կապերի վերականգնմանը։
Քաղաքացիական համախմբան հարցում մեծ դեր կատարեց նաև կաթոլիկ եկեղեցին, որը թեև Սալվադոր Ալենդեի սոցիալիստական կառավարության խիստ քննադատն էր, սակայն չէր կարող հանդուրժել Պինոչետի ռեպրեսիվ իշխանությունն ու վայրագությունները։ Լինելով միակ հաստատությունը, որը Պինոչետն ի վիճակի չէր ոչնչացնել, կաթոլիկ եկեղեցին իր հովանու ներքո պաշպանում էր հալածյալներին։ Դեռևս 70-ականների ահարկու ռեպրեսիաների տարիներին եղեկեցին սկզբում ստեղծեց մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպություն, որտեղ ընդհատակյա իրավաբանական օգնություն և ապաստան էր տրամադրում հալածյալներին, այնուհետև ստիպված եղավ փակել կազմակերպությունը, սակայն ստեղծեց Համերաշխության առաջնորդարանը, որը շարունակում էր զբաղվել մարդու իրավունքների հարցով։ Կաթոլիկ եկեղեցին նաև միջազգային մակարդակում էր բարձրաձայնում Չիլիում մարդու իրավունքների աղետալի վիճակի մասին։ Բողոքի ցույցերի համատեքստում նստացույցեր էին կազմակերպում քահանաները և մայրապետերը՝ հատկապես համակենտրոնացման ճամբարների և կտտանքների բանտերի դեմ։
Մեծ դեր կատարեցին կանանց կազմակերպությունները, որոնք սկզբում զբաղվում էին սոցիալական և մարդու իրավունքների խնդիրներով, այնուհետև սկսեցին առաջ քաշել կոնկրետ կանանց իրավունքների հարցեր։ Համաձայն մի հետազոտության՝ 1985թ․ Չիլիի կին բնակչության շուրջ 45 տոկոսը ներգրավված էր քաղաքացիական տարբեր կազմակերպություններում (Օպենհայմ 1999թ․)։ Չնայած կանանց կազմակերպությունների բազմաբովանդակ գործունեությանը, ֆեմինիստական սկզբունքներով գործելակերպը՝ մասնավորապես բոլոր խավերի ներառման և միավորման սկզբունքը, կուսակցական և քաղաքացիական այլ միավորների համար օրինակելի դարձավ։
Համախմբվել էր նաև միջին դասակարգը, արհմիություններից բացի՝ ինքնակազմակերպվել էին նաև տարբեր մասնագիտություններ ունեցող խմբերը՝ հատկապես հզոր դերակատարում ուներ բեռնատար վարորդների միությունը, որը ցույց էր տվել իր կազմաքանդող ներուժը դեռևս Ալենդեի կառավարությանն ընդիմանալիս։
Մինչև 1986թ․ Չիլիի հանրությունը համախմբվել էր և պատրաստ էր մղել ժողովրդավարության վերականգնման սոցիալական շարժումը։ Կուսակցական դաշինքների կողմից բանակցություններ վարելու ձախողումն ամրապնդեց այն դիրքորոշումը հանրության մեջ, որ անցումը ժողովրդավարությանը պետք է առաջ մղի քաղաքացիական հանրությունը, բանակցողն էլ ինքը պետք է լինի։ 1986թ․ ստեղծվեց քաղաքացիական տարբեր կազմակերպություններից ու նախաձեռնություններից բաղկացած՝ Քաղաքացիական ասամբլեան։
Համախմբումը 1988թ․ հանրաքվեի շուրջ
Չիլիի հանրությունը գիտակցում էր, որ պարտիզանական զինված պայքարով հնարավոր չէր վերականգնել սահմանադրական կարգը։ Փողոցային ցույցերը նույնպես արդյունավետ չէին, Պինոչետը կարողանում էր դրանք բռնությամբ ցրել և պառակտել ցուցարարներին։ Պինոչետը մարտահրավեր էր նետել․ մրցակցել 1988թ․ հանրաքվեի ժամանակ, երբ ժողովուրդը պիտի հավանություն տար կամ չտար ևս 8 տարի իր կողմից երկիրը ղեկավարելուն։ Չիլիի կուսակցական և քաղաքացիական ուժերը գիտակցում էին, որ ասիմետրիկ այդ պայքարում խաղի կանոնները վերահսկում էր դիկտատորը, ուստի պետք է փնտրեին այդ ասիմետրիան հաղթահարելու ուղիներ։
Ընտրացուցակներ չկային, խունտան 1987թ․ ընդունեց օրենքներ՝ ի պատրաստություն հանրաքվեի։ Հայտարարվեց ընտրողների ցուցակագրումը։ Խունտայի ընդունած օրենքները հատուկ բյուրոկրատական դժվարություններ էին նախատեսում և ապախրախուսում ցուցակագրումը։ Արագ գրանցվում էին Պինոչետին աջակցողները, իսկ հատկապես աղքատ խավի համար ընտրական ցուցակներում ներգրավվելը խիստ դժվար էր՝ քվեարկողի քարտ ստանալու համար պահանջվող ֆինանսական և ժամանակային ռեսուրսների պատճառով։ Խունտան նաև ընդունեց նախագահական հանրաքվեին հաջորդող խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և կուսակցություններին օրինականացնելու վերաբերյալ օրենքներ՝ կրկին խիստ սահմանափակումներով։ Նախ, ընտրությունների համար կուսակցությունները գրանցելու ժամկետները շատ սեղմ էին, կուսակցության անդամությունը պետք է փաստվեր հանրայնացված անուն-ազգանուններով և հասցեներով։ Խիստ ռեպրեսիվ դիկտատուրայում մարդիկ պարզապես չունենեին նման քաջություն, բացի այդ, շարունակում էր գործել դասակարգային պայքարի մասին հիշատակող կուսակցությունների գրանցման արգելքն, ինչը նշանակում էր, որ գոյություն ունեցող ընդհատակյա ոչ մի սոցիալիստական կուսակցություն չէր կարող օրինականացնել իր գործունեությունը (Ակերման և Դյուվալ, 2000)։
1986թ․ վերջերին կաթոլիկ եկեղեցու Խաղաղության հանձնաժողովի նախկին ղեկավար Մոնիկա Հիմենեզի գլխավորությամբ ստեղծվեց Participa արշավը, որի նպատակն էր ապահովել բնակչության ներգրավվածությունը ընտրացուցակներում։ Եթե Պինոչետի համար ավելի հեշտ կառավարելի էր ընտրացուցակներում ներգրավված 3 միլիոն բնակչությունը, որը ողջ բնակչության միայն 35 տոկոսն էր, ապա իրավիճակը լիովին նրա դեմ էր կաշխատեր, եթե ողջ բնակչությունը ներգրավվեր ընտրացուցակներում։
Համակարգի ներսում խաղի կանոններից դուրս աշխատելու առաջին ուղին դա էր՝ փոխել ընտրացուցակների հետ կապված Պինոչետի պլանները։ Ընդամենը մեկ տարվա ընթացքում Participa արշավի շուրջ 7000 կամավորները դռնեդուռ այցելությունների միջոցով կարողացան ապահովել, որ ընտրացուցակներում ընդգրկվի ևս 4 միլիոն չիլիացի։ Քվեարկելու իրավունք ունեցող բնակչության 90 տոկոսն արդեն ընտրացուցակներում էր։
Համակարգի ներսում խաղի կանոններից դուրս աշխատելու մյուս ուղին խունտայի ընդունած ընտրական կիսաազատ նոր կանոնակարգերից օգտվելն էր, համաձայն որոնց քվեարկությունը բաց էր, իսկ կուսակցությունների ներկայացուցիչներին թույլատրվում էր դիտարկել ընտրությունները։ Պինոչետի կեղծած նախորդ երկու ընտրություններում նման ազատություններ չկային։ Ուստի կուսակցական և քաղաքացիական ուժերը համախմբվեցին և ապահովեցին ընտրատարածքների 10 տոկոսի դիտարկում, ինչը ենթադրում էր 22,000 ընտրատարածքից բաց եղանակով նետվող քվեների տեղում ամփոփում և փոխանցում Սանտյագոյում գտնվող կենտրոնին։ Սա քվեների հաշվարկման այլընտանքային համակարգ էր, որը վիճակագրական ճշգրտության սկզբունքով էր մշակվել, որպեսզի ապահովի իրենց հաշվարկների ճմշարտացիությունը։ Քվեների այլընտրանքային հաշվարկին նույնպես Պինոչետը պատրաստ չէր։
Վերջապես մեծ դերակատարում ունեցավ հեռուստատեսությունը, որը մինչ այդ գտնվում էր վարչախմբի լիակատար վերահսկողության ներքո, սակայն ձևական ազատություն ցույց տալու նպատակով Պինոչետը թույլատրել էր հանրաքվեին նախորդող մեկ ամսվա ընթացքում 15-ական րոպե տրամադրել հանրաքվեին կողմ կամ դեմ քվեարկելու օգտին։ Պինոչետը կարծում էր, թե իր գովքն անող պետական գովազդների կողքին ժողովրդական շարժման գովազդները չէին կարող ազդեցություն ունենալ, մանավանդ որ դրանք պետք է գրաքննվեին նախքան հեռարձակվելը։ Այս հարցում նույնպես նա սխալվում էր, ժողովրդական շարժումը կարողացել էր ներգրավել հատուկ մասնագետների, որոնք ազդեցիկ կերպով ներկայացնում էին այն պայծառ և ազատ ապագան, որը սպասվում էր Չիլիին առանց Պինոչետի։ Այլընտանքային այս տեսլականը նույնպես տրամադրում էր կոլեկտիվ գործողության։
Հանրաքվեն նշանակված էր 1988թ․ հոկտեմբերի 5-ին։ Օրեր առաջ Պինոչետը հազարավոր բանակայինների հրահանգել էր դուրս գալ փողոցներ։ Բացի ահի մթնոլորտ ստեղծելուց, նա պլանավորում էր սադրել բախումներ, որի արդյունքում զինուժը պիտի միջամտեր, արդյունքում՝ քաղաքացիական վերահսկողություն հնարավոր չէր լինելու իրականացնել, քաոսային իրավիճակում Պինոչետը հռչակելու էր սեփական հաղթանակը։
Նման սցենարը կանխելու նպատակով Մոնիկա Հիմենեզը տեղեկացրեց օտարերկրյա դեսպանություններին, որ ընտրությունների արդյունքները վարչախումբը կարող է փորձել գողանալ՝ արտակարդ դրություն հրահրելով և ռազմական միջամտությամբ։ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հաղորդագրություն ուղարկեց Չիլիի արտաքին գործերի նախարարություն, որ նման սցենարի դեպքում իրենք չէին ճանաչի հանրաքվեի արդյունքները։
Հանրաքվեի օրը 22,000 ընտրատարածքներում ընթացող զուգահեռ հաշվարկի արդյունքները պարբերաբար ուղարկվում էին Սանտյագո, համակարգչային ծրագրի միջոցով դրանք ամբողջացվում էին և հաղորդվում միակ կիսաազատ հեռուսաալիքի՝ կաթոլիկ եկեղեցու հեռուստաալիքով։ Ակնհայտ էր, որ «ոչը» գերազանցում էր։ Երեկոյան Պինոչետը հրահանգեց ոստիկանությանը ճնշել քաղաքի փողոցներում տոնական տրամադրությունները՝ նախադրյալներ ստեղծելով հանրաքվեի արդյունքները խեղաթյուրելու համար։ Ոստիկանությունը՝ խունտայի մյուս երկու գեներալների հետ միասին հրաժարվեց դա անել։ Մինչ այդ պետական հեռուստաալիքներով հանրաքվեի արդյունքների մասին կարճատև հաղորդում տրվեց, որ ժողովուրդը «ընտրել է» Պինոչետին, որին հաջորդեց ամերիկյան սերիալների ցուցադրությունը։ Կաթոլիկ եկեղեցու հեռուստաալիքով հաղորդվում էր ճիշտ հակառակը։
Զայրացած Պինոչետն արագ ստորագրեց կառավարությունը ցրելու հրամանագիր, նա այնուհետև իր մոտ հրավիրեց խունտայի մյուս երեք գեներալներին։ Նախագահական պալատի ճանապարհին լրագրողների հարցին գեներալներից մեկն ընդունեց, որ «ոչի» քվեները գերազանցում են։ Զայրացած Պինոչետը պահանջեց զինուժի մոբիլիզացում, ինչին խունտայի գեներալները ընդդիմացան։ Պինոչետն այնուհետև պահանջեց, որ նրանք հայտարարություն ստորագրեն, որ փոխանցում են որոշումների կայացման ողջ լիազորությունը միայն իրեն։ Սա արդեն կատաղացրեց Պինոչետի գործընկերներին, գեներալներից մեկը Պինոչետի աչքի առջև պատռեց հայտարարության տեքստը։ Պինոչետն այլևս մենակ էր մնացել։
Հանրաքվեում հաղթանակի գրավականն էր սահմանված խաղի կանոնների ձևափոխումը՝ հօգուտ ասիմետրիկ պայքարում ներգրավված ժողովրդավարական շարժման, մասնավորապես՝
- ընտրացուցակների կազմման նկատմամբ վարչակարգի վերահսկողության չեզոքացումը․ քվեարկելու իրավունք ստացավ բնակչության շուրջ 90 տոկոսը՝ ի տարբերություն ակնկալվող 35 տոկոսի,
- հեռուստատեսային ազատություն չտեսած բնակչության խելացի իրազեկումը և համախմբումը ապագայի տեսլականի շուրջ,
- ընտրությունների արդյունքների հաշվարկի այլընտանքային համակարգի ներդրումը։
Թեև Պինոչետը շարունակեց ևս մեկ տարի ղեկավարել բանակը, նրա գերիշխանությունը քայքայվել էր։ Չիլիում պատրաստվում էին ժողովրդավարական ընտրությունների, դեռևս պետք էր հաղթահարել 1980թ․ դրակոնյան սահմանադրությունը, երկրում զանգվածային բռնություններն ու ռեպրեսիաները դադարել էին։ Այնուամենայնիվ, Պինոչետի անկումից հետո նրա ներդրած տնտեսական համակարգը չփոխվեց, երկրի կառավարումը ստանձնած կենտրոնամետ և աջական ուժերը շարունակեցին ազատ շուկայական տնտեսության քաղաքականությունը։
Օգտագործված գրականություն
Ակերման Փիթեր և Դյուվալ Ջեք (2000), «Ավելի զորեղ ուժ․ Ոչ-բռնի պայքարի հարյուր տարի», Փալգրեյվ հրատարակչություն, Նյու Յորք
Օպենհայմ Լոյս (1999), «Քաղաքականությունը Չիլիում․ ժողովրդավարությունը, ավտորիտարիզմը և զարգացման փնտրտուքները», Վեսթվյու հրատարակչություն, երկրորդ հրատարաչկություն, Բոլդեր
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել