HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ըստ փաստաբանի` քննիչներն ու դատավորները հայտնվել էին խղճուկ վիճակում

«Հետքի» հարցերին պատասխանել է ի պաշտպանություն «Սասնա Ծռերի» ստեղծված խմբի անդամ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը:

- Պարոն Շուշանյան, «Սասնա Ծռերի» ձերբակալված ու կալանավորված անդամներին իրավական աջակցություն ցուցաբերելու նպատակով ստեղծվել է իրավապաշտպանների խումբ, որի կազմում հրապարակվել է նաև Ձեր անունը:

- Շատ կարևոր եմ համարում այդ հարցի պարզաբանումը Այո՛, ի պաշտպանություն «Սասնա Ծռերի» տղաների ձևավորված խմբի կազմ է հրապարակվել, սակայն դա կարող է որոշակի թյուրիմացություն առաջացնել: Խմբի անդամ են հանդիսանում այն բոլոր փաստաբանները, ովքեր ստանձնել են «Սասնա Ծռեր» խմբի տղաներից գոնե մեկի պաշտպանությունը՝ անկախ նրանից` փաստաբանների խմբի հրապարակված ցուցակում եղել է նրա անունը, թե՝ ոչ: Պաշտպանության խմբի կազմը, բնականաբար, վերջնական չէ: Հնարավոր է և ցանկալի, որ նոր փաստաբաններ ներգրավվեն, հնարավոր է որոշ փաստաբաններ դուրս գան պաշտպանության խմբից իրենց ազատ կամարտահայտմամբ: Այնպես չի, որ 10-12 փաստաբանի անուն է հրապարակվել, ու դա վերջնական է:

- Հանրությունը տեղեկանում է, որ մեկը մյուսի հետևից դատարանները բավարարում են կալանքի միջնորդությունները: Ձեր գնահատականը:

- Հուլիսի 2-ին արդեն Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանքներ էր առաջադրել ու դիմել էր դատարաններ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններով: Խոսքը վերաբերում է խմբի այն 20 տղաներին, ովքեր հուլիսի 31-ին որոշում կայացրեցին դուրս գալ ՊՊԾ գնդի տարածքից: Հուլիսի 2-ի երեկոյան ժամը 18-ից սկսած մենք գտնվել ենք Արաբկիր ևՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ զուգահեռաբար տարբեր դտավորների մոտ քննվում էին նախաքննության մարմնի միջնորդությունները: Տղաների մեծ մասը միչև այդ պաշտպաններ չունեին կամ հանրային պաշտպաններ էին ներգրավվել: Հանրային պաշտպաններից մի մասը տեղում հրաժարվեցին: Կալանքի նիստերին մասնակցեցինք մոտ 10 փաստաբան: Բոլորի վերաբերյալ կայացվել են կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշումներ: Կալանքի որոշում կիրառելու դեպքում այն գրավով փոխարինելու մեր միջնորդությունները մերժվել են:

- Քանի՞ միջնորդության քննության եք անձամբ Դուք մասնակցել:

- Ես մասնակցել եմ 6 մեղադրյալի գործով կալանքի միջնորդության քննությանը՝ Կյուրեղյան եղբայրների, Էդվարդ Գրիգորյանի, Էդգար Գրիգորյանի, Արայիկ Խանդոյանի, Արայիկ Հակոբյանի: Խառը իրավիճակ էր, ով այդ պահին ազատ էր լինում, մասնակցում էր միջնորդության քննությանը:

- Իսկ ինչպե՞ս էր դատարանը քննում, արդյո՞ք քրեական դատավարության համապատասխան դրույթը՝ կալանք կիրառելու հետ կապված, պահպանվում էր: Ձեր կոլեգաներից մեկն ասաց, որ իրավաբանությունը հրաժեշտ է տվել այս գործի շրջանակներում:

- Հարցը տեղին կլիներ, եթե մենք ունենայինք դատարան, այսինքն՝ արդարադատություն իրականացնող մարմին, ոչ թե ռեժիմի ձեռքին կույր գործիք ու կամակատար: Նախաքննության մարմինը կալանավորման անհրաժեշտությունը հիմնավորելու համար ներկայացրել էր մի շարք նյութեր, այդ նյութերից որևէ մեկում չկար որևէ ապացույց, որը կհիմնավորեր, որ տղաներից որևէ մեկը ձեռք է բերել ու տեղափոխել զենք-զինամթերք, ընդ որում դա արել է խմբի կազմում: Մեղադրանքներից մեկը դա է: Չի ներկայացվել նաև որևէ ապացույց, որ տղաներից որևէ մեկը պատանդ է վերցրել զենքի սպառնալիքով ու զենքի սպառնալիքով պատանդի կարգավիճակում պահել է շտապօգնության երեք աշխատողների: Տուժողի կարգավիճակ ստացած երեք բուժաշխատողների ցուցմունքներն էին ներկայացված, որտեղ նման բան չկար: Հանցանք կատարելու հիմնավոր կասկածը նախաքննական մարմինը չէր հիմնավորել: Իսկ դա կալանքի միջնորդության ամենակարևոր հարցն է, որը դատարանը պիտի պարզի:

Մի խոսքով, քննիչները, որոնք ներկայացանում էին միջնորդությունները, ու դատավորները, որոնք քննում էին դրանք, հայտնվել էին խղճուկ վիճակում. իրոք, կարելի էր նրանց խղճալ: Բացարձակ անհիմն միջնորդություններ էին, և անհիմն որոշումներ կայացվեցին դրանց հիման վրա:

- Պարոն Շուշանյան, բողոքարկելո՞ւ եք կալանքի որոշումները:

- Բնականաբար բողոքարկելու ենք: Այն, որ անկախ դատարան Հայաստանում գոյություն չունի, դեռ չի նշանակում, որ չպիտի բողոքարկենք: Ամեն դեպքում պիտի սպառենք դատական պաշտպանության երեք ատյանները:

- Մասնակցո՞ւմ էին մեղադրյալները կալանքի միջնորդությունների քննությանը, ի՞նչ հայտարարություններ էին անում:

- Այն վեց անձանց գործերով, որոնցով ես մասնակցել եմ միջնորդության քննությանը, որևէ մեկն իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքում, հրաժարվել են ցուցմունք տալ, որևէ հայտարարություն չեն անում: Նրանց մոտ ևս կար այն համոզմունքը, որ սա դատարան չէ, և ելքը կանխորոշված է: Այսինքն՝ որևէ մասնակցություն իրենք չէին ցուցաբերում՝ բացի ֆորմալ հարցերի պատասխանելուց:

- Այժմ որտե՞ղ են գտնվում Ձեր պաշտպանյալներից Կյուրեղյանը եղբայրները:

- Արեգ և Սերգեյ Կյուրեղյանները գտնվում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում են՝ տարբեր խցերում: Անկեղծ՝ դեռ «Նուբարաշենում» չենք հասցրել այցելել ու տեսակցել մեր պաշտպանյալներին, մոտ օրերս պլանավորում ենք:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter