HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ինչպե՞ս են ընթացել ապահովագրական ընկերությունների գործերն առաջին եռամսյակում

Հայաստանում գործող 6 ապահովագրական ընկերություններն այս տարվա առաջին եռամսյակը շահույթով են ավարտել։ Այդ մասին են վկայում ընկերությունների ֆինանսական հաշվետվությունները։

2015 թվականի հունվար-մարտի համեմատ շահույթի առավել մեծ աճ են գրանցել «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ն և «Ինգո Արմենիա»-ն։ Իսկ «Սիլ Ինշուրանս»-ի շահույթը պակասել է։

Ըստ համախառն ապահովագրավճարների՝ ապահովագրական շուկայի խոշորագույն մասնակիցը  շարունակում է մնալ «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ն։ Եռյակում են նաև «Ինգո Արմենիա»-ն ու «Նաիրի Ինշուրանս»-ը։ Իսկ ամենափոքրը «Արմենիա Ինշուրանս»-ի կշիռն է։

Ապահովագրական շուկայում ընկերությունների զբաղեցրած դիրքի վերաբերյալ պատկերացում  է տալիս նաև ապահովագրված ավտոմեքենաների քանակը, քանի որ համախառն ապահովագրավճարների կազմում ԱՊՊԱ-ից գոյացած վճարների կշիռը զգալի է։ Օրինակ, ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, 2015 թվականի վերջին եռամսյակում ապահովագրավճարների մոտ 60%-ը գոյացել է հենց ԱՊՊԱ-ից։

Մեկ տարում (2015-ի առաջին եռամսյակի համեմատ) փոփոխվել են թե ապահովագրական ընկերությունների համախառն ապահովագրավճարների ծավալը և թե ապահովագրված ավտոմեքենաների քանակը։

Թե ինչ մասնաբաժինների ու փոփոխությունների մասին  է խոսքը, փորձել ենք մեկտեղել ստորև գտնվող ինֆոգրաֆիկայում։

Այս տարվա մարտի վերջի տվյալներով՝ Հայաստանում ԱՊՊԱ պայմանագիր ունի 437 հազ. 424 ավտոմեքենա։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ապահովագրված մեքենաների քանակն ավելացել է 11 հազ. 285-ով։ Ինչպես երևում է ինֆոգրաֆիկայում, այն ավելացել է ի հաշիվ «Նաիրի Ինշուրանս»-ում, «Ռեսո»-ում և «Սիլ Ինշուրանս»-ում ապահովագրված մեքենաների քանակների ավելացման։ Փոխարենը նվազել են «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ում, «Ինգո Արմենիա»-ում և «Արմենիա Ինշուրանս»-ում ապահովագրված ավտոմեքենաների քանակները։ Այս տվյալները տրամադրում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն։

Ապահովագրական շուկայից ստացվող հարկերի ընդհանուր ծավալն աճել է

Ապահովագրական ընկերությունները դասվում են Հայաստանի խոշոր հարկատուների շարքում։ Այս տարվա առաջին եռամսյակի խոշորների ցանկում առաջինն հանդիպում ենք «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ի անունը, որը 165-րդ տեղում է։ Ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալների՝  2015-ի առաջին եռամսյակի համեմատ ընկերությունը, չնայած շահույթի աճին, ավելի քան 4%-ով նվազեցրել է հարկերի չափը։

Խոշոր հարկատուների ցանկում ապահովագրական ընկերությունների հաջորդը «Ինգո Արմենիան»-ն՝ 190-րդ տեղում, հաջորդում են «Սիլ Ինշուրանս»-ը՝ 405-րդում, «Նաիրի Ինշուրանս»-ը՝ 447-րդում, «Ռեսո»-ն՝ 455-րդում, իսկ վերջինը «Արմենիա Ինշուրանս»-ն է՝ 541-րդ տեղում։

Ընդհանուր հաշվարկով՝ վեց ընկերություններն այս տարվա առաջին եռամսյակում միասին պետբյուջե են վճարել շուրջ 499 մլն դրամ՝ 2015  թվականի առաջին եռամսյակի շուրջ 457 մլն դրամի դիմաց։ Այսինքն՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ այս տարվա առաջին եռամսյակում ապահովագրական շուկայից ստացվող հարկերը 9%-ով ավելացել են՝ շնորհիվ «Ինգո Արմենիա»-ի, «Սիլ Ինշուրանս»-ի և «Նաիրի Ինշուրանս»-ի վճարած հարկերի աճի։

Այսպիսով, եթե փորձենք մի քանի նախադասությամբ ամփոփել, թե ինչպես են ընթացել ապահովագրական ընկերությունների գործերն այս տարվա առաջին եռամսյակում, ապա՝ դրանք վատ չեն եղել։ Ավելին՝ շահույթի վերաբերյալ ցուցանիշները փաստում են, որ ապահովագրական բիզնեսը շարունակում է շահութաբեր մնալ։  

«Ռոսգոսստար-Արմենիա»-ն, որը փաստորեն մնում է շուկայի առաջատարը, համախառն ապահովագրավճարների և շահույթի աճ է գրանցել, սակայն, դրա հետ մեկտեղ, նվազեցրել է հարկերի չափը։ «Ինգո Արմենիա»-ի համախառն ապահովագրավճարները նվազել են, բայց շահույթն ու   հարկերի ծավալն՝ աճել։ «Նաիրի Ինշուրանս»-ի և շահույթն է ավելացել է, և ապահովագրավճարները, և հարկերը։  «Սիլ Ինշուրանս»-ի շահույթը նվազել է, ապահովագրավճարները գրեթե չեն փոփոխվել, իսկ հարկերն աճել են։ «Ռեսո»-ի դեպքում շահույթն աճել է, հարկերը նվազել, իսկ ապահովագրավճարները՝ գրեթե նույնը մնացել։ Եվ, վերջապես, շուկայի ամենափոքր մասնակցի՝ «Արմենիա Ինշուրանս»-ի շահույթն ավելացել է, սակայն՝ ապահովագրավճարներն ու հարկերը նվազել։

Հիշեցնենք՝ Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարի ստացած բողոքների ամենամեծ մասն ուղղվում են ապահովագրական ընկերությունների դեմ և վերաբերում են ԱՊՊԱ-ին։

Նշենք, որ այս ապրիլի վերջում ՀՀ ԱՎԾ-ն կհրապարակի Հայաստանի ապահովագրական շուկայի առաջին եռամսյակի ընդհանուր ապահովագրավճարների և հատուցումների վիճակագրությունն՝ ըստ ապահովագրության դասերի, որին ևս կանդրադառնանք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter