HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Արտադրված է Հայաստանում. Լոռին բռնել է Սյունիքի ճանապարհը

Մաս  1,  Մաս 2 

Թեղուտի լեռնահանքային համալիրը մեկ տարում փոխել է  Լոռու մարզի ամբողջ տնտեսության և հատկապես արդյունաբերության պատկերը։  2014 թվականի տարեվերջին տեղի ունեցավ Լոռու մարզում գտնվող Թեղուտի համալիրի արտադրական գործընթացի հանդիսավոր մեկնարկը։  Մեկ տարի հետո՝ 2015-ի տարերեվերջին, արդյունաբերության արձանագրված ծավալներով Լոռու մարզը երրորդն է հանրապետությունում և զիջում է միայն Երևանին ու Սյունիքի մարզին։  

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ)` 2015-ին Լոռու մարզի արդյունաբերության ծավալը, համադրելի գներով, կազմել է մոտ 141,2 մլրդ դրամ։ Դա կազմում է Հայաստանի ամբողջ արդյունաբերության 10,4%-ը։ 

Առաջին հայացքից այս մարզում գրանցված աճը աչք է ծակում՝ արդյունաբերական արտադրանքի ծավալը 2014 թվականի համեմատ ավելի քան երկու անգամ աճել է։ Համեմատության համար՝ 2014-ին այն կազմել էր  69,8 մլրդ դրամ։ Բայց  աճը պայմանավորված է գլխավորապես Թեղուտի հանքավայրի շահագործմամբ։ Նախորդ տարի Լոռու մարզում միայն հանքարդյունաբերության ծավալը կազմել է մոտ 72,9 մլրդ դրամ, որը 6,7 անգամ գերազանցում է 2014-ի ցուցանիշը։ Այս ճյուղը նախորդ տարի զբաղեցրել է Լոռու ամբողջ արդյունաբերության ծավալի մոտ 52%-ը։ Իսկ արդյունաբերության մյուս ճյուղերը շարունակում են թույլ դիրքերում մնալ։ 

Այդպիսով, Լոռին 2015-ին վերածվել է հանքարդյունաբերությունից խիստ կախվածություն ունեցող մարզի, որի վտանգներն արդեն իսկ մարզում զգացվում են։ Այդ մասին կխոսենք ավելի ուշ։ Իհարկե, դա չի նշանակում, որ 2014-ին ավելի լավ է եղել, քան 2015-ին։ Պարզապես, եթե հանաքարդյունաբերության գրանցած աճը մեկ քայլ առաջ համարենք Լոռու տնտեսության համար, ապա չպետք է մոռանանք, որ դա միևնույն ժամանակ մի քանի քայլ հետ է բնապահպանության հարցում։ Իսկ գլխավորն այն է, որ այդ աճը տնտեսության համար որակական աճ չէ։ 

Մինչ արդյունաբերությանն ավելի մանրամասն անդրադառնալը, մի քանի նախադասությամբ վերադառնանք անցյալ։ 

Երբեմնի հզոր Լոռին

Մինչև 1988-ի դեկտեմբերյան ավերիչ երկրաշարժը Լոռու մարզը Հայաստանի արդյունաբերական ամենազարգացած և աշխույժ կենտրոններից մեկն է եղել։ Մարզի արտադրական գլխավոր կենտրոններից մեկը համարվող Վանաձոր քաղաքը (նախկինում՝ Կիրովական), եթե ոչ՝ ամենակարևորը,  արտադրության զարգացվածության մակարդակով համեմատվել է մայրաքաղաք Երևանի հետ և տարբեր տարիներ ցուցանիշներով զիջել է միայն մայրաքաղաքին։ Վանաձորում այդ տարիներին գործել է 30-ից ավելի խոշոր ձեռնարկություն։ 

ԽՍՀՄ տարիներին Լոռու մարզում հատկապես զարգացած է եղել քիմիական արդյունաբերությունը, մեքենաշինությունն ու սարքաշինությունը, հանքարդյունաբերությունը, թեթև եւ սննդի  արդյունաբերությունը։ Այլ ճյուղերի գործարաններ և ֆաբրիկաներ ևս գործել են այս մարզում։  Այդ տարիներին Լոռու մարզում գործող խոշոր ձեռնարկությունների մասին հոդվածներում և հրապարակումներում հաճախ կարելի է հանդիպել Քիմիական կոմբինատի, Քիմիական մանրաթելերի գործարանի, «Պոլիմերսոսինձ» ԳԱՄ-ի, «Էլեկտրոն» գործարանի, «Բազում» միավորման և այլ ֆաբրիկաների ու գործարանների անուններ։ 

Սակայն միայն երկրաշարժը չէ, որ ազդել է Լուռու արդյունաբերության անկման վրա։ Ինչպես ՀՀ մյուս մարզերը, Լոռին ևս զգալի կորուստներ է ունեցել ԽՍՀՄ փլուզումից հետո։ Դրան էլ գումարվել է մարզի տնտեսական պոտենցիալի ոչ արդյունավետ կառավարումը իշխանությունների կողմից։ 

Լոռիում մշակող արդյունաբերության ճյուղերից ինչ-որ չափով պահպանվել է միայն սննդի ու հիմնային  մետաղների արտադրությունը 

Մշակող արդյունաբերությունը ևս  նախորդ տարի որոշակի չափով աճել է այս մարզում։ Սակայն դրա ծավալները մեծ չեն, և աճը չի նպաստել մարզի տնտեսության ընդհանուր վիճակի բարելավմանը։ Արտադրանքը կազմել է մոտ 57 մլրդ դրամ, աճը՝ 12,2%: Մշակող արդյունաբերության ծավալն հիմնականում ապահովել են սննդամթերքի արտադրությունը (16,6 մլրդ դրամ, 2014-ի համեմատ նույնն է մնացել) և  հիմնային մետաղների արտադրությունը (35,5 մլրդ դրամ, աճը՝ 19,6%): 

Երբեմնի քիմիական արդյունաբերության կենտրոն համարվող Լոռին հիմա զրոյական դիրքերում է այդ հարցում։ Նախորդ տարի այստեղ քիմիական արդյունաբերության ծավալը կազմել է ընդամենը 580 մլն դրամ։

Լոռու արդյունաբերության մյուս ոլորտը էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարումն է։ Ոլորտում արտադրանքի ծավալը նախորդ տարի կազմել է 10,3 մլրդ դրամ։ Աճը՝ 42,4%: Այս դեպքում ևս աճի ցուցանիշը չի ոգևորում, քանի որ արտադրանքի ծավալը փոքր է։  Վանաձորում պլանավորված է նոր էլեկտրակայան կառուցել, որի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր է կնքվել։

Իսկ ջրամատակարարման ոլորտը Լոռիում ապահովել է ընդամենը 1 մլրդ դրամ։ Աճը՝ 4,6%:

Արտահանման ցուցանիշով ևս Լոռին երրորդն է հանրապետությունում՝ Երևանից և Սյունիքից հետո։ 2015-ին այս մարզին բաժին է ընկել ՀՀ արտահանման 12,5%-ը՝ ավելի քան 184 մլն դոլար։ 2014-ի համեմատ 22,7% աճ է գրանցվել։  Տրամաբանական է, որ արտահանման գերակշիռ մասը հանքահումքային արտադրանքն է։

10 տարի և որակական աճի բացակայություն 

Համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո ընկած ժամանակահատվածում՝ մինչև 2012 թվականը, Լոռու արդյունաբերությունն աճել է, սակայն  արտադրանքի ծավալները, միևնույն է, փոքր են մնացել։ Հաջորդ երկու տարիներին նորից անկում է գրանցվել։ Իսկ ամենամեծ ցուցանիշը 2015-ինն է։ Ինչու՞ ենք անընդհատ շեշտում ծավալների փոքր ինելը։ Որովհետև արձանագրված յուրաքանչյուր աճի դեպքում ոլորտի պատասխանատուներից կարելի է լսել հայտարարություններ, թե իրենց աշխատանքի արդյունքները դրական են։ Մինչդեռ դրանք դրական կլինեն ծավալների մեծ լինելու դեպքում, երբ քաղաքացիներն իսկապես զգային դա իրենց կենցաղում։ 

Տվյալները ԱՎԾ՝ «Արդյունաբերական կազմակերպությունների հիմնական ցուցանիշներն ըստ տնտեսական գործունեության երկնիշ դասակարգման, ըստ մարզերի և ք. Երևանի» հրապարակումների։ 

Փաստորեն, այսօր Լոռու մարզը հայտնվել է նույն խնդրի առաջ, ինչ որ Սյունիքը։ Այս երկու մարզերը Հայաստանի տնտեսության վառ արտացոլողներ են։ Գրանցվում է աճ, բայց ոչ՝ որակական։  Երբ գունավոր մետաղների գները նվազում են և տնտեսությունը վնասներ է կրում, մյուս ճյուղերը չեն կարողանում փրկել իրավիճակը։   

Վերջերս Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ  ինչպես 2015-ը, այնպես էլ 2016-ը հատկապես արդյունաբերության համար լուրջ մարտահրավերների տարի է լինելու: «Եվ այդ առումով մենք արդեն տարեվերջին զգացինք բացասական ազդեցությունը. Ստեփանավանում աշխատողների շուրջ 90 տոկոսն անորոշ ժամանակով տուն է ուղարկվել. սեփականատերերի հետ հստակ չկարողացանք հասկանել, թե աշխատողների ճակատագիրը ինչպիսին է լինելու»,- ասել է մարզպետը։ Ըստ նրա՝ հիմա կրճատումների գործընթաց է Ալավերդում, Ախթալայում, Թեղուտում: «Այնպես որ, այս տարի մի փոքր ցավոտ կլինի արդյունաբերության ու աշխատատեղերի կրճատման մասով»,- հավելել է նա։ 

Այսինքն՝ մարզպետը ևս վկայում է, որ չնայած գրանցված աճին՝ Լոռու մարզում արդյունաբերության ոլորտում լուրջ խնդիրներ կան։ Մի փոքր ցավոտ ասվածն էլ, ի դեպ, շատ հարաբերական է։ 

Այս ամենի անմիջական բացասական հետևանքը լինում է գործազուրկների թվի աճը։ Բայց պաշտոնական ցուցանիշները չեն արտահայտում իրական վիճակը։ Բանն այն է, որ երբ ձեռնարկությունները հայտնվում են ծանր վիճակում, աշխատողների մի մասը հարկադիր արձակուրդի են անցնում, մի մասին թերի են վճարում և այլն։ 

Արդյունաբերության և ընդհանուր տնտեսության վիճակի մասին առհասարակ շատ ցուցանիշներ են խոսում։ Դրանց շարքում է նաև երկրի խոշոր հարկատուների ցանկը։ Դրա ուսումնասիրության արդյունքում կարելի է պատկերացում կազմել, թե որ մարզերում քանի համեմատաբար խոշոր ձեռնարկություններ են գործում։  Այդ ցանկը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանի արդյունաբերության և խոշոր ընկերությունների մեծ մասը կենտրոնացված են Երևանում։ 2015  թվականի խոշոր հարկատուների ցանկի առաջին 100-յակում Լոռու մարզից որևէ ընկերություն չկա։ Ըստ վճարած հարկերի՝ այս մարզի ամենախոշոր ընկերությունը «Ախթալայի լեռնարաստացման կոմբինատ»-ն է, որը 145-րդ տեղում է և վճարել է 804,3 մլն դրամ։ Խոշորների ցանկում Լոռու մարզում գրանցված երկրորդ ընկերությունը «Սագամար»-ն է՝ 550 մլն դրամի հարկով, որը ևս գործում է հանքարդյունաբերության ոլորտում։ Ցանկում այս մարզից ևս շուրջ  20 ընկերություն կա, որից 5-ի վճարած հարկերը չեն գերազանցում 500 մլն դրամը, իսկ մնացածինը՝ 200  մլն դրամը։ Համեմատության համար նշենք, որ երկրի ամենախոշոր հարկատուն՝ «Գազպրոմ Արմենիա»-ն 42,6 մլրդ դրամ է վճարել, իսկ 1000 խոշորների մեջ վերջին տեղը զբաեցրած «Էպամ սիսթեմզ» ընկերությունը՝ 98,6 մլն դրամ։   Առաջին 100-յակից հետո տեղ գտածների հարկերը չեն գերազանցում են 1 մլրդ դրամը։ Մի խոսքով, ըստ այդ ցանկի, Լոռիում գործող ընկերություններից համեմատաբար խոշոր են երկուսը՝ «Ախթալայի լեռնարաստացման կոմբինատ»-ն ու «Սագամար»-ը։

Մեկնաբանություններ (3)

Սեդա
Հրաչ, հոդվածում 2014-ի արտահանման վերաբերյալ ցուցանիշ չկա։ Ինչ-որ բան սխալ եք հասկացել։
Հրաչ
Սեդա ուրախ եմ, որ քո անունով ես պատասխանել, առաջինը խնդիրը հենց այդ հազար ու միլիոնը խառնելու մասին էր, ինչ վերաբերում է ծավալները դոլարով լինելուն, ապա ձեր հոդվածում այսպես է գրված
Սեդա
Հրաչ, անկեղծ զարմացած եմ, որ տնտեսական բնույթի հոդվածում թվերի շատ լինելը Ձեր կողմից բացասական է դիտվում ։ Ձեր ասած եզարահանգումներին թվերի միջոցով կարելի է գալ։ Ինչևէ, դա ձեր կարծիքն է։ Իսկ ինչ վերաբերում է եզրահանգմանը, նշեմ, որ տվյալները տրամադրում է ԱՎԾ-ն։ Եվ հոդվածի, և շարքի սկզբում այդ մասին նշվում է։ Եզրահանգումը ճիշտ է, Լոռին երրորդն է։ Միայն արտահանման ցուցանիշի մեջ միլիոնի փոխարեն հազար է գրված եղել, ինչը ուղղվել է։ «Պոլիմերսոսինձ» ԳԱՄ-ի վերաբերյալ Ձեր հարցը ևս անհասկանալի է։ Կամ ինչ 57 մլրդ դրամի մասին է խոսքը, եթե վիճակագրությունը դոլարով է ներկայացվում։ Ամեն դեպքում, շնորհակալություն արձագանքելու համար։ Ինձ համար դա իսկապես կարևոր է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter