
«Արմենիային» տրված 17 միջազգային ուղղություններն ու իրականությունը
Վրացական կապիտալով հայկական «Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ-ն իրավունք է ստացել թռիչքներ իրականացնել 17 միջազգային ուղղություններով:
Ընկերությունը դեռ այս տարվա փետրվարի 22-ին էր ստացել օդանավ շահագործողի վկայական: Դրանից հետո դիմել էր՝ կանոնավոր օդային փոխադրումներ իրականացնելու համար: Կանոնավոր օդային փոխադրումների հավաստագրման համար հայտերի քննարկման հարցերով խորհուրդը մարտի 16-ին կայացած նիստում ընկերությանը հավաստագիր տալու մասին դրական եզրակացություն էր տվել: Ապրիլի 11-ին էլ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հրաման է արձակել «Արմենիային» հավաստագիր տալու եւ 17 ուղղություններով փոխադրող նշանակելու մասին:
«Հետքի» տրամադրության տակ հայտնված փաստաթղթի համաձայն՝ այդ ուղղություններն են.
Երեւան-Մոսկվա-Երեւան
Երեւան-Սանկտ Պետերբուրգ-Երեւան
Երեւան-Սոչի-Երեւան
Երեւան-Դոնի Ռոստով-Երեւան
Երեւան-Կրասնոդար-Երեւան
Երեւան-Միներալնիե Վոդի-Երեւան
Երեւան-Սամարա-Երեւան
Երեւան-Կիեւ-Երեւան
Երեւան-Պրահա-Երեւան
Երեւան-Ֆրանկֆուրտ-Երեւան
Երեւան-Բրյուսել-Երեւան
Երեւան-Հռոմ-Երեւան
Երեւան-Լոնդոն-Երեւան
Երեւան-Բոլոնիա-Երեւան
Երեւան-Դուբայ-Երեւան
Երեւան-Թել Ավիվ-Երեւան
Երեւան-Թեհրան-Երեւան:
Հավաստագիրը, ըստ գործող կարգի, տրվում է անժամկետ, դրանում նշվում են նաեւ հատուկ պայմաններն ու սահմանափակումները:
Ինչպես արդեն գրել ենք, ապրիլի 21-ին «Արմենիան» վրացական «Georgian Airways»-ի հետ (որի ներկայացուցիչներ Թամազ Գաիաշվիլին ու Ռոբերտ Օգանեսյանը հայկական ընկերության 25 եւ 24 տոկոսի փայատերերն են) համատեղ (codeshare) չվերթ էր իրականացրել դեպի Թբիլիսի: Սա, ըստ էության, ոչ կանոնավոր (չարտեր) չվերթ է, սակայն դրա համար անհրաժեշտ է թույլտվություն, որը տրվում է ԷՆ-ի կողմից, այնինչ ոչ վերջինիս կայքում, ոչ էլ որեւէ այլ տեղ ինֆորմացիա չկա «Արմենիային» տրված նման թույլտվության մասին: Սա շեշտում ենք, որովհետեւ օրինակով ցույց ենք տվել, որ հայկական նորաստեղծ ընկերությունն իր գործունեությունը գոնե այս պահին ծավալում է փաստացի մայր ընկերություն հանդիսացող «Georgian Airways»-ի միջոցով, ով ուղեւորներին Երեւանից տեղափոխում է Թբիլիսի, այնտեղից էլ՝ ըստ ուղղությունների: Ապրիլի 21-ի ուշ երեկոյան դեպի Թել Ավիվ թռչող «Արմենիայի» առաջին ուղեւորները հենց Վրաստանից են մեկնել Իսրայել՝ «Georgian Airways»-ի թռիչքով (չվերթի համարը՝ A9 1789), այնինչ «Արմենիան» շտապեց այդ չվերթը վերագրել նաեւ իրեն՝ ասելով, թե դեպի Թել Ավիվ իր առաջին թռիչքը բարեհաջող է եղել: Ավիացիայից քիչ թե շատ հասկացող ցանկացած ոք կզարմանա այս փաստից:
Եվս մեկ ապացույց՝ «Զվարթնոց» օդանավակայանի չվացուցակում «Արմենիայի»՝ Երեւանից կատարած (սա հարաբերական է, քանի որ թռիչքների օպերատորը «Georgian Airways»-ն է իր օդանավերով) ու կատարելիք չվերթներից նշվում է միայն Թբիլիսիի ուղղությունը, իսկ վերը նշված 17 ուղղությունների մասին՝ ոչ մի խոսք:
Իսկ դեպի Երեւան թռիչքների մեջ բացի Թբիլիսիից նշվում է նաեւ Թել Ավիվը, ինչը, սակայն, տարօրինակ է թեկուզ հենց այն պատճառով, որ Երեւանից Թել Ավիվ չվերթ չի իրականացվում, այսինքն՝ ինչպե՞ս կարող է լինել միայն Թել Ավիվ-Երեւան ուղղություն:
Բանն այն է, որ «Georgian Airways»-ն Իսրայելից Վրաստան վերադառնալիս պարզապես կանգառ է կատարում Երեւանում, ինչը չվացուցակում ներկայացվում է որպես առանձին չվերթ: Օդային տարածքի 5-րդ ազատությունը տալիս է այլ երկրում (այս դեպքում՝ Հայաստանում) միջանկյալ կանգառ կատարելու թույլտվություն, սակայն պաշտոնապես ՀՀ-ն ու Վրաստանը չեն կնքել նման համաձայնագիր: Միջանկյալ կանգառի թույլտվություն նախատեսվում է նաեւ 2-րդ ազատությամբ, սակայն միայն տեխնիկական նպատակներով (օրինակ՝ վերալիցքավորում)՝ առանց ուղեւորների եւ բեռի նստեցման կամ իջեցման:
«Որպեսզի 17 ուղղություններով շաբաթական գոնե 1 չվերթ կատարվի (այսինքն՝ 7 օրում 17 չվերթ (հետադարձով)- հեղ.), պետք է առնվազն 2 ինքնաթիռ եւ 1 ռեզերվ ունենալ, 16 օդաչու, 30 բորտ-ուղեկցորդ, համապատասխան կառույցներ, համապատասխան որակավորում ունեցող աշխատողներ»,- ասում է «Հետքի»՝ ավիացիայի ոլորտում բազմամյա փորձ ունեցող աղբյուրը: Թ. Գաիաշվիլին դեռ մարտի ամսին ասել էր, որ ապրիլի սկզբին ունենալու են վարձակալած 3 ինքնաթիռ, հունիս-հուլիսին՝ եւս 2, տարվա վերջում՝ մոտ 8: Իրականում «Արմենիան» այս պահին բավարարվում է «Georgian Airways»-ի օդանավերում նստատեղ զբաղեցնելով:
Մեկնաբանություններ (14)
Մեկնաբանել