Դաշնակցությունը և ԱՍԱԼԱ-ն․խնդրագրեր գրողներն ու չգրողները
Մաս 2.
Հոդվածաշարի 1-ին մասում արդեն գրել եմ, որ ֆրանսիական արմատներով հոլանդացի ու պարտիզանական պայքարների մասին տարբեր գրքերի հեղինակ Paul Moussault-ը աշխարհի տարբեր արխիվներում մոտ 5 տարի փաստաթղթեր է ուսումնասիրել ԱՍԱԼԱ-ի մասին և 2015 թ. ապրիլին լույս է տեսել իր (հոլանդերենով գրված, իր բնույթի մեջ եզակի փաստագրական ու մոտ 600 էջանոց) գիրքը. Paul Moussault (red.) & Barbara Sahakian “ASALA de Nemesis voor de Armeense genocide. Stadsguerrilla tegen Turkije (1975-1988)” ( IBSN: 978-90-6728-307-6): Թարգ.՝ «ԱՍԱԼԱ. Հայոց ցեղասպանության նեմեսիսը. պարտիզանական պայքար Թուրքիայի դեմ (1975-1988)»:
Հեղինակն իր գրքի մի ենթագլուխ՝ «De Dashnak» վերնագրով (էջ 20-29), նվիրել է Դաշնակցությանը: Այն բավականին հետաքրքիր է, ուստի վերը նշված ենթագլխի առավել հետաքրքիր մասերը (հոլանդերենից թարգմանելով) ներկայացնում եմ ընթերցողին:
Եվ այսպես՝
Աստիճանաբար՝ մինչև 1960-ականների սկիզբը՝ հայ բուրժուազիայի ու արիստոկրատիայի որոշ մասեր սկսեցին ավելի մեծ ազդեցություն ունենալ դաշնակցականների վրա: Լիբանանում, օրինակ, որտեղ 200 հազար հայ էր ապրում, նրանք հոյակապ հարաբերություններ ունեին Pierre Gemayel-ի քրիստոնյա Ֆալանգիստների ու Camille Chamoun-ի «National Liberal Party» կուսակցության հետ: 1961-62 թթ. ավելի քան 40 դաշնակներ դատապարտվում են՝ Իսրայելի օգտին լրտեսություն անելու համար (“Armenian political parties in the Middle East” (12 april 1976), Armenian terrorism (1980), FCO 9/3073, doc. 14):
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ միշտ օպորտունիստ Դաշնակցության Եռագույնը փոփոխության ենթարկվեց. նրանք դրոշի վրա Սվաստիկա (նացիստական սինվոլ-հեղ.) ավելացրին: Այս դրոշը կարելի է տեսնել Վենետիկի «Museo degli Armeni» թանգարանում (‘
Սերտ կապերի մեջ մտնելով «հյուրընկալ» երկրների պետական մոնոպոլիստական ապարատների հետ՝ Դաշնակցությունն աստիճանաբար ինտեգրվեց իմպերիալիզմին ու սկսեց քարոզել կապիտալիստական աշխարհայացք, իշխանամետ գաղափարախոսություն ու հանդես գալ իշխող դասակարգի շահերից: Թուրքական ռազմական ռեժիմի դեմ իր երբեմնի ռազմատենչ ընդդիմականությունը կորցնելով՝ Դաշնակցությունն իրեն վերածեց անմեղ-միամիտ խնդրագրեր ու եղերերգեր գրող ու Եղեռնի հիշատակին նվիրված միջոցառումներ կազմակերպող կոմիտեի:
1960-ականների սկզբից Դաշնակցության աշխարհասփյուռ բաժանմունքներում բանը հասավ ներքին քաղաքական կոնֆլիկտների, երբ երիտասարդները (հատկապես Լիբանանում) պահանջեցին վերաակտիվացնել պայքարը՝ ազգային գիտակցությունը պահպանելու նպատակով: Հայ երիտասարդների մի զգալի մասը ցանկանում էր զինյալ պայքար: Քաղաքական ազդեցությունը շարժման նկատմամբ կորցնելու վախից՝ Դաշնակցության պահպանողական և կղերական ղեկավարությունը սկսեց արյունալի կերպով ճնշել երիտասարդների այս ներկուսակցական շարժումը:
Դաշնակցության հետապնդումների պատճառով այս երիտասարդները ստիպված սկսեցին ստեղծել գաղտնի ու կոնսպիրատիվ կառույցներ և 1970-ականների սկզբից սկսեցին համագործակցել PFLP-ի հետ, որն այդ ժամանակ շատ կարևոր, բազմանդամ ու միջազգային կողմնորոշում ունեցող պաղեստինյան պարտիզանական շարժում էր (PFLP= Popular Front for the Liberation of Palestine/ Պաղեստինի ազատագրության ազգային ճակատ-հեղ.): Դաշնակցության ներսում երիտասարդների այս ընդդիմադիր շարժման նախաձեռնողը Հակոբ Հակոբյանն էր (Hagop Hagopian),որը PFLP-ի ֆիդայի էր: PFLP-ի օգնությամբ հայ երիտասարդների այս շարժումը կարողացավ արագորեն զարգանալ և 1974 թ. ստեղծվեց ԱՍԱԼԱ-ն:
Երիտասարդ դաշնակցականների հոսքը դեպի ԱՍԱԼԱ կանխելու համար Դաշնակցության քաղ. բյուրոն 1975թ. հոկտեմբերին գաղտնի կերպով ստեղծում է ԱՍԱԼԱ-ին հակադիր մի կազմակերպություն՝ «Հայոց Ցեղասպանության Արդարության Մարտիկները» (ՀՑԱՄ) (Justice Commandos of the Armenian Genocide (JCAG)): Նույնիսկ անունը, որ տվել են իրենց զինյալ խմբին, ցույց է տալիս Դաշնակցության անտարբերությունը՝ հայկական տարածքների հանդեպ (“It is not possible to lead a struggle with a white flag”, in: Armenia, nr. 127/128, 1986, էջ 16):
Դաշնակցությունը՝ լավ իմանալով հանդերձ, միշտ ժխտել է իր կապը ՀՑԱՄ-ի հետ, բայց դաշնակցական մեդիան առիթը բաց չի թողել մանրամասն ու հիացմունքով գրել ՀՑԱՄ-ի բոլոր ակցիաների մասին: Ուրիշները փորձում են պնդել, որ Դաշնակցությունը ՀՑԱՄ-ը որոշել էր ստեղծել 1972 թ. Վիեննայի իր 20-րդ կուսակցական համագումարի ժամանակ: ՀՑԱՄ-ն իր առաջին ակցիան իրականացրեց 1975 թ. հոկտեմբերի 22-ին ( ԱՍԱԼԱ-ի առաջին ակցիայից 9 ամիս հետո՛ միայն- հեղ.): Որովհետև ՀՑԱՄ-ը ստեղծվել էր ԱՍԱԼԱ-ին հակադրվելու համար, երբ 1988 թ. ԱՍԱԼԱ-ն դադարեց գոյություն ունենալ, նույն ժամանակ իր գոյությունը դադարեցրեց նաև ՀՑԱՄ-ը. լինելու պատճառ այլևս չկար:
ՀՑԱՄ-ը 1983-ից սկսեց հանդես գալ «Հայ հեղափոխական բանակ» անվան տակ (ՀՀԲ /Armenian Revolutionary Army(ARA)): Ձևով ու որակով ՀՑԱՄ- ՀՀԲ-ն ԱՍԱԼԱ-ին այդքան էլ չէր զիջում, բայց քաղաքական կողմնորոշմամբ ու ստրատեգիայով իրարից լրիվ տարբեր էին: Թիրախներն էլ, ընդհանուր առմամբ, սկզբնական շրջանում նույնն էր, թեև ակցիաների վայրերն էին տարբեր: ՀՑԱՄ-ի բազան ԱՄՆ-ն էր,իսկ ԱՍԱԼԱ-ինը՝ Լիբանանը,որտեղ վերջինս շատ ակցիաներ իրականացրեց:
Այս տարբերությունները մասնակիորեն հետևանքն էին այն բանի,որ ԱՍԱԼԱ-ն ձախակողմյան գաղափարախոսություն ուներ,որն (ամերիկա)հայերի մեծ մասին խորթ էր: Հայերի կողմից պատմական անարդարությունն ընկալվում էր ազգային (nationalistic) կոնտեքստում և այսպիսի մեկնաբանությունն ազգային ազատագրումը համաշխարհային հեղափոխության մեջ չէր տեսնում: Դաշնակցության քաղաքականության մյուս հատկանիշն այն էր,որ այն բացարձակ անտեսում էր զինված պայքարը հայկական պատմական հայրենիք տեղափոխելու անհրաժեշտությունը և մասսաների վրա հիմնված պարտիզանական պայքարի ստեղծումը՝ համագործակցելով թուրք աշխատավոր դասակարգի և քուրդ պարտիզանների հետ:
Դաշնակցությունը զինյալ պայքարը դիտում էր որպես պրոպագանդայի միջոց՝ հայկական հարցը (Հայդատիզմը) հանրային ուշադրությանն արժանացնելու համար: Իրականում Դաշնակցության և՛ զինյալ,և՛ դիվանագիտական գործողությունները մեկ նպատակ ունեին. Արևմուտքին համոզել, որպեսզի հայկական հարցին օժանդակեն:
ՀՑԱՄ-ը ուներ հստակ հակասովետական դիրքորոշում: 1983 թ.մարտի 9-ին Բելգրադում ՀՑԱՄ-ի կողմից իրականացված ակցիան ԱՍԱԼԱ-ն երբեք չէր կատարի,որովհետև (բոլոր մարքսիստական կողմնորոշման հեղափոխական խմբերի նման) ԱՍԱԼԱ-ն էլ չհարձակվելու լուռ համաձայնություն ուներ Հարավսլավիայի ազգային անվտանգության ծառայության հետ:
Նախկին Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության պետական անվտանգության ծառայությունը՝ MfS/Stasi-ն, այս կապակցությամբ գրում է իր «հույժ գաղտնի» որակավորված զեկույցում. «սոցիալիստական երկրներում այսպիսի ակցիաներ կատարելով՝ դաշնակները ցանկանում են պատասխանատվությունը բարդել ԱՍԱԼԱ-ի վրա ու այս երկրների աչքում վերջինիս հեղինակությունը վարկաբեկել: Արևմտյան մամուլում հայտնված լուրերը,որ իբր ԱՍԱԼԱ-ն իր վրա է վերցնում նման ակցիաների պատասխանատվությունը, հստակ պրովոկացիա է դաշնակների կողմից» (BStU, MfS-XV 2532/84 “Jan”, Nr. 17459/91: “Vorschlag zur weiteren politisch-operativen Bearbeitung der extremistisch-terroristischen Armenischen Befreiungfront (Streng Geheim))”, 1983, էջ 161):
«Assembly of Turkish American Associations» (ATAA)-ի մի զեկույցի համաձայն՝ ԱՍԱԼԱ-ի և՛ ՀՑԱՄ-ի ակցիաների հետևանքով մահացել է 70 և վիրավորվել 524 մարդ: Իրականացրել են 217 ռմբակոծություն և 41 մահափորձ ( The Assembly of Turkish American Associations: ‘ A cronicle of Armenian terrorism in North America and eslewhere’, attachment ‘History of Armenian terrorism’, Washington, 1986, էջ 2, archief DoCom):
105 մարդ է առևանգվել, որից 12-ը սպանվել են: Ակցիաների պատճառով ԱՄՆ-ում,Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Ավստրալիայում սեփականություններին հասցվել է մի քանի հարյուր մլն դոլարի վնաս: 239 հարձակում-ակցիայից 71-ը իրականացվել են ամերիկա- ու կանադահայերի կողմից: 30 ակցիա կատարվել է ԱՄՆ-ում: Հյուսիսային Ամերիկայի հայ համայնքից 22 պարտիզաններ (guerrillas) ձերբակալվել ու դատապարտվել են (Gunay Evinch: “The Armenian cause in America, today”, in: Turkish Policy Quaterly (The ARI Foundation), winter 2005, էջ 8):
Դաշնակցություն կուսակցության ղեկավարները միշտ շեշտել են, որ Հայոց եղեռնի ճանաչումն է առաջնայինը: ՅՀԴ-ն մոռացավ և մյուսներին էլ մոռացության տալ էր փորձում,որ Հայկական հարցը, առաջին հերթին, հայկական տարածքների ազատագրումն է: ԱՍԱԼԱ-ն քննադատում էր Դաշնակցության ստրատեգիան. «մենք կոչ ենք անում հայ ժողովրդին շատ զգույշ և շրջահայաց լինել,որովհետև Հայկական հարցի լուծումը չի գտնվելու կեղծ միջազգային դատարաններում…Հայկական հարցը կարող է լուծվել միայն զինված պայքարով ու զինված պայքարի միջոցով հայկական հողերի ազատագրմամբ…» (The Assembly of Turkish American Associations: ‘ A cronicle of Armenian terrorism in North America and eslewhere’, attachment ‘History of Armenian terrorism’, Washington, 1986, էջ 5, archief DoCom): «Պաղեստինյան խնդրի քաղաքական վաճառքը հայերի համար դաս պիտի լինի» (“Geneva’s lure”, in: Armenia, nr. 115/116, 1985, էջ 4):
50 տարի խնդրագրեր ու եղերերգեր գրելուց հետո Դաշնակցությունը տեսավ,որ այսպես այլևս առաջ չի կարող գնալ ու՝ մոռացության չմատնվելու համար՝ որոշեց անցնել զինված պայքարի՝ որպես պրոպագանդայի միջոցի: Այս զինված տակտիկան սակայն չփոխեց Դաշնակցության ստրատեգիան. այն նույն կերպ շարունակեց խնդրագրերը արևմտյան կառավարություններին:
Ե՛վ Շահի, և՛ Իրանի իսլամական հանրապետության ժամանակ Դաշնակցությունը բաց կերպով ԱՍԱԼԱ-ին դեմ էր ու ԱՍԱԼԱ-ի անդամներին մատնում էր CIA-ին ու Իրանի ազգային անվտանգության մարմիններին (SAVAK-ին) (“ The Iranian revolution and the revolutionaries”, in: Armenia, nr. 8/9, էջ 18-19; Nancy Virts: “Armenian terrorist activity in Iran”, in: Quarterly Progress Report (US Department of Defense), november 1984, attachment 2, էջ 3):
Լիբանանում էլ Դաշնակցության ղեկավարությունը ԱՍԱԼԱ-ի ենթադրյալ անդամներին տարբեր անգամներ մատնեց անվտանգության մարմիններին ( Michael M. Gunter: “Contemporary Armenian terrorism”, in: Terrorism: An International Journal, հատոր 8, nr. 3, 1986, էջ 232):
շարունակելի
Վարազ Սյունի
Ամստերդամ, 17.02.2016
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել