HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հանքարդյունաբերությունը՝ թվերով. արտադրություն, արտահանում և հարկեր

Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտն, ըստ պաշտոնական աղբյուրների, շարունակում է աճել։ Արդեն առիթ ենք ունեցել գրելու, որ այս տարվա առաջին եռամսյակում ոլորտը 2015-ի նույն ժամանակաշրջանի համեմատ 27,7%-ով աճել է։

Արտադրության աճին զուգահեռ աճել է նաև արտահանումը

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ)՝ այս տարվա հունվար-մարտին Հայաստանից հանքահումքային արտադրանքի արտահանումը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել է 18,7%-ով և կազմել 107,1 մլն ԱՄՆ դոլար։ Քանի որ պաշտոնական վիճակագրությունը չի նշում արտահանման ֆիզիկական ծավալները, չենք կարող ասել՝ գումարային աճին որքանով են նպաստել ֆիզիկական ծավալները։ Նաև հայտնի չէ համաշխարհային շուկայում գունավոր մետաղների գների ազդեցությունն այս հարցում։ ՀՀ-ից արտահանվում է հիմնականում պղինձ, ոսկի, մոլիբդեն, որոշակի քանակությամբ՝ ցինկի խտանյութ։ Եվ ինչպես վկայում են Լոնդոնի մետաղների բորսայի (LME) տվյալները,

այս տարվա առաջին երեք ամիսներին պղնձի, մոլիբդենի և ցինկի գներն ավելի ցածր են եղել, քան 2015-ի նույն ամիսներին, իսկ ոսկու գինն, ըստ Լոնդոնի թանկարժեք մետաղների շուկայի ասոցիացիայի (LBMA) տվյալների, որոշակի աճ է գրանցել։ Այսինքն՝ համաշխարհային շուկայում մետաղների գների մասով և աճ կա, և նվազում։  Հետևաբար, ամեն ինչ ավելի ստույգ կերևա, երբ ՀՀ մաքսային ծառայությունը հրապարակի արտահանման և ֆիզիկական, և գումարային տվյալները։ Ըստ դրա՝ պարզ կդառնա, թե կոնկրետ որ մետաղների արտահանման մասով է աճ գրանցվել։

Ոլորտի ամենախոշոր հարկատուն  նահանջել է

Հանքարդյունաբերության ոլորտից ՀՀ պետբյուջե ստացվող հարկերի ծավալը մեծ է։ Այս տարվա առաջին եռամսյակում հանրապետության 100 ամենախոշոր հարկատուներից 5-ն այս ոլորտից են, որից երեքն առաջին 20-յակում են։ Առավել խոշոր հարկատուներն են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Թեղուտ»,  «Գեոպրոմայնինգ Գոլդ», «Դանդի փրիշս մեթալս Կապան», «Մաքուր երկաթի գործարան» ընկերությունները։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 1000 խոշոր հարկատուների ցանկում հանքարդյունաբերական ընկերություններից առաջինը հանդիպում ենք  «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի անունը։ Այս ընկերությունը տարիներ շարունակ եղել է հանրապետության 5 ամենախոշոր հարկատուների շարքում։ Վճարած հարկերի չափից երևում է, որ նրա գործերը լավ չեն՝ թեև դա նորություն չէ։ Ըստ ընկերության՝ հիմնական պատճառը համաշխարհային շուկայում պղնձի ու մոլիբդենի գնանկումն է, որը դժվարին կացության առաջ է կանգնեցրել ընկերությանը վերջին տարիներին, ինչ արդյունքում կոմբինատը լուրջ վնասներ է կրում։ Եթե 2015-ի առաջին եռամսյակում  (ԶՊՄԿ)-ն վճարել է ավելի քան 4 մլրդ դրամի հարկ ու դարձել հանրապետության 4-րդ խոշոր հարկատուն, ապա՝ այս տարվա առաջին եռամսյակում վճարել է մոտ 2 մլրդ դրամ ու նահանջել 11-րդ հորիզոնական։

Նվազել են նաև «Դանդի փրիշս մեթալս Կապան»-ի ու «Մաքուր երկաթի գործարան»-ի հարկերը։ Ու չնայած, որ «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ի և «Թեղուտ»-ի դեպքում աճ է գրանցվել, սակայն դրանք միայն մասամբ են լրացրել մյուս երեք խոշորների բացը։

«Գեոպրոմայնինգ Գոլդ»-ն այս անգամ 13-րդ տեղում։ Հանքարդյունաբերության ոլորտի երրորդ խոշոր հարկատուն  «Թեղուտ»-ն է՝ 17-րդ տեղում։ Խոշորների ցանկում «Դանդի փրիշս մեթալս Կապան»-ը 48-րդ հորիզոնականն է զբաղեցրել, «Մաքուր երկաթի գործարան»-ը՝ 60-րդ։

Բացի այս հինգ ընկերություններից, խոշորների ցանկում հանքարդյունաբերության ոլորտից ևս մի քանիսը կան, բայց նրանք ընդգրկված չեն   100-յակի մեջ և նրանց վճարած հարկերի ծավալը զգալի զիջում է վերը նշված ընկերությունների հարկերի ծավալին։   Առանձին ուշադրության են արժանի «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ»-ը և «Ագարակի պղնձամոլիբդենային Կոմբինատ»-ը։ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ»-ն այս եռամսյակում վճարել է ընդամենը 30 մլն դրամի հարկ (730-րդ տեղ) ՝ մոտ 5,5 անգամ ավելի քիչ, քան  2015-ի առաջին եռամսյակում։ Իսկ «Ագարակի պղնձամոլիբդենային Կոմբինատ»-ի հարկերը պակասել են ավելի քան երեք անգամ և կազմել 227 մլն դրամ (122-րդ տեղ)։

«Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն»-ը 257,7 մլն դրամով զբաղեցրել է 103-րդ հորիզոնականը (աճը՝ 67 մլն դրամ), «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ»-ը՝ 147,4 մլն դրամով 177-րդը (նվազումը՝ 5 մլն դրամ)։ Հանքարդյունաբերության ոլորտի մյուս ընկերություններից յուրաքանչյուրի հարկերը երեք ամսում չեն գերազանցել 100 մլն դրամը։

Այսպիսով, այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում  հանքահումքային արտադրանքն ու արտահանումն աճել են, բայց  ոլորտի խոշոր ընկերություններից միայն երկուսի հարկերն են ավելացել։  Չի բացառվում, որ մնացած ընկերությունների առաջիկա եռամսյակի հարկերի ցուցանիշներում երևան ոլորտում գրանցված աճի օգուտները։ Բայց և պետք է  նկատի ունենալ, որ ընկերությունները և ընդհանրապես՝ Հայաստանի ամբողջ տնտեսությունը շարունակ վնասներ են կրում գունավոր մետաղների գնանկումից դրանցից ունեցած մեծ կախվածության պատճառով, ուստի՝  չի բացառվում  նաև այն, որ  նույնիսկ արտադրության և արտահանման աճի պայմաններում այդ ընկերությունների մի մասը չի կարողանում հաղթահարել կրած վնասները, հետևաբար՝ չի ավելացնում հարկերի ծավալները։ Սա, իհարկե, ընդհանրական չէ և ոչ բոլոր ընկերությունների մասին է։ Յուրաքանչյուր ընկերություն այս հարցում ունի  թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ  պատճառներ ու գործոններ։  Ամեն դեպքում, երբ երկրի ընդերքը դատարկվում է, դրա դիմաց ակնկալվում են տնտեսական օգուտներ, այդ թվում՝ հարկերի ավելացում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter