HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծաղրանկարների գողություն Երևանում. «Կարծում եմ՝ մարդիկ են արել, ովքեր շատ են սիրում մեր ծաղրանկարները»

Գիշերը անհայտ անձինք կոտրել են Medialab.am կայքի գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանի ավտոմեքենայի հետևի ապակին ու տարել միայն ծաղրանկարները:

Հիշեցնենք, որ երեկ Մաշտոցի պուրակում Medialab-ը «Չ՛Արգելված» խորագրով քաղաքական ծաղրանկարների ցուցահանդես էր կազմակերպել:

Մարիաննա Գրիգորյանը «Հետքին» ասաց, որ ցուցահանդեսից հետո ուշ են տուն վերադարձել: «Ծաղրանկարները մեքենայի մեջ թողեցինք, քաղաքում ման եկանք։ Ենթադրաբար ամբողջ ժամանակ հետևել են մեզ, որովհետև տեսել են, թե որտեղ ենք դրել ծաղրանկարները ու թիրախավորված տարել հենց դրանք, ուրիշ ոչ մի բան»,-ասաց Մարիաննան։

Ցուցահանդեսի կազմակերպիչը ենթադրում է, որ ծաղրանկարների «գողերը» մտածել են, թե ցուցահանդեսը պիտի շարունակվի նաև այսօր, քանի որ նախորդ երեք օրերին կազմակերպվել է Վանաձորում, Գյումրիում և երեկ Երեւանում։ «Միգուցե մտածել են, որ այսօր էլ շարունակել ենք։ Նաև, իհարկե, վախեցնելու ու ահաբեկելու համար է արվել, որովհետև կասկած չկա՝ բացառապես ծաղրանկարների հետ է կապված»,-նշեց Medialab.am կայքի գլխավոր խմբագիրը։

Հարցին, թե իր կարծիքով ո՞վ կամ ովքե՞ր են ծաղրանկարների «գողությամբ» զբաղվել, Մարիաննան պատասխանեց. «Կարծում եմ՝ մարդիկ են արել, ովքեր շատ են սիրում մեր ծաղրանկարները, հավանաբար ուզել են իրենք էլ ցուցահանդես կազմակերպել»:

Խմբագիրը դիմել է ոստիկանություն, գիշերը նրանք ժամանել են, եղել է նաև հետաքննիչ և փորձագետ, վերցրել են հետքեր:

Մարիաննան պատմեց, որ երեկ ոստիկաններն իրեն հարցրել են՝ որքա՞ն է պատճառված վնասի չափը. «Ես ասացի՝ ոչ թե մեզ, այլ երկրի վարկանիշին»:

Ավտոմեքենայի լուսանկարը՝ Մարիաննա Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter