HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերժվեց ազատ արձակել Խորենացի փողոցում 46 ոստիկանի «վնասած» այգեպանին և ուսուցչին` գրավի դիմաց

Ամալյա Մարգարյան

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում  կայացավ ոստիկանության 46 աշխատակիցներն ընդդեմ Արսեն Մկրտումյանի, Գագիկ Միքայելյանի և Սոսո Մարգարյանի գործով դատական նիստը:

Դատկան նիստի սկզբին դատավորը կողմերին հարց ուղղեց, արդյո՞ք կարելի է նիստը շարունակել առանց տուժող կողմերի: Մեղադրյալ Սոսո Մարգարյանի պաշտպան, փաստաբան Արա Զաքարյանը նշեց, որ իր համար անհասկանալի է՝ ինչու են ոստիկանները որպես տուժող ներգրավված, եթե երեք պաշտպանյալներից ոչ մեկի գործողությամբ նրանց վնաս չի պատճառվել. «Ես գտնում եմ, որ ոչ միայն նրանց բացակայությամբ հնարավոր է նիստը շարունակել, այլ ընդհակառակը՝ նրանց ներկայությունն է անթույլատրելի նման պայմաններում արդար դատաքաննության համար»:

Դատական գործընթացի ընթացքում Արսեն Մկրտումյանի, Գագիկ Միքայելյանի պաշտպաններ Արա Կարագյոզյանը և Անի Զատիկյանը հանդես եկան միջնորդությամբ՝ կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ: Պաշտպան Արա Կարագյոզյանը նշեց, որ իր պաշտպանյալը դեպքից հետո ձերբակալվել է 5 օր անց, ունեցել է բավարար ժամանակ փախուստ կատարելու համար, բայց որևէ քայլ չի կատարել:

Շուրջ երկու ժամ ընդմիջումից հետո դատավոր Գագիկ Պողոսյանը մերժեց Արսեն Մկրտումյանի պաշտպան Արա Կարագյոզյանի ներկայացրած գրավի վերաբերյալ միջնորդությունը:

Արա Զաքարյանը, մինչև դատավոր Պողոսյանը խորհրդակցության սենյակում երկրորդ «մերժման» որոշումն էր կայացնում, մեզ հետ զրույցում ասաց, որ հաշվի առնելով դատավորի դիրքորոշումը` պատրաստվում է դատական նիստը հետաձգելու համար միջնորդությամբ հանդես գալ. «Դատավորը մերժեց արդեն մեկ գրավի միջնորդություն, մեծ հավանականությամբ կարող եմ ասել, որ կմերժի նաև երկրորդը, հենց այս հանգամանքը հաշվի առելով խնդրեցի, որ դատարանը ոչ թե վերացական արտահայտություններ բերի այլ հստակ պատճառաբանի՝ ինչի համար են մերժվում միջնորդությունները»:

Պաշտպանը նշեց, որ այս դատավարության ընթացքում ոչ մի միջնորդություն չի ներկայացնի: «Եթե հարուցեմ, այս պայմաններում մեծ հավանականությամբ կմերժվի: Ես կվերցնեմ դատավորի որոշումները, կծանոթանամ և ըստ դատավորի մատնանշած չափորոշիչների` կպատրաստեմ նոր միջնորդություն: Ես չեմ ուզում անել այնպիսի քայլ, որը մերժվելու է»,- ավելացրեց պաշտպան Զաքարյանը:

Հիշեցնեք, որ ըստ մեղադրական եզրակացության` այգեպան Արսեն Մկրտումյանին, պատմության ուսուցիչ Գագիկ Միքայելյանին և Բժշկական համալսարանի ուսանող Սոսո Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2016թ. հուլիսի 20-ին Խորենացի փողոցում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ կատարել են զանգվածային անկարգություններ, վնասել 46 ոստիկանի ու պատճառել ավելի քան 9 մլն դրամի գույքային վնաս: Երեքն էլ մեղադրվում են ՔՕ 225 հոդվածի 2–րդ մասով՝ զանգվածային անկարգությունների կատարում, որի համար նախատեսված է 3-8 տարվա ազատազրկում: Երիտասարդներն արդեն երկու ամսից ավելի գտնվում են կալանքի տակ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter