HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Սուպերմարկետները կլանում են մանրածախ առևտուրը

Հայաստանում մանրածախ առևտրի ոլորտում ծավալների անկում է գրանցվում։ Դրան զուգահեռ ոլորտն ավելի է կենտրոնանում մեծ խանութների և սուպերմարկետների ձեռքում։ 

Ինչպես գրել ենք  մեր նախորդ հոդվածում, այս տարվա առաջին 10 ամսվա կտրվածքով Հայաստանում մանրածախ առևտրաշրջանառությունը կազմել է ավելի քան 965 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 3.2%-ով պակասել. բնակչությունն ավելի քիչ առևտուր է արել, քան նախորդ տարի և շատ ավելի քիչ, քան 2014-ին։ 

Մանրածախ գնումների գերակշիռ մասը մարդիկ կատարում են խանութներից. առևտրաշրջանառության ծավալների 77.1%-ն, ըստ առևտրի օբյեկտների բաշխվածության, հունվար-հոկտեմբերին բաժին է հասել խանութներին։ Իսկ սպառողական ապրանքների շուկաներում իրականացվող առևտրի կշիռը կազմել է 6.2%-ը, 1.5%-ը՝ գյուղատնտեսական արտադրանքի շուկաներին է բաժին ընկել, 2.4%-ը՝ կրպակներին, 12.8%-ն էլ առևտրի այլ օբյեկտներին (այստեղ խոսքն, ըստ վիճծառայության, շարժիչային և կենցաղային վառելիքի մանրածախ վաճառքի կետերի մասին է)։

Ուշագրավ է, որ տարեցտարի խանութների կշիռը մանրածախ առևտրի ոլորտում մեծանում է, մնացած օբյեկտներինը՝ փոքրանում։  Խանութներում առևտրի ծավալներն աճում են, իսկ մնացած օբյեկտներում՝ նվազում։

Այս տարվա հունվար-հոկտեմբերին խանութներում մանրածախ առևտուրը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 2.1%-ով աճել է, իսկ օրինակ՝ շարժիչային և կենցաղային վառելիքի մանրածախ վաճառքի կետերում շրջանառությունը նվազել է 25.9%-ով։ Առևտրի մյուս օբյեկտներում ևս անկում է գրանցվել։

Սա ցույց է տալիս, որ մանրածախ առևտուրը պակասել է ոչ թե ի հաշիվ խանութների, այլ՝ համեմատաբար փոքր շրջանառություն ունեցող առևտրի օբյեկտների և իրացման վայրերի։ Գնալով կրպակների, սպառողական, գյուղատնտեական ապրանքների շուկաների և առևտրի այլ օբյեկտների դերը նվազում է։

Բացի դա՝ խանութների շարքում էլ մեծերի և փոքրերի «կռիվն» է սրանում։ Առանց վիճակագրական տվյալների էլ նկատելի է, որ տարեցտարի փոքր խանութների մի մասը փակվում է՝ չդիմանալով ավելի խոշորների ու սուպերմարկետների հետ մրցակցությանը։  Այս երևույթը հատկապես ընդգծված է Երևանում։

Որ այսօր խանութների կազմում իրենց ունեցած շրջանառությամբ գերակշռում են մեծ խանութներն ու սուպերմարկետները, կարելի է հասկանալ նաև վիճակագրական ցուցանիշներից։ Եռամսյակային կտրվածքով ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացնում է խանութների միջոցով իրականացվող առևտրի շրջանառության կառուցվածքն ըստ աշխատողների թվաքանակի։ Այսպես, այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանում գործող խանութներին բաժին է հասել մանրածախ առևտրի 77.1%-ը` 662.5 մլրդ դրամը։ Եվ այս   662.5 մլրդ դրամից 285.2 մլրդ դրամը կամ 43.1%-ը ապահովել են 50-249  աշխատող ունեցող խանութները։ Նման խանութների քանակն 95 է։ Այստեղ խոսքը մեծ խանութների ու մեզ հայտնի բոլոր սուպերմարկետների մասին է, քանի որ ըստ վիճակագրության՝ հունվար-սեպտեմբերի տվյալներով 250 և ավելի աշխատակից ունեցող խանութ Հայաստանում չկա։

Համեմատության համար՝ խանութներում իրականացված ընդհանուր առևտրի 34%-ը կատարվել է մինչև 9 աշխատակից ունեցող խանութներում, իսկ 22.9%-ը՝ 10-49 աշխատակից ունեցողներում։  Մինչև 9 աշխատակից ունեցող խանութների կշիռը ևս փոքր չէ, սակայն խոսքն ավելի քան 13 հազար խանութի մասին,   հետևաբար՝ 1 խանութի հաշվով նրանց շրջանառությունը անգամ համեմատելի էլ չէ մեծ խանութների ու սուպերմարկետների շրջանառության հետ։

Վիճակագրությունը հնարավորություն չի տալիս համեմատել մեծ խանութների այսօրվա կշիռը նախորդ տարիների հետ, քանի որ այս տարվանից ԱՎԾ-ն այլ չափանիշներով է ներկայացնում խանութները՝ փոփոխվել են ըստ աշխատակիցների քանակի ներկայացվող շեմերը։ Փոխարենը կարելի է համեմատել 2015 թվականը նախորդող տարիների հետ։ Այսպիսով, ըստ ԱՎԾ-ի 2015-ի տարեկան տվյալներով 31 և ավելի աշխատակից ունեցող խանութները, որոնց թվում նաև սուպերմարկետներն են, իրենց առևտրաշրջանառությամբ զբաղեցրել են ընդհանուրի 52.7%-ը։  10 տարի առաջ՝ 2010-ին, նրանց կշիռը կազմել է 37%:

Այսպիսով, ընդհանուր խանութների կշիռը Հայաստանում կատարվող մանրածախ առևտրի ոլորտում գնալով ավելանում է։ Արդյունքում, փոքրանում է հատկապես սպառողական ապրանքների շուկաների ու կրպակների դերը։ Եթե 10 տարի առաջ՝ 2006 թվականին, խանութների կշիռը մանրածախ առևտրում կազմում էր շուրջ 46%, ապա այսօրվա դրությամբ այն ավելի քան 77% է։ Իսկ խանութների շարքում մեծանում է խոշորների դերը։

Մանրածախ առևտրի շրջանառությունը ՀՀ-ում ըստ առևտրի օբյեկտների (%)
Create bar charts 

Այն միտումը, որ սուպերմարկետները իրենց ձեռքում են կենտրոնացնում մանրածախ առևտրի մեծ մասը, նկատվում է ոչ միայն Հայաստանում, այլ՝ ամբողջ աշխարհում։ Նրանց գործունեությունը սահմանափակող բազմաթիվ կանոններ են սահմանվում և փոխարենը՝ արտոնություններ տրվում առևտրի փոքր ծավալներ ունեցող օբյեկտներին, որպեսզի վերջիններս կարողանան գոյատևել խոշորների հետ մրցակցության պայմաններում։  Հայաստանում ևս խաղի որոշակի կանոներ կան, սակայն փաստերը ցույց են տալիս, որ մեծ խանութներն ավելի են ամրապնդում դիրքերը՝ ի հաշիվ փոքրերի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter