HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

5 ամիս կալանքի տակ. Խորենացի փողոցում անկարգության մեղադրանքով ձերբակալվածների գործը ձգձգվում է

Ամալյա Մարգարյան

Խորենացի փողոցում տեղի ունեցած անկարգությունների մեջ մեղադրվող Կարեն Վանոյանի և Սարգիս Արաբաջյանի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց, ինչն առաջացրեց դահլիճում հավաքված նրանց բարեկամների զայրույթը:

Դատավոր Աննա Դանիբեկյանը նիստը հետաձգելու մասին որոշում հրապարակեց, քանի որ մեղադրյալ Կարեն Վանոյանի պաշտպան Անժելա Հոբոսյանն արձակուրդում գտնվելու պատճառով չէր ներկայացել նիստին: Հանրային պաշտպանի բացակայության մասին տեղյակ չէին նիստի մյուս մասնակիցները: Կարեն Վանոյանը հրաժարվեց նիստը շարունակել առանց իր պաշտպանի ներկայության:

Կարեն Վանոյանի և Սարգիս Արաբաջյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել 2016-ի հուլիսի 19-ին Խորենացի փողոցում և հարակից տարածքներում տեղի ունեցած անկարգություններին մասնակցելու և մի խումբ անձանց հետ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն կիրառելու մեջ:

Ինչպես նշում է Սարգիս Արաբաջյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը` ըստ մեղադրական եզրակացության կամ որպես մեղադրյալ ներգրավվելու որոշման մեջ  հստակ գործողություններ կամ փաստեր նշված չեն, որի համար ամբաստանյալները կալանավորվել են. «Մեղադրանքն առաջադրվել է կատարված անորոշ գործողությունների համար: Պարզ չէ` կոնկրետ իմ պաշտպանյալ Սարգիս Արաբաջյանն ի՞նչ գործողություններ է կատարել, որի համար նա մեղադրվում է: Մեղադրանքի որոշումը չի բխում Քրեական օրենսգրքի 8-րդ հոդվածի պահանջից, կոնկրետացված չէ. շեշտված չեն այն գործողությունները, որոնց համար մեղադրվում է տվյալ անձը»:

Ամբաստանյալների հարազատները

Փաստաբանը նշում է նաև, որ գործում առկա են տեսանյութեր, որի մեջ հայտնված ցանկացած անձ մեղադրվում է նույն հոդվածով. «Անկախ նրանից՝ մարդը որևէ գործողություն անու՞մ է, թե՞ ոչ, նա մեղադրվում է»,- ասում է Լ. Սիմոնյանը:

Ամբաստանյալներ Կարեն Վանոյանը և Սարգիս Արաբաջյանը ապրում են Սարի թաղում, մինչև կալանավորվելն աշխատել են որպես տաքսու վարորդներ:

Կարենի մայրը` 64-ամյա Շուշանիկ Գալստյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ տղան իրենց բազմանդամ ընտանիքի միակ կերակրողն է, ինքը թոշակառու է, չի կարողանում հոգալ ընտանիքի հոգսը: 

«Թոշակառու կին եմ, օգնող չունեմ, փողոցի մարդկանց եմ կանչում, որ գան մի հատ փեչի տրուբա, մի հատ լամպ սարքեն: Հինգ ամիս է կալանքի տակ է: Ես ո՞ր մեկին գնամ բռնեմ բերեմ, որ իմ տան ցավերը հոգա, բա ինքը տունը չլինի՞, որ իմ ցավը հոգա: Որ իմանամ մի անշնորհքություն, մի հանցագործություն արել է, կասեմ՝ թող գնա պատիժը կրի: Հինգ ամիս է դատարաններում երկու րոպե տեսնում եմ ու վերջ:

Մեր տան միակ պահապան ճրագն է:

Նոր Տարին է մոտենում, մարդիկ ուրախանում են, իսկ իմ տղեն մեր տան մեջ չէ: Պահել, փայփայել եմ էսքան տարի, իսկ հիմա մի հատ ստից քաղաքականության համար նստել է»»,- ասաց Շուշանիկ Գալստյանը:

Գործով մյուս ամբաստանյալի՝ Սարգիս Արաբաջյանի մայրը` տիկին Աստղիկը, մեզ հետ զրույցում ներկայացրեց, որ որդին տաքսու վարորդ է, հուլիսի 19-ին աշխատանքի մեջ է եղել. «Տնից իջել է երեխայի համար կեր առնելու, տեսել է ընկերները հավաքված են, միացել է նրանց: Տեսանյութի մեջ երևացել է, բայց ոչ մի բան չի անում՝ ո՛չ քար է վերցնում, ո՛չ խփում է»:

Սարգիսը երկու անչափահաս երեխաների (4 տարեկան և յոթ ամսական) հայր է: Արաբաջյանների ընտանիքը բաղկացած է 13 հոգուց:

Սարգիս Արաբաջյանի մայրը, հայրը եւ կինը

«Դժվար է էս պայմաններում ապրելը, աշխատանք չկա, էդ երեխեքին ո՞վ է կերակրելու: Ստից տեղը բերել երեխուն նստացրել են էստեղ»,- ասում է Սարգիս Արաբաջյանի մայրը:

Սարգիսի հայրը` Պետրոս Արաբաջյանը, ավտոբուսի վարորդ է, համեմատելով որդու հետ՝ օրինակ է բերում գրպանահատներին, ասում է`«գրպանահատներին բռնում են, իսկ հաջորդ օրը բաց են թողնում, իսկ մեր որդիներին 5 ամիս է կալանքի տակ են պահում»:

Հիշեցնենք, որ այս գործը բաղկացած է մի քանի մասից: Նույն մեղադրանքով մեղադրյալներ են նաև Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Էդուարդ Զեյթունյանը, Անդրանիկ Քյոսեյանը, որոնց փաստաբանների ներկայացրած երկու միջնորդությունները` կալանքը այլընտրանքային խափանման միջոցով փոխարինելու վերաբերյալ, մերժել է նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը:

Սարգիս Արաբաջյանի և Կարեն Վանոյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ  օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Գործով տուժող է ճանաչվել յոթ ոստիկան: Այս գործով հաջորդ դատական նիստը կկայանա դեկտեմբերի 12-ին:

Գլխավոր լուսանկարում ոստիկանի կողքին Կարեն Վանոյանն է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter