
Տաշիրցի պանրագործներն արտադրում են 14 տեսակի պանիր, որի մեծ մասն արտահանվում է ԱՄՆ և ՌԴ
Սկզբում միայն մեկ պանրատեսակ՝ «Լոռի» եւ արտադրության ընթացքն ապահովող 5-6 աշխատակից: Սկզբի համար պարզապես ընտանեկան բիզնես՝ 90-ականների ճգնաժամը հաղթահարելու համար: Տաշիրում գործող «Դուստր Մելանյա» պանրի արտադրությամբ զբաղվող ՍՊԸ-ի փոխտնօրեն եւ արտադրության պետ Ասատուր Հարությունյանի փոխանցմամբ, բիզնեսն ընդլայնելու ծրագրերը ծնվեցին այն ժամանակ, երբ 1999թ.-ին օրենք ընդունվեց սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների ստեղծման վերաբերյալ:
«Մեր ընտանեկան բիզնեսը հիմնվել է 1996 թ.-ին: Այն ժամանակ ընտանիք պահելու հարց կար: Աշխատանքներն իրականացնում էինք հարազատներով՝ եղբորս եւ իմ ընտանիքի անդամներն էին հիմնականում: Երեք տարի անց վերածվեցինք ՍՊԸ-ի եւ որոշեցինք ընդլայնվել: Սկսեցինք մեկ պանրատեսակից՝ «Լոռի», հետո արդեն ավելացրեցինք «Չեչիլ»-ն ու «Սուլուգունի»-ին: Հիմա արդեն պատրաստում ենք 12 տեսակի պանիր, մշակվողն էլ հետը`14»,-ասում է Ասատուր Հարությունյանը:
«Դուստր Մելանյա» պանրի գործարանում աշխատանքով ապահովված է 40 մարդ: Աշխատանքների սեզոնային փոփոխությունները չեն ազդում աշխատակիցների թվաքանակի վրա: Ասատուր Հարությունյանն ասում է, որ ձգտում են չգնալ կրճատումների՝ ամռան ծանրաբեռնված սեզոնից ձմեռային ավելի թեթեւ գրաֆիկի անցնելուց հետո աշխատակիցների վերաբաշխում են՝ աշխատելով ամեն մեկի համար թեեւ փոքր, բայց աշխատանք ապահովել:
Ձեռնարկության արտադրանքի գրեթե 70-80 տոկոսն արտահանվում է ՌԴ եւ ԱՄՆ: Օվկիանոսից սյն կողմ ուղարկվում են հիմնականում «Լոռի» եւ «Չանախ» պանրատեսակները: «Պահանջարկ ձեւավորողն հայկական սփյուռքն է, ասում է զրուցակիցս: Ռուսաստանի Դաշնություն արտահանում են վեց տեսակի պանիր՝ «Լոռի», «Տաշիր», «Ալաշկերտ», «Փոքր Ալաշկերտ», «Գաուդա», «Չեչիլ»: «Ռուսաստան ավելի շատ տեսականի ենք արտահանում, քանի որ հատկապես Մոսկվայում մեծ սպառում ունենք: Այնտեղ մեր արտադրանքի վաճառքի կազմակերմամբ զբաղվում է եղբայրս՝ Ռուբեն Հարությունյանը, որ մեր ձեռնարկության տնօրենն է,-հավելում է Ա. Հարությունյանը,- ի դեպ, մեր ձեռնարկությունն էլ կոչվում է ի պատիվ եղբորս դստեր»:
Հարցնում եմ, թե գործունեության 20 տարիների ընթացքում ինչ տիպի աջակցության կարիք է ունեցել գործարանը, որ չի ստացել, սակայն կարիքը կա: «Աջակցության կարիք այդքան շատ չունենք եւ չէի ասի, թե տառապում ենք դրա բացակայությունից-վստահաբար պատասխանում է զրուցակիցս,-իմ կարծիքով, աջակցություն պետք է ցույց տալ ֆերմերական տնտեսություններին, գյուղացիներին, որ կարողանան կովերի գլխաքանակը մեծացնել, որ մենք հանձնվող կաթի քանակի հետ խնդիր չունենանք: Եթե գյուղացիները կարողանային կաթ արտադրել եւ ամառը եւ ձմեռը՝ մեր աշխատանքն էլ հավասարաչափ կբաշխվեր: Իսկ այսպես ամռանը աշխատում ենք ծանրաբեռնված, կուտակում ենք, իսկ ձմռանը թերբեռնված ենք՝ դա գումարների ոչ ճիշտ օգտագործում է՝ մինչեւ վեց ամիս գումարների հետադարձ չի լինում: Լավ կլիներ, եթե մեր գործունեության հետ կապված աշխատանքները լինեին հոսքային՝ գնվեր, մշակվեր հասունացվեր, իրացվեր՝ ցիկլը չընդհատվեր»:
Հաջողության բանաձեւը «Դուստր Մելանյա»-ն հիմնած եղբայրների շատ պարզ է. «Աշխատած գումարները տարիներ շարունակ նորից ամբողջությամբ ներդրել ենք արտադրության մեջ,-ժպտալով բացատրում է Ասատուր Հարությունյանը,-զվարճությունների վրա չենք ծախսել, անտեղի վարկեր չենք վերցրել: Իհարկե, դա չի նշանակում, թե ընդհանրապես բանկերի հետ գործ չունենք՝ սեզոնային վարկեր վերցնում ենք, հատկապես ամռան շրջանում, երբ մեծ քանակությամբ կաթ պետք է գնել: Բազմիցս է խոսվել, բայց մեկ անգամ էլ եմ ասեմ՝ պետք է վարկերը ավելի մատչելի դարձնել, որ տնտեսությունը զարգանա: Գյուղացին ցանկություն չունի կով պահելու, որովհետեւ երկու կովը եկամտաբեր չէ, ֆերմերն էլ ունեցած անասնագլխաքանակը չի մեծացնում, որովհետեւ երկուսի դեպքում էլ պիտի վարկ վերցնեն: Եթե գյուղացու վիճակը լավացավ, հավատացեք, որ արտադրողի վիճակն էլ, երկրի վիճակն էլ լավ կլինի»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել