HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Արտադրված է Հայաստանում. Արմավիրի արդյունաբերությունը ևս հեռու է դիվերսիֆիկացված լինելուց

Մաս 1, Մաս 2, Մաս 3 , Մաս 4 , Մաս 5

Արմավիրի մարզի տնտեսության հիմքն այսօր գյուղատնտեսությունն է։ Մարզի աշխարհագրական դիրքը և բնակլիմայական պայմանները նպաստավոր են թե բուսաբուծության, թե անասնաբուծության զարգացման համար:

Իսկ արդյունաբերության վիճակը թույլ է։  Դրա հիմնական մասը զբաղեցնում է էլեկտրաէներգիայի ու սննդամթերքի արտադրությունը։ Մնացած ճյուղերում գրանցված ծավալները բավականին փոքր են կամ գրեթե՝ զրոյական։ Ընդհանուր պատկերում որոշակի նկատելի է նաև խմիչքի և վերջին շրջանում՝ թղթե արտադրատեսակների արտադրությունը։ Թեև սննդամթերքի արտադրության ցուցանիշը ևս փոքր է, սակայն մնացածի համեմատ ավելի զգալի է։

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) ՝ 2015  թվականին Արմավիրի մարզում արդյունաբերության ծավալը, համադրելի գներով, կազմել է մոտ 54 մլրդ դրամ։ 2014-ի համեմատ այն գրեթե նույնն է մնացել։ Դա hանրապետությունում թողարկված արտադրանքի ընդամենը 4%-ն է։ Այդպիսով, արդյունաբերության ցուցանիշով Արմավիրը վեցերորդն է հանրապետությունում։ Եթե պայմանականորեն Հայաստանի մարզերը բաժանենք երկու խմբի՝ համեմատաբար ակտիվ և զգալիորեն թույլ արդյունաբերություն ունեցող, ապա ՝  Արմավիրով սկսվում է երկրորդ խումբը։ Իսկ այն մարզերը, որոնց անդրադարձել ենք շարքում, իրենց արդյունաբերության ծավալներով ավելի առաջ են։ Թեև դրանց դեպքում ևս տնտեսության այս ոլորտը զարգացած չէ, բայց պայմանականորեն ասում ենք, որ ավելի ակտիվ է։

Արմավիրի ամբողջ արդյունաբերության 60%-ը էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ճյուղն է ապահովել։

Հաշվի առնելով, որ էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտի ցուցանիշն ապահովվել է գլխավորապես Մեծամորում տեղակայված ատոմակայանի շնորհիվ, ստացվում է, որ արդյունաբերության մնացած հատվածն է միայն մարզում գործող ձեռնարկությունների ու գործարանների աշխատանքի արդյունքը։ Եվ դրանց արտադրանքի փոքր ծավալները վկայում են այն մասին, որ մշակող արդյունաբերության վիճակը Արմավիրում վատ է։

Գրեթե զրոյական  վիճակում են թեթև և քիմիական արդյունաբերությունները, հիմնային մետաղների արտադրությունը, կահույքագործությունը և այլն։

Մարզի էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարումը զբաղեցրել է ամբողջ հանրապետության նշված ոլորտի ավելի քան  13%-ը։

Արմավիրում ակտիվ է պտղաբուծությունը, բանջարաբուծությունը, խաղողագործությունը։ Զգալի են հացահատիկաընդեղենային և բանջարաբոստանային մշակաբույսերի տարածքները։ Դա ենթադրում է, որ մարզում սննդամթերքի արտադրության համար բավարար ռեսուրսներ կան և ճիշտ կառավարման դեպքում մշակող արդյունաբերության այդ ճյուղն այսօր կարող էր իսկապես զարգացած  լինել Արմավիրում։  Այդ դեպքում  նաև, հնարավոր է, գյուղացու ամբողջական բերքը գնորդ ունենար՝ պակասեցնելով նրա կրած վնասները։ Բայց ներկայում ստեղծվել է մի իրավիճակ, երբ գյուղատնտեսական բավարար ռեսուրսներ ունեցող մարզն ապահովում է երկրում սննդամթերքի արտադրության ընդամենը 4,5%-ը։

Անկախությունից առաջ Արմավիրում զարգացած են եղել հաստոցաշինությունը, մեքենաշինությունը, որոշ չափով՝ հանքարդյունաբերությունը, բայց  հետագայում զիջել են դիրքերը։ Իսկ էլեկտրաէներգիայի արտադրությունը եղել և մնում է մարզի արդյունաբերության առաջատարը։

Արմավիրի արդյունաբերությունը ներկայում հեռու է դիվերսիֆիկացված լինելուց

Վերջին 10 տարում Արմավիրի արդյունաբերությունն  աճել է, բայց դա որակական աճ համարել չենք կարող, քանի որ այն հիմնականում ապահովել  են նորից էլեկտրաէներգիայի ոլորտն ու սննդամթերքի արտադրությունը։ Մարզի արդյունաբերությունը ներկայում հեռու է դիվերսիֆիկացված լինելուց։  

 Տվյալները ԱՎԾ՝ «Արդյունաբերական կազմակերպությունների հիմնական ցուցանիշներն ըստ տնտեսական գործունեության երկնիշ դասակարգման, ըստ մարզերի և ք. Երևանի» հրապարակումների։

Նշենք, որ վերջին տարիներին մարզում թղթե արտադրատեսակների արտադրության ծավալները հավասարվել են խմիչքի արտադրությանը, որը համադրելի գներով  կազմել է տարեկան մոտ  2 մլրդ դրամ։

Արմավիրի արդյունաբերության ոլորտում գործող և արտադրանք թողարկող ընկերություններից մի քանիսը հանրապետության խոշոր հարկատուների շարքում են։ Նրանց թիվը մեծ չէ։ Տրամաբանական է, որ նրանցից առաջինը «Հայկական ատոմային էլեկտրակայան»  ՓԲԸ-ն է։ Ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ այն հանրապետության 11-րդ ամենախոշոր հարկատուն է նախորդ տարվա տվյալներով և ամբողջ տարում պետբյուջե է վճարել 8,3 մլրդ դրամ։ Մարզի մյուս խոշոր հարկատուների վճարած հարկերի ծավալը շատ ավելի փոքր է։ Նրանցից առաջինը  «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն է (831 մլն դրամ), հաջորդում է «Պրինտարմ Դանվեստ» (ՍՊԸ) տպարանը (468 մլն դրամ), «Մապ» ՓԲԸ-ն (429 մլն դրամ), «Մուսալեռ»  (ՍՊԸ) տպագրատունը (334 մլն դրամ)։ Մնացածի դեպքում հարկերի չափը չի հասնում 300 մլն դրամի։

Արմավիրում 4,8 հազ. գործազուրկ կա. պաշտոնական

Արմավիրի մարզում 2015 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ, ըստ ԱՎԾ-ի, պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը կազմում է 4,8 հազար։ 2005  թվականի համեմատ նրանց թիվն ավելացել է 900-ով։ Սակայն իրականում թե քաղաքային, թե գյուղական համայնքներում գործազրկության ավելի բարձր մակարդակ է։ Առաջնային  խնդիր համարվող գործազրկության համար արդյունաբերության զարգացումը իրատեսական լուծումներից մեկն է, բայց ՀՀ մարզերում այս առումով վիճակը, մեղմ ասած, հուսադրող չէ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter