HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատյան Հայրապետական թեմը նորակառույց եկեղեցիների թվով ռեկորդակիր է

սկիզբը

Հայաստանի նորակառույց եկեղեցիների մասին պատմող մեր վերջին հոդվածը Արարատյան Հայրապետական թեմի մասին է: Թեմը հին է այնքան, որքան քրիստոնեությունը Հայաստանում իբրեւ պետական կրոն: Այն ձեւավորել է Հայ եկեղեցու հիմնադիր Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի սկզբին: Ինչպես հայտնի է, Լուսավորիչն է եղել Հայ եկեղեցու առաջին կաթողիկոսը, Արարատյան թեմն էլ ենթարկվում է հենց կաթողիկոսին, դրա համար էլ կոչվում է Հայրապետական: Բայց թեմի փաստացի առաջնորդը առաջնորդական փոխանորդն է, որին նշանակում է կաթողիկոսը: Առաջին փոխանորդը եղել է Աղբիանոս եպիսկոպոսը:

Իր գոյության 17 դարերի ընթացքում թեմը բազմաթիվ փորձությունների միջով է անցել: Ընդունված է կարծել, որ սկզբնական փուլում թեմը ներառել է Արարատյան եւ Շարուրի դաշտերը, Կոտայքի շրջանը, Սեւանի արեւմտյան ավազանը: 15-րդ դարում Երեւանի դերի մեծացմամբ թեմը պատմական աղբյուրներում սկսում է հիշատակվել որպես Երեւանի թեմ: 19-րդ դարի կեսին այն ուներ 4 փոխանորդություն (գործակալություն)՝ Երեւանի, Նախիջեւանի, Ալեքսանդրապոլի (Շիրակի), Տաթեւի (Սյունյաց): Կարսի գրավումից հետո (1878 թ.) ավելանում է նաեւ նույնանուն փոխանորդությունը: Փաստորեն, 19-րդ դարի վերջում թեմն ընդգրկում էր գրեթե ողջ Արեւելյան Հայաստանը: Մինչեւ 20-րդ դարասկիզբը թեմն ուներ 643 եկեղեցի, 13 վանք, 150-ից ավելի ծխական դպրոց: Թեմի առաջնորդանիստը Երեւանի Ս. Սարգիս եկեղեցին էր (լուսանկարում), որը նախկինում Ձորագյուղի անապատ վանական համալիրի մաս էր:

1920-ին թեմից առանձնացվում եւ առանձին թեմ է կազմում Ալեքսանդրապոլի փոխանորդությունը: Հայաստանի խորհրդայնացումից հետո՝ 1921-ին, Հայրապետական թեմը զրկվում է Կարսից ու Նախիջեւանից: 1930-ականները նոր հարված էին. բռնաճնշումներ, հոգեւոր կառույցների փակում եւ քանդում: 1988-ին առանձնացվում է Սյունյաց, 1990-ին՝ Գուգարաց թեմը: 1996-ին առանձին թեմեր դարձան Արմավիրը, Արագածոտնը, Գեղարքունիքը, Կոտայքը:

Այսօր էլ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստը Երեւանի Ս. Սարգիս եկեղեցին է, իսկ առաջնորդական փոխանորդը՝ Նավասարդ արք. Կճոյանը (1999-ից): Ներկայում թեմը ներառում է Երեւանն ու Արարատի մարզը:

18 նորակառույց, որից 10-ը՝ Երեւանում

Թեմին հարցեր էինք ուղարկել անկախությունից հետո դրա տարածքում կառուցված եկեղեցիների մասին, սակայն պատասխանելու փոխարեն մեզ ուղղորդել են պաշտոնական կայքէջ՝ qahana.am՝ նշելով, որ այստեղ կարող ենք գտնել պատասխանները: Իրականում, սակայն, կայքն ամբողջական ինֆորմացիա չի պարունակում մեր հարցերի վերաբերյալ: Այդուհանդերձ, ներկայացնում ենք Արարատյան Հայրապետական թեմի նորակառույց եկեղեցիները՝ ըստ տարիների: ԱՀԹ-ն նորակառույցների թվով առաջատար է Հայաստանի ու Արցախի թեմերի մեջ:

Ս. Վարդանանց Նահատակաց (Երեւան, օծվել է 1998 թ.),
Ս. Մարիամ Աստվածածին (Երեւան, 1998),
Ս. Սարգիս (Երեւան, 2000),
Ս. Հարություն (Դվին, 2000),
Ս. Աստվածածին (Վեդի, 2001),
Ս. Գրիգոր Լուսավորիչ (Երեւան, 2001),
Ս. Գեւորգ (Մարմարաշեն, 2002),
Ս. Նահատակաց (Երեւան, 2003),
Ս. Երրորդություն (Երեւան, 2005),
Ս. Մարիամ Աստվածածին (Արեւշատ, 2006),
Ս. Խաչ (Երեւան, 2006),
Ս. Գեւորգ (Մասիս, 2009),
Ս. Աստվածածին (Նորաբաց, 2014),
Ս. Աստվածածին (Երեւան, 2014),
Ս. Նահատակաց (Երեւան, 2015),
Ս. Աննա (Երեւան, 2015),
Ս. Հովհաննես (Արտաշատ, 2015),
Ս. Թադեոս (Մասիս, 2015):

(Սեղմելով քարտեզում նշված կետերի վրա՝ կարող եք տեսնել տվյալ եկեղեցու նկարագրությունը)

Երեւանում այսօր գործում է 17 եկեղեցի, որոնցից 7-ն անկախությունից առաջ էլ գոյություն ունեին: Դրանք են՝

Ս. Սարգիս (Կենտրոն),
Զորավոր Ս. Աստվածածին (Կենտրոն),
Կոնդի Ս. Հովհաննես Մկրտիչ (Կենտրոն),
Ս. Աստվածածին (Կաթողիկե) (Կենտրոն),
Նորագավիթի Ս. Գեւորգ (Շենգավիթ),
Նորքի Ս. Աստվածածին (Նորք-Մարաշ),
Քանաքեռի Ս. Հակոբ (Քանաքեռ-Զեյթուն):

Երեւանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում է գտնվում Ս. Վարդանանց Նահատակաց եկեղեցին, որի կառուցման նախաձեռնողները եղել են կաթողիկոս Գարեգին Ա-ն եւ պետնախարար Վազգեն Սարգսյանը: Կառուցումը սկսվել է 1994-ին: Եկեղեցու հովանավորներն էին ամերիկաբնակ Հրաչ եւ Վիկտորիա Ոսկանյանները: Ս. Վարդանանց Նահատակացն օծվել է 1998-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գարեգին արք. Ներսիսյանի (1999-ից՝ կաթողիկոս Գարեգին Բ) կողմից: Սա Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 3 նորակառույցներից մեկն է (Մալաթիա-Սեբաստիան 2011-ի համապետական մարդահամարի արդյունքներով մայրաքաղաքի երկրորդ ամենամեծ (Շենգավիթից հետո) բնակչություն ունեցող շրջանն է. մշտական բնակչությունը կազմել է 132.900 մարդ: Մյուս շրջանների բնակչությունը նույնպես կներկայացնենք ըստ այս մարդահամարի):

Շրջանի երկրորդը նորակառույցը Ս. Մարիամ Աստվածածինն է, որը գտնվում է թաղապետարանի հարեւանությամբ: Դրա կառուցումը սկսվել է 1991-ին Շահումյանի շրջխորհրդի գործկոմի (հետագայում Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարան) եւ դրա նախագահ Վահան Զատիկյանի նախաձեռնությամբ: Եկեղեցին նվիրված է Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին: Ճարտարապետը Հրաչյա Գասպարյանն է, որը վերանորոգված ու նորակառույց բազմաթիվ եկեղեցիների հեղինակ է: Նա նախագծել է ավելի քան 30 եկեղեցի: Առիթ ունեցել ենք գրելու Բերձորի, Նոր Կեսարիայի, Վաղաշենի նրա եկեղեցիների մասին: Ս. Մարիամ Աստվածածնի կառուցման համար հող է բերվել պատմական Մալաթիայից (այժմ Թուրքիայի կազմում) ու խառնվել շաղախին: Նորակառույցը գործում է 1998-ից:

2000 թ. ապրիլի 30-ին Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում (126.065 բնակիչ), ավելի կոնկրետ՝ Նորքի 5-րդ զանգվածում, օծվել է Ս. Սարգիս եկեղեցին: Կառուցումը սկսվել էր դեռ 1998-ին: Նախաձեռնողը կաթողիկոս Գարեգին Բ-ն էր, հովանավորները՝ Նյու Յորքից Սարգիս Գաբրիելյանն (ուշադրություն դարձրեք անունների համընկնմանը) ու Նյու Ջերսիից Գառնիկ Հալաջյանը: Ճարտարապետը Բաղդասար Արզումանյանն է, որի՝ Սպիտակում, Աղավնոյում, Գյումրիում կառուցած եկեղեցիներին անդրադարձել ենք:

Կենտրոնագմբեթ, տուֆապատ Ս. Սարգիսն ունի 23 մ բարձրություն: Ս. Սեղանին տեղադրված Աստվածածնի նկարի հեղինակը ժողովրդական նկարիչ Գրիգոր Խանջյանն է:

Նույն 2000 թ. օծվել է Բաղդասար Արզումանյանի կառուցած եւս մեկ եկեղեցի այս անգամ Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում՝ Դվին գյուղում (հայտնի է նաեւ որպես Ներքին Դվին, 2751 բնակիչ): Եկեղեցու հիմնարկեքը դեռ 1996-ին կատարել էր Գարեգին Ա-ն: Ոգեւորված խորհրդային կարգերից հետո եկեղեցաշինության նոր մեկնարկով՝ նա նշել էր, որ Հայ եկեղեցին կրկին հարություն է առել, ու նորակառույցն էլ ստացել էր Ս. Հարություն անունը: Կարմիր տուֆից կառուցված կենտրոնագմբեթ եկեղեցին օծել է Գարեգին Բ-ն: Հովանավորը Դվինի նախկին բնակիչ, օդեսաբնակ Սամվել Տիգրանյանն է: Դվինի համայնքապետ Արծրուն Աբրահամյանը (գյուղապետ է 2002-ից) նշում է, որ կառուցման նախաձեռնությունը նույնպես եղել է Տիգրանյանինը, ում աջակցել է Օդեսայի հայկական համայնքը: Ա. Աբրահամյանը դժվարանում է ներդրման չափ նշել՝ ասելով, որ բարերարը ֆինանսական միջոցների մասին երբեք չի հայտարարել: 

2001-ի օգոստոսի 21-ին՝ Աստվածածնի Վերափոխման տոնին, Արարատի մարզի Վեդի քաղաքում (11.384 բնակիչ) ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք. Կճոյանն օծել է նորակառույց Ս. Աստվածածին եկեղեցին: Հովանավորը վեդեցի Էդգար Շաբոյանն է, ում աջակցել է նաեւ ընտանիքը: Ս. Աստվածածինը կառուցվել է հին ու կիսաքանդ մատուռի տեղում, որտեղ բարերարը երազում եկեղեցի է տեսել ու նույնությամբ կրկնօրինակել:

Նույն տարվա սեպտեմբերի 23-ին Երեւանի Կենտրոն վարչական շրջանում (125.453 բնակիչ) Գարեգին Բ-ի ձեռամբ օծվեց Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Սա մինչ օրս էլ ամենամեծ հայկական եկեղեցին է: Այն նվիրված է Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին: Նախաձեռնողը Վազգեն Ա կաթողիկոսն էր, ով դեռ 1990-ին օրհնել էր եկեղեցու կառուցման հուշաքարը: Հիմնարկեքը 1997-ի ապրիլի 7-ին՝ Աստվածածնի Ավետման տոնին, կատարել էր Գարեգին Ա-ն: Եկեղեցու ճարտարապետը Ստեփան Քյուրքչյանն է, ինչի համար ՀՀ պետական մրցանակ է ստացել 2001-ին: Եկեղեցուն արեւմուտքից կից են գավիթը, զանգակատունն ու Ս. Տրդատ թագավորի եւ Ս. Աշխեն թագուհու մատուռները: Եկեղեցու հովանավորը հայտնի բարերարներ Ալեք եւ Մարի Մանուկյաններն են, ինչպես նաեւ նրանց զավակները՝ Ռիչարդ եւ Լուիզ Սիմոն Մանուկյանները: Մատուռները կառուցվել են Նազար եւ Արտեմիս Նազարյանների, Գեւորգ եւ Լինդա Գեւորգյանների միջոցներով, իսկ զանգակատունը՝ Էդուարդո Էռնեկյանի: Ծախսվել են հսկայական միջոցներ. բավական է ասել, որ Ռիչարդ եւ Լուիզ Սիմոն Մանուկյանները 2000-ին 2 մլն դոլար են փոխանցել շինարարության համար, իսկ մինչ այդ տրամադրել էին եւս 3 մլն՝ ի հիշատակ ծնողների:

Ս. Գրիգոր Լուսավորիչն ունի 54 մ բարձրություն, համալիրի տարածքը 3822 քմ է, կառույցը երկաթբետոնից է՝ երեսպատված Անիի բաց նարնջագույն տուֆով: Եկեղեցու գավիթում զետեղված է Ս. Գրիգոր Լուսավորչի մասունքների մի մասը, որոնք 2000 թ. նոյեմբերին Նեապոլից Հայաստան էր բերել Գարեգին Բ-ն: 2000-ի հուլիսի 26-ին կաթողիկոսն օծել է կառույցի խաչերը, իսկ 2001-ի սեպտեմբերի 23-ին՝ եկեղեցին:  

2000-ի դեկտեմբերի 1-ին առաջնորդական փոխանորդ տեր Նավասարդի կողմից նոր եկեղեցու հիմնարկեք էր կատարվել Մասիսի տարածաշրջանի Մարմարաշեն գյուղում (2871 բնակիչ): Համայնքը նախկինում ուներ Ս. Գեւորգ եկեղեցի, որը խորհրդային տարիներին քանդվել է: Դրանից 16 քարեր օգտագործվել են նույնանուն նոր եկեղեցու հիմնարկեքի ժամանակ: Նոր Ս. Գեւորգի ճարտարապետը վերը հիշատակված Հրաչյա Գասպարյանն է, նախաձեռնողը՝ մարմարաշենցի Վոլոդյա Սարոյանը, բարերարը՝ մոսկվաբնակ Սերգեյ Ղազարյանը: Եկեղեցին կառուցվել է քրիստոնեության ընդունման 1700-ամյակի առթիվ: Շինարարությունն ավարտվել է 2 տարում: 2002-ի նոյեմբերի 4-ին Գարեգին Բ-ն օծել է այն: Ընդ որում՝ օծումը նվիրվել է կաթողիկոսի գահակալության երրորդ տարեդարձին (Գարեգին Բ-ն ընտրվել է 1999-ի հոկտեմբերի 27-ին):

Եկեղեցանվեր գործունեության համար կաթողիկոսը Ս. Ղազարյանին պարգեւատրել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բարձրագույն շքանշանով: Նույն օրն օծվել են նաեւ եկեղեցու բակի խաչքարերը՝ նվիրված Ցեղասպանության եւ Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին: Ս. Գեւորգը ցանկապատված է, պարիսպը եւ եկեղեցու հյուսիսային կողմում գտնվող Ս. Առաքելոց խորանը կառուցվել են Վիկտոր Վարչենկոյի միջոցներով, ով, գյուղապետ Էդվարդ Հակոբյանի ասելով (համայնքը ղեկավարում է 1987-ից), Սերգեյ Ղազարյանի ընկերն է: Է. Հակոբյանը նշում է, որ եկեղեցու կառուցումը, պարսպապատումը, բարեկարգումն արժեցել է 400.000 դոլար, որից 75.000-ը ներդրել է Վ. Վարչենկոն: 

Արարատյան Հայրապետական թեմում հերթական եկեղեցին բացվել է 2003-ին: Դեռ 1996-ի հուլիսի 31-ին կատարվել էր Երեւանի Դավթաշեն վարչական շրջանի (42.380 բնակիչ) Ս. Նահատակաց եկեղեցու հիմնարկեքը: Այն նվիրված է զոհված ազատամարտիկների հիշատակին:

Հովանավորը Ռուբեն Գեւորգյանն է, ով 1996-1999 թթ. Դավթաշեն համայնքի ղեկավարն էր, 1999-ից ԱԺ պատգամավոր է, պարգեւատրվել է եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով: Ճարտարապետը Լեւոն Ումեդյանն է, եկեղեցու փայտե դուռն էլ պատրաստել է փորագրող Արսեն Փանոսյանը: Առաջին պատարագը Ս. Նահատակացում մատուցվել է 2003-ի ապրիլի 6-ին՝ Գալստյան կիրակի օրը:

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա շրջանի երրորդ նորակառույցը Ս. Երրորդությունն է, որի հիմնարկեքը կատարվել է 2001-ի հունիսի 7-ին Գարեգին Բ-ի ձեռամբ: Ճարտարապետ Բաղդասար Արզումանյանն ինչպես Նոր Նորքի Ս. Սարգսի պարագայում, այս դեպքում էլ կիրառել է Զվարթնոցի տաճարի տարրեր: Ընդհանրապես, Ս. Երրորդությունը շատ նման է Զվարթնոցին: Եկեղեցու հովանավորն ազգային բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանն է: Նա է նաեւ ներկայում Արաբկիրում կառուցվող եկեղեցու ֆինանսավորողը: 2011-ին կաթողիկոսը «Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս ու շքանշան է շնորհել բարերարին, որոնք նրան հանձնվել են 2012-ին: Նման տիտղոսներ են ստացել նաեւ Էդուարդո Էռնեկյանն ու Նազար Նազարյանը:

Ս. Երրորդության խաչերը 2004-ի նոյեմբերի 9-ին օծել է կաթողիկոսը: 2005-ի հոկտեմբերին Նավասարդ սրբազանն օրհնել է եկեղեցու մկրտության ավազանը, որտեղ մկրտվելու համար արդեն բազմաթիվ քաղաքացիներ էին ցուցակագրվել: 2005-ի նոյեմբերի 20-ին Գարեգին Բ-ն օծել է Ս. Երրորդությունը: 2010-ին Ս. Գայանեի հոգեւոր հովիվ Հարություն քահանա Դարբինյանի հովանավորությամբ Մոսկվայից բերվել եւ տեղադրվել է 3 հատ զանգ:

Արտաշատի Արեւշատ գյուղի (2444 բնակիչ) Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցին կառուցվել է հնի հիմքի վրա: Այդուհանդերձ, այն ներառել ենք նորակառույցների շարքում, քանի որ նորն իր տեսակով միանգամայն տարբերվում է հնից: Չնայած որոշ աղբյուրներում նշվում է, որ հին եկեղեցին նույնկերպ է կոչվել, Արեւշատի պատմության եւ մշակույթի հուշարձանների ցանկում այն հիշատակվում է որպես Ս. Գրիգոր Լուսավորիչ: Սա եղել է 1890-ականների աղյուսաշեն, բազիլիկ կառույց: Վերակառուցվել ու օծվել է 1903-ին, սակայն փակվել է 1930-ականներին ու աստիճանաբար խոնարհվել: 2005-ին ճարտարապետ Դավիթ Քերթմենջյանի նախագծով ու Դոնի Ռոստովում բնակվող արեւշատցի Սամվել Դավթյանի միջոցներով կառուցվել է արդեն քարաշեն, կենտրոնագմբեթ եկեղեցի: Կառույցը եւ դրա բակում տեղադրված խաչքարը 2006-ի հուլիսի 23-ին՝ Քրիստոսի Պայծառակերպության տոնին (Վարդավառին), օծել է թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք. Կճոյանը: 1999-ից Արեւշատի գյուղապետ Գոգոլ Նիկոլյանը «Հետքի» հետ զրույցում դժվարացավ եկեղեցու համար ներդրված գումարի կոնկրետ թիվ նշել, սակայն կարծիք հայտնեց, որ այն կազմել է շուրջ 250.000 դոլար: 

Նույն տարում ԱՀԹ-ում օծվել է եւս մեկ նորակառույց: 2006-ի հոկտեմբերին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի (135.535 բնակիչ) Ներքին Չարբախ թաղամասում ավարտվեցին 10 տարի առաջ՝ 1996-ին, սկսված շինաշխատանքները: Ճարտարապետ Հրաչյա Գասպարյանի նախագծով եւ տեղի բնակիչ Խաչատուր Վարդանյանի միջոցներով կառուցված տուֆակերտ Ս. Խաչի սյուները, ավանադատները, մկրտարանը, սրբապատկերներն ու խաչվառն օծվեցին 2006-ի նոյեմբերի 10-ին Նավասարդ սրբազանի ձեռամբ: Հաջորդ օրը առաջնորդական փոխանորդն օծեց նաեւ Ս. Սեղանը, ինչից հետո պատարագ մատուցվեց:

2012-ին էլ կառուցվել է զանգակատունը: Եկեղեցին ունի նաեւ հովվատուն, փոքր դահլիճ, տարածքը ցանկապատված է: Եկեղեցու խորանը զարդարում է Վարդգես Սուրենյանցի «Տիրամայրը մանկան հետ» կտավը:

2009-ի նոյեմբերի 1-ին՝ ֆինանսական ճգնաժամի ժամանակահատվածում, Մասիս քաղաքում (20.215 բնակիչ) կաթողիկոսն օծեց նորակառույց Ս. Գեւորգ եկեղեցին: Սրա ճարտարապետը նույնպես Հրաչյա Գասպարյանն է: Եկեղեցին գտնվում է քաղաքի գերեզմանատան հարեւանությամբ: Հովանավորները ռուսական անշարժ գույքի, շինարարության ոլորտում հայտնի գործարար Գագիկ Ադիբեկյանն ու բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն (Ավետիք Աբրահամյան) են: Աբրահամն իր խոսնակի միջոցով «Հետքին» փոխանցել է, որ Գ. Ադիբեկյանն իր հորեղբայրն է, եկեղեցին կառուցել են միասին: «Ծախսված ֆինանսական միջոցների վերաբերյալ թվեր հրապարակելը նպատակահարմար չեմ գտնում: Առհասարակ, բարեգործության մասին գերադասում եմ լռել»,- հայտնել է բռնցքամարտիկը: 

2015-ի ապրիլին տեր Նավասարդն օծեց եկեղեցու բակում տեղադրված եւ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարը, որի հովանավորը նույնպես Գ. Ադիբեկյանն է:

Հրաչյա Գասպարյանի նախագծած հերթական եկեղեցին Մասիսի տարածաշրջանի Նորաբաց գյուղի (2155 բնակիչ) Ս. Աստվածածինն է: Մինչ այդ եկեղեցի չունեցող գյուղում հոգեւոր կառույց հիմնելու նախաձեռնողը եղել է համայնքի բնակիչ Գուրգեն Գալստյանը (մահացել է), ում որդին՝ Գալուստ Գալստյանը, 2002-ից ղեկավարում է համայնքը: Գյուղապետը «Հետքի» հետ զրույցում պատմում է, որ շինարարություն սկսելու նպատակով 2010-ին գյուղում ժողով են արել, որին մասնակցել է 300-400 բնակիչ: Յուրօրինակ կառուցվածքով բազիլիկ եկեղեցու հիմնարկեքը կատարվել է 2011-ի մայիսի 10-ին Նավասարդ սրբազանի կողմից: 3 տարի անց Ս. Աստվածածինը բացվել է:

Առաջնորդական փոխանորդը եկեղեցին օծել է 2014-ի հուլիսի 26-ին՝ Պայծառակերպության տոնի (Վարդավառի) նախօրեին: Այդպես Վարդավառին նախորդող շաբաթ օրը դարձել է եկեղեցու ուխտի օր: Ս. Աստվածածնի հովանավորը գյուղապետ Գալուստ Գալստյանն ու համագյուղացիներն են: «Մարդ է եղել, որ 1000 դրամ է ներդրել, մարդիկ էլ կային՝ 1000 դոլար, իրենց ունեցածի չափով մարդիկ ներդրում են արել»,- ասում է Նորաբացի ղեկավարը ու հավելում, որ ընդհանուր ներդրվել է մոտ 400.000 դոլար: Այդ գումարի մեջ է մտնում նաեւ պարսպապատման, բակի բարեկարգման, նստարանների տեղադրման, լուսավորման ֆինանսավորումը: 

Նորաբացի եկեղեցու օծումից շատ չանցած՝ նույն տարվա հոկտեմբերի 12-ին, Նավասարդ սրբազանն օծեց Երեւանի Նոր Նորքի 1-ին զանգվածում կառուցված Ս. Աստվածածին եկեղեցու Ս. Սեղանը: Իսկ նախորդ օրն արդեն օծվել էին գմբեթի խաչը, զանգը, դուռը, սյուները, մկրտության ավազանը, սրբապատկերները, եկեղեցու տարածքի 8 խաչքարերը: Այս եկեղեցին գտնվում է Նանսենի անվան այգում եւ ընդհանուր համալիրի մաս է: Վերջինս ներառում է Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանը, Նանսենի հուշարձանը, Ս. Աստվածածին եկեղեցին, երիցատունը, մոմավառության խորանը, խաչքարեր, քանդակներ:

Համալիրի ճարտարապետն Ալբերտ Սոխիկյանն է: Շինաշխատանքները սկսվել էին 2012-ին: Համալիրի կառուցումը հովանավորել են ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն եւ Սառա Եսայանները: Նրանց գործունեությանն անդրադարձել ենք Արցախի եկեղեցիների մասին պատմող հոդվածում. ծնունդով մարտակերտցի Եսայանները Կառլեն Եսայանի հայրենի Մեծ Շեն գյուղում բացի Ս. Գեւորգ եկեղեցուց կառուցել են համայնքային նշանակության մի շարք օբյեկտներ: Ընդ որում՝ Նանսենի այգու համալիրում տեղադրվել է նաեւ Կառլեն Եսայանի հուշարձանը (Կ. Եսայանը մահացել է 2014-ի հունիսին):

2015 թվականն ամենաարգասաբերն էր Արարատյան Հայրապետական թեմի համար. միանգամից 4 եկեղեցի է օծվել թեմում: Դրանցից առաջինը Երեւանի Նուբարաշեն վարչական շրջանի (ամենափոքրն է մայրաքաղաքում՝ 9561 բնակիչ) Ս. Նահատակացն էր: Եկեղեցու շինաշխատանքները սկսվել էին 2012-ին: Ճարտարապետն Արտակ Ղուլյանն է, հովանավորը՝ գործարար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանը: Վերջինս Կոտայքի թեմում հովանավորել է 3 նոր եկեղեցու շինարարություն (Առինջում, Աբովյանում, Նոր Հաճնում), մեկն էլ (Նոր Գեղիում) ընթացքի մեջ է: Հիշեցնենք, որ երբ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանից խնդրել էինք ճշտել եկեղեցիների համար ներդրված գումարների չափը, գործարարը նրա միջոցով փոխանցել էր, որ եկեղեցաշինության համար երբեւէ հաշվարկ չի արել, ծախսել է այնքան, որքան անհրաժեշտ է եղել: Նուբարաշենի եկեղեցին օծվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հաջորդ օրը՝ 2015-ի ապրիլի 25-ին, եւ պատահական չէ, որ ստացել է Ս. Նահատակաց անունը, այսինքն՝ նվիրված է զոհերի հիշատակին: Օծման արարողությունը գլխավորել է Գարեգին Բ-ն:

Սրանից 5 օր անց՝ ապրիլի 30-ին, Երեւանի Կենտրոն վարչական շրջանում օծվեց Ս. Աննա եկեղեցին: Աննան Մարիամ Աստվածածնի մայրն է, սակայն մինչեւ անկախությունը Հայաստանում նրա անունով եկեղեցիներ ու հոգեւոր կառույցներ չեն եղել, այնինչ վերջին տարիներին նման եկեղեցիներ են հիմնվել Մալիշկայում, Բագրատաշենում, Նոյեմբերյանում, Աղավնատանը: Ս. Աննա անունն իրականում կապվում է նորակառույցների հովանավորների ազգականների հետ: Երեւանյան եկեղեցու եւ դրա հարեւան վեհարանի ֆինանսավորողներն ամերիկահայ ամուսիններ Հրայր եւ Աննա Հովնանյաններն են (ուշադրություն դարձրեք Աննա անվանը): Հ. Հովնանյանը հայտնի գործարար է, Վահագն եւ Ժիրայր Հովնանյանների եղբայրը:

Ս. Աննայի կառուցումը ժողովրդի ու որոշ մասնագետների շրջանում միանշանակ չընդունվեց: Ոմանց կարծիքով՝ այն խաթարում է 13-րդ դարի Ս. Աստվածածին եկեղեցու տեսքը, որը Երեւանի ամենահին ու ամենասիրված կառույցներից է: Այս եկեղեցին հայտնի է նաեւ Կաթողիկե անունով, որն իրականում այլ եկեղեցի էր՝ կառուցված 17-րդ դարում: Գմբեթավոր Ս. Աստվածածինն ու բազիլիկ Կաթողիկեն իրականում իրարից անկախ երկու կառույցներ էին, բայց կպած էին միմյանց: Աստվածածնի արեւմտյան կողմում ավելի ուշ կառուցված Կաթողիկեն դարձել էր առաջինի աղոթասրահը, իսկ Աստվածածինը վեր էր ածվել բազիլիկի յուրօրինակ խորանի: 1936-ի դեկտեմբերին՝ աստվածամերժության բուռն ժամանակաշրջանում, Կաթողիկեն սկսել են քանդել, սակայն Աստվածածինը պահպանել են: Հետո վերջինս մարդկանց աչքից հեռու պահելու նպատակով դրա ու փողոցի միջեւ շենք է կառուցվել, որը ծառայել է որպես դպրոց, հոսպիտալ, ապա այստեղ են տեղավորվել ԳԱԱ լեզվի ու տնտեսագիտության ինստիտուտները: 2000-ականների սկզբին տարածքը դարձավ վեճի առարկա. Գարեգին Բ-ն դիմել էր քաղաքապետարան՝ Երեւանում վեհարան կառուցելու նպատակով: Կառավարությունն էլ որոշեց գիտնականներից ազատել շենքն ու տարածքը տրամադրել կաթողիկոսի երեւանյան նստավայրի կառուցման համար՝ միաժամանակ Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկից տեսանելի դարձնելով Ս. Աստվածածինը:

2007-ին սկսվեցին այդ շենքի քանդման աշխատանքները, իսկ 2011-ի ապրիլի 30-ին Գարեգին Բ-ի գլխավորությամբ կատարվեց Ս. Աննայի եւ հարեւանությամբ կառուցվելիք վեհարանի հիմնարկեքը: Համալիրի ճարտարապետը Վահագն Մովսիսյանն է, շինարարը՝ «Չիլինգարյան Դիզայն Քնսթրաքշն» ընկերությունը: Հիմնարկեքից ուղիղ 4 տարի անց կաթողիկոսի ղեկավարությամբ Ս. Աննան օծվեց: Վերջերս էլ երեւանցիների դժգոհությունն առաջացրեց այն, որ Ս. Աստվածածնի փայտե դուռն ու դրա վերեւի փայտե-ապակյա հատվածն ամբողջությամբ փոխարինել են ապակիով՝ 13-րդ դարի շինության մուտքն ապակեպատվել է ժամանակակից ձեւով:

Ս. Աննայի օծումից անցավ մեկ ամիս, եւ մայիսի 31-ին ԱՀԹ-ում բացվեց նոր եկեղեցի: Այդ օրը Գարեգին Բ-ն օծեց մարզկենտրոն Արտաշատի (22.269 բնակիչ) Ս. Հովհաննես եկեղեցին: Այն կրում է Հովհաննես Ավետարանչի անունը, սակայն, իհարկե, ոչ պատահականորեն հովանավորն էլ նույն անունն ունի. դա նախկին (2014-2016 թթ.) վարչապետ Հովիկ Աբրահամյանն է: Սա Արտաշատի առաջին եկեղեցին է, ճարտարապետներն Արտակ Ղուլյանն ու Էմմա Ֆահրադյանն են, շինարարը՝ «Մարտինս» ընկերությունը:

35 մ բարձրությամբ, 500 քմ տարածքով տուֆակերտ եկեղեցու հիմնարկեքը կատարվել էր ավելի քան 10 տարի առաջ՝ 2002-ի հոկտեմբերի 29-ին: 2009-ի սեպտեմբերին տեր Նավասարդն օծել էր Ս. Հովհաննեսի խաչերը: Նախատեսվում էր այն շահագործման հանձնել 2012-ին, սակայն աշխատանքները ձգձգվել էին:

Արարատյան Հայրապետական թեմի առայժմ վերջին նորակառույցը Մասիս քաղաքի Ս. Թադեոսն է: 1987-1988 թթ. ճարտարապետ Արթուր Թարխանյանն ու դուստրը՝ Անահիտը (նույնպես ճարտարապետ), Վազգեն Ա-ին էին ներկայացրել երկու տարբերակ՝ ավանդական եւ ժամանակակից ոճի: Կաթողիկոսն ու ճարտարապետների խորհուրդը երկու էսքիզն էլ հավանել էին, սակայն Վազգեն Ա-ն նախապատվությունն ավանդական տարբերակին էր տվել: Եկեղեցու հիմնարկեքը կատարվել էր 1991-ին, սակայն շատ չանցած աշխատանքները կանգ էին առել: 2003-ի նոյեմբերի 4-ին կառույցի հիմքերը վերասրբագործվել են: 2004-ից շինարարության ֆինանսավորումը տիկնոջ հետ ստանձնել էր գործարար Հրանտ Վարդանյանը (մահացել է 2014-ին): Նրա մահից հետո հովանավորումը շարունակել են որդիները՝ Միքայելն ու Կարենը:

Եկեղեցին օծվել է 2015-ի հոկտեմբերի 4-ին՝ կաթողիկոսի գլխավորությամբ: 2016-ի ապրիլի 24-ին Վարդանյանները եկեղեցու բակում խաչքար են տեղադրել Ցեղասպանության զոհերի հիշատակին:  

Այս պահին ԱՀԹ-ում եկեղեցաշինությունը շարունակվում է: 2012-ին կատարվել է Արաբկիրի եկեղեցու հիմնարկեքը, որի ճարտարապետն Արտակ Ղուլյանն է, հովանավորը՝ Լուիզ Սիմոն Մանուկյանը: Նույն տարում Արարատ քաղաքում օծվել են նաեւ Ս. Ամենափրկիչ եկեղեցու հիմքերը, որի ճարտարապետը Հրաչյա Գասպարյանն է, նախաձեռնողը՝ Արարատի նախկին քաղաքապետ (2007-2013 թթ.) Աբրահամ Բաբայանը, իսկ հովանավորը՝ ռուսաստանաբնակ Արթուր Խաչատրյանը: 165 մլն դրամ (շուրջ 350.000 դոլար) գնահատված ծրագրում ներդրում են ունեցել նաեւ քաղաքապետարանն ու հանքարդյունաբերող «ԳեոՊրոմայնինգ Գոլդ» ընկերությունը: 2013-ին «Այբ» կրթական համալիրում տեղի է ունեցել Ս. Թարգմանչաց եկեղեցու հիմնօրհնեքը, ճարտարապետն Էրիկ Օհանյանն է: 2015-ին հողօրհնեքի արարողությամբ ազդարարվեց Կոմիտասի անվան պանթեոնի հարեւանությամբ Ս. Նահատակաց եկեղեցու կառուցման մասին, որի ճարտարապետը կրկին Ա. Ղուլյանն է, հովանավորը՝ գործարար Սամվել Կարապետյանը: Էրեբունի վարչական շրջանում եկեղեցու շինարարությունն արդեն տեւական ժամանակ կանգնած է բարերարի եւ միջոցների բացակայության պատճառով: Խարբերդի ամառանոցների հարեւանությամբ էլ կա Կարմիր Ավետարան անունով եկեղեցի, որը կառուցել է ոմն Աիդա, ու ինքն էլ ղեկավարում է այն, արարողություններ կատարում, ինչը թեմն ու Մայր Աթոռը, բնականաբար, չեն ընդունում, եկեղեցին էլ օծված չէ, քահանա չկա, այն, ըստ էության, համարվում է աղանդավորական: Բայց սա ամենը չէ. Արարատյան Հայրապետական թեմի տարածքում կան բազմաթիվ վերակառուցված, նորոգված եկեղեցիներ ու մատուռներ (նաեւ նորակառույց մատուռներ), որոնց այս հոդվածաշարում չենք անդրադառնում:

Հ.Գ. Եզրափակիչ հոդվածում կամփոփենք անկախությունից հետո Հայաստանում ու Արցախում ծավալված եկեղեցաշինական գործընթացը՝ փորձելով ամբողջացնել հոդվածներում հրապարակված տվյալները:

Շարունակելի

Մեկնաբանություններ (2)

Լուսիկ
Վերադարձ միջնադար:
մնո
թուրքն իր լոլոզ գլխով ռակետ ու սնարյադի զավոդ է սարքում, իսկ խելոք հայը՝ սիրուն աղոթատեղեր: Ըստեղ են ասել, հորդ խելքը ....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter