HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ջամբո» այգու սեփականատիրոջը գրավի դիմաց ազատ չեն արձակել

Քրիստինե Աղալարյան, Հրանտ Գալստյան

Կապիկների տեղափոխման գործով Տանզանիայում ձերբակալված «Ջամբո» այգու սեփականատեր Արտյոմ և նրա եղբայր Էդվարդ Վարդանյանները մեղադրվում են նաև տնտեսական սաբոտաժի մեջ:  

Կենդանիների տեղափոխման գործը, որով ձերբակալվել են նաև նրանք, արդեն քննվում է Տանզանիայի դատարանում: Առաջին նիստի ժամանակ՝ մարտի 31-ին, դատարանը մերժել է գրավով նրանց ազատ արձակելու միջնորդությունը:

Գործով մեղադրվող են յոթ անձինք: Նրանց նկատմամբ 4 մեղադրանք է առաջադրվել, այդ թվում՝ տնտեսական սաբոտաժ:

«Խնդիրն այն է, որ նրանք մեղադրվում են տնտեսական սաբոտաժի մեջ, որի համար գրավ չի կիրառվում, եթե իհարկե Վճռաբեկ դատարան չի բողոքարկվում դա»,- «Հետքին» պատմեց Swahili շաբաթաթերթի լրագրող Ֆելիքս Մվակյեմբեն (Felix Mwakyembe), ով հետևում է գործի ընթացքին Տանզանիայում:   

Մեղադրանքներից մեկն էլ, ըստ տանզանացի լրագրողի,  7320 դոլար արժողությամբ 61 կապիկ տեղափոխելու գործում մեղսակից լինելն է:

Արտյոմ Վարդանյանը «Ավրորա» ռադիոկայանին տված հեռախոսազրույցում պատմել էր, որ այդ կապիկները իրեն չեն պատկանել, այլ իր ընկեր, «Զու ֆաունա արտ» ընկերության սեփականատեր Արթուր Խաչատրյանինն են եղել: Ինքն ընդամենը փորձել է օգտակար լինել և օգնել տեղափոխման հարցում: Նույնը հաստատել է նաև Արթուր Խաչատրյանը՝ հրավիրած ասուլիսի ժամանակ: Խաչատրյանը նաև նշել է, որ ունի բոլոր կապիկների տեղափոխման թույլտվությունները:   

Հիշեցնենք՝ Վարդանյան եղբայրները ձերբակալվել էին մարտի 23-ին Կիլիմանջարոյի միջազգային օդանավակայանում:

Եղբայրները ներկայացրել են արտահանման թույլտվությունները, սակայն իրավապահները պնդում են, որ այդ փաստաթղթերը տրվել են՝ շրջանցելով Տանզանիայի Բնապահպանության և տուրիզմի նախարար Ջումանե Մագեմբեի՝ մարտի 20-ից ուժի մեջ մտնող հրամանը, որով փորձ է արվում կանխել կենդանիների հոսքը Տանզանիայից։ 

Թույլտվությունը շնորհելու գործում մասնակցություն են ունեցել Բնապահպանության և տուրիզմի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք հեռացվել են աշխատանքից։ Ձերբակալվածների թվում են ոստիկանության նախկին և ներկա աշխատակիցներ: 

Լուսանկարը՝ Արտյոմ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter