
Կանադացիները հեռանում են. ովքե՞ր են Կապանի ոսկու հանքավայրի նոր սեփականատերերը
Ռուսաստանյան հանքարդյունաբերական խոշոր ընկերությունը՝ Polymetal International plc-ն ձեռք է բերել Կապանի ոսկու հանքավայրը, որը շահագործում է «Դանդի Փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ն:
Polymetal-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ հանքավայրի ռեսուրսները գնահատվում են շուրջ 16 մլն տոննա հանքաքար, որը պարունակում է 1.4 միլիոն ունիցա ոսկի, 24 մլն ունցիա արծաթ, 80 հազար տոննա պղինձ և 270 հազար տոննա ցինկ։
Գործարքի արժեքը 25 մլն դոլար է կազմել, որից 10 մլն դոլարը դրամային միջոցներն են, իսկ 15 մլն դոլար արժեքով թողարկվելու են Polymetal-ի նոր բաժնետոմսերը: Բացի դրանից, «Դանդին» կստանա 2 տոկոս ռոյալթի Կապանի մետաղների արդյունահանման մաքուր շահույթից, որի գումարային արժեքը չի գերազանցի 25 մլն դոլարը:
Գործարքի ավարտը կախված է ՀՀ պետական պատկան մարմինների թույլտվություններից, որից հետո ընկերությունը պատրաստվում է ներկայացնել հանքավայրի վերաբերյալ կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը:
Ակտիվները ներառում են մեխանիզացված ստորերկրյա հանքը, որտեղից արդյունահանվում է 400 հազար տոննա հանքաքար, ֆլոտացիոն վերամշակման հարստացուցիչ գործարանը՝ 750 հազար տոննա արտադրողունակությամբ և այլ ենթակառուցվածքային օբյեկտներ: 2015թ. Կապանի տեղամասում արդյունահանվել եւ վերամշակվել է 410 հազար տոննա հանքաքար: Այդ ժամանակահատվածում մաքուր շահույթը կազմել է 35 մլն դոլար:
Polymetal-ը, Կապանի ոսկու հանքավայրը ձեռք բերելով, Լիճքվազի տեղամասը հեռանկարային է համարում և գուցե Հայաստանում այլ տեղամասեր ևս դիտարկվեն:
Հիմա տեսնենք, թե որտեղից է ծագում Polymetal International plc-ը: Ընկերությունը գրանցված է օֆշորային Ջերսիում: Հիմնադրվել է 1998-ին: Ընկերությունը թանկարժեք մետաղների հանքավայրեր ունի ՌԴ-ում և Ղազախստանում՝ վեց գործող հանքեր, երկու հետախուզական և հանքավայրերի մշակման երկու նախագիծ՝ ունենալով 9000 աշխատակից:
Polymetal-ի մամլո խոսնակ Անդրեյ Աբաշինը «Հետքի» հարցին, թե արդյոք Polimetal-ը ձեռք է բերել «Դանդի Փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ի ամբողջ բաժնեմասը, պատասխանել է. « Polimetal-ը ստորագրել է իրավաբանորեն ձևակերպված պայմանավորվածություն իրավաբանական անձի ձեռք բերման մասին, որին պատկանում է Կապանի հանքավայրի լիցենզիան: Ձեռք ենք բերել 100% բաժնեմասը»:
Polymetal ընկերության բաժնետոմսերի 19,73%-ը պատկանում է ներդրումային ռուսական «Группа ИСТ» ընկերությանը, որի հիմնադիր բաժնետերը գործարար Ալեքսանդր Նեսիսն է: 2016թ. Ֆորբսի միլիոնատերերի ռուսաստանյան աղյուսակում զբաղեցրել է 29-րդ հորիզոնականը՝ 2,9 մլրդ դոլար կարողությամբ:
Polymetal-ի 17,9% բաժնեմասին տիրապետում է չեխական PPF Group ընկերությունը, որի նշանակալի բաժնետերը չեխ Պյոտոր Քելներն է (Petr Kellner): Քելները գլխավորում է չեխ մեծահարուստների ցուցակը «Ֆորբսում», 96-րդը՝ ողջ աշխարհում: Նրա կարողությունը գնահատվում է 10,8 մլրդ դոլար:
Polymetal-ի 0,85% բաժնեմասը ղեկավարության ու աշխատակիցների միջև է տեղաբաշխված, իսկ մնացյալ 61,52 %-ը ազատ շրջանառության մեջ է:
«Այս ակտիվը կարող է համեմատաբար փոքր թվալ, աննշան ձեռքբերում Polymetal-ի համար՝ համեմատած ընկերության ընդհանուր մասշտաբների հետ: Սակայն մենք կարծում ենք, որ այն նշանակալի հնարավորություններ ունի, և դրա վրա կարող են կիրառվել մեր առանցքային կոմպետենցիան և փորձը: Այս ակտիվը պոտենցիալ ունի՝ էականորեն գերազանցող 2015 թվականի տվյալները: Ակտիվի չափը միշտ չէ, որ նրա ֆինանսական գրավչության չափանիշ է: Միջին մեծության ակտիվները կարող են էական արժեք ստեղծել ներդրողի համար, եթե ձեռք են բերվել ողջամիտ պայմաններով և հումքի շրջանառության հարմար ժամանակահատվածում: Կարծում ենք՝ այդ գործարքի պահը օպտիմալ էր»,- Կապանի տեղամասի ձեռքբերման մասին ասել է ընկերության գործադիր տնօրեն Վիտալի Նեսիսը:
«2006թ. Կապանի հանքը ձեռք բերելուց ի վեր՝ «Դանդին» մեծ աշխատանք է տարել Կապանի հանքի արդիականացման ուղղությամբ և ներդրումներ կատարել մեր աշխատողների զարգացման համար: Չնայած այն ջանքերին, որոնք ներդրվել են այդքան շատ մարդկանց կողմից՝ ընկերությունը որոշում կայացրեց, որ Կապանի հանքը ռազմավարական առումով մեզ այլևս չի համապատասխանում»,- իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Դանդիի» տնօրեն Հրաչ Ջաբրայանը:
Հիշեցնենք՝ «Դանդի Փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ն կանադական «Դանդի» խմբի մաս էր կազմում: Հայաստանում գործող «Դանդի Փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ի բաժնետերը «Վաթրին Ինվեսթմենտ» ընկերությունն էր, որը գրանցված էր բրիտանական Վիրջինյան կղզիներում:
Լուսանկարում՝ ձախից՝ Հ. Ջաբրայանը, Ա.Նեսիսը, Պ.Քելները
Մեկնաբանել