HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանների նկատմամբ բռնություն կատարելու մեջ մեղադրվողի կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը մերժվեց

Ամալյա Մարգարյան

Այսօր Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրրավասության դատարանում քննվում էր Խորենացի փողոցում անկարգություններ իրականացրած և ոստիկանների նկատմամբ բռնություն իրագործած ամբաստանյալներ Հարություն Թորոսյանի, Հրայր Իսախանյանի, Էդուարդ Զեյթունյանի, Անդրանիկ Քյոսեյանի գործով դատական նիստը:

Նիստի ընթացքում փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը, անդրադառնելով գործընկեր Գրիշա Բալասանյանի՝ նախորդ դատական նիստի ընթացքում ներկայացրած միջնորդությանը, ասաց, որ այս քրեական գործերի նյութերից հայտնի է, որ գործը հիմնված է միայն տեսագրությունների վրա. «Եթե մտովի էլ պատկերացնենք, որ ամբաստանյալը ազատության մեջ մնալով կարող է հանդիպել դրսում գտնվող անձանց հետ, նա որևէ ձևով չի կարող ազդել նրանց անձը չպարզելու կամ չհայտնաբերելու վրա: Հետևաբար գտնում եմ, որ սա հիմք չէ անձին անժամկետ և շարունակական կալանքի տակ պահելու համար»:

Գրիշա Բալասանյանը դատավորի այն հարցին, թե արդյոք այլ հիմնավորումներ ունի, պատասխանեց. «Հիմնավորումները ներկայացրել ենք: Շարունակում եմ իմ գործընկերոջ ասածը. ապացուցները հիմնականում տեսագրված են, այսինքն ենթադրյալ մասնակիցները բոլորը հայտնի են տեսանյութով, հետևաբար չի կարող իմ պաշտպանյալը ազդել տեսանյութում պատկերված անձանց վրա կամ ինչ-որ ձևով ասել՝ դուք կադրում մի երևացեք: Գործն այս մասով ավարտված է»:

Փաստաբանը ասաց, որ իր կարծիքով անհիմն է դատախազի հիմնավորումը, որ գործից անջատված մաս կա, ինչի պատճառով կարող են անընդհատ երկարացնել անձին անազատության մեջ պահելը՝ դրանով խախտելով տվյալ անձի իրավունքը:

Նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը որոշում կայացրեց Հ. Իսախանյանի պաշտպան Գրիշա Բալասանյանի ներկայացրած միջնորդությունը՝ կալանավորումն ավելի մեղմ խափանման միջոցով փոխարինելու վերաբերյալ, մերժել:

Ամբաստանյալ Անդրանիկ Քյոսյանի պաշտպան Դավիթ Մնացականյանը նույնպես հանդես եկավ միջնորդությամբ` կալանքը գրավով ազատելու վերաբերյալ, ինչպես նաև ներկայացրեց ամբաստանյալի մասին դրական բնութագրեր, որտեղ նշված էր, որ վերջինս «կարգապահ է եղել թե՛ դպրոցում, թե՛ թաղամասում, նահապետական ընտանիքից է, ունի կազմակերպչական աշխատանքներ իրականացնելու ջիղ, սիրված է հարևանների կողմից»:

Դատավոր Դանիբեկյանը միջնորդության քննությունը հետաձգեց, քանի որ աշխատանքային ժամը ավարտվում էր: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին:

Հիշեցնենք, որ ամբաստանյալները մեղադրվում են այս տարվա հունիսի 19-ին Խորենացի փողոցում 7 ոստիկանների նկատմամբ բռնություն կատարելու մեջ: Մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter