HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայ ավիատորներից ոմանք կրակի հետ են խաղում

Արտերկրում ու մասնավորապես «սեւ» մայրցամաքում՝ Աֆրիկայում, աշխատող հայ ավիատորներն սկանդալներից անպակաս են: Մի պատմությունը չավարտված՝ հայտնի է դառնում մեկ ուրիշի մասին: Հերթական մութ պատմության մասին հայտնի դարձավ օրերս, երբ ամերիկյան «The Wall Street Journal» պարբերականն անդրադարձավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացված փորձագիտական զեկույցին: Ու չնայած սա առաջին դեպքը չէ, որ ՀՀ-ում գրանցված ավիաընկերությունը հայտնվում է միջազգային խառնիճաղանջ պատմության մեջ, Հայաստանի իշխանություններն, ըստ էության, այդ ամենին նայում են մատների արանքով, ինչը հղի է անկանխատեսելի հետեւանքներով, քանի որ շատ հավանական է՝ մի օր վայ-ավիատորների պատճառով ՄԱԿ-ի պատժամիջոցների առաջ կանգնի պետությունը:

ՄԱԿ-ի փորձագետների ուշադրության կենտրոնում

Նախ նշենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը աշխարհի տարբեր հակամարտությունների վերաբերյալ ընդունում է բանաձեւեր: Երբ 2011-ի փետրվարին Լիբիայում սկսվեցին Քադաֆիի իշխանության դեմ բողոքի զանգվածային ցույցերը, եւ բռնապետը բանակը հանեց ժողովրդի դեմ, ինչից սկսվեց զինված հակամարտություննն ու քաղաքացիական պատերազմը, փետրվարի 26-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունեց թիվ 1970 բանաձեւը, որով, մասնավորապես, զենքի էմբարգո մտցվեց: Ըստ այդմ՝ ՄԱԿ-ի անդամ-պետություններին արգելվում էր զենք մատակարարել Լիբիա եւ վերջինից զենք գնել: Բանաձեւի հիման վրա ստեղծվեց նաեւ Լիբիայի հարցով պատժամիջոցների հանձնաժողովը, որին կից գործում է փորձագետների հարթակը: Վերջինս զբաղվում է փաստահավաք առաքելությամբ եւ հանդես գալիս երկրում տիրող վիճակի մասին տարեկան զեկույցներով: Զեկույցները եւ հանձնաժողովի կազմած պատժամիջոցների ցանկը ներկայացվում են ԱԽ-ին, որն էլ հաստատում է պատժամիջոցները: Այսինքն՝ ամերիկյան օրաթերթի նշած փաստաթուղթը փորձագետների 2015 թվականի վերաբերյալ տարեկան զեկույցն է, որը դեռ չի հանրայնացվել:   

ՄԱԿ-ի փորձագետները զեկույցում նշել են, որ Լիբիայում զենքի էմբարգոն խախտվել է 2014 եւ 2015 թթ., մասնավորապես, ԱՄԷ-ից, Եգիպտոսից, Թուրքիայից կատարած ռազմական փոխադրումներով: Որոշ երկրներ, ինչպիսին է Հորդանանը, հաղորդակցման ուղի են եղել դեպի Լիբիա զենք փոխադրելու ճանապարհին, իսկ, օրինակ, ուկրաինական փոխադրողները սերտ կապերի մեջ են իրենց երկրի իշխանությունների հետ: Ըստ «The Wall Street Journal»-ի՝ Անվտանգության խորհուրդը ուսումնասիրելու է զեկույցում ներկայացված փաստերը եւ որոշելու, թե ինչ պատժամիջոցներ կիրառի էմբարգոն խախտած անդամ-պետությունների կամ անհատների հանդեպ:

Զեկույցում նշվել է, որ զենք-զինամթերք է առաքվել Լիբիայի առճակատող երկու կառավարություններին: Նշենք, որ 2014-ին Լիբիայում բռնկվել էր նոր քաղաքացիական պատերազմ. մի կողմում մայրաքաղաք Տրիպոլիում հիմնավորված իսլամիստներն էին (քարտեզում՝ կանաչ), մյուսում՝ Տոբրուկում գործող նորընտիր խորհրդարանը (կարմիր), որը միջազգային հանրության կողմից ճանաչվել էր իբրեւ օրինական իշխանություն (առաջ անցնելով՝ ասենք, որ 2015-ի դեկտեմբերին կողմերը միացյալ կառավարություն կազմելու հայտարարի եկան): Կոնֆլիկտում 2014-ից ներգրավվել է նաեւ երրորդ կողմը՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը (քարտեզում՝ սեւ), որը վերահսկում է Սիրտ քաղաքն ու հարակից տարածքները: ՄԱԿ-ի փորձագետների հետ զրույցներում Տոբրուկի իշխանությունը հաստատել էր, որ արտերկրի դաշնակիցներից զինամթերք է ստացել, որն անհրաժեշտ էր ինքնապաշտպանության համար, իսկ Տրիպոլիից նշել էին, որ զրահափոխադրիչներ են ստացել, բայց հերքել են զենքի ձեռքբերումը: Մանրամասնենք, որ եթե Տոբրուկի իշխանությանը պաշտպանում էին Եգիպտոսը, ԱՄԷ-ն, Հորդանանը եւ այլ երկրներ, ապա իսլամիստների կողմնակիցների թվում նշվում էին Թուրքիան, Սուդանը, Քաթարը: Չնայած փորձագետները բոլոր այս երկրների ռազմական օգնության մասին փաստեր են հավաքել (լուսանկարներ, փաստաթղթեր), դրանցից ոչ մեկ պաշտոնապես չի հաստատել իր մասնակցությունը զինված կոնֆլիկտին:  

«Վետերան Ավիայի» մասնակցությունը լիբիական պատերազմին

«Զենք-զինամթերքը շարունակում է առաքվել Լիբիայի տարբեր հատվածներ, ինչում ներգրավված են ՄԱԿ-ի անդամ-երկրներն ու միջնորդ ընկերությունների մի մեծ ցանց, որոնց հետ չի պահում զենքի մատակարարման էմբարգոն»,- ըստ «WSJ»-ի՝ ասվում է փորձագետների դեռեւս չհանրայնացված զեկույցում:

Ամերիկյան պարբերականի փոխանցմամբ՝ զեկույցում նշվել է նաեւ հայկական «Վետերան Ավիա» ավիաընկերության անունը, որը Արաբական Միացյալ Էմիրություններից Հորդանանի երկնքով զենք եւ զինամթերք է փոխանցել Տոբրուկի իշխանությանը: Արաբական Շարժայում բազավորված ընկերությունը հասանելի չի եղել մեկնաբանությունների համար, սակայն ՀՀ կառավարությունը ՄԱԿ-ի փորձագետներին հայտնել է, որ հայկական փոխադրողն իսկապես ԱՄԷ-ից Հորդանանի տարածքով թռել է Լիբիա, բայց տարել է ոչ թե զենք, այլ մարդասիրական օգնություն:  

ՀՀ կառավարության ասածը tert.am-ի հետ զրույցում օրերս կրկնել է նաեւ «Վետերան Ավիա» ՍՊԸ-ի տնօրեն Արտաշես Գեւորգյանը. «Այնտեղ զենք-զինամթերք չի եղել, եղել է հումանիտար օգնություն: Այդ ինֆորմացիան սխալ է, այնտեղ տարվել է հումանիտար օգնություն: Մեզ այդ մասին ամիսներ առաջ հարցրել են, մենք պատասխանել ենք»: Սակայն Գեւորգյանը չի մանրամասնել, թե ով է հարցրել: Այդուհանդերձ, «WSJ»-ի հոդվածից պարզ է դառնում, որ հարցնողը եղել է կառավարությունը, ում մինչ այդ դիմել էին փորձագետները:

Google Maps-ը ժամանակը հաշվարկել է ոչ թե ուղիղ, այլ կանգառներով թռիչքի համար 

Վերջիններիս՝ 2014-ի տարեկան զեկույցում, որը կազմվել է 2015-ի փետրվարի 23-ին եւ հասանելի է Անվտանգության խորհրդի զեկույցների կայքում, հայկական ընկերության մասին նշվում է հետեւյալը. «Հարթակը ինֆորմացիա է ստացել թռիչքների մասին, որոնք իրականացվել են «Վետերան Ավիայի» կողմից՝ 2014-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ԱՄԷ-ի Ալ Մինհադ ռազմաօդային բազայից դեպի Տոբրուկ՝ տեղափոխելով ռազմամթերք: Հարթակը կապ է հաստատել ԱՄԷ-ի եւ Հորդանանի (այստեղ արձանագրվել են կանգառներ դեպի Լիբիա եւ Լիբիայից մի շարք թռիչքների ժամանակ) հետ՝ խնդրելով հավելյալ տեղեկություններ: Եթե Հորդանանը պատասխանել է, թե «չի արձանագրել ԱՄԷ-ից Լիբիա ուղեւորվող ոչ մի օդանավի մուտք Հորդանան», ապա ԱՄԷ-ի իշխանությունները հարթակի նամակին չեն արձագանքել։

«Վետերան Ավիային» եւ դրան առնչվող եւս մեկ դրվագի դեռ կանդրադառնանք, իսկ մինչ այդ պատմենք հայկական այլ ավիաընկերությունների մասին, որոնք նույնպես ներգրավված են եղել այսպիսի պատմություններում:

Հայկական ձեռագիր

Ստեղծված իրավիճակը շատ նման է մեկ այլ հայկական՝ «V-Berd Avia» ընկերության պատմությանը, որի մասին «Հետքը» գրել է 2014-ին: Ծագումով Շիրակի Վահրամաբերդ գյուղից Վահրամ Սիմոնյանի այս ընկերությունը, որը նույնպես բազավորվում է Շարժայում, ըստ ՄԱԿ-ի փորձագետների, ներգրավված էր Լիբիայի հարեւան Սուդանի ներքաղաքական կոնֆլիկտում: 2005-ից ՄԱԿ-ի ԱԽ-ն Սուդանի Դարֆուր տարածաշրջանում սպառազինության էմբարգո եւ գրոհային ռազմական թռիչքների արգելանք էր դրել: Սակայն Սուդանի հարցով պատժամիջոցների հանձնաժողովին կից աշխատող փորձագետներից 3-ը, որոնք դուրս էին եկել հարթակից, 2012 թ. իրենց նամակում պատմել էին, որ հայկական փոխադրողի EK-76592 համարով «Իլ-76» ինքնաթիռը միայն 2011-ի ապրիլ-հունիս հատվածում առնվազն 17 անգամ թռել է մայրաքաղաք Խարթումից Դարֆուր: Թռիչքների ժամանակ հայկական օդանավի համար կիրառվել է «Gadir 101» ազդականչը, այնինչ «Gadir»-ը Սուդանի ռազմաօդային ուժերի ազդականչն է: Բանն այն է, որ ինքնաթիռը, ըստ Սիմոնյանի՝ փորձագետներին տրամադրած պայմանագրի, վարձակալված էր Սուդանի ՊՆ-ի կողմից:

Հայկական EK-76592-ը՝ Խարթումում (24.05.2011) 

Փորձագետները սուդանական իշխանությունների արգելքի պատճառով չեն կարողացել անմիջականորեն ստուգել, թե ինչ բեռ էր տեղափոխում հայկական ինքնաթիռը: Վահրամ Սիմոնյանի տրամադրած մի քանի բեռնագրերում նշված է եղել սնունդ կամ ընդհանուր բեռ, սակայն դրանք եղել են ոչ բոլոր բեռնագրերը, երկրորդ՝ փորձագետները պարզել են, որ ինքնաթիռը նաեւ մարդ է տեղափոխել, բայց հայտնի չէ՝ ռազմակա՞ն, թե՞ քաղաքացիական անձանց: Փորձագետները շեշտել են, որ Վ. Սիմոնյանի նման անտեղյակությունը թույլ չի տալիս պնդել, թե չեն խախտվել ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերը կամ նույն վարձակալման պայմանագիրը, որով, մասնավորապես, նախատեսվում էր, որ ինքնաթիռը չպիտի օգտագործվի «հակամարտության գոտիներում» (Դարֆուրը հենց այդպիսին է), չպիտի տեղափոխի «զենք, պայթուցիկ նյութեր եւ այլ վտանգավոր առարկաներ»:  

Վահրամ Սիմոնյանի հին ռուսական անձնագիրը՝ ԱՄԷ-ում կացության թույլտվությամբ

«Հետքի» աղբյուրն իր հերթին հայտնել էր, որ ՌԴ քաղաքացի Սիմոնյանը 2011-ի Լիբիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ, չնայած ՄԱԿ-ի էմբարգոյին, ՆԱՏՕ-ի թողտվությամբ Ալբանիայից զենք է տեղափոխել Բենղազի, որը Քադաֆիի հակառակորդների ձեռքում էր: Մեկ այլ դեպքում Վ. Սիմոնյանը զենք է տեղափոխել Սոմալիի՝ ինքնավարություն հռչակած Պունտլենդ շրջան՝ կրկին խախտելով ՄԱԿ-ի էմբարգոն:

Նշենք նաեւ, որ 2010-2011 թթ. Սուդանի օդուժը վարձակալել էր մեկ այլ հայկական՝ EK-76300 («Իլ-76») ինքնաթիռը, որի իրական տերը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանն էր: Թե կոնֆլիկտային Սուդանում ինչպիսի գործունեություն է ծավալել հայ գեներալի օդանավը, կարելի է միայն ենթադրել: Հիշեցնենք, որ այդ ինքնաթիռն աղետի ենթարկվեց 2012-ի նոյեմբերի 30-ին Կոնգոյում՝ խլելով ավելի քան 30 հոգու կյանք: Թե EK-76592-ի, թե EK-76300-ի դեպքում ինքնաթիռները շահագործվել են ՀՀ քաղավիացիայի տված փաստաթղթերով, օդաչուական եւ տեխնիկական անձնակազմերն էլ հայեր են եղել:

Հայկական մեկ այլ ավիաընկերություն՝ ՀՀ ՔԱԳՎ պետ Արտյոմ Մովսեսյանի հորեղբայր Ռաֆիկ Մովսիսյանին պատկանող «Վերթիռը», 2013-ին հայտնվել էր ԱՄՆ-ի «սեւ ցուցակում», քանի որ իբրեւ միջնորդ ներգրավված էր «ավիացիոն գնումների անօրինական ցանցում՝ Իրանի հանդեպ ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու համար»:

«Վետերան Ավիա». հայ-արաբական համագործակցություն

Այս ՍՊԸ-ն ստեղծվել է 2010-ի հունիսին: Հիմնադիրներն են եղել ընկերության տնօրեն Արտաշես Գեւորգյանի դուստրը՝ Սոնան (52 %), ինչպես նաեւ ՌԴ քաղաքացիներ, ազգությամբ արաբներ Մուհամմադ Ամիր Սիդդիկն ու Մալիկ Բիլալը (24-ական %): Ընկերությունը գրանցվել է Երեւանի Վաղարշյան 18 հասցեում, կանոնադրական կապիտալը 100.000 դրամ է: 2014-ի հոկտեմբերին տեղի է ունեցել մասնակիցների փոփոխություն. Մ. Բիլալը դուրս է եկել, նրա 24 տոկոս բաժնեմասը փոխանցվել է Սոնա Գեւորգյանին, որն այժմ 76 տոկոսի փայատերն է, սակայն հասկանալի է, որ 26-ամյա Սոնան ավիաընկերության իրական տերը չէ:

Հարկ վճարողների փնտրման համակարգի տվյալներով՝ «Վետերան Ավիա» ՍՊԸ-ի գործունեությունը ժամանակավոր դադարեցված է: Այն, որ ընկերությունը մեկ տարուց ավելի չի գործում, tert.am-ին հայտնել է նաեւ Արտաշես Գեւորգյանը, ով ասել է, թե լիցենզիան հանձնել են: Խոսքն, ըստ էության, օդանավ շահագործողի վկայականի մասին է. «Վետերան Ավիայի» ՕՇՎ-ի գործողության ժամկետն ավարտվել է 2015-ի կեսերին:  

Ընկերության կայքը (veteran.aero) ներկայում անհասանելի է, ժամանակին էլ պատրաստման փուլում էր

Հայկական «Վետերան Ավիա» ՍՊԸ-ն նույնանուն ցանցի մի մասնիկն է ընդամենը: Այս անունով ընկերություններ կան Հունաստանում, Հնդկաստանում, Պակիստանում, Մեծ Բրիտանիայում (օդանավեր շահագործողը եղել է հայկական ընկերությունը, իսկ մյուսները եղել են գրասենյակներ): Բոլորի հետեւում էլ կանգնած է նույն անձը՝ ԱՄԷ-ում ապրող հնդկական ազգանունով գործարար Ջայդիփ Միրչանդանին (Jaideep Mirchandani, տես լուսանկարում՝ աջից):

2014-ի սեպտեմբերին ԱՄՆ առեւտրի դեպարտամենտի Արդյունաբերության եւ անվտանգության բյուրոն (BIS) Միրչանդանիի «Վետերան Ավիա» եւ մի շարք այլ ավիաընկերությունների ընդգրկեց «սեւ ցուցակում», որոնց մեղադրում էր Սիրիայում Ասադի ռեժիմին պաշտպանելու մեջ: Ըստ ամերիկյան իշխանությունների՝ ավիաընկերությունները խոշոր չափի ռուսական փող են տեղափոխել Սիրիա՝ Ասադի կառավարությանը: Բացի դրանից՝ ԱՄՆ-ն Միրչանդանիի ընտանիքին ու աշխատողներին մեղադրում էր «զենքի թրաֆիքինգում ներգրավված անձանց հետ փոխգործակցության մեջ»: «Սեւ ցուցակում» հայտնված մարդիկ եւ կազմակերպությունները մեղադրվում էին նաեւ իրանական «Mahan Air» ավիաընկերության հետ գործակցելու մեջ. վերջինս, ամերիկացիների կարծիքով, «աջակցում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ահաբեկչական գործունեությանը»: Հիշենք, որ 2014-ին դեռ գործում էին Իրանի հանդեպ ամերիկյան պատժամիջոցները: Ցուցակի մեջ ընդգրկվածներին արգելվում էր ԱՄՆ-ից որեւէ ապրանք արտահանել՝ առանց հատուկ թույլտվության: Միրչանդանին հերքել էր բոլոր մեղադրանքներն ու հայտարարել, որ իրավական ճանապարհով հասնելու է իր անունը ցուցակից հանելուն:

2016-ի փետրվարին Միրչանդանիի, նրա ընտանիքի 2 անդամների եւ մի քանի ընկերությունների անուններ հանվեցին ամերիկյան «սեւ ցուցակից»: «The Loadsar»-ի փոխանցմամբ, այդուհանդերձ, ցուցակում են մնացել գործարարին առնչվող նույն «Վետերան Ավիան»՝ իր բոլոր մասնաճյուղերով, հունական «Aerospace One»-ը, դրա նախկին հույն ղեկավարը եւ պակիստանյան «Rayyan Air»-ը:   

Ըստ aerotransport.org ավիացիոն տեղեկատուի՝ հայկական «Վետերան-Ավիան» իր գործունեության ընթացքում ունեցել է 13 ինքնաթիռ՝ 4 հատ «Իլ-76», 3-ական «Boeing 747-200» եւ «Ան-12», 1-ական «Ան-24», «Ան-32», «Ան-72»:

Հ.Գ. «Հետքը» հարցում է ուղարկել ՀՀ կառավարությանը՝ պարզելու, թե հայկական ավիաընկերությունների՝ ՄԱԿ-ի փաստաթղթերում եւ ԱՄՆ-ի «սեւ ցուցակում» ընդգրկվելուց հետո պատկան մարմիններն ինչ են արել կամ անում՝ նման տհաճ իրավիճակներից խուսափելու համար, արդյոք ավիացիոն իշխանություններն այդ առիթով անցկացրել են ստուգումներ կամ ուսումնասիրություններ: Եվ ընդհանրապես, մեր իշխանություններին հետաքրքրու՞մ է, թե ինչով են զբաղվում իրենց իսկ լիցենզավորած ավիաընկերությունները դրսում: Փաստ է, որ տարբեր ձեւերով գումար աշխատել փորձող հայ ավիատորներն իրենց գործողությունների արդյունքում ոչ միայն իրենք են հայտնվում այսպիսի պատմություններում, այլեւ ստիպում, որ մի ամբողջ երկիր ներկայացվի ոչ դրական լույսի ներքո: Սպասում ենք կառավարության պատասխանին:        

Առաջին լուսանկարում՝ «Վետերան Ավիայի» EK-74723 համարով «Boeing 747-200» բեռնատար օդանավը՝ Շարժայի միջազգային օդանավակայանում (16.11.2011)   

Շարունակելի

Մեկնաբանություններ (1)

Vahram
Good piece. Hope to read the government's response.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter