HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Անկախությունից հետո Հայաստանում ու Արցախում 100 եկեղեցի է կառուցվել. ծախսվել է ամենաքիչը 50 մլն դոլար

սկիզբը

«Հետքը» հոդվածաշարով անդրադարձավ անկախությունից հետո Հայաստանի ու Արցախի տարածքում կառուցված առաքելական նոր եկեղեցիներին: Մեր նպատակն էր պարզել, թե 1991-ից հետո քանի նորակառույց է հիմնվել, ու որքան գումար է ծախսվել այդ նպատակով: Բնականաբար, այս ընթացքում վերակառուցվել ու վերանորոգվել են բազմաթիվ հին եկեղեցիներ ու մատուռներ, կառուցվել են նոր մատուռներ, սակայն մեր թիրախում եղել են միայն նոր եկեղեցիները:

Քանի որ հոդվածաշարը հրապարակվել է 2015-ի դեկտեմբերից մինչեւ այս տարվա հունվար, այդ ընթացքում եկեղեցաշինությունը, պարզ է, կանգ չի առել: Սակայն մենք այս հոդվածում կամփոփենք զուտ հոդվածաշարի շրջանակներում հրապարակված տվյալները:

100 եկեղեցի՝ 25 տարում

Այսպես՝ 1991-ից հետո Հայաստանի ու Արցախի 12 թեմերում կառուցվել է 100 եկեղեցի: Այսինքն՝ եթե միջինացնենք, կստացվի, որ անկախության 25 տարիներին կառուցվել է տարեկան 4 եկեղեցի: Իրականում, սակայն, նորակառույց եկեղեցիներն սկսել են օծվել 1998-ից, չնայած շինարարական գործընթացները մեկնարկել են դեռ 80-ականների վերջին, 90-ականների սկզբին: 2000-2001 թթ. օծվել է 8-ական եկեղեցի, ինչը, թերեւս, պայմանավորված է քրիստոնեության ընդունման 1700-ամյակով, դրանից հետո մի քանի տարի լավագույն ցուցանիշը եղել է 6-ը: Ֆինանսական ճգնաժամի տարիներին՝ 2008-2010 թթ., տարեկան կառուցվել է 1-4 եկեղեցի: Ամենաշատ եկեղեցիներ բացվել են 2014-2015 թթ.՝ 9-ական: Տարբեր թեմերում այս պահին էլ նոր կառույցների շինարարությունն ընթացքի մեջ է:

Եկեղեցիներ. ըստ տարվա
Create line charts

100 եկեղեցիներից, մեր տվյալներով, չի օծվել միայն Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղի Ս. Գրիգոր Նարեկացին, քանի որ առկա են ճարտարապետական մի շարք սխալներ, բացի դրանից՝ այն չի հանձնվել թեմին կամ Մայր Աթոռին, ինչը վերջիններիս կողմից անընդունելի է: Հայտնի է նաեւ, որ Աբովյանի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին նույնպես չի հանձնվել հոգեւոր իշխանությանը, սակայն վերջինս չի ընդվզել եկեղեցու բարերար Գագիկ Ծառուկյանի դեմ:

Նորակառույցիների թվով «ամենահարուստը» Արարատյան Հայրապետական թեմն է՝ 18 նոր եկեղեցի, «ամենաաղքատը»՝ Շիրակի թեմը՝ 2:

Եկեղեցիներ. ըստ թեմերի
Create pie charts

Քարտեզին նայելիս կարելի է նկատել, որ եկեղեցաշինության խիտ շրջան է Արարատյան դաշտը (Արմավիրի մարզ, Մասիսի, Արտաշատի տարածաշրջան, Երեւան), Հրազդան գետի ավազանը Կոտայքի մարզում, որտեղ տեղակայված է բնակավայրերի մեծ մասը, ինչպես նաեւ Տավուշի մարզը, հատկապես՝ Ադրբեջանին սահմանակից համայնքները:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը դեռ 2015-ին հայտնել է, որ Հայաստանում ու սփյուռքում գործում է Մայր Աթոռին ենթակա 400-ից ավելի եկեղեցի: Նրա փոխանցմամբ՝ աղոթատեղիի, եկեղեցու, մատուռի կառուցման նախաձեռնողը պետք է ստանա Մայր Աթոռի արտոնությունը եւ կաթողիկոսին կից ճարտարապետական խորհրդի հավանությունը: Միաժամանակ տեր Վահրամը դժվարացել է հիշել որեւէ դեպք, երբ մերժվել է եկեղեցի կառուցելու առաջարկը, փոխարենը նշել է, որ նախագծային անհամապատասխանությունների դեպքում կատարվել են լրամշակման եւ թերությունների վերացման աշխատանքներ: Ըստ հոգեւոր հոր՝ թեմը կամ Մայր Աթոռը եկեղեցի օծելու համար գումար չեն պահանջում, նման կարգ չկա:

Մայր Աթոռը «Հետքին» չի տրամադրել բարերարների անունները, չնայած նշել է, որ տիրապետում է բոլոր տվյալներին: «Այդ անունները թե՛ Հայաստանում եւ թե՛ սփյուռքում մեր ժողովրդին քաջածանոթ են: Դրանք տարբեր առիթներով հրապարակվել են Ս. Էջմիածնի կողմից հրապարակված պաշտոնական հաղորդագրություններում, ինչպես նաեւ հրատարակվել են «Էջմիածին» ամսագրում»,- հայտնել է տեր Վահրամը: Իսկ ինչ վերաբերում է ներդրված միջոցներին եւ այդ տեղեկության տրամադրմանը, Մայր Աթոռի աշխատակիցն ասել է. «Մայր Աթոռ Ս. Էջմիածինը տիրապետում է նման տեղեկատվության, եթե տվյալ եկեղեցու կառուցումն իրականացվել է իր միջոցով, եւ պարբերաբար լիարժեք հաշվետվություն է ներկայացնում տաճարի կառուցումը հանձն առած բարերարին: Ինչ վերաբերում է ծախսված գումարներին, ապա դրանք տարբեր են՝ պայմանավորված կատարվող աշխատանքների ծավալից: Իսկ գումարները հրապարակվում են միմիայն այն դեպքում, եթե առկա է դրանք տրամադրող բարերարի արտոնությունը»:   

Մի քանի տասնյակ միլիոն դոլար՝ եկեղեցաշինության համար

«Հետքը» տարբեր աղբյուրներից կարողացել է ճշտել եկեղեցիների ու մատուռների վրա ծախսված գումարների որոշ տվյալներ: Շեշտենք, որ աղբյուրները եղել են տեղեկացված անձինք՝ բարերարներ, մարզպետարանի, համայնքապետարանի (քաղաքի կամ գյուղի) աշխատակիցներ, շինարարությանն անմիջականորեն առնչվող մասնագետներ (ճարտարապետ, շինարար), ինչպես նաեւ մամուլի հրապարակումներ:

Մեր հավաքած տվյալներով՝ արդեն իսկ կառուցված եկեղեցիների ու մատուռների համար ներդրվել է ավելի քան 26 մլն դոլար, սակայն շեշտենք, որ խոշոր եկեղեցիների գումարները (մասնավորապես Երեւանի նորակառույցների) այստեղ ներառված չեն: Դրանք հաշվելու դեպքում կարող ենք այս թիվը հանգիստ կրկնապատկել, եթե ոչ եռապատկել:

Բացի դրանից՝ դեռեւս ընթացքի մեջ գտնվող կառույցների համար նախտեսվել է (մի մասն արդեն իրացվել է) ավելի քան 4 մլն դոլար, սակայն սա էլ իրական թիվը չէ, քանի որ հնարավոր չի եղել պարզել ամբողջը: Պարզապես ասենք, որ Ստեփանակերտում դեռեւս կառուցվող Ս. Աստվածամոր Հովանի տաճարի համար այս պահին հանգանակվել է ավելի քան 1 մլրդ դրամ (ավելի քան 2 մլն դոլար):

Ընդհանրապես, մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գյուղի մասշտաբով եկեղեցի կառուցելու համար անհրաժեշտ է գոնե 150-200.000 դոլար: Պետք է հաշվի առնել նաեւ, որ 1990-ականների վերջին, 2000-ականների սկզբին դոլարի փոխարժեքը բարձր էր, եւ այդ տարիներին կառուցված եկեղեցիների գները տարբերվում են այսօրվա գներից, որոնք ավելի բարձր են: Միջին եկեղեցիների գները հատում են կես միլիոն դոլարի շեմը, իսկ խոշորներինը՝ մեկ միլիոնը՝ հասնելով նույնիսկ մի քանի միլիոնի (ինչպես Աբովյանի Ս. Հովհաննես Մկրտիչը կամ, օրինակ, Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչը):

Եթե ամբողջացնենք ասվածը, ապա կարող ենք պնդել, որ անկախությունից հետո Հայաստանում ու Արցախում եկեղեցաշինության (նորակառույց եկեղեցիներ, մատուռներ) վրա ծախսվել է ավելի քան 50 մլն դոլար (նվազագույնը):

Հովանավորները

Եկեղեցաշինությունը ֆինանսավորել ու ֆինանսավորում են թե՛ խոշոր գործարարները Հայաստանից ու սփյուռքից, թե՛ տարբեր մակարդակի քաղաքական, հասարակական, եկեղեցական գործիչներ, ձեռնարկատերեր, համայնքների ղեկավարներ ու պարզապես բնակիչներ: Քանի որ հովանավորներին անդրադարձել ենք ըստ յուրաքանչյուր եկեղեցու (որոշ դեպքերում՝ նաեւ մատուռների), այստեղ կբավարարվենք միայն ամենահայտնիների անունները հիշեցնելով՝ Պարույր Հայրիկյան, Վահե Կարապետյան, Բարսեղ Բեգլարյան, Սուրիկ Խաչատրյան, Սամվել եւ Կարեն Կարապետյաններ, Վլադիմիր Մովսիսյան, Վալերի Մեջլումյան, Վահրամ Բաղդասարյան, Արա Աբրահամյան, Աշոտ Արսենյան, Հովիկ Աբովյան, Աղվան Հովսեփյան, Գագիկ Ծառուկյան, Ներսես արք. Պոզապալյան, Գագիկ Խաչատրյան, Վահան Զատիկյան, Ալեք Մանուկյան, Նազար Նազարյան, Լուիզ Սիմոն Մանուկյան, Էդուարդո Էռնեկյան, Ռուբեն Գեւորգյան, Արթուր Աբրահամ, Հրայր Հովնանյան, Հովիկ Աբրահամյան, Հրանտ, Միքայել, Կարեն Վարդանյաններ եւ այլն:      

Մեկնաբանություններ (5)

Hendi Hia
Փառք Աստծուն Հայերի հավատքը շատ ուժեղ է և ամուր, չնայած գաղութարար փոթորիկներին, բայց մինչ օրս մնացել է քրիստոնեական երկիր, YHWH Աստված օրհնի Հայաստանին
Վարազ Սյունի
Խելացի ազգերը ՊԵՏՈՒԹՅՈՒՆ են կառուցում,իսկ հայը դեռ եկեղեցի է կառուցում: Իսկ բանակում բահերով են կռվում: 1915-ին «առաջին քրիստոնյա ազգ» 1.5 մլն անմեղ հայի մորթեցին. իրենք էլ կնքված էին ու եկեղեցի էին գնում: Որտե՞ղ էր «փրկիչ» Քրիստոսը: Ով (խաչի փոխարեն) Վահագնի սուրը վերցրեց, նա փրկվեց: 17 ԴԱՐ հազարավո՜ր ու հազարավո՜ր եկեղեցի կառուցեցիր Ի՞ՆՉՒ համար, եթե Քրիստոսը 1915-ին քեզ պարզապես չփրկեց: 1915-ից հետո ո՞ր «փրկչին» ես աղոթում:
Մարտիկ
Անիում էլ հազար ու մի եկեղեցի կար, փոխանակ մի բերդ ու պարիսպ լիներ ու թշնամու գրոհները հետ մղեին, ոչ թե եկեղեցում փակված աղոթեին, որ Հիսուս Քրիստոսը փրկի, մինչև որ թշնամին գար ու նույն էդ եկեղեցում բոլորին սրի քաշեր ու հետո էլ ասեինք՝ վաաայ, մահ իմացեալ անմահություն է
Լուսիկ
Այս եկեղեցիների կառուցող պաշտոնյաները և հայաստանցի բիզնեսմենները աստծո առաջ մեղանչելու կարիքից ելնելով են ծախսել ժողովրդից գողացած գումարների չնչին մասը: Այս եկեղեցաշինությունը ոչ մի կերպ չի նվազերել նրանց մեղքը ոչ աստծո, ոչ էլ ժողովրդի առաջ, այլ ետ է մղել երկիրը դեպի միջնադար, դեպի ֆեոդալական կարգեր: Աստծոհաճո գործ կլիներ, եթե այդ գումարները ծախսվեր 88թ. ավերված մեր բնակավայրերի , կրթության վրա՝ գուցե ներվեր գործած մեղքերի մի մասը:
Վարազ Սյունի
Հայ առաքելական եկեղեցին «ազգի միասնության» կոչեր անելուց առաջ թող ի՛նքը սկզբից մի հատ միավորվի. 2 կաթողիկոս,կաթողիկոսի պահվածքով 2 պատրիարք: Հարյուրավոր տարիներ արդեն չեն կարողանում իրենց աթոռներից հրաժարվել ու ՄԵԿ առաջնորդի ենթարկվել:Ահա ձեզ «հոգևոր արժեքներով առաջնորդվող» այրեր:......................Ես հայ առաքելական եկեղեցու դեմ չեմ: Ես դեմ եմ,որ այն նմա՛ն ձևով խառնվում է երկրի պետակա՛ն գործերին: Պիտի վերջապես հասկանալ,որ քրիստոնեության գաղափարախոսությունը հեզացնող ու հույսը ուրիշի (վերևի) վրա դնելու վրա է հիմնված: Հայաստանը՝ նման աշխարհագրական դիրքով,իրեն դա թույլ չի՛ կարող տալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter