HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ջերմուկ. հանքարդյունաբերության վտանգների մասին բնակիչները քիչ են տեղեկացված

Ջերմուկում ամեն ինչ զբոսաշրջիկների հետ է պայմանավորված. 10 հարցից առնվազն 8-ի դեպքում ջերմուկցին քեզ կպատասխանի. «դեռ սեզոնը չէ, տուրիստները դեռ չեն եկել»: Այս տարի տուրիստական սեզոնը մի փոքր ուշ է սկսվել, օրերն անձրեւային են՝ երեկոները ցուրտ:

Ջերմուկում բուն տուրիստական սեզոն են համարվում ամառվա երկու՝ հուլիս եւ օգոստոս ամիսները, երբ առանց նախապես ամրագրման հնարավոր չէ ազատ տեղ գտնել ոչ առողջարաններում, ոչ հյուրանոցներում, անգամ վարձով տրվող բնակարաններն են քչություն անում: Այս շրջանում է, երբ ջերմուկցիները հնարավորություն են ունենում հավելյալ գումար աշխատել` բուժիչ խոտաբույսերի, մուրաբաների, մեղրի վաճառքից, ինչպես նաև վարձով տրամադրելուց: Ամռան ամիսներին Ջերմուկում իրենց փոքրիկ «բիզնեսն» ունեն նաեւ երեխաները:

Դեպի հանքային ջրերի ցուցասրահ` Գալերեա տանող ճանապարհի ծառածածկ հատվածում` ծառի ստվերում, մի սեղան եւ երեք աթոռ է դրված. Ռազմիկի «Տատու»-ի սրահն է: «Դե ես ժամանակավոր, հինայով տատու եմ անում, լուրջ բան չկա,-ծիծաղում է Ռազմիկ Զաքարյանը,-եթե կուզեք, մի նախշ ընտրեք, ձեզ համար էլ անեմ»,- ասում է Ռազմիկը, ով 16 տարեկան է: Գործընկերուհի ունի՝ երկուսով են աշխատում:

«Իմ հետ մի աղջիկ էլ կա աշխատող, հիմա դպրոցական քննություններով է զբաղված, ես անցյալ տարի եմ ավարտել: Դե անցած տարի որոշեցինք, ես էլ որ նկարում եմ, ասեցինք փորձենք: Երեւանից հինա, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ ու մնացած պարագաներն առանք, հետո ոնց որոշել էինք, եկանք էստեղ, ու արդեն մի երկու ժամ հետո ահագին հետաքրքրվողներ կային, էդպես բիզնես սկսեցինք»,-պատմում է Ռազմիկը:

Անցյալ տարի գործընկերներով մոտ 400 հազար դրամ գումար են աշխատել ամառվա երեք ամիսների ընթացքում: Տարբեր չափերի ու բարդության դաջվածքները սկսվում են 500 դրամից՝ միջինը հիմնականում 2000 դրամանոց պատվերներն են գերակշռում: Ունեցել են նաեւ պատվեր, որ արժեցել է 10 հազար դրամ:

«Մեր կլիենտները հիմնականում երեխաներն ու ջահել աղջիկներն են: Երեխաները կարիճ, վիշապ, փիղ ու նման բաներ են ուզում, աղջիկներն էլ հիմնականում՝ նախշեր ձեռքերին, ուսին»,- պատմում է Ռազմիկը:

Աշխատանքը սկսում են առավոտյան 9-ից. «Դե վախտ է լինում` մինչեւ գիշերը 11-12-ը մնում ենք: Մարդ է, գալիս է երեկոյան ժամը 9-ին, մի երկու ժամանոց գործ է ուզում, հո չենք ասի չէ, էդպես, երկար ենք մնում: Հիմա, որ դեռ օրերը չեն տաքացել՝ ժամը 11-ից ենք գալիս, հետո որ եղանակները բացվեցին՝ շուտ են գալու»:

Զրույցին միանում է Ռազմիկի 12-ամյա եղբայրը` խնդրելով եղբորը, որ իր թեւին դաջվածք անի: Ռազմիկը քթի տակ փնթփնթում է. «Արի է՜, կյանքս կերար, ասա տեսնեմ ինչ պիտի նկարեմ»: Արմենի ուզածը մեծ բան չէ՝ ընդամենը մի վիշապ: Փոքրը մեծից անընդհատ նկատողություն է ստանում: Արմենը անշարժ չի նստում, Ռազմիկն էլ նեղվում է, որ վիշապը ծուռ կստացվի: Բայց դե եղբոր նկատողություններն Արմենի վրա չեն ազդում: Հարցնում է՝ ես էլ ասե՞մ, թե ինչով եմ զվաղվում:

«Ես էլ պիտի հեծանիվներն աշխատացնեմ,-շուտասելուկի նման վրա է տալիս Արմենը,-դե ոնց որ երեկ չէ մեկել օրը էկա Գալերեա, ասի տեսնեմ ինչ գործ կա, որ անեմ, Իշխանն ասաց, հեսա՛, վերցրու հեծանիվներն աշխատացրու: Հա, մեկ էլ կոն եմ հավաքում, եղեւնու կոները հավաքում ենք, էստեղ մի մարդ կա, տալիս ենք իրեն, որ մուրաբա եփեն, ծախեն: Անցած օրը մի կիլո հավաքել էի, երեկ էլ գնացինք, բայց որ քամի էր՝ չկարողացա ծառը բարձրանամ: Մի կիլոյին 1000 դրամ փող են տալիս»:

Արմենի աչքերը շողշողում են այն մտքից, որ ընտանիքին իր աշխատանքով օգտակար է լինելու: Տղաները պատմում են, որ տարածքում ամեն մեկն իր անելիքը գիտի, երբեք ոչ մեկը մյուսի գործը չի «խլում»: «Ստեղ սաղ իրենց գործը գիտեն իրենց տեղն ունեն, որ ամեն տարի գալիս են՝ ոչ մեկ, ոչ մեկին չի խանգարում»,-ասում է Ռազմիկը: Պատանիներին հարցնում եմ Ամուլսարի ու ոսկու արդյունահանման մասին: Ունեցած տեղեկությունները մշուշոտ են, գիտեն միայն, որ դիմացի սարից ոսկի են հանելու:

Տղաների հայրը՝ Կարենը, մի փոքր հեռվում հետեւում է մեր զրույցին՝ չի մոտենում, չի խանգարում: Ես ինքս եմ մոտենում Կարենին: Նոր է վերադարձել Ղարաբաղից. «Օրերը մի քիչ էլ տաքանան, բերեմ էն պոպկորնի ապարատը դնեմ: Հիմա ուղղակի տուրիստներն են քիչ, չե՞ք տեսնում ինչքան քիչ մարդ է գալիս ջուր խմելու, բայց հեսա, հունիսի կեսերից հետո կշատանան՝ դեռ սեզոնը չի»,- ասում է Ռազմիկի հայրը: Կարենը հույս ունի` հանքում աշխատանքի տեղավորվելու:

«Դե, իմ լսելով, օրը 6-8 հազար դրամ փող պիտի տան, որ հաշվում եմ, ոնց էլ լինի, ամսական մի 200 հազար դրամ կստանամ: Կարողանամ տեղավորվել, աշխատել, տունս պահել, թե չէ մենակ սեզոնին ադիբուդի ծախելով չի լինի»,-մտահոգվում է Կարենը: Հանքարդյուանբերության վտանգների մասին լսել է, բայց լուրջ չի վերաբերվում:

Ի դեպ` այդ խնդրին թերահավատորեն վերաբերվողների պակաս Ջերմուկում կարծես թե չկա: Մարդիկ տարակուսանքի մեջ են. մի կողմից լսել են վտանգների եւ առողջարանային քաղաքին հասցվող վնասների մասին, մյուս կողմից` իրենք իրենց հանգստացնում են, թե կառավարությունը այնպիսի որոշում չի կայացնի, որ վնաս հասցնի Ջերմուկին:

Իհարկե, մարդիկ չեն մոռացել բնապահպանների այցերը, հանրային իրազեկումները, բայց վերջին տարին բողոքի ալիքն ասում են` մարել է:

Ջերմուկի բնակիչ 47-ամյա Մխիթար Ստեփանյանը կնոջ հետ 18 տարի է` զբաղվում է բույսեր հավաքելով ու վաճառելով: Ասում է` ամբողջ տարին դրանով են զբաղվում՝ թեպետ հիմնական գումարն աշխատում են ամառվա ամիսներին: Վաճառում են Ջերմուկ քաղաքի մերձակա դաշտերից հավաքած ուրցը, դաղձը, նանան, մեղրածաղիկը, անթառամը, լորենին, ավելուկը, մասուրը եւ այլն: Վերջին տարիներին այնքան լայն տարածում գտած եղեւնու կոներից պատրաստած մուրաբաներն ու սեփական արտադրության մեղրն ամենաշատ վաճառվող ապրանքատեսակների ցանկում են:

Հիմնական գնորդները հայաստանաբնակ եւ սփյուռքից ժամանած հանգստացողներն են, նաև ռուս զբոսաշրջիկները:

Մխիթարը Ամուլսարի ոսկու արդյունահանման ծրագրից շատ չի խոսում: Միայն նկատում է, որ ինքը երբեք չէր աշխատի հանքում՝ 1997թ-ին սրտի վիրահատություն է տարել ու հիմա հաշմանդամության թոշակ է ստանում: Ընտանիքը պահում է բնության տված բարիքներով: Միակ տղան ծառայում է Ստեփանակերտում: Դժվար է պատկերացնում, թե ինչպես է հետագայում հոգալու ընտանիքի կարիքները, եթե հանքի գործունեության արդյունքում բնապահպանների կանխատսումները շրջակա միջավայրին հասցվելիք վնասների մասով հանկարծ իրականանան: «Ասում են հանքի փոշին նստելու է դաշտերի վրա՝ հասնելու է Ջերմուկ: Բայց մենք հենց էդ դաշտի տվածով ենք ապրում: Չգիտեմ` ոնց է լինելու, տա Աստված էդ վնասը չլինի, ինչ ասեմ»:

Հանքարդյունաբերության պատճառով Գնդեվազում մեղվաբուծությունն ու այգեգործությունը կհայտնվեն աղետալի վիճակում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter