HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անկախությունից հետո Արագածոտնում եկեղեցիներ են կառուցել նվազագույնը 100.000 դոլարով

սկիզբը

Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը ձեւավորվել է 1996 թ. մայիսի 30-ին կաթողիկոս Գարեգին Ա-ի կոնդակով: Այն ընդգրկում է նույնանուն մարզի տարածքը:

1996-ին թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել տեր Նավասարդ վարդապետ Կճոյանը, որը մեկ տարի անց ստացել է եպիսկոպոսի աստիճան եւ դարձել արդեն թեմի առաջնորդ: 1999-ին Կճոյանին, ով նորընտիր կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից նշանակվել էր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ, փոխարինել է տեր Վազգեն վարդապետ Միրզախանյանը (ներկայում Վիրահայոց թեմի առաջնորդն է): 2002-2003 թթ. Արագածոտնի առաջնորդական տեղապահը տեր Բագրատ վարդապետ Գալստանյանն էր (ներկայում Տավուշի թեմի առաջնորդն է): Հետագայում առաջնորդական տեղապահ են դարձել տեր Թորգոմ աբեղա Տոնիկյանը (2003-2007 թթ.) եւ տեր Գրիգոր աբեղա Խաչատրյանը (2007-2009 թթ., երկուսն էլ ներկայում վարդապետներ են):

2009-ին թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել տեր Մկրտիչ վարդապետ Պռոշյանը, որն արդեն հաջորդ տարի ձեռնադրվել է եպիսկոպոս եւ դարձել թեմի առաջնորդ: Պաշտոնավարում է մինչ օրս:  

Թեմի առաջնորդանիստը Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին է, սակայն առաջնորդարանը գտնվում է Աշտարակի Մուղնի թաղամասում՝ Ս. Մարիանե (Ս. Մարինե) եկեղեցու հարեւանությամբ:

Արագածոտնի մարզպետարանի՝ «Հետքին» տրամադրած տվյալներով՝ մարզում 1991-ից ի վեր կառուցվել է 3 նոր եկեղեցի եւ նույնքան մատուռ: Իրականում, սակայն, նորակառույցներն ավելի շատ են: Այդուհանդերձ, մինչ այժմ մեր ներկայացրած մարզերից Արագածոտնում ամենաքիչն են եկեղեցիներ ու մատուռներ կառուցել: Շեշտենք, որ հաճախ տարակարծություն է առաջանում՝ տվյալ կառույցը եկեղեցի է, թե մատուռ: Նույնիսկ հոգեւորականների կողմից այս երկու տերմինները երբեմն չեն տարանջատվում: Մատուռի հիմնական տարբերությունը եկեղեցուց այն է, որ նրա հիմքում չկան օծված 16 քարեր, այնինչ եկեղեցու պարագայում պարտադիր կատարվում է հիմնակեք եւ քարերի օծման արարողություն:  

Արագածոտնի նորակառույց եկեղեցիներն են՝

Ս. Աստվածածին (Նոր Եդեսիա, օծումը՝ 1999 թ.),
Ս. Ստեփանոս (Չքնաղ, 2004),
Ս. Գրիգոր Նարեկացի (Ղազարավան, չի օծվել),
Ս. Նշան (Բերքառատ, 2011):

(Սեղմելով քարտեզում նշված կետերի վրա՝ կարող եք տեսնել տվյալ եկեղեցու նկարագրությունը)

Աշտարակի տարածաշրջանի Նոր Եդեսիա համայնքի Ս. Աստվածածին եկեղեցին կառուցվել է Բուենոս Այրեսում բնակվող Գեւորգ եւ Ռոսիդա Սարաֆյանների միջոցներով, ովքեր արմատներով պատմական Եդեսիայից են (ներկայում` Ուրֆա, Թուրքիայի կազմում): Եկեղեցու հիմնօրհնեքը կատարվել է 1997-ին, իսկ բացման արարողությունը՝ 1999-ին: Սա 1970-ականներին հիմնադրված եւ պաշտոնապես 1065 բնակիչ ունեցող Նոր Եդեսիայի միակ եկեղեցին է (այստեղ եւ ստորեւ բնակչության թվերը վերցված են 2011 թ. ՀՀ մարդահամարից, ըստ ԱՎԾ-ի. ներկայացվողը մշտական բնակչության թիվն է):

Գյուղապետ Վահան Աբգարյանի տեղեկացմամբ, ով այս պաշտոնում է 2002-ից՝ եկեղեցու շինարարությունն սփյուռքահայ Սարաֆյանները վստահել էին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադիր-տնօրեն Լավրենտի Բարսեղյանին (1937-2014): Վ. Աբգարյանն ասում է՝ չգիտի, թե որքան գումար է ներդրվել եկեղեցու համար, բայց ըստ վարկածների՝ 90.000-120.000 դոլար է ծախսվել: Նորակառույցը ստացել է Եդեսիայի Ս. Աստվածածին եկեղեցու անունը, որը Ցեղասպանությունից հետո լքվել է, ապա թուրքական իշխանությունների կողմից վերածվել էլեկտրակայանի, իսկ 1993-ին՝ մզկիթի:

Սարաֆյանները, ըստ համայնքի ղեկավարի, եկեղեցու սպասավորի համար գյուղում նաեւ տուն են գնել: Նշենք, որ Նոր Եդեսիան մտնում է Արագածոտնի թեմի Արուճի հովվության մեջ, որի հոգեւոր հովիվը ներկայում տեր Ղեւոնդ քահանա Գափոյանն է: 

Ապարանի տարածաշրջանի Չքնաղ համայնքը, որն ընդամենը 239 բնակիչ ունի, ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ներկայում քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հայրենի գյուղն է: 2001-ին՝ պեղումների ժամանակ, Չքնաղում հայտնաբերվել են 5-րդ դարի Ս. Ստեփանոս եկեղեցու հիմքերը: Նախկին դատախազի ծնողների՝ Գառնիկ եւ Անժելա Հովսեփյանների հովանավորությամբ կառուցված նոր եկեղեցին էլ կոչվել է այս անունով:

Վանյա Դավթյանը, ով 1994-ից ղեկավարում է Չքնաղը, ասում է, որ նոր Ս. Ստեփանոսի կառուցումը մի քիչ երկար պատմություն է: Գյուղի բնակիչները գաղթել են Արեւմտյան Հայաստանի Մուշ գավառից 1829-1831 թթ. եւ այդ ժամանակ իրենց հետ բերել են նաեւ «Նարեկը», որը մինչ օրս մեծ համբավ ունի գյուղում: 1830-ականներին էլ, ըստ Վ. Դավթյանի, գյուղում կառուցվել է Ս. Նարեկ մատուռը: 2003-ին՝ Հովսեփյանների ձեռնարկած վերանորոգումից հետո, այն օծվել ու վերաբացվել է:

Իսկ մինչ այդ երբ կաթողիկոսը գյուղ էր այցելել, համայնքի ղեկավարի ասելով, կոչ էր արել, որ եթե ուզում են բարերարություն անել, եկեղեցի կառուցեն: Ս. Ստեփանոսի շինարարությունը մեկնարկել է 2001-ի օգոստոսին՝ հնի ավերակների հարեւանությամբ: 2002-ի հոկտեմբերի 15-ին Գարեգին Բ-ն օրհնել է կառուցվող շինության հիմքը, իսկ 2003-ի հոկտեմբերի 19-ին օծվել է խաչը: Նորակառույց Ս. Ստեփանոսն օծվել է 2004-ի հունիսի 20-ին կաթողիկոսի ձեռամբ:

Վ. Դավթյանի ասելով՝ ինքը տեղյակ չէ, թե որքան է ներդրվել դրա շինարարության վրա: Սակայն համեմատելով մարզի մյուս նորակառույցների հետ, որոնք չափերով մոտ են այս մեկին ու կառուցվել են 90-ականների վերջին, 2000-ականների սկզբին (դոլարի փոխարժեքն այն ժամանակ բավական բարձր էր)՝ կարող ենք ասել, որ Ս. Ստեփանոսը նվազագույնը 100.000 դոլար է արժեցել: Եկեղեցին ենթարկվում է թեմի Ապարանի հովվությանը:

Աշտարակի մեկ այլ գյուղում՝ Ղազարավանում (450 բնակիչ), Ս. Գրիգոր Նարեկացի եկեղեցու հիմնարկեքը կատարվել է 1998-ին թեմի այն ժամանակվա առաջնորդ Նավասարդ Կճոյանի ձեռքով: Մտահղացումը ռուսաստանաբնակ Կարապետ Նազարյանինն է, որը նաեւ հովանավորել է շինարարությունը: Ղազարավանի գյուղապետարանից մեզ հայտնեցին, որ կառուցապատումն արժեցել է 100.000-120.000 դոլար, աշխատանքներին ֆինանսապես աջակցել է նաեւ համայնքի ղեկավար Հայկ Ասատրյանը (գյուղապետ է 2011-ից):

Շինարարությունն ավարտվել է 2000-ականների կեսերին, սակայն պարզվել է, որ թույլ է տրվել եկեղեցական կանոնական ճարտարապետության սկզբունքների խախտում: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանն այս առիթով armversion.am-ին դեռ 2013-ին հայտնել էր. «Ս. Սեղանը կառուցված էր հյուսիսային կողմում, մինչդեռ պիտի լինի արեւելյան մասում, խորանը պետք է ունենա խորհրդանոցներ եւ այլն: Ըստ Արագածոտնի թեմի՝ որոշ աշխատանքներ կատարվեցին առկա թերությունները սրբագրելու համար, սակայն մեզ անհայտ պատճառով ավարտի չհասցվեցին: Մեկ այլ խնդիր է պատկանելության հարցը. իրավականորեն սրբավայրը չի կարող պատկանել այն կառուցող անհատին կամ էլ համայնքին, որտեղ որ գտնվում է: Կառուցապատումից հետո աղոթատունը պետք է հանձնվի եկեղեցական միավորին՝ թեմին, կամ էլ ուղղակի Մայր Աթոռ Ս. Էջմիածնին: Անգամ պետությունն է հնամենի վանքերն ու եկեղեցիները հանձնում ու վերադարձնում իրավատիրոջը, եւ այս լույսի ներքո այլ կեցվածք, համաձայնեք, որ ընկալելի չէ»:

Ահա այս պատճառով մինչ օրս Ս. Գրիգոր Նարեկացին օծված չէ, սակայն այստեղ եկեղեցական արարողություններ կատարվում են: Տեր Վահրամը բացատրել է նաեւ, թե դա ինչպես է կատարվում. «Չօծված աղոթատան մեջ ծիսական արարողություններ կարող են կատարվել միայն թեմակալ առաջնորդի արտոնությամբ: Առաջնորդն իր իշխանությամբ թեմի հոգեւոր սպասավորին կարող է նման արտոնություն տալ, եթե որեւէ խանգարող այլ հանգամանք չկա, եւ եկեղեցու օծումը պարզապես ժամանակի խնդիր է: Տեղեկացնեմ նաեւ, որ եթե նման մատուռի մեջ պետք է Ս. Պատարագ մատուցվի, ապա դա հնարավոր է միայն օծված վեմ քարի առկայության պարագային, որն իր հետ բերում է պատարագիչ քահանան: Օրինակ՝ եկեղեցու ավազանում Սբ. Մկրտություն չի կարող կատարվել, որովհետեւ այն օծված չէ»:

Այդուհանդերձ, ըստ Ղազարավանի գյուղապետարանի, ներկայում տարվում են փաստաթղթային աշխատանքներ, եւ առաջիկայում եկեղեցին հավանաբար կօծվի: Ղազարավանը Արագածոտնի թեմի Մուղնու հովվության գյուղերից է:

Արագածի տարածաշրջանի Բերքառատ գյուղում (795 բնակիչ ունի) 2011-ի օգոստոսի 13-ին թեմի առաջնորդ տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի ձեռամբ օծվել է Ս. Նշան եկեղեցին, որի շինարարությունը մեկնարկել էր մեկ տարի առաջ: Վերջինիս բարերարը Ղազախստանում ապրող գործարար, բերքառատցի Արսեն Ամիրխանյանն է: Ըստ Բերքառատի գյուղապետ Մերուժան Մինասյանի՝ Ս. Նշանի համար ներդրվել է 100.000 դոլար: Եկեղեցու սպասարկողը Ապարանի հովվությունն է:  

Բացի վերը նշվածներից՝ Ապարանի Երնջատափ գյուղում (611 բնակիչ) այս պահին դեռ ընթացքի մեջ է Ս. Աստվածածին եկեղեցու կառուցումը: Գյուղում նույն անունով հին եկեղեցի կա (լուսանկարում), որը կոչվում է նաեւ Ս. Նշան եւ կառուցվել է 12-13-րդ դարերում, վերանորոգվել՝ 1901-ին:

Միջնադարյան բազիլիկ եկեղեցու տանիքը 2006-ին վերանորոգել է ԱԺ պատգամավոր, երնջատափցի Լյովա Խաչատրյանը: Համայնքի ղեկավար Հրաչյա Սահրադյանի ասելով՝ հենց Խաչատրյանի նախաձեռնությամբ էլ մի քանի տարի առաջ սկսվել է նոր Ս. Աստվածածնի կառուցումը:

Նոր մատուռներ

Մարզում նորակառույց մատուռների թիվն ավելի շատ է, քան ներկայացրել է մարզպետարանը: Ըստ թեմի կայքի՝ այդպիսիք կան, մասնավորապես, Թալինի Աշնակ գյուղում եւ Աշտարակի Մուղնի թաղամասում: Անդրադառնանք, սակայն, այն մատուռներին, որոնց մասին մեր հարցման պատասխանում նշել է մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Աշոտ Դավայանը:

Առաջինը Ապարանի տարածաշրջանի Արայի համայնքի Ս. Մարիամ եւ Եղիսաբեթ մատուռն է: Այն գտնվում է գյուղ մտնող ճանապարհի հարեւանությամբ: Կառուցման նախաձեռնությունը արայեցի Իրինա Գալստյանինն է, ով 1998-ին դիմել է Արարատյան Հայրապետական թեմի այն ժամանակվա առաջնորդական փոխանորդ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանին, ով էլ օգնելու համար դիմել է ՀԱԵ ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդին: Արդյունքում գումարը տրամադրել է Բոստոնի Հայ եկեղեցասիրաց կանանց միությունը:

1999-ի հունիսին Արագածոտնի թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը կատարել է մատուռի հիմնարկեքը, իսկ 2002-ի հուլիսի 13-ին՝ Ս. Աստվածածնի վերափոխման օրը, օծվել է մատուռի խաչը: Ճարտարապետը Հակոբ Բաբախանյանն է: Մատուռը նվիրվել է որդեկորույս մայրերին:

Ինչպես վերը նշեցինք, Երնջատափում կառուցվում է Ս. Աստվածածին եկեղեցին: Հատկանշական է, որ գյուղ մտնող ճանապարհին 2005-ին նույն անունով մատուռ է կառուցվել, որի հովանավորը Արթուր Սարգսյանն է:

Ըստ մարզպետարանի՝ այն օծվել է 2007-ին: Այսինքն՝ Երնջատափում 3 հատ Ս. Աստվածածին կա՝ հին ու նոր եկեղեցիները եւ այս մատուռը:

Աշտարակի Ագարակ գյուղի Ս. Աստվածածին մատուռի կառուցման նախաձեռնողն ու հովանավորը ագարակցի Հրաչյա Պողոսյանն է, ով գործարար է, բնակվում է Սանկտ Պետերբուրգում: Այս գյուղը հին պատմություն ունի, նրա հուշարձանների թվում են 5-6-րդ դարերի Ս. Աստվածածին եւ 10-րդ դարի Ս. Ամենափրկիչ եկեղեցիները, որոնցից ավերակներ են պահպանվել: Հատկապես վատ վիճակում է Ս. Ամենափրկիչը (Թուխ Մանուկ), որը տեսնելուց հետո Հ. Պողոսյանը որոշել է հարեւանությամբ նորը կառուցել:

Շինարարությունը մեկնարկել է 2008-ի գարնանը: Հիմնարկեքի ժամանակ 12 եկեղեցիներից բերված հող է խառնվել, տեղադրվել են Երուսաղեմից բերված մասունքներ: Աստվածամոր սրբապատկերը պատրաստելու համար Սանկտ Պետերբուրգից հրավիրվել է Մեծ Հայրենականի վետերան, վաստակավոր նկարիչ Զաքար Խաչատրյանը:

Ս. Աստվածածինն օծվել է կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից 2008-ի հոկտեմբերի 4-ին: Այդ օրը համարվում է ուխտի եւ Ագարակի վերածննդի օր:

Համայնքի ղեկավար Վահան Խաչատրյանի ասելով՝ Ս. Աստվածածնի համար ներդրվել է նվազագույնը 100.000 դոլար: 2010-ին դրա հարեւանությամբ զանգակատուն է կառուցվել, որը նվիրվել է հայ-ռուսական բարեկամությանը: Հ. Պողոսյանի միջոցով այդ ժամանակ Ս. Պետերբուրգից ռուս հոգեւորականներ էին հրավիրվել Ագարակ:

Գործարարը նաեւ Մեծ եղեռնի, Հայրենականի ու Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող է կանգնեցրել համայնքում, որի բացմանը ռուս գեներալներ են մասնակցել: Բացի դրանից՝ Ագարակի խաղահրապարակն ու դպրոցն է վերանորոգել: Ռուսաստանաբնակ ագարակցին նաեւ Լենինգրադի մարզում է տարբեր հուշակոթողներ կանգնեցրել: Սեւանի Վազգենյան դպրանոցում էլ ռուսաց լեզվի լսարան է բացվել նրա ֆինանսավորմամբ: Հրաչյա Պողոսյանը բավականին սերտ կապերի մեջ է Մայր Աթոռի եւ կաթողիկոսի հետ:  

Նաեւ խաչ ու խորան

2012-ի հոկտեմբերի 20-ին Երեւան-Ապարան մայրուղու հարեւանությամբ բացվել ու օծվել են նորակառույց Ս. Խաչը եւ Ս. Երրորդություն հույսի խորան հաղորդարանը: Նախաձեռնողը նախկին գլխավոր դատախազ, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահ Աղվան Հովսեփյանն է, ճարտարապետը՝ Անդրանիկ Սարգսյանը: Ս. Խաչի բարձրությունը 33 մ է, ինչը խորհրդանշում է 33 տարեկանում խաչված Հիսուս Քրիստոսին, բացման ժամանակ այն կազմված էր 1711 մեծ ու փոքր խաչերից, որոնք խորհրդանշում են քրիստոնյա Հայաստանի տարիքը: Ամեն տարի Ս. Խաչի վրա ավելացվում է եւս մի խաչ: Այս խաչերը մետաղյա են եւ գլանաձեւ, ինչի շնորհիվ քամու ժամանակ եկեղեցու երգեհոնի նման ձայն են արձակում: Ս. Խաչի պատվանդանը 301 սմ բարձրությամբ 4 խաչ-մատուռներ են, որոնք խորհրդանշում են 4 ավետարանիչներին: Հոկտեմբերի 20-ը նրանց հիշատակի օրն է, իսկ 301 սմ-ը բնորոշում է 301 թվականը, երբ Հայաստանը պաշտոնապես ընդունել է քրիստոնեությունը: Ս. Խաչի հարեւանությամբ Ս. Երրորդությունն է, որն իբրեւ կառույց բաց խորան է: Խորանի հարթակը կարող է ծառայել նաեւ աշխարհիկ միջոցառումների համար:

Գլխավոր լուսանկարում՝ Չքնաղի Ս. Ստեփանոս եկեղեցին

Շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter