HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եթե վարչապետի հանձնարարականը թղթին չմնա, լավ կլինի»

Վարչապետ Կարեն Կարապետյանի` բանկերի ներկայացուցիչներին սեպտեմբերի 27-ին տված հանձնարարականից հետո Ռուսլան Կիրակոսյանը 10 միլիոն դրամ վարկ կամ դրամաշնորհ ստանալու հույս է փայփայում: Ասում է` ուզում է ազնվամորու իր 5 հա այգիները կարգի բերել:               

«Քարի հետ կռիվ ենք անում, կուզենայի պետությունը մի քիչ էլ մեզ աջակցեր, որ աշխատատեղ ստեղծենք, մենք մեր գոյությունը պահպանենք, ուրիշներին էլ աշխատատեղ տանք, ոչ  թե նստենք ու սպասենք նպաստին»,- ասում է ալավերդցի Ռուսլան Կիրակոսյանը:

Ռուսլանը 2 տարի առաջ տղայի ընտանիքի հետ ապրել է Մոսկվայում: «Ես ու կինս մի օր մտածեցինք` տուն, տեղ ունենք Ալավերդի, Մոսկվա մնում ենք, ի՞նչ անենք»,- պատմում է Ռուսլանը:

Որոշում են վերադառնալ տուն: Մինչ այդ տղային՝ Ռուբենին, առաջարկում է Ալավերդիում մի գործ դնել՝ գոյությունը պահելու համար. «Մեր քաղաքում հիմա ով մի քիչ հնարավորություն ունի, քարի ցեխ է դնում: Հա, էտենց ա, Ալավերդի երևի մի 50 հատ քարի ցեխ կլինի: Տղաս դեմ էր քարի ցեխ դնելուն: Ճիշտն ասած՝ ես էլ չեմ սիրում»,- ասաց նա:

Ազնվամորու այգիներ տնկելու գաղափարը Ռուսլանի մոտ ծնվել է Մոսկվայում. «Տղայիս ընկերը Երևանում պահածոների գործարանի տնօրեն ա: Էդ ժամանակ իր արտադրանքը բերել էր Մոսկվա՝ տոնավաճառի մասնակցելու: Մենք էլ գնացինք տոնավաճառ: Էդտեղ իմացանք, որ չինացիները Մոսկվայում տարեկան 20 տոննա ազնվամորի են արտադրում, մի փոքր աման ազնվամորին էլ 3 դոլարով վաճառում: Համը տեսա՝ խոտի նման բան էր: Համի վրա ծիծաղեցինք: Չինացիների մալինան ուր, մեր անտառների և դաշտերի քաղցրահամ մալինան ուր»,- ասաց նա:

Մոսկվայից վերադառնալուց հետո Ռուսլանը իր ծննդավայր Հագվի գյուղի Սեդվի հանդամասի հողերից հենց Սեդվի գետակի հարևանությամբ 5 հա հող է գնում:

Ազնվամորու առաջին այգին տնկում է 1,5 հա-ի վրա: Երկու տարի առաջ տնկած այգուց Ռուսլանը այս աշնանը 3,5 տոննա ազնվամորի է ստացել: Վաճառել է կգ-ը 1200 դրամով, 4,5 մլն դրամ եկամուտ է ունեցել:

«Դա այգու 2-րդ տարվա բերքն էր, նորատունկ ազնվամորու բերքը 3-րդ տարուց է սկսվում: Հաջորդ տարի երևի նորմալ բերք կստանանք: Լավն է տեղանքի հողը, ջուրն էլ մոտիկ է, աշխատողներն էլ ունենք, տեսնենք` ոնց է լինում: Այգում  մոշի թփեր էլ եմ գցելու, մալինա, հոն կա, երեքն էլ լավ կաճի: Տեղն ունենք, կմշակենք, ոտի կկանգնենք»,- ասում է Ռուսլանը:

Իր ասելով` եկող գարնանը արդեն 3,5 հա ազնվամորու այգիներ կունենա: Ազնվամորու թփերը գնել է Չարենցավանից: Ստացած եկամուտով աշխատավարձի ֆոնդն է փակել: Հիմնական 4 աշխատողներ ունի, բերքը հավաքելու ժամանակ աշխատողների թիվը 15-ից ավելանում է, 100 դույլ ազնվամորի քաղելու համար ամենաքիչը10 աշխատող պետք է ունենա:

Այգու շրջակա թաղամասերի կանանց նույնպես ներգրավում է բերքահավաքի աշխատանքերում: Աշխատողներին օրը վճարում եմ 3-5 հազար դրամ: Քաղհան անողի և բերքը հավաքողի օրավարձը 3 հազար դրամ է: Հողի հետ ձեռքով աշխատողին, որը ծանր աշխատանք է, վարձատրում է 5 հազար դրամ:

«Ճիշտն ասած` էդ 5 հազարն էլ մի մեծ փող չի այս ժամանակաշրջանում, երբ ապրելու ամեն միջոց շատ թանկ է, բայց պետք է փող լինի, որ կարողանանք մարդկանց վճարել: Պետք է աշխատողին ժամանակին փող տաս, որ իրեն տունը պահի»,- բացատրեց նա: Ռուսլանի ասելով` Լոռու մարզում մանր ու միջին բիզնեսով զբաղվողներին խանգարողներ լինում են, օգնողներ՝ ոչ: Խանգարողների ցուցակում առաջինը  նշեց Սեդվի գետի վրա հէկ  կառուցողներին:

«Մեր ազնվամորու ոռոգման ջուրն ու հողը լավն են: Ոռոգման ջրի պահանջը մեծ է: Սեդվու ջուրը Հագվվի հողատերերին հազիվ է հերիքում: Ամառվա ամիսներին գետի ջուրը շատ բարակում է, այգին գիշերն էլ ենք ջրում, որ չչորանա»,- բացատրեց նա:

Սեդվի գետը

Ենթադրեց՝ Սեդվի գետի վրա հէկ կառուցողները երևի իրենք էլ հասկացան, որ գետում էդքան ջուր չկա: «Առայժմ նրանք չկան, ինձ թվում է էլ չեն գա: Ալավերդու Սանահին կայարանային թաղամասում գտնվող ճանբաժնին պատկանող շենքի առաջ հէկ-ի խողովակները թափած են: Ջրից հանգիստ կլինեմ, երբ էդ խողովակները էդտեղից տանեն»,- ասում է Ռուսլանը:

Գետի ջրից օգտվում է ոչ միայն Ռուսլանը: «Սեդվի ափերին 100-ից ավելի հագվեցիներ այգիներ ունեն. ճիշտ է` փոքր են այգիները, բայց իրենց ընտանիքը դրանով են պահում:Էդ ջուրն էլ, որ չլինի, ինչով կապրի էս ժողովուրդը», - ասաց Ռուսլանը:

Դժգոհեց մարզի գյուղատնտեսական տեխնիկայի վիճակից. «Հին՝ 50-60 տարվա տեխնիկաներ են, ում ասում ենք` եկեք մեր հողը վարեք, ասում է` մինչև Ձեր հողին հասնենք, տրակտորս փուլ կգա: Հիմա մենք ձեռքի ուժով և բահով  ենք մշակում հողերը: Եթե 1 հա դաշտ վարելը տրակտորով ամենաշատը մի 30-40 հազար դրամ փող է, իմ դեպքում ձեռքի աշխատանքով` մի 2-3 միլիոն դրամ փող է նստում: Շատ դժվար և ծախսատար է, բայց մեր ծրագրում կա, որ 2017թ. նորից 1,5 հա–ի վրա պետք ազնվամորի ցանենք, մի 500 հատ էլ ծառ ենք գցելու»:

Ռուսլանը փոքր տրակտոր ունի, բայց իր քարքարոտ հողերում մի քիչ ավելի մեծ մեխանիզմ է հարկավոր: Կան բելոռուսական տրակտորներ, որոնք հողի հետ մի քանի աշխատանքեր են կատարում: Վստահ է, որ 2018թ.-ին իր 3,5 հա այգին լրիվ ազնվամորու բերքի տակ կլինի և կցասայլով տրակտորով հավաքած ազնվամորին այգիներից կտեղափոխի հավաքման կետ: Գործերը լավ գնալու դեպքում Ռուսլանը նախատեսել է նաև այգու տարածքում պահածոների մինի գործարան կառուցել: «Եթե դրամական վիճակներս լավ լինի, մեր ծրագրերը անպայման կիրականացնենք, եթե ոչ՝ կուզենայի, որ պետական դրամական աջակցություն ունենայինք: Մնացածը մենք կանենք»,- ասաց նա:

Ռուսլանը տեղյակ էր սեպտեմբերի 27-ին բանկային համակարգի ներկայացուցիչների հետ հանդիպմանը վարչապետ Կարեն Կարապետյանի` բանկերում առկա ակտիվների միջոցով փոքր ու միջին բիզնեսը վարկավորելու հանձնարարականին:

«Եթե վարչապետի հանձնարարականը թղթի վրա չմնա, լավ կլինի»,- ասում է նա: Իր բիզնեսի համար առնվազն 10 միլիոն դրամ դրամաշնորհ կամ վարկ ստանալը Ռուսլանը հրատապ խնդիր է համարում՝ այգիները կարգի բերելու համար: «Որքան շուտ հողային աշխատանքներն անեմ ու տնկիները գցեմ, այնքան շուտ արդյունքի կհասնեմ: Էսենց կամաց՝ ինքն իրենով, որ ուզենա զարգանա` տարիներ է պետք»,- բացատրեց նա:

Ռուսլան Կիրակոսյանի  բիզնեսի հետ կապված զրուցեցինք նրա նոր այգու տարածքում աշխատողների հետ: Բրիգադիր Անուշավան Շալաղոյանը ասաց, որ արդեն 2 տարի է` աշխատում է  Ռ. Կիրակոսյանի այգիներում:

«Երբ 1-ին անգամ եկել եմ այստեղ, տարածքը խոպան էր: Մի կերպ այգի սարքեցինք: Ամիսը 100 հազար դրամ աշխատավարձ եմ ստանում: Լինում է` ավել է վճարում: Ով լավ է աշխատում, նրան հավելավճար է տալիս: Իմ բրիգադում 12 աշխատողներ կան: Աշխատավարձը ժամանակին է վճարում»,- հայտնեց Անուշավանը:

Աքորեցի Արթուր Մոսինյանը արդեն 15 օր է` աշխատում է Ռուսլանի այգում: Ընտանիքում 5 անձ են, միակ աշխատողը Արթուրն է:

«Նորմալ է վարձատրում: Ես ազնվամորու արտադրությամբ  չեմ զբաղվել, բայց տեսնում եմ, որ մարդիկ աշխատում են, արդյունքը տեսնում են»,- ասաց Արթուրը:

Արարատ Պետրոսյանն էլ պատմեց, որ օրը 5 հազար դրամ աշխատավարձով է աշխատում, դժգոհ չէ, այլ աշխատանք էլ չկա:

«Էլի լավ է, որ մարդը էսպիսի գործ է անում, ժողովուրդը մի քիչ աշխատավարձ է ստանում: Էսօրվա դրությամբ ընտանիքում 9 ջան ենք, աշխատող չունենք: Երկու հարսն ունեմ, 3 թոռը, 2 տղա, ոչ մեկս չենք աշխատում: Նպաստ էլ չենք ստանում»,-պատմեց աքորեցի Արարատ Պետրոսյանը:

«Գյուղացի մարդ ես, էս այգիների ապագան ոնց ես տեսնում»,- հարցրի աշխատողներից Սեդրակ Մանուկյանին:

«Շատ ընտիր եմ տեսնում, լավը կլինի: Մարտից եմ այս այգիներում աշխատում: Այգու ամբողջ պատերը ես եմ դրել: Էն նավեսը կառուցելուց հետո գործ չկար, ասեցի հիմա էլ էստեղ աշխատեմ: Հա, օրը 5 հազար դրամով: Նորմալ եմ աշխատավարձը համարում»,- պատմեց Սեդրակը: Վերջինիս ասելով` Ռուսլանը աշխատողների հետ շատ լավ է վերաբերվում: «Ամեն մարդ չի կարող բանվորի հետ էդպես նորմալ լինի: Սկզբում մեզ սնունդ էր տալիս, հիմա, որ դժվարություններ ունի, դադարեցրել է: Մարդ կա` ունենում է, չի տալիս, մարդ էլ կա` չունի, տալիս է: Էս մարդը բանվորին տվող մարդ ա»,- հայտնեց Սեդրակը:

Սեդրակը պատմեց, որ մշակվող այգիների հողերը իր, եղբոր և քրոջ հողերն են եղել: Չեն կարողացել մշակել, վաճառել են: Ռուսլան Կիրակոսյանը տեղյակ էր աշխատողների հոգսերին. «Աշխատողներ կան` տանը հացի փող չունեն, շատերը վարկերի տակ են: Բա, մարդիկ եկել են իրենց հացի համար քարերի հետ կռիվ են տալիս, ոնց կարող եմ նրանց աշխատավարձը առաջնահերթ չվճարել»,- ասաց Ռուսլան Կիրակոսյանը:

Մեկնաբանություններ (5)

սիրարփի Առուստամյան
Հարգելի Հետք, ինչպե՞ս անել, որ նման մարդիկ ստանան անհրաժեշտ աջակցություն: Ախր այս մեր հուսահատ երկրի համար շատ մեծ գործ են իրենք անում: Ինչպես մենք՝ լոռեցիներս ենք ասում, մեր ձորի գյուղացիները աջակցության դեպքում ոչ միայն հայաստանը, այլ նաև շատ երկրներ կարող էին մեր համով մրգերով ու հատապտուղներով լիացնեին: Եվ հողն էլ դատարկ չէր մնա, և Հայաստանը կբարգավաճեր: Միայն թե չխանգարեին այդ անկուշտ իշխանավորները...
Маню
Правильное начало!
Մաթոս
Այո, Դուք եք տերը ձեր հողի ու ջրի! Կորչեն ՀԵԿ երն ու ՀՀԿ երը!
Հրաչյա
Բոլորս էս մարդու թիկունքին կանգնելու ենք, ով ինպես կարողանումա, թող էդ հեկերը տանեն իրանց բոստանում սարքեն, պետքա ոտի կանգանացնել նաև Աքորու ժողովրդին
Ռուբեն
Ապրե՛ս, Ռուսլան ջան,ճիշտ է՝ձուկ բռնել այդպես էլ չսովորեցիր,բայց շատ լավ գործ ես ձեռնարկել,ու համոզված եմ՝հաջողության ես հասնելու...Բարին քեզ հետ,ախպե՛ր...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter