
Սպանության գործ, որտեղից բացակայում են դիակի լուսանկարները
Որդեկորույս Ռուզաննա Ադանալյանն ավելի, քան մեկ տարի վիշտը սրտում իր սեփական քննությունն է իրականացնում, պարբերաբար միջնորդություններ անում, որ այս կամ այն փորձաքննությունն իրականացվի: Նպատակը ճշմարտությունն իմանալն է 25-ամյա տղայի` Արտյոմի սպանության գործով: «Ինձ ճշմարտությունն է պետք ու արդար դատաքննություն»,- ասում է նա:
«Հետքն» անդրադարձել է այս ողբերգական պատմությանը` գրելով գործով կատարված նախաքննության մասին. Գյումրիի 25-ամյա բնակիչ Արտյոմ Ադանալյանը սպանվել է 2014 թ.-ի հոկտեմբերի 29-ին Շիրակշին բանավան 227/106 տնակում: Ձերբակալված է միայն մեկ անձ` Արթուր Մարտիրոսյանը: Սակայն Արտյոմի մայրը պնդում է, որ տղան զոհ է գնացել դեռ նախորդ օրը ծավալված թմրանյութերի հետ կապված «ռազբորկայի» շարունակության պատճառով: Տիկին Ռուզաննան պնդում է, որ սպանությանը մասնակից է եղել մի ամբողջ խումբ՝ մոտ 10 հոգի, այնինչ նրանցից շատերը լքել են հանրապետությունը, մյուսները գործով որպես վկա են անցնում:
Տուժողի իրավահաջորդի ջանքերի շնորհիվ նշանակվել է ԴՆԹ փորձաքննություն
Տիկին Ադանալյանը, ով որդու մահվան գործով ճանաչված է որպես տուժողի իրավահաջորդ, միջնորդել է անգամ անցկացնել դատագենետիկական փորձաքննություն, քանի որ, ըստ նրա, համալիր փորձաքննությունը չի տվել բոլոր հարցերի պատասխանները:
«Պատկերացնո՞ւմ եք՝ համալիր փորձաքննության եզրակացության մեջ գրել են, որ բաժանմունքում բջջաբան փորձագետ չլինելու պատճառով չեն կարող պատասխանել դեպքի վայրից հայտնաբերված սիգարետների ծխուկների վրայի թքի սեռային պատկանելության մասին հարցին: Դա է պատճառը, որ դատագենետիկական փորձաքննություն պահանջեցի: Անգամ հանդիպել եմ փորձագետին: Ասում էին` տիկի՛ն, Դուք գիտե՞ք, թե պետության վրա ինչքան թանկ է նստում ԴՆԹ փորձաքննությունը: Ես դեպքը մանրամասն պատմեցի, ասեցի, որ ճշմարտությունն է ինձ պետք»,- պատմեց տուժողի իրավահաջորդը` ընդգծելով, որ սիգարետների ծխուկների մեծ մասից հնարավոր չի եղել ԴՆԹ անջատել, հետևաբար հայտնի չէ, թե դրանք ովքեր են ծխել:
Տիկին Ադանալյանը նշեց, որ շատ ծխուկների վերևի հատվածները պոկված են եղել: «Իսկ համալիր փորձաքննության ժամանակ չկա նկարագրություն, որ ծխուկների վերևի հատվածը բացակայում է: Այսինքն` ծխուկների վերին մասերը պոկվել են, որտեղ որ թուքն է հավաքնում: Իսկ տղայիս շորերը բորբոսնած են եղել, հնարավոր չի եղել ԴՆԹ-ն անջատել»,- ասաց սպանված տղայի մայրը:
Սպանության գործ, որտեղ չկան դիակի լուսանկարներ
Այս քրեական գործից բացակայում են դիակի լուսանկարները: «Քննիչին հարցնում եմ` ուր են լուսանկարները, պատասխանում է, որ իրեն չեն տրամադրել: Ուղիղ 2 ժամ սպասել եմ, որ իմանամ` ինչու չկան լուսանկարները: Ինձ պատասխանել են, որ լուսանկարչի եղբայրը մահացել էր, աշխատանքի չի կարողացել գալ, չեն կարողացել նկարել: Ասեցի` ուրիշը թող լուսանկարեր: Գրել են՝ երկու հարված է տղայիս մարմնին դանակով հասցվել, բայց ինչ իմանամ` երկու հարված է, երբ դիակի լուսանկարները չկան»,- զարմանում է տուժողի իրավահաջորդը:
Մարմնական վնասվածքներ է ստացել նաև մեղադրյալը
![]() |
Արթուր Մարտիրոսյանի պաշտպան ԱրամայիսՀայրապետյանը(Լուսանկարը` ՀՀ Փաստաբանների պալատի կայքից) |
«Հետքը» զրուցեց նաև մեղադրյալ Արթուր Մարտիրոսյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանի հետ, ով ասաց. «Եթե խմբակային է եղել հանցագործությունը, ուրեմն եղել է ի վնաս Արթուր Մարտիրոսյանի, որովհետև բացի մահացածից, վնասվածքներ է ստացել նաև հենց Արթուր Մարտիրոսյանը` 7 մարմնական վնասվածք, հավանական է՝ դանակով արված: Փորձաքննություններն էլ ցույց են տալիս, որ մեծ մասամբ Արթուր Մարտիրոսյանի արյունն է եղել: Մենք ներկայացրեցինք, որ այս գործից անջատված մասով Արթուր Մարտիրոսյանը տուժող է հանդես գալիս»,- ասաց Արամայիս Հայրապետյանը:
Սակայն տուժող կողմը հակադարձում է` եթե այդպես է, ապա ինչու է Արթուր Մարտիրոսյանը դեպքից մեկ շաբաթ անց` նոյեմբերի 6-ին միայն իր փաստաբանի հետ ներկայացել իրավապահներին. «Թող գար ու ասեր, որ իր նկատմամբ բռնություն է եղել, թող անուններ տար, բայց մինչև հիմա լռում էր, իսկ ավելի քան 1 տարի անց հայտարարում են, որ տուժող է»,- առարկեց Ռուզաննա Ադանալյանը:
Մեղադրյալի պաշտպանը, սակայն, պնդում է` որևէ ուղղակի ապացույց, որը կմատնանշի, որ Արթուր Մարտիրոսյանն է դանակով հարվածներ հասցրել, չկա. «անուղղակի ապացույցներ են»: Մեղավորության ու անմեղության մասին պաշտպանական կողմը որևէ դիրքորոշում չի հայտնել: Ըստ պաշտպան Հայրապետյանի, դա մարտավարական հնարք է:
Ըստ տուժողի իրավահաջորդի` ռազբորկային ներկա է եղել նաև սպանվածի հայրը
Ավետիք Ադանալյանը, ով հանդիսանում է Արտյոմ Ադանալյանի հայրը, ըստ Ռուզաննա Ադանալյանի, եղել է դեպքի վայրում. «Տղայիս հայրը առերեսման ժամանակ ինձ սպառնացել է, թե` ճանապարհներին քեզ ճիճվի նման սպանելու եմ: Ասեց, որ ինքը դեպքի վայրում չի եղել, եկել է ուշ, երբ արդեն ամեն ինչ ավարտված է եղել: Բայց Արտյոմի հորից սիգարետի ծխուկ կա, որ ԴՆԹ-ն անջատվել է: Կան նաև վկաների ցուցմունքներ, որ նա դեպքի վայրում է եղել, որ «ռազբորկա» է եղել»:
Դատարանը հետաձգել է մեղադրյալի գույքի ու դրամական միջոցների վրա կալանք դնելու մասին միջնորդության քննարկումը
Տուժողի իրավահաջորդ Ռուզաննա Ադանալյանի ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը ներկայացրել է քաղաքացիական հայց պատճառված վնասի հատուցման մասին, միևնույն ժամանակ ներկայացրել է միջնորդություն մեղադրյալի դրամական միջոցների ու գույքի վրա արգելանք դնելու մասին: Սակայն դատավոր միջնորդության քննարկումը հետաձգել է` նշելով, որ մեղադրյալի դրամական միջոցների ու գույքի մասին դատարանը տեղեկատվություն չունի և պարտավոր չէ ունենալ: Ռուզաննա Ադանալյանը տարակուսում է` իսկ հանրային պաշտպան ներգրավելու մասին միջնորդության բավարարման մեջ նշված է՝ «Հաշվի առնելով ամբաստանյալի գույքային վիճակը…»: Այսինքն` երկու հակասական որոշում կա:
Վկաները ծանուցումները հիմնականում հետ են ուղարկվում դատարան` «տանը չեն» գրությամբ
Տուժող կողմը վկայում է` պահանջել են վկաներին դատարան հրավիրելու փոստային ծանուցումները, որոնց վրա հիմնականում գրված է եղել` «տանը չեն» կամ «բացակայում են»: «Անգամ շտապօգնության բժշկի մասին է այդպես գրված: Ես անհանգստացած եմ, որ հնարավոր է՝ վկաները չգան ու այդպես էլ քողարկեն ճշմարտությունը»,- ասում է տիկին Ադանալյանը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել