HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Այդ վերելակից այդքան բողոքներ չեն եղել, հիմա դեպք է, եղել է»,-ասում է համատիրության նախագահը

Հոկտեմբերի 30-ին՝  ժամը 09:50-ին, արտակարգ իրավիճակների նախարարությունն ահազանգ էր ստացել, որ Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի վերելակի վերին հատվածի և 6-րդ հարկի հատակի միջակայքում արգելափակվել են 1954թ. ծնված Ռ.Դ.-ի ստորին վերջույթները։

Տուժածը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն։  Բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը «Հետք»-ի զրույցում հայտնեց, որ տուժածի առողջական վիճակը դեռևս մնում է ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, միացված է արհեստական շնչառության սարք։

«Կինն ունի կողերի կոտրվածք, թոքի սալջարդ և սրունքի բաց կոտրվածք, որի կապակցությամբ երեկ վիրահատվել է և դեռևս գտվում է ծանր վիճակում։ Այս պահին նրա կյանքին վտանգ է սպառնում»,-նշում է բժշկական կենտրոնի տնօրենը։

Տնօրենը դժվարացավ հայտնել, թե երեկվանից տուժածի առողջական վիճակում դրական փոփոխություն գրանցվել է, թե ոչ, քանի որ տուժածի ստացած վնասվածքները գնահատում է «բավականին լուրջ»։

Ասում է, որ չի կարող ասել, թե կնոջ կյանքին վտանգ չի սպառնում և ամեն ինչ լավ է։ Երբ բժիշկները կկարողանան տուժածի առողջական վիճակը կայունացնել, անջատելով արհեստական շնչառության սարքը և նրան հիվանդասենյակ տեղափոխելով, այդ ժամանակ Մանուկյանը հստակ կհաղորդի կնոջ ապաքինման ժամկետը։

Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքը «Արգիշտի» համատիրության ենթակայության ներքո է։ Մեզ հետ զրույցում համատիրության նախագահ Շուշանիկ Քալանթարյանը պարզաբանեց, որ վերելակը սպասարկում է իրենց համատիրությունը։ Իր հաղորդմամբ՝ այս տարվա ընթացքում մեկ անգամ այդ վերելակի շարժիչը «վառվել էր», փոխել են, այլ բողոքներ այդ վերելակի աշխատանքից չեն ունեցել։

«Այդ վերելակից այդքան բողոքներ չեն եղել։ Հիմա դեպք է, եղել է»,-ասում է համատիրության նախագահը։

Ըստ Քալանթարյանի՝ ամեն շաբաթ համատիրության հսկողության տակ գտնվող վերելակները ստուգվում են: Համատիրության նախագահը հավաստում է, որ վթարված այդ վերելակը վերջին անգամ նախորդ շաբաթ է զննության ենթարկվել, նրա աշխատանքում ամեն ինչ նորմալ  է եղել։ 

Նախագահը հավելում է, որ այս պահին ևս այդ վերելակը աշխատում է, սակայն նրանք արգելել են շահագործել այն, մինչ փորձագետները զննության չենթարկեն։

Քալանթարյանը դեռևս տեղակ չէ վերելակի անսարքությունից, ասում է՝ մասնագետ չէ, որ իմանա, թե ինչ անսարքություն է եղել վերելակի աշխատանքում, մինչ մասնագետները չստուգեն, չտան մասնագիտական եզրակցություն, չի կարող նշել դրանում եղած թերությունները։

Համատիրության նախագահի փոխանցմամբ՝ «Արգիշտի» համատիրությունն իր ենթակայության ներքո 82 վերելակ ունի։ Նրա մոտավոր հաշվարկներով, ընդհանուր առմամբ, այդ վերելակների ընթացիկ սպասարկման համար ամսական գրեթե 400 հազար դրամ է տրամադրվում, և 2016-ի առաջին ինը ամսիներին համատիրությունը վերելակների ընթացիկ ստուգման համար գրեթե 3 միլիոն դրամ գումար է հատկացրել։

Դեպքի վայրում երեկ նաև ներկա է գտնվել ԱԻՆ-ի «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն›› ՊՈԱԿ փորձագետը: ՊՈԱԿ-ի իրավաբան Մհեր Սահակյանը փոխանցեց, որ ժամեր առաջ ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Պետրոսյանի հրամանով ստեղծվել է փորձագիտական հանձնաժողով, որը դեպքի վայրում քննություն է իրականացնում, արդյունքները կհրապարակվեն դրա ավարտից հետո

(փորձագիտական քննությունը տևում է չորս օր)։ Նախարարությունը դեռևս տեղեկատվություն չունի, թե վերելակի աշխատանքում ինչ անսարքություն է եղել և եզրակացություն կտա՝ միայն փորձագիտական քննության արդյունքներին ծանոթանալով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter