
ԿԳ նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով` ուսումնասիրելու դասագրքերի գնումները
«Հետքը» 02.12.2016թ. հրապարակել էր հոդված այն մասին, որ, կրթության և գիտության նախարարության պատվերով, 2016թ. տպագրվել է շուրջ 100 հազար դոլարի դասագիրք, որի կարիքը դպրոցները չեն ունեցել:
Հանրակրթական դպրոցների դասագրքերը, ըստ գործող կարգի, պետք է տպագրվեն դպրոցներից ԿԳՆ ներկայացրած հայտերի հիման վրա, սակայն փաստացի տպագրաքանակը նշված գումարի չափով` ավելի քան 100 հազար դոլարով, գերազանցում էր դպրոցների կարիքները: Ուսումնասիրությունը կատարվել էր դպրոցներից ստացված հայտերը` ԿԳՆ-հրատարակչություններ պայմանագրերում առկա տպագրաքանակի հետ համեմատելով:
Առանց բանակցային ընթացակարգի և դպրոցների կարիքները գերազանցող գնումները, Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության փոխանցմամբ, պետական միջոցների վատնում չէ: Օրեր առաջ վարչապետի` կրթության հարցերով խորհրդական Գևորգ Մուրադյանին հարցեր էինք ուղղել` արդյոք կառավարությունը կատարել է ուսումնասիրություն և պարզել` ինչու կամ ինչ նպատակով են տպագրվել ավել դասագրքերը կամ արդյոք պատրաստվում են կատարել նման ուսումնասիրություն:
Հարցումից հետո ԿԳ նախարարությունից ստացել ենք տեղեկատվություն` համաձայն որի ԿԳ նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով` ուսումնասիրելու «hոդվածում բարձրացված հարցերը` (մարզերից, Երեւանի քաղաքապետարանից և ԿԳՆ ենթակայության դպրոցներից ստացված հայտերի, ամփոփ հայտի, դասագրքերի բաշխման և մնացորդի վերաբերյալ»:
Արդյունքները ստանալուց հետո կհրապարակենք:
լուսանկարը` yerevan.am-ի
Մեկնաբանել