HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Փաստաբան. «Մազմանյանի ընտանիքին միջոցներով ապահովելու համար պետք է պետությունը քայլեր ձեռնարկի»

Հուլիսի 26-ին «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու կասկածանքով ձերբակալված ազատամարտիկ Մհեր Մազմանյանը իր խնամքի տակ ունի վեց անչափահաս երեխաներ, ովքեր բնակվում են վարձով: Մինչ ձերբակալվելը, Մհերը ընտանիքի միակ աշխատող էր:

Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց գործով փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը՝ Մհերի համար այս պահին ամենամեծ մտահոգությունը հենց ընտանիքին ապրելու միջոցներով ապահովելն է, սակայն, վարույթ իրականացնող մարմինը օրենքով իր վրա դրված պարտավորությունները չի կատարում:

Նշենք, որ համաձայն ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի հոդված 140-ի՝ «անչափահասները, ինչպես նաև անաշխատունակ անձինք, որոնք ծնողին կամ կերակրողին արգելանքի վերցնելու, ինչպես նաև քրեական վարույթն իրականացնող մարմնի այլ գործողությունների հետևանքով մնացել են առանց հսկողության, խնամքի և գոյատևման միջոցների, ունեն խնամքի իրավունք, որը նշված մարմինը պարտավոր է նրանց ապահովել պետական բյուջեի միջոցների հաշվին: Քրեական վարույթն իրականացնող մարմնի հանձնարարությունները` կազմակերպելու վերոհիշյալ անձանց հսկողությունը, խնամքը և սոցիալական օգնության պետական կազմակերպությունում կամ բժշկական հաստատությունում անաշխատունակ անձանց ժամանակավոր տեղավորումը պարտադիր են խնամակալության և հոգաբարձության մարմնի, ինչպես նաև նշված կազմակերպությունների և հաստատությունների ղեկավարների համար»:

Բաղդասարյանին նախաքննություն իրականացնող մարմնից տեղեկացրել են, որ քայլեր են ձեռնարկվում պարզելու՝ արդյոք Մազմանյանների ընտանքին միջոց հատկացնելու կարիք կա, թե ոչ.«Ի՞նչ հանգամանք պետք է պարզեն, որ պետբյուջեից երեխաների ապրուստի համար գումար վճարեն: Անկեղծ եմ ասում՝ այդ ընտանիքը գոյատևման որևէ միջոց չունի»,-ասում է փաստաբանը:

Բաղդասարյանը օրեր շարունակ, Մազմանյանների ընտանիքին աջակցություն ցուցաբերելու առաջարկությամբ, ծանոթ-անծանոթ մարդկանցից բազմաթիվ նամակներ է ստանում: Սակայն շեշտում է՝ Մազմանյանի ընտանիքին, միջոցներով ապահովվելու համար, պետք է պետությունը քայլեր ձեռնարկի, քանի որ ընդունել է օրենք, որով երաշխավորել է այդ մարդկանց ապրելու իրավունքը:

ՄԻՊ գրասենյակը օգոստոսի 10-ին հայտարարություն էր տարածել, որ իրենց նախաձեռնությամբ, Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմի հետ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա, 2016 թվականի օգոստոսի 10-ին «Սասնա Ծռեր»-ի գործով ձերբակալված ազատամարտիկ Մհեր Մազմանյանի կնոջը ընդունել են վարչական շրջանի աշխատակազմում և քննարկել նրա ընտանիքին աջակցություն տրամադրելու հետ կապված հարցը:

Սակայն Մազմանյանի կինը փաստաբան Բաղդասարյանին փոխանցել է, որ թաղապետարանում իրեն հայտնել են՝ եթե սոցիալական ծրագիր լինի, ձեր ընտանիքին կներգրավվենք այդ ծրագրում, այս պահին որևէ սոցալական ծրագիր չկա:

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որում ասվում էր. «Ներկայումս կալանավորված Մ.Մ.-ն, կապի մեջ գտնվելով զինված խմբի անդամներ Արմեն Լամբարյանի և Մարտին Հակոբյանի հետ, 2016թ. հուլիսի 24-ին պլանավորել է Խորենացի փողոցում ծառայություն իրականացնող ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու միջոցով հավաքի մասնակիցներին դրդել ճեղքելու արգելապատնեշները, միանալ հանցավոր խմբին և վերցնել նրանց կողմից հափշտակված հրազենը: Ընդ որում, հաշվարկվել է, որ այդ ընթացքում քաղաքացիների մեջ կարող են և պետք է լինեն մեծաթիվ զոհեր»:

Փաստաբանի խոսքով, եթե Մազմանյանի ձերբակալման հիմքում դրվել է «Սասնա ծռեր»-ին օժանդակելու հանգամանքը, ապա պետք է հստակ նշվի, թե Մազմանյանը կոնկրետ ինչ գործողությամբ է օժանդակել. «Օժանդակություն նշանակում է ուղղակի դիտավորությամբ կատարված գործողություններ, որոնք օժանդակել են քրեորեն պատժելի արարքի կատարմանը: Այսինքն՝ իրենք պետք է հիմնավորեն, թե ինչ է արել Մազմանյանը, առանց որի «Սասնա ծռեր»-ի անդամներն իրենց կատարած գործողությունը չէին կարող կատարել»,-նշում է փաստաբանը:

լուսանկարները՝ Մհեր Մազմանյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter