
Մաքսանենգության հոդվածն ուժը կորցրել է, կապիկների գործը՝ կարճվել, իսկ մեծաքանակ ներմուծումն ու արտահանումը շարունակվում է
Գվինեայից Հայաստան մաքսանենգ ճանապարհով տեղափոխված կապիկների գործը, որը երկու տարի քննվում էր Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում, կարճվել է:
«Հետքը» ստացել է գործը կարճելու մասին ՊԵԿ-ի հատուկ կարևորագույն գործերով քննիչ Վ. Հակոբջանյանի որոշումը, որտեղ էլ ներկայացված է, թե ինչու է քրեական գործը կարճվել. այս տարվա հունիսի 15-ին ՀՀ ԱԺ կողմից ընդունվել է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը: Քրեական օրենսգրքի 215-րդ՝ մաքսանենգության հոդվածը ուժը կորցրած է ճանաչվել: Ելնելով վերագրյալից՝ Վ. Հակոբջանյանը որոշել է քրեական գործով վարույթը կարճել:
Կատարված քննչական և դատավարական գործողությունների ընթացքում պարզվել է, որ «Զու ֆաունա արտ» ընկերության սեփականատեր Արթուր Խաչատրյանը, Արաբական Միացյալ էմիրություններում գործող Domestic Animal Village ընկերությունից դեռևս 2011թ. մայիսի 13-ին գնել է տարբեր տեսակի կենդանիներ, այդ թվում՝ 2 հատ Pan Paniscus (բոնոբո) ցեղատեսակի կապիկ՝ յուրաքանչյուրը 65 դոլար: Այդ կապիկները Խաչատրյանը մայիսի 13-ին ներմուծել է Հայաստան և մաքսային ձևակերպումներ կատարելով՝ վճարել է նաև դրանից բխող մաքսային վճարները:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ-ի միջոցով Կոնգոյի Ինտերպոլի ԱԿԲ-ից տեղեկություններ են ստացվել, որ Հայաստանում են գտնվում բոնոբո տեսակի 2 կապիկներ, որոնք ընդգրկված են CITES-ի ցանկում և վաճառքի ենթակա չեն, իսկ ՀՀ ներմուծման համար CITES թույլտվությունն ամենայն հավանականությամբ կեղծ է:
Միաժամանակ պարզվել է, որ բոնոբո կապիկներից մեկը Խաչատրյանը պահտվության պայմանագրով հանձնել է «Սերեգետի» ՍՊԸ-ի սեփականատեր Արտյոմ Վարդանյանին, սակայն 2013թ. դեկտեմբերի կեսերին «Վոդյանկա» հիվանդության պատճառով կապիկը սատկել է, իսկ նույն ցեղատեսակի մյուս կապիկը սատկել է ՀՀ ներմուծելուց մոտ 2 ամիս անց՝ «Զու ֆաունա արտ» ընկերության տարածքում խնամվելու ժամանակ:
Բոնոբոների ներմուծման CITES թույլտվության պատրաստման եղանակն ու միջոցը, ինչպես նաև դրանում առկա դրոշմակնիքը թողնելու եղանակը պարզելու նպատակով նշանակվել է դատափաստաթղթաբանական փորձաքննություն: Փորձագետի եզրակացության համաձայն՝ CITES փաստաթղթի բլանկը կատարվել է օֆսեթ տպագրական եղանակով, իսկ բլանկի սերիական համարը՝ բարձր տպագրական եղանակով: Փաստաթղթում առկա տպագիր տեքստը կատարվել է տպագրական մեքենայով: Կլոր կնիքի դրոշմները և շտամպի դրոշմն անմիջապես թողնվել են կլոր կնիքով և շտամպով: Ստորագրությունը կատարվել է անմիջապես կապտամանուշակագույն ներկանյութով լիցքավորված գնդիկավոր գրիչով: Ստորին մասում՝ սկզբում թողնվել է կլոր կնիքի դրոշմը, այնուհետև կատարվել է ստորագրությունը: Առկա ստորագրությունն ունի 3 տարուց ավելի կատարման վաղեմություն: Փաստաթղթում առկա ստորագրությունը կատարված է որոշակի «շեղող» գործոնի ազդեցությամբ, որոնց թվում կարող է լինել անսովոր դիրքերում, անսովոր վիճակում, ընդօրինակմամբ, նմանեցմամբ կատարումը:
Նշենք, որ փորձաքննությունը չի նույնականացրել, թե արդյոք համապատասխան պաշտոնյան է ստորագրել փաստաթուղթը, և այդ ստորագրությունը հենց իրավասու անձին է պատկանում, այլ ընդամենն արձանագրել է, թե ինչպես է կատարվել ստորագրությունը՝ «ընդօրինակմամբ», «նմանեցմամբ կատարումը»:
Քննիչ Հակոբջանյանը նաև արձանագրել է, որ Ինտերպոլի հայաստանյան ԱԿԲ-ի միջոցով կատարվել են անհրաժեշտ հարցումներ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ինտերպոլի ԱԿԲ Արթուր Խաչատրյանի վերաբերյալ ԿԴՀ բնության պահպանության մասին 14/003 օրենքի 79-րդ հոդվածի հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար քրեական գործի շրջանակներում Խաչատրյանի մեղքը հիմնավորող ապացույցներ և փաստաթղթեր ձեռք բերելու նպատակով, սակայն բազմաթիվ հարցումների և հիշեցումների արդյունքում ԿԴՀ Ինտերպոլի ԱԿԲ-ից, ում նախաձեռնությամբ Արթուր Խաչատրյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որևէ տեղեկատվություն և փաստաթուղթ չի ստացվել:
Միաժամանակ, Ինտերպոլի հայաստանյան ԱԿԲ-ից, ստացված գրության համաձայն՝ «ոչ հավաստի աղբյուրներից ձեռք բերված տվյալների համաձայն, պահանջարկի շուկայում, բոնոբո տեսակի կապիկների արժեքը կազմում է 20,200-24000 դոլար, իսկ ծագման երկրում՝ ԿԴՀ-ում, բոնոբոների վաճառքով՝ թրաֆիքինգով զբաղվողները մեկ կապիկի համար պահանջում են 500-1000 ԱՄՆ դոլար»:
Նախաքննական մարմինը չի պարզաբանել, թե այս պայմաններում ինչպես է Արթուր Խաչատրյանը կարողացել 65 դոլարով ձեռք բերել շուկայում նման թանկ գին ունեցող կապիկը:
Համաձայն ՊԵԿ-ի տրամադրած տվյալների, բացի այս երկու բոնոբոներից, ևս հինգը ներմուծվել էր Հայաստան 2011-12թթ. և երկրից դուրս չէր եկել: Քննությունը չի անդրադարձել, թե ինչ ճակատագիր են ունեցել ներմուծված բոնոբոները և որտեղ են այժմ դրանք գտնվում:
Իսկ մինչ այս ամենը՝ Տանզանիայում մարտի 23-ից Կիլիմանջարոյի միջազգային օդանավակայանում ձերբակալված «Ջամբո» այգու սեփականատեր Արտյոմ Վարդանյանը, ով փորձել էր Արուշայից 61 կապիկ տեղափոխել, դեռևս անազատության մեջ է: Պարզվել էր, որ այդ կապիկները նույնպես Արթուր Խաչատրյանի համար պետք է տեղափոխվեին:
Ըստ ամենայնի, Արթուր Խաչատրյանը վախենում է անձամբ գնալ իր բեռի հետևից՝ Կոնգոյում հարուցված քրեական գործի շրջանակներում իր նկատմամբ հետախուզում հայտարարելու հետևանքով հնարավոր ձերբակալությունից խուսափելու համար: Բացի դրանից, ՌԴ արտահանումները ևս վերջին շրջանում իրականացնում է ՌԴ քաղաքացի իր գործընկեր Էդուարդ Խաչատուրյանը:
2015թ-ի ամռանը Արթուր Խաչատրյանը Ռուսաստան է արտահանել թութակներ, կրիաներ, վագրակատուներ, ինչպես նաև 90 հատ կապիկներ: Վերջիններիս ներմուծողը Ռուսաստանում բնակվող Էդուարդ Խաչատուրյանն է, ով զբաղվում է էկզոտիկ կենդանիների վաճառքով: Էդուարդ Խաչատուրյանն այդ կապիկները պետգնման մրցույթով վաճառել է ՌԴ Պոլիոմելիտի և վիրուսային էնցեֆալիտի Չումակովի անվան պետական հետազոտական ինստիտուտին` իմունակենսաբանական պատրաստուկների որակը վերահսկելու փորձարկումների համար:
Հարց է առաջանում, թե ինչու է Էդուարդ Խաչատուրյանը Հայաստանի միջոցով կապիկներ ներմուծում ՌԴ, եթե նա կարող է Աֆրիկայից անմիջականորեն դա անել:
Այս և բազմաթիվ այլ հարցեր ՊԵԿ-ի քննչական վարչությունը չի պարզել, այլ շտապել է կարճել քրեական գործը՝ չսպասելով նույնիսկ Կոնգոյից սպասվող փաստաթղթերին:
Լուսանկարում՝ ձախից Արտյոմ Վարդանյանը և Արթուր Խաչատրյանը: Արտյոմ Վարդանյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան իր էջից, Արթուր Խաչատրյանի լուսանկարը՝ «Առավոտի»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել