
Ոստիկանության ավտոմեքենաները լվանում է Վլադիմիր Գասպարյանի փեսայի ընկերությունը
ՀՀ ոստիկանությունը՝ ի դեմս ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանի, և «Յուտեկ-Ավտո» ՍՊԸ-ն այս տարվա հունվարին կնքել են պետական գնման պայմանագիր, ըստ որի՝ ընկերությունը պարտավորվում է ոստիկանությանը մատուցել ավտոլվացման ծառայություններ:
«Յուտեկ-Ավտո» ՍՊԸ-ի բաժնեմասերի 50%-ը պատկանում է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսային՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գևորգյանին: Մնացած 50%-ը Արթուր Գևորգյանի ազգականին է պատկանում՝ Գևորգ Գևորգյանին: Վերջինիս եղբայրը՝ Տիգրան Գևորգյանը, հանդիսանում է ընկերության տնօրենը:
Ծառայության ընդհանուր գինը կազմում է 19 մլն 917 հազար դրամ, սակայն 14 մլն 917 հազար դրամի մասով պայմանագիրն ուժի մեջ է մտնելու համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում՝ կողմերի միջև կնքվող համաձայնագրով:
«Յուտեկ-Ավտո» ընկերությունը լվանալու է ճանապարհային ոստիկանությանը պատկանող ճանապարհապարեկային, հատուկ ուղեկցումների և քննական ավտոմոբիլները:
Ընկերությունը սեդան թափքով մեկ ավտոմեքենան լվանում է 2100 դրամով, իսկ ունիվերսալ թափքով ավտոմեքենան՝ 2400 դրամով:
Նշենք, որ առաջին անգամը չէ, երբ ոստիկանապետի փեսայի ընկերությունը նման ծառայություններ է մատուցում ոստիկանությանը: Նախորդ տարիներին ևս նմանատիպ պայմանագրեր են կնքվել:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել