
Անգլիայում վերաքննիչ դատարանը 100 տարեկան է, բայց դատական սխալներ կան
Անգլիայի քաղաքացի Մայքլ Օ՛բրայենը 1988-ին 19 տարեկան է եղել, երբ մեղադրվել է Քարդիֆի ինֆորմացիոն գործակալի սպանության մեջ և դատապարտվել ցմահ ազատազրկման: Գործի նյութերում չեն եղել փորձագիտական ապացույցներ: Պարզապես 5 մարդ վկայություն էր տվել Օ՛բրայենի և ևս երկու անձի դեմ:
«Ինձ մեղադրեցին մի հանցանքի մեջ, որը ես չէի կատարել: Երբ բանտում էի, ինձնից հեռացավ իմ կինը, աղջիկս ու հայրս մահացան: Բանտում հանդիպեցի այլ անմեղ մարդկանց, որոնք ասում էին, որ պետք է մի բան անել, գրել: Երբ բանտում ես, կա 2 ճանապարհ՚ չարանալ կամ կառուցողական լինել, օգնել մարդկանց: Եվ ես սկսեցի ուսումնասիրել իրավունք, գնացի բանտի գրադարան ու վեցրեցի իրավունքի մասին գրքեր: Երբ սկսեցի հասկանալ ինձ բանտ գցելու մեխանիզմը, սկսեցի փնտրել նաև մեթոդը, որն ինձ կարող էր բանտից դուրս բերել»,- «Հետքին» պատմեց 11 տարի բանտում եղած, ապա արդարացված Մայքլ Օ՛բրայենը:
1980-ականների վերջին Անգլիայում չի եղել որևէ մեխանիզմ, որը թույլ կտար մի անկախ մարմնի ուսումնասիրելու քրեական գործերը: Եվ միայն 1997 թ-ին է հիմնվել Քրեական գործերի վերանայման հանձնաժողովը, որը հետ է ուղարկել Օ՛բրայենի, նաև կասկածելի այլ գործեր Վերաքննիչ դատարան: Մայքլի գործի վերանայումը հաջողել է, վկաներն ասել են, որ ոստիկանները ստիպել էին իրենց ցուցմունք տալ մեղադրյալների դեմ: «Եթե չլիներ հանձնաժողովը, ես այստեղ չէի լինի»,- ասաց դատական սխալ վերապրած Օ՛բրայենը:
Նա բանտից դուրս է եկել Սուրբ Ծննդի նախօրեին: Ահա, թե ինչ է հիշում այդ օրվանից. «Մարդիկ մեքենաները կանգնեցնում էին, դուրս գալիս, մոտենում ինձ ու սեղմում ձեռքս, ծեր կանայք մոտենում էին ինձ փողոցում, ասում էին՝ ա'խ այդ ոստիկանի...: Եվ ես չէի կարողանում զսպել ծիծաղս: Նրանք չէին հավատում, որ ոստիկանը կարող էր ապացույց սարքել: Դե, նրանք ուրիշ սերնդից էին, որտեղ ոստիկանները միայն լավն էին»:
Բանտում անարդար գտնվողներին ուղղված նրա կոչը հետևյալն է. «Երբեք մի՛ հանձնվեք, միշտ հույս կա: Դու կարող ես ինքնակրթվել, սովորել իրավունք: Անգլիայում վերաքննիչ դատարանը 100 տարեկան է, բայց դատական սխալներ կան: Մինչդեռ կա նաև Քրեական գործերի վերանայման հանձնաժողովը, որը ավելի լավն է դարձնում դատական համակարգը»:
Հին իրավակարգի քրեական գործերի վերաբացման բրիտանական փորձը
Քրեական գործերի վերանայման հանձնաժողովը (CCRC) հանրային մարմին է, որը ստեղծվել է 1997 թ-ին Մեծ Բրիտանիայի տարածքում հնարավոր դատական սխալները ուսումնասիրելու նպատակով: Այս մարմնի հիմնադրմանը նախորդել է Պառլամենտի կողմից 1995 թ-ին ընդունված Քրեական գործերի վերանայման ակտը: Հանձնաժողովն ունի իրավասություն ուսումնասիրելու քրեական գործերը և հետ ուղարկելու Վերաքննիչ դատարան, եթե գտնի, որ կա դատավճռի բեկանման կամ պատժաչափի նվազեցման իրական հնարավորություն:
Հանձնաժողովն ունի հատուկ լիազորություն պետական բոլոր մարմիններից ստանալու անհրաժեշտ բոլոր նյութերն ու տեղեկատվությունը քրեական գործերի ուսումնասիրման համար, նաև նշանակելու փորձաքննություններ, խոսելու վկաների հետ: Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը իրավունք ունի նոր փորձագետ հրավիրել:
Հանձնաժողովը գտնվում է Բրիմինգեմում: Ունի 90 աշխատակից, այդ թվում՝ 40 հետազոտողներ: 12 հանձնաժողովականները նշանակվում են Հանրային հարցերի հանձնաժողովականի համաձայնությամբ: Նախ դատապարտյալները դիմում են ներկայացվում Հանձնաժողով: Դա անելու համար պարտադիր չէ փաստաբան ունենալ: Դատական սխալի վերհանումը հանձնաժողովի աշխատանքի գլխավոր նպատակն է:
«Մեր տեսլականն է քրեական արդարադատության ոլորտում ավելացնել հանրային վստահությունը, հույս տալ ու վերականգնել արդարությունը նրանց համար, ովքեր սխալ են դատապարտված և նպաստել օրենսդրական բարեփոխումների անցկացմանը»,- գրված է հանձնաժողովի կանոնադրության մեջ:
Եթե նույնիսկ անձը արդեն մեկ անգամ դիմել է Վերաքննիչ դատարան ու բողոքարկել գործը, միևնույնն է՝ եթե հանձնաժողովը նոր հիմքեր, ապացույցներ ու նոր երևան եկած հանգամանքներ է գտնում գործի ուսումնասիրման ժամանակ, ապա կարող է կրկին գործը ուղարկել նույն դատարան՝ վերանայման:
1997 թ-ից մինչև 2016 թ-ի հունվարի 31-ը հանձնաժողովը ստացել է ավելի քան 20 հազար դիմում, որոնցից 19.234-ը օրինական ուժի մեջ մտած դատավճիռներ են եղել: 19 տարվա ընթացքում հանձնաժողովը 612 քրեական գործով է տեսել վերանայման հնարավորություն: Արդյունքում՝ արդեն բեկանվել է 402 դատավճիռ, 171 գործով նախկինում կայացված դատավճիռները չեղյալ են համարվել: Ներկայումս 797 քրեական գործ հանձնաժողովի կողմից դեռ ուսումնասիրման փուլում է, իսկ 398 գործով սպասվում են վերանայումներ:
«Մենք լիովին անկախ մարմին ենք, մենք չենք աշխատում դատարանների, ոստիկանության, մեղադրանքի կողմի կամ այն մարդկանց համար, ում գործերը ուսումնասիրում ենք: Մենք մնում ենք անկախ բոլոր կողմերից այնպես, որ կարողանանք հետազոտել հնարավոր դատական սխալները»,-ասված է Հանձնաժողովի կայքում:
1970-ականներից բրիտանական հասարակությունը անվստահություն է հայտնել դատական համակարգին
Մինչ Քրեական գործերի վերանայման հանձնաժողովի ստեղծումը այդ գործերի նորոգման վարույթներ կարող էր սկսել միայն Ներքին գործերի նախարարությունը: Սակայն հանրությունը դժգոհել է այդ մեխանիզմից, քանի որ տարեկան 700 դիմումից 4-5 գործով է վերաբացման վարույթ հարուցվել: Այդպիսով՝ քաղաքացիները զրկվել են քրեական գործերով բողոքարկման իրական հնարավորությունից: Այս վիճակը լուրջ քննադատության է արժանացել հանրության կողմից. այն մարմինը, որտեղ մեղադրանք են ներկայացնում մարդկանց, բնականաբար ոչ մի քայլ չի ձեռնարկի գործերը նորից բացելու ուղղությամբ:
Բացի այդ, 1970-ականներին մի քանի աղմկահարույց գործեր էին քննվել Մեծ Բրիտանիայում, ինչպես «Բիրմինգհեմ վեցը», «Հիլֆորդ չորսը», որոնցով կոպիտ խախտումները լրագրողների միջոցով դարձել էին հանրության սեփականությունը: Մասնավորապես այն, թե ինչպես էին ոստիկանական բաժանմունքներում բռնությամբ ցուցմունքներ կորզվել: Եվ Անգլիայի հանրությունը սկսել էր չվստահել դատաիրավական համակարգին:
Պրոֆեսոր Մայքլ Նոթթոն. «Բանտերը մեղավորների համար են, ոչ թե անմեղների»
Պրոֆեսոր Մայքլ Նոթթոնը այս տարի Հայաստանում էր Մեծ Բրիտանիայի դեսպանատան «Բրիտանական հորիզոններ» ծրագրի շրջանակներում: Նա Բրիսթոլի համալսարանում դասախոսում է Իրավունքի սոցիոլոգիա, նաև Մեծ Բրիտանիայի «Անմեղության ցանցի» հիմնադիրն է: 20 տարի ուսումնասիրում է դատական սխալները ծնող պատճառներն ու դրանց հետևանքները հասարակության մեջ:
«Հետքի» հետ զրույցում Նոթթոնը նշեց՝ բանտերը մեղավորների համար են, ոչ թե անմեղների: «Քրեական արդարադատության համակարգերը, որտեղ էլ դրանք գործեն՝ Մեծ Բրիտանիայում, Հայաստանում, թե ԱՄՆ-ում կամ աշխարհի ցանկացած կետում, բոլորն էլ կատարյալ չեն: Քրեական արդարադատության բոլոր համակարգերը սխալական են տարբեր պատճառներով: Այդ սխալները կարող են լինել անզգուշաբար և դիտավորյալ: Որքան էլ օրենսդրությունը լավը լինի, այնուամենայնիվ օրենքում կան բաց կետեր, որի հետևանքով կարող են անմեղ մարդիկ դատապարտվել»,- ընդգծեց պրոֆեսորը:
Օրինակ՝ մարդու ճակատագիրը կարող է որոշվել այդ ժամանակի գիտության մեթոդիկայով՝ մատնահետքեր, արյան հետազոտություն, կծածի հետքեր, բայց գիտությունը զարգանում է անընդհատ: Այսպիսով, մարդիկ կարող են դատապարտվել, հետո 5 տարի, 10 տարի անց, նույնիսկ 1 տարի անց կարող է կասկածի տակ դրվել նախորդ փորձաքննության արժանահավատությունը: Այսպիսի սխալներ ամեն անգամ լինում են:
Բացի այդ, վիճակագրությունը ցույց է տալիս, որ վկաների ցուցմունքները ամենաանարժանահավատն են: Մեծ Բրիտանիայում փաստացի անմեղ ճանաչվածների 17 տոկոսի գործերով միակ ապացույցը ականատեսի վկայությունն է եղել: Անգլիայում արդարացվածների 30 տոկոսը ինքնախոստովանական ցուցմունքներով են դատապարտված եղել:
Հայաստանում չկա տասնյակ տարի անց վերաբացված գործի նախադեպ
Թեպետ Հայաստանի դատաիրավական համակարգը 25 տարի անցնում է բարեփոխումների քառափուլ շրջան, այդուհանդերձ մեր դատական պրակտիկայում չկա նախադեպ, երբ տասնյակ տարիներ անց բեկանվի օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, դատապարտյալն արդարացվի:
Քրեական գործի վերաբացման համար, ըստ քրեական դատավարության օրենսգրքի, կարող է դիմել ցանկացած կողմ՝ դատապարտյալը, պետությունը, եթե ի հայտ է եկել նոր երևան եկած կամ նոր հանգամանք, կամ էլ առկա է դատական սխալ: 20 տարվա վաղեմության երկու գործերով «Հետքի» լուսաբանումների հիման վրա, թեև ներկայացվել են վերաբացման դիմումներ ՀՀ գլխավոր դատախազություն և Վճռաբեկ դատարան, այնուամենայնիվ դրանք մերժվել են:
Դատական սխալների ուսումնասիրությամբ զբաղվող բրիտանացի մասնագետը նշեց՝ այն, որ Հայաստանում չեն բեկանվում օրինական ուժի մեջ մտած դատավճիռներ, դեռ չի նշանակում, որ դատական սխալներ կամ անմեղ բանտվածներ չկան:
«Հայաստանում մարդիկ ասում են, որ համակարգ փոխելու կարիքը ունեն, որովհետև նախորդ համակարգը անարդար էր: Շատ բարի, բայց պետությունը չի ուզում հին գործերին անդրադառնալ: Նման բան ուզում էին անել նաև մեզ մոտ: Բայց հանրությունը պահանջեց հակառակը: Բոլորը Հայաստանում գիտեն, որ նախկին համակարգը անարդար էր, որ բանտերում կան մարդիկ սարքված ապացույցների հիման վրա, անգամ մեկ անձի վկայությամբ քրեական գործեր: Իրավական համակարգը չի կարող մարդուն դատապարտել մեկ անձի վկայությամբ: Մենք կարիքը ունենք ապացույցների բազմակողմանիության: Մարդիկ ինձ հարցնում են՝ ինչ անել հին գործերով, երբ իրեղեն ապացույցները ոչնչացված են: Ինչո՞ւ ոչնչացնել այդ ապացույցները: Իմ կարծիքով, դա նրա համար է, որ որևէ մեկը չկարողանա հետո ստուգել ապացույցները: Եթե Հայաստանը ուզում է ցույց տալ, որ ունի քաղաքացիական հանրություն, պետք է գիծ քաշի հին և նոր իրավական համակարգերի միջև, պետք է անդրադարձ կատարի նախ անցյալի ժառանգության գործերին՝ անկախ մարմնի կողմից վերանայման հնարավորություն տալով», -նշեց անգլիացի պրոֆեսորը:
Հին և նոր իրավահամակարգերի միջև գիծ դեռ չի քաշվել Հայաստանում, քանի որ անցյալից ժառանգություն մնացած գործերը չեն ուսումնասիրվել:
Քրեական գործերի վերանայման հանձնաժողովի բրիտանական փորձը ներկայացրել ենք ՀՀ արդարադատության նախարարությանը, ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին, ՀՀ Քննչական կոմիտեին:
Առաջարկում ենք
- Ուսումնասիրել Քրեական գործերի վերանայման բրիտանական հանձնաժողովի ստեղծման և գործունեության իրավական հիմքերն ու փորձը,
- Քննարկել մեզանում հին իրավակարգի օրոք կայացված դատավճիռների վերանայման մոդելի ստեղծման հարցը,
- Ստեղծել անկախ մարմին, որը կզբաղվի հին իրավակարգի քրեական գործերի ուսումնասիրմամբ։
Ինֆոգրաֆիկաները՝ Տաթև Խաչատրյանի
Տեսանյութերը՝ Դավիթ Բանուչյանի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել