HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Նվիրում + կամք + բախտ = վերակենդանացում եւ հաղթանակ

Հայաստան-Մոնտենեգրո խաղում հայ երկրպագուները տեսան գրեթե ամեն ինչ. արդեն մեզ համար սովորական դարձած ձանձրալի խաղ, կոպիտ սխալներ, բաց թողած երկու գոլ, իսկ հետո կերպարանափոխություն՝ պրեսինգ, արագ եւ սուր անցումներ, հարվածներ դարպասին եւ դարպասի ուղղությամբ, երեք գոլ ու հաղթանակ:

Հետադարձ հայացք

Պաշտոնական խաղերում միայն հեռավոր 1995-ի սեպտեմբերին է մեր թիմը պարտվելիս կարողացել բեկել խաղն ու հաղթանակ տոնել: Դա մեր հավաքականի պատմության առաջին պաշտոնական հաղթանակն էր «Եվրո-1996»-ի ընտրական փուլի Մակեդոնիայի հետ արտագնա խաղում. թիմը Երեւանում ոչ-ոքի էր խաղացել մակեդոնացիների հետ, ընդ որում՝ 2-0 հաշվով հաղթելիս ձեռքից բաց էր թողել հաղթանակը (աչքի էին ընկել Ռազմիկ Գրիգորյանն ու Արմեն Շահգելդյանը): Իսկ ահա Սկոպիեում 0-1 հաշվով զիջելիս նույն Գրիգորյանի ու Շահգելդյանի գոլերի շնորհիվ թիմը պատմական հաղթանակ տարավ: Մի դեպք էլ գրանցվել է 2008-ի փետրվարին Մալթայի մրցաշարի շրջանակներում, երբ մերոնք 0-1 զիջում էին բելառուսներին, սակայն Արարատ Առաքելյանի ու Արա Հակոբյանի գոլերի շնորհիվ հաղթեցինք:

Սակայն Հայաստանի հավաքականը երբեւէ չի կարողացել հաղթանակ տանել 0-2 հաշվից հետո: Լավագույն դեպքում 2-2 է խաղացել, ինչպես եղավ 2002-ի սեպտեմբերին, երբ «Հանրապետականում» ուկրաինացիներին առաջին խաղակեսից հետո 0-2 պարտվելիս այսօրվա գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը կրճատեց հաշիվը, իսկ խաղի վերջին րոպեին Անդրեյ Մովսիսյանը 11-մ վաստակեց, որն իրացրեց Ալբերտ Սարգսյանը՝ 2-2:

Փոխարենը 2-0 հաշվով հաղթելիս 3 գոլ ենք ընդունել ու ցավալի պարտություն կրել. 2000-ի հոկտեմբերի 7-ին՝ աշխարհի 2002 թ. առաջնության ընտրական փուլում, վերակառուցումից հետո բացված «Հանրապետականում» կայացած առաջին խաղում Վարուժան Սուքիասյանի թիմն ընդունել էր Ուկրաինային: Առաջին կեսում Արթուր Պետրոսյանը 2 գոլ խփեց, սակայն խաղակեսի ավարտին Շեւչենկոն կրճատեց տարբերությունը, իսկ երկրորդ կեսում մեր թիմը բաց թողեց եւս երկուսը՝ 2-3, ինչից հետո Սուքիասյանը խիստ քննադատեց Բերեզովսկուն, եւ հետագայում դարպասը վստահեց Հարություն Աբրահամյանին:

Բախտի գործոնը

Նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի համար նորամուտը հիանալի ստացվեց: Առաջին հերթին դրանում իր ներդրումն ունեցավ մարզչական շտաբի տարած աշխատանքը, ֆուտբոլիստների վերաբերմունքը գործին, ինչպես նաեւ մարզական բախտը: Եթե դու գոլ ես խփում խաղի վերջին վայրկյանին, ավելի կոնկրետ՝ քո հաղթական հարվածը հանդիպման վերջին գործողությունն է, ինչպես եղավ Գեւորգ Ղազարյանի պարագայում, ապա, ամենեւին չթերագնահատելով մարզիկի որակները, չի կարելի չխոսել նաեւ բախտի մասին: Ինչպես անցած խաղում 95-րդ րոպեին նմանատիպ իրավիճակում Լեւանդովսկին մեր թիմի հետ խաղում 2-1 հաշվով հաղթանակ պարգեւեց իր հավաքականին ու տխրեցրեց հայերին, այդպես էլ երեկ 93-րդ րոպեին արեց Գեւորգը՝ ցնցելով մարզադաշտն ու հեռուստադիտողներին (Ղազարյանը խփեց հավաքականում իր 10-րդ գոլը՝ հավասարվելով Յուրա Մովսիսյանին: Ավելին խփել են Արթուր Պետրոսյանն (11) ու Հենրիխ Մխիթարյանը՝ 19):

Սխալներ թիկունքում

Խաղից առաջ շատերին հետաքրքրում էր, թե ընտրական խմբի առաջատարի դեմ ինչ մարտավարություն է ընտրելու Պետրոսյանը: Սուքիասյանը Դանիայի ու Լեհաստանի հետ խաղերում դաշտ էր դուրս բերել 5 պաշտպանների, իսկ ռումինների հետ երեւանյան հանդիպմանը՝ 4, ինչից հետո մերոնք պարտվեցին 0-5: Հանուն արդարության ասենք, որ Պետրոսյանի ձեռքի տակ եղած թիմն ավելի պատրաստված էր. շարքում էր ավագ Մխիթարյանը, Ղազարյանը նախորդ խաղերի համեմատ ավելի լավ պրակտիկա ունի, թիմի ֆիզիկականը բավարար է, եւ չեղավ իրավիճակ, որ ասեինք, թե խաղացողները շնչահեղձ են լինում:

Մի փոքր տարօրինակ էր նոմինալ կենտրոնական պաշտպան Տարոն Ոսկանյանին աջ թեւում տեսնելը: Ոսկանյանը չունի Հովհաննես Համբարձումյանի (հայտավորված չէր) ու Կամո Հովհաննիսյանի (պահեստայինների թվում էր) արագությունը, եւ ռուսական «ՆՏՎ»-ի մեկնաբանը դիպուկ նկատեց, որ նա ժամանակակից թիմերի եզրային պաշտպանի պես չի դիտվում: Ոսկանյանն իր եզրով երբեմն մասնակցում էր անցումների, սակայն շատ չէր առաջանում՝ նաեւ չցանկանալով մերկացնել թիկունքը: Ավելի ակտիվ էր ձախ եզրային Լեւոն Հայրապետյանը, որը միշտ էլ աչքի է ընկել իր ակտիվությամբ ու կայունությամբ, բայց երեկ թիմին շատ ծանր դրության մեջ դրեց, երբ 38-րդ րոպեին գնդակը դարպասապահ Բեգլարյանին փոխանցելիս լավ չդիպավ գնդակին, ու նրա թիկունքին շնչող Յովետիչը, օգտվելով նվերից, մեն-մենակ դուրս եկավ Արսենի դեմ ու հաշիվը դարձրեց 0-2:

Բեգլարյանին այդ դրվագում մեղադրել չի կարելի, սակայն դրանից 2 րոպե առաջ հենց նրա անվստահ խաղը գոլի պատճառ դարձավ: Ճիշտ է, մրցակցի հարվածից հետո գնդակը շեղեց ուղղությունը Արտակ Գրիգորյանին դիպչելուց հետո, սակայն Բեգլարյանը այն հետ մղեց իր դիմաց, ինչը հակացուցված է նման դեպքերում. Կոյաշեւիչն օգտագործեց պահը: Իսկ թե 2-2 հաշվի ժամանակ ինչու Բեգլարյանը լքեց դարպասն ու վազեց Յովետիչին ընդառաջ, անհասկանալի էր: Նման մի քաջագործություն էր նա արեց Կոպենհագենում. դրանից առաջ նա հետ էր մղել 11-մետրանոցը եւ, ըստ էության, շատ էր ոգեւորվել: Խաղից հետո Արթուր Պետրոսյանը նկատել է, որ դա փորձի պակասից է, եւ նրա հետ կզրուցեն: Արսենի սխալը սրբագրեց կենտրոնական Հրայր Մկոյանը, որը գլխով հետ մղեց դարպասը սլացող գնդակը:

Նախաձեռնություն ստանձնելու արդյունքը

Պետրոսյանը հենակետային գոտում խաղացնում էր Արտակ Գրիգորյանին ու Գոռ Մալաքյանին: Եթե Գոռն իր բնույթով առաջ միտված խաղացող է, մրցակցին չեզոքացնելուն զուգահեռ փորձում է նաեւ գրոհներ նախաձեռնել, Արտակն ավելի շատ մտածում է քանդելու, մենապայքարներում հաղթելու եւ թիկունքն ամուր պահելու մասին: Երեկվա խաղի առաջին կեսում հենց նման պատկեր էր, ինչն ամենեւին ձեռնտու չէր մեզ, քանի որ գրոհի կենտրոնը կաղում էր: Բավական է ասել, որ առաջին կեսում մեր թիմն առաջին հարվածը կատարել է 30-րդ րոպեին, երբ Ղազարյանը բարձր հարվածեց: Հենրիխին հավաքականում միշտ տեսել ենք կենտրոնում, եւ հենց նա է եղել գրոհների ու հակագրոհների շարժիչը, թիմն իր հետեւից տանողը, բայց չեխերի հետ խաղում հենց այդ գոտում ստացած վնասվածքից ու Անգլիայում շատ քիչ խաղաժամանակ ստանալուց հետո Պետրոսյանը, թերեւս, որոշել էր նրան ավելի շատ մանեւրելու հնարավորություն տալ՝ տեղափոխելով կիսապաշտպանության ձախ թեւ: Փոխարենը կենտրոնում Մարկոսն էր, սակայն նա որքան էլ տեխնիկապես գրագետ է, չունի Հենոյի ճկունությունը (պատահական չէ, որ Մխիթարյանը երկրորդ կեսում սկսեց ավելի շատ կենտրոնից գործել ու պարբերաբար հետ էր քաշվում, քանի որ ընկերները չէին գտնում գրոհի սկիզբը): Այս պարագայում անհրաժեշտ էր հենակետայինների աջակցությունը խորքից:

Ընդհանրապես, համաշխարհային ֆուտբոլում այսօր հենակետային հասկացությունը հարաբերական է, քանի որ այդ դիրքի խաղացողները ոչ պակաս գրոհային են: Հեռահար հարվածները, գրոհի փուլում ակտիվ մասնակցությունը դարձել են այդ օղակի ֆուտբոլիստների հիմնական պարտականություններից, ինչը լավագույնս ապացուցում է գերմանացի Տոնի Կրոսը:

Արտակ Գրիգորյանը հավաքականում խաղալու մեծ փորձ չունի, դրվագներում երբեմն կոպիտ սխալներ է թույլ տալիս՝ թույլ կամ սխալ փոխանցում կատարում, ինչի վրա պետք է աշխատել: Սակայն նա թիմի «սեւագործ բանվորներից» է, որոնք գրեթե միշտ շարժման ու պայքարի մեջ են, ու առանց որոնց թիմի ողնաշարը ջարդվում է: 50-րդ րոպեին Գրիգորյանը նախաձեռնությունն իր վրա վերցրեց, պատ խաղարկեց Կորյանի հետ ու հասավ հաջողության. անցումն ու հարվածն այնքան արագ ստացվեցին, որ Բոժովիչը միայն հասցրեց ձեռքերը պարզել, սակայն գնդակը անդրադարձավ հենց Գրիգորյանի ոտքին ու հայտնվեց ցանցում: Սա Արտակի առաջին գոլն էր հավաքականում: Ակամա հիշվեց Չեխիա-Հայաստան հանդիպմանը այն դրվագը, երբ Ղազարյանի հարվածից եւ Չեխի շեղումից հետո գնդակը դիպավ Գեւորգի գլխին ու ընթացավ դարպասը, եւ մեր թիմը հաղթեց 2-1: Գոլն ապացուցեց նախաձեռնություն դրսեւորելու, պատասխանատվությունը սեփական անձի վրա վերցնելու արդյունավետությունը: Պետք է այդպես շարունակել:

Անկախ այս խաղում գոլ խփել-չխփելուց ես ինքս միշտ հիացել եմ Գեւորգ Ղազարյանի ու Վարազդատ Հարոյանի նվիրվածությունով: Ճիշտ է, Ղազարյանը Հարոյանի կայունությունը չունի, նրան պարբերաբար խանգարել են վնասվածքներն ու պրակտիկայի պակասը, Հարոյանն էլ նախկինում աչքի է ընկել մանկական սխալներով ու հոգեբանական ոչ ստաբիլ վիճակով, սակայն այս խաղացողներին նվիրվածության պակասի մեջ ոչ ոք չի կարող քննադատել: Հարոյանը, թերեւս, թիմի ամենամարտունակ միավորն է, նրան կարելի է տեսնել թե սեփական ու մրցակցի տուգանային հրապարակում՝ երկրորդ հարկում մի քանի մրցակիցների մեջ, թե խոտածածկի վրա՝ հարվածը մարմնով փակելիս: Լեհաստանի հետ խաղում, երբ 50-րդ րոպեին Մարկոսը տուգանայինից գոլ խփեց, Հարոյանը կրկին կրակագծում էր ու ինչ-որ չափով ապակողմնորոշեց դարպասապահ Ֆաբիանսկուն՝ իր վաստակն ունենալով գոլում: Երեկվա խաղի 74-րդ րոպեին Հարոյանը ճիշտ պահին ճիշտ տեղում էր, ու այլ բան չէր մնում, քան անկյունայինից եկած գնդակն իր մոտ հայտնվելուց հետո անպաշտպան դարպասը գրավելը: Հարոյանը եւս ազգային թիմում խփեց իր անդրանիկ գոլը:

Կիսել Հենրիխի բեռը

Շատերը երեւի գոլ էին սպասում Մխիթարյանից, սակայն նրա հարվածներից միայն երկուսն էին հավակնում գոլ դառնալուն. մի դեպքում Բոժովիչը անկյունային հանեց տուգանային հարվածով պտտեցված գնդակը, մյուսում որսաց այն, երբ Հենոն ֆիրմային ամցումով տեղափոխվեց կենտրոն ու ձախով հարվածեց: Զգացվում էր, որ թիմի ավագին չի հերիքում տեմպը, տոնուսը: Միայն կարելի է հուսալ, որ Մոուրինյոն ավելի շատ կվստահի նրան՝ շատ խաղաժամանակ տրամադրելով, այլապես ինչպե՞ս կարող է Հենրիխն ավելի լավ խաղալ, քան Լինգարդը, Մատան, Մարսիալը, ինչպես իր ցանկության մասին հայտարարում է բոլորին զարմացնող պորտուգալացին: Գուցե այս խաղում Հենրիխի գործողությունները նրա ուղեղում ինչ-որ դրական միտք ծնեն:

Միաժամանակ, հանդիպումը ցույց տվեց, որ ամբողջ բեռը Հենրիխի վրա թողնել չի կարելի, պետք է գործել բազմակողմանի, նախաձեռնություն պիտի դրսեւորեն նաեւ մյուսները, ինչն առաջատարին հնարավորություն կտա գործել պակաս ծանրաբեռնվածությամբ եւ, մանեւրելով դաշտում, գտնել ազատ տարածություններ, հարվածի դուրս գալ:

Նոր մարտահրավերներ՝ մարզչական շտաբին

Հարձակման օղակում մեր թիմը դեռ խնդիրներ ունի: 28-ամյա Ռուսլան Կորյանը, որը ոչ միշտ է հավաքական հրավիրվում, ունի լավ ֆիզիկական տվյալներ, միաժամանակ դանդաղ չէ, միտք ունի, սակայն մենապայքարներում չի կարողանում հարկ եղածի պես կառչել գնդակից, կռիվ տալ, ինչն այնքան անհրաժեշտ է մեզ: Այդպիսի որակներ ուներ Յուրա Մովսիսյանը, ու առջեւի գծում մեր թիմի նախկին սրությունը նաեւ դրանով էր պայմանավորված: Արթուր Սարկիսովն էլ ունի փորձ, արագ ու ճկուն է, բայց դեռ չի տեղավորվում առաջ քաշված հարձակվողի օղակում, քանի որ ավելի շատ հարմար է որպես աջ գրոհային:

Ամեն դեպքում, եթե թիմը 0-2-ից հետո արթնանում ու հաղթում է 3-2, ուրեմն մարզիչը ճիշտ է տրամադրել թիմին: Հիշենք, որ նշանակումից հետո Պետրոսյանը շեշտել էր խաղացողների հետ հոգեբանական աշխատանքը: «Հաղթում է թիմը, պարտվում՝ մարզիչը» խոսքն այս դեպքում կիրառելի չէ, քանի որ իսկապես էական էր Պետրոսյանի գործոնը, չնայած նա համեստորեն այդ դերը կիսեց լրագրողների հետ: Առիթ ունեցել ենք նշելու, որ մեր հավաքականը տրամադրության թիմ է, մեկ հաջող ելույթը կերպարանափոխում է կոլեկտիվը, ինչից հետո սովորաբար հաջողված խաղերի երկար կամ կարճ շարք ենք տեսնում: Ճիշտ է, սա այս տարվա վերջին հանդիպումն էր, եւ հաջորդը կկայանա մարտի 26-ին, երբ Երեւանում կընդունենք Ղազախստանին, սակայն պիտի հուսանք, որ քառամսյա ընդմիջումը բացասաբար չի անդրադառնա խաղացողների մարզավիճակի վրա: Քանի որ ձմեռային դադարից հետո՝ մարտ ամսին, հավաքականի խաղերի վիճակագրությունը բացասական է, թիմը հիմնականում պարտվել է պաշտոնական ու ընկերական խաղերում, կարելի է մինչեւ մարտի 26-ը մեկ-երկու փորձամրցում կազմակերպել: Իսկ մինչ այդ Պետրոսյանն ու շտաբը դեռ մեծ աշխատանք ունեն կատարելու. առաջին հերթին, որքան էլ դժվար կլինի որակական տեսանկյունից, փորձել հնարավորինս ընդլայնել պահեստայինների նստարանը, այլապես համապատասխան կադրերի դեֆիցիտի պարագայում վերելքներին հաջորդելու են վայրէջքները:

Հ.Գ. Երեկ ընտրական 5-րդ խմբում գրանցվել են այսպիսի արդյունքներ. Դանիա-Ղազախստան՝ 4-1, Ռումինիա-Լեհաստան՝ 0-3: Մրցաշարային աղյուսակն ունի հետեւյալ տեսքը.

2017-ի մարտի 26-ին կկայանան Հայաստան-Ղազախստան, Մոնտենեգրո-Լեհաստան, Ռումինիա-Դանիա հանդիպումները:

Լուսանկարները՝ Գագիկ Աղբալյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter