HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Որքան և ում են վարկ տվել վարկային կազմակերպությունները

Հայաստանում գործող վարկային կազմակերպությունների դերը ֆինանսական շուկայում մեծանում է։ Այդ մասին վկայում է այս կազմակերպությունների կողմից տրվող վարկերի ծավալների աճը։

Ըստ կենտրոնական բանկի` ներկայում Հայաստանում գործում է 32 վարկային կազմակերպություն։ Տարվա ընթացքում ՎԿ-ների թիվը չի փոփոխվել։ 2015  թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ` նրանց կողմից ՀՀ ռեզիդենտներին տրված վարկերի ընդհանուր ծավալը կազմել է  ավելի քան 267,278 մլրդ դրամ, որից  207,693 մլրդ դրամը ՀՀ դրամով տրված վարկերն են, իսկ մոտ 59,585 մլրդ դրամը՝ արտարժույթով (մեծ մասը՝ ԱՄՆ դոլարով)։

Ի տարբերություն բանկերի ՝ վարկային կազմակերպություններն ավելի շատ ՀՀ դրամով են վարկ տալիս, քան արտարժույթով։

2014 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ` հայաստանյան ՎԿ-ների վարկային պորտֆելը կազմել է 248,916 մլրդ դրամ։ Թեև այս մեկ տարում վարկային պորտֆելը տարբեր ամիսներին աճել ու նվազել է, սակայն հիմնականում աճի միտում է նկատվում։ Համենայնդեպս, երբ համեմատում ենք տարեվերջյան ցուցանիշները, ստացվում է, որ մեկ տարում վարկային կազմակերպությունների վարկային պորտֆելն աճել է մոտ 18,4 մլրդ դրամով` 7,4%-ով։  Ընդ որում՝ աճն ապահովվել են ՀՀ դրամով վարկերը, որոնք ավելացել են մոտ 27,7 մլրդ դրամով (աճը՝ 15,4%)։ Իսկ արտարժույթով վարկերի ծավալը կրճատվել է 9,3 մլրդ դրամով (նվազումը՝  13,5%)։

Ինչպես բանկերը, վարկային կազմակերպությունները ևս վարկավորման համար ընտրում են առավել շահեկան ոլոտները։ Իհարկե, այս դեպքում վարկավորման ծավալներն ավելի համեստ են։

Ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտն ամենից շատն է վարկավորվում

Եթե բանկերի համար ամենանախընտրելին սպառողական վարկերն են, ապա ՎԿ-ների դեպքում՝ ֆինանսական և ապահովագրական գործունեությանը հատկացված վարկերն են առաջին տեղում։  2015-ի դեկտեմբերի տվյալներով՝ դրանք կազմել են  մոտ 105,497 մլրդ դրամ։ Դա ՎԿ-ների նույն ամսվա  վարկային պորտֆելի մոտ 40%-ն է։

ՎԿ-ների կողմից ամենաշատ վարկավորվող ոլորտների եռյակում  են գյուղոլորտն ու սպառողական վարկերը։

Տվյալները՝ ՀՀ կենտրոնական բանկի

Գյուղատնտեսության ցուցանիշի մեջ ներառվում են նաև անտառային տնտեսության և ձկնորոսության ցուցանիշները։

Իսկ  ջրամատակարարման, տեղեկատվության և կապի ու անշարժ գույքի հետ կապված գործունեության ոլորտներին տրված վարկերի ծավալները 300 մլն դրամի չեն հասնում։ Այսինքն՝ դրանք վարկային կազմակերպությունների կողմից ամենաքիչ վարկավորվող ոլորտներն են։

Այսպիսով, Հայաստանում գործող վարկային կազմակերպությունների կողմից համեմատաբար շատ են վարկավորվում ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտը, գյուղոլորտը,առևտրի ոլորտը, մշակող արդյունաբերությունը, ինչպես նաև՝ մեծ է սպառողական և հիփոթեքային վարկերի կշիռը։

Տվյալները ցույց են տալիս, որ նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ, նշված ոլորտներին տրված վարկերի ծավալներն աճել են, բացառությամբ՝ առևտրի ոլորտի։ Ամենամեծ աճը գրանցել է ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտը։

Տվյալները՝ ՀՀ կենտրոնական բանկի

 Դրամ-դոլար տատանումների ազդեցությունը մեծ չէ

Բանկերի վարկային պորտֆելին անդրադառնալիս նշել ենք, որ դրա իրական աճը կամ նվազումը հասկանալու համար հարկավոր է հաշվի առնել տվյալ շրջանում դրամ-դոլար փոխարժեքի տատանումները։ Դա պայմանավորված է նրանով, որ բանկերի վարկային պորտֆելում գերիշխում են արտարժույթային վարկերը և տատանումների ազդեցությունը զգալի է լինում։ Բայց վարկային կազմակերպությունների դեպքում այլ է։ Գերիշխում են դրամային վարկերը, հետևաբար՝ դրամ-դոլար տատանումների ազդեցությունը մեծ չի լինում։ Այդ ազդեցությունը զգում են այն հաճախորդները, որոնք վարկը ստացել են դոլարով (արտարժույթով վարկերի մեծ մասը տրվում են դոլարով)։ Դատելով դրամով տրված վարկերի ծավալից՝ նրանց թիվը մեծ չէ։

Ինչպես երևում է ներկայացված առաջին  ինֆոգրաֆիկայից, վարկային կազմակերպությունների վարկային պորտֆելում գրեթե բոլոր ոլորտներում դրամով վարկերն են շատ։ Իսկ օրինակ, առևտրի ոլորտի դեպքում հակառակն է։ Հիփոթեքային վարկերում էլ դրամի ու արտարժույթի  կշիռները մոտավորապես հավասար են։

Քաղաքացիների համար դրամով վարկ ստանալը կարևոր է այնքանով, որ հետագայում  դոլարի թանկացման պարագայում չեն տուժում։ Եվ վարկերի մարման հետ կապված լրացուցիչ խնդիրների առաջ չեն կանգնում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter