HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գերմանիայի Բունդեսթագը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ է ընդունել

Գերմանիայի դաշնային խորհրդարանը այսօր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ է ընդունել: Այս մասին հաղորդում են միջազգային եւ տեղական լրատվամիջոցները: Նրանց հրապարկումների համաձայն՝ բանաձևում ասվում է. «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։
Բանաձևը, ըստ Panarmenian.net-ի, սկսվում է հետևյալ խոսքերով. «Գերմանիայի խորհրդարանն Օսմանյան կայսրությունում ավելի քան 100 տարի առաջ տեղահանված ու կոտորված հայերի և այլ քրիստոնյա զոհերի հիշատակի առաջ խոնարհվում է»։
Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է «Իթթիհաթ վե թերաքքիի» կառավարության կողմից օսմանյան հողերում բնակվող հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։
Խորհրդարանի առաջ հավաքված հայերը, հույները, քրդերը, ասորիները ծափահարություններով, ազգային պարերով են ընդունել ճանաչմամ փաստը:

ԲԻ-բի-սի-ն հաղորդում է, որ Թուրքիան մտահոգված է այս բանաձեւի ընդունմամբ եւ կարծիք է հայտնել, որ այն կարող է վնասել թուրք-գերմանական հարաբերություններին: Ըստ նույն աղբյուրի՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խորհրդարանում չի եղել քննարկման ժամանակ: Սակայն նրա Քրիստոնեադեմոկրատական կուսակցությունը, կոալիցիոն գործընկերներ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը եւ Կանաչները աջակցել են այս բանաձեւի ընդունմանը:

Այս նախաձեռնությունը ոչ միայն սուր քննադատության էր արժանացել Թուրքիայի իշխանությունների կողմից, այլեւ գերմանացի խորհրդարանականների նկատմամբ սպառնալիքների տեղիք տվել:

Թուրքիայի նորանշանակ վարչապետ Բինալի Յիլդիրիմն ասել էր, թե այս բանաձեւն «իռացիոնալ է», իսկ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել էր Մերկելին եւ ասել, որ «հարաբերությունները կփչանան, եթե գերմանիան ներքաշվի այս խաղի մեջ»:  

Panarmenian.net-ի հաղորդմամբ՝ Բունդեսթագի նախագահ Նորբեր Լամերտը, Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի քվեարկության կապակցությամբ իր ներածական խոսքում հայտարարել էր, որ գերմանացի խորհրդարանականները պատրաստ են քննադատություն ընդունել, բայց թույլ չեն տա իրենց ահաբեկել: «Մենք թույլ չենք տա մեզ ահաբեկել»,- ասել էր Լամերտը:

Լուսանկարը՝ © REUTERS/ Hannibal Hanschke

Մեկնաբանություններ (1)

Արմենակ Եղիայեան
Գերմանիան օրին ցոյց տուաւ, թէ ինք մեծ ժողովուրդ է, երբ ըմբռնեց Սողոմոմ Թեհլիրեանի ողբերգութիւնը եւ ազատ արձակեց զայն: Իսկ հիմա, ճանչնալով ցեղասպանութիւնը ու մանաւանդ Գերմանիոյ պատասխանատւութիւնը այդ ցեղասպանութեան մէջ, Գերմանիա շատ աւելի մեծցաւ: Յարգա՛նք այդ ժողովուրդին ու անոր ներկայացուցիչներուն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter