HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ջամբո» այգու սեփականատերը ձերբակալվել է Տանզանիայում՝ կենդանիների ապօրինի տեղափոխման համար

«Հետքի» աղբյուրը Տանզանիայից հայտնում է, որ կալանքի տակ է վերցվել Տանզանիայից Հայաստան կենդանիներ փոխադրող «ԱՆ 26» ինքնաթիռը: Այն պետք է Տանզանիայից «չարտերային» թռիչքով 500 կապիկ և այլ կենդանիներ տեղափոխեր Հայաստան: Սակայն իրավապահները կալանքի տակ են վերցրել ինքնաթիռը՝ բեռի օրինականության հետ կապված խնդիրներ ունենալու պատճառով:

Տանզանական The Citizen լրատվամիջոցը հաստատում է այս տեղեկությունը։ Չորեքշաբթի Կիլիմանջարո միջազգային օդանավակայանում ձերբակալել են եղբայրներ, 52-ամյա Արտյոմ և 46-ամյա Էդուարդ Ալիկի Վարդանյաններին, որոնք փորձել են բեռնատար ինքնաթիռով տեղափոխել 61 կապիկ։ Նրանք Հոլանդիայի քաղաքացիներ են։ Արտյոմ Վարդանյանը նաև ՀՀ քաղաքացի է: 

Եղբայրները ներկայացրել են արտահանման թույլտվություններ, սակայն այդ փաստաթղթերը տրվել են՝ շրջանցելով այդ երկրի Բնապահպանության և տուրիզմի նախարար Ջումանե Մագեմբեի՝ մարտի 20-ից ուժի մեջ մտնող հրամանը, որով փորձ է արվում կանխել կենդանիների հոսքը Տանզանիայից։ «Մենք պահում ենք նրանց, որովհետև թեև թույլտվությունները տրվել են նախարարության կողմից, դրանք վավեր չեն՝ արտահանման արգելքի պատճառով»,- լրատվամիջոցին հայտնել է Կիլիմանջարոյի շրջանային ոստիկանության ներկայացուցիչ Ուիլբրոդ Մուտաֆունգուան՝ հավելելով, որ բացակայել է նաև կարգադրությունը երկրի պետեկամուտների կոմիտեից, ինչը պահանջվում է օրենքով։

61 կենդանիներով լի 6 արկղերով բեռնված մեքենան Կիլիմանջարոյի միջազգային օդանավակայանում՝ Վարդանյանների ձերբակալությունից հետո / Դիոնս Նյատո

Տեղական մեկ այլ՝ Daily News օրաթերթի հետ զրույցում նախարար Մագեմբեն ասել է, որ օդանավը վարձակալվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում։ Օդաչուն ևս ոստիկանության հսկողության տակ է։ Նախարարի տեղեկությամբ՝ կենդանի կապիկների թիվը, որոնք պետք է ապօրինի կերպով տեղափոխվեին Տանզանիայից, 450 է եղել։

Թույլտվությունը շնորհելու գործում մասնակցություն են ունեցել Բնապահպանության և տուրիզմի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք հեռացվել են աշխատանքից։

ՀՀ ԿԱ Քաղավիացիայի գլխավոր վարչությունից փորձեցինք ճշտել, թե արդյոք Տանզանիայից նախատեսված էր չարտերային թռիչք: Օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Հրանտ Միրզոյանը հայտնեց, որ Տանզանիայից Հայաստան թռիչքի հայտ չեն ստացել: Քաղավիացիայի գլխավոր վարչության մամլո խոսնակ Ռուբեն Գրդզելյանը «Հետքին» հայտնեց, որ «ԱՆ 26» ինքնաթիռով չարտերային թռիչք նախատեսված է եղել Կահիրեից, որը, սակայն, չեղարկվել է։

Նախորդ տարիներին կենդանիների ներմուծման պատմությունը վկայում է, որ Հայաստան կենդանիները ներմուծվում են ոչ ուղիղ չվերթների միջոցով, այլ տրանզիտ՝ Դուբայից, Լիբանանից, Եգիպտոսից և այլն:

«Հետքի» աղբյուրի փոխանցմամբ՝ Ձորաղբյուրի «Ջամբո» էկզոտիկ այգու սեփականատեր Արտյոմ Վարդանյանը Տանզանիա էր մեկնել մեկ ամիս առաջ՝ էկզոտիկ կենդանիներ հավաքագրելու և Հայաստան փոխադրելու համար։

Տեղեկությունների համաձայն՝ Վարդանյանները կենդանիներին գնել են Արուշայի բնակիչներից, ովքեր ունեն նրանց բնությունից վերցնելու թույլտվություններ։ 

Արտյոմ Վարդանյանի ֆեյսբուքյան էջը, իրապես, լի է Տանզանիայում արված լուսանկարներով: Փետրվարի վերջից Արտյոմ Վարդանյանը գտնվում է Տանզանիայում, ուսումնասիրում է այնտեղի կենդանական աշխարհը, լուսանկարվել է տեղի բնակիչների և կենդանական աշխարհի ներկայացուցիչների հետ: Լուսանկարների մի մասը արվել են հենց Արուշայում, ինչպես նաև Քենիայի «Մասայի Մարա» և Տանզանիայի «Սերենգետի» սահմանակից ազգային պարկերում։ Ի դեպ, «Սերենգետի» է կոչվում նաև «Ջամբո» այգին շահագործող ՍՊԸ-ն, որի 100% բաժնեմասը պատկանում է Արտյոմ Վարդանյանին։

Արտյոմ Վարդանյանին «Հետքի» ընթերցողները ծանոթ են դեռևս այն ժամանակվանից, երբ նրա «Ջամբո» էկզոտիկ ռեստորանային այգում հայտնաբերել էինք անհետացման եզրին գտնվող բոնոբո տեսակի կապիկը, որը Հայաստան էր բերվել ոչ օրինական ճանապարհով, քանզի մաքսային մարմիններում այդ կենդանու ներմուծման փաստը չէր արձանագրվել: Այս պատմության հիման վրա հարուցված քրեական գործը 2 տարի է քննվում է Պետեկամուտների կոմիտեում, սակայն սայլը տեղից չի շարժվում։

Արտյոմ Վարդանյանի պարզաբանմամբ՝ նա բոնոբոյին վարձակալել էր կենդանիներ ներմուծող «Զօօ ֆաունա արտ» ընկերության սեփականատեր Արթուր Խաչատրյանից, ով էլ այսօր Ինտերպոլով հետախուզվում է:

Առգրավված կենդանիները Տանզանիայի ոստիկանության հսկողության տակ են։

Հիշեցնենք, որ նույն օդանավակայանից 2014թ. ապօրինի կերպով տեղափոխվել է 152 կենդանի, որոնց թվում՝ 4 ընձուղտ։ Պակիստանցի Կամրան Ահմեդը կենդանիներին Քաթար է հասցրել ռազմական օդանավով։ Դատարանը նրան հեռակա կարգով դատապարտել է 30 տարվա ազատազրկման։ 

Մեկնաբանություններ (7)

serda
Thank you, Hetq for covering this story! Please keep the updates coming.
Աննա
Բնության, օրենքի, իրավունքի շահագործողները կարծես շատ մեծ թայֆա ունեն, որ հոդվածի մեկնաբանություններում պաշտպանում են իրենց․․․ Գաղութարարների մաշկի մեջ մտածները չեն հիշում, որ իրենց էլ շահագործում են մեր գաղութարարները, ոչնչացող կենդանատեսակներ չեն արտահանում (թեև սիրում են մեզ մոտ որսորդական ապօրինի տուրեր կազմակերպել), բայց սիբիր են բնակեցնում աղքատ հայերով․․․
Арман
может постараемся помочь дорогому Артему а не мутить воду дорогие коллеги
Գեւորգ
Մեր կապիկների դարդը թողաց Տանզանի գլխին պիտի լացենք? Մարդը կարծես չի գողացել կամ խլել, փող է տվել, թղթեր սարքել: Մնացածն իրենց ու կապիկների գործն է, թե փոշմանություն կա, ծախսերը պիտի փոխհատուցեն ու ներողություն խնդրեն, - այդպես տրամաբանական կլինի:
Павел
Все кто знаком с Артемом - знают его, как порядочного бизнесмена, умного и благородного человека.Уверен, что данный инцидент - недоразумение, что вскоре и выяснится...
Paravyan M.
http://www.thecitizen.co.tz/News/Dutch-nationals-arrested-with-61-monkeys-at-airport-/-/1840340/3133070/-/2qf5y5/-/index.html сказано в Албанию.....не в Армению
Արմինե
Մարտի 20-ին արագ օրենք են հանել հատուկ ? Երբ արդեն կենդսնիներըգնված էին : Ինչ սարքոցի են արել խեղճ մարդու գլխին :

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter