HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշիի բանտում գտնվող լեյտենանտին պետք է արդարացնեն. ակնկալում է պաշտպանը

«Լեյտենանտ Արամ Աղայանի գործով Վերաքննիչ դատարանից մեկ ակնկալիք կա՝ արդարացում: Օբյեկտիվ քննության պարագայում Արամ Աղայանին կարդարացնեն»,-«Հետքին» ասաց զինծառայողի պաշտպան Արայիկ Պապիկյանը: Նա հավելեց, որ մեղադրական փաստակազմ ուղղակի գոյություն չունի:

«Հետքն» անդրադարձել է լեյտենանտի կալանավորմանը, մեղադրանքին ու Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռին: Հիշեցնենք, որ Արամ Աղայանը դատապարտվել է 2 տարի 6 ամսվա ազատազրկման զինվոր Ռուդիկ Գրիգորյանին առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք պատճառելու համար: Սակայն, հատկանշական է, որ Գրիգորյանը որևէ բողոք չունի Աղայանի դեմ, հակառակը՝ «Հետքի» հետ զույցում ավագ Գիրգորյանը՝ Ռուդիկի հայրը նշեց. «Չունենք որևէ խնդիր, բողոք, պարտք ու պահանջ Արամի հանդեպ: Իմ տղան էլ շեշտեց դատարանում, որ մտերիմ են եղել»: 

Այսօր Վերաքննիչ դատարանում սկսվեց ու հետաձգվեց բողոքի քննությունը. լեյտենանտ Արամ Աղայանին Շուշիի բանտից Երևան չէին բերել: Նախագահողը նշեց, որ թեպետ ծանուցում է ուղարկվել Շուշիի բանտ, այդուհանդերձ Աղայանին Երևան տեղափոխելու հետ կապված էտապավորման խնդիր է առաջացել: Թե երբ կլինի հաջորդ նիստը, կողմերը կծանուցվեն:

«Դատարանի պարտականությունն է ապահովել կալանավորված անձի ներկայաթյունը դատական նիստին: Իհարկե, դատարանը դա անում է քրեակատարողական վարչության միջոցով, բայց դատարանը պիտի ապահովի»,-նշեց Արամ Աղայանի պաշտպանը՝ ընդգծելով, որ ինքն, օրինակ, ծանուցում չի ստացել դատարանից-, կարող եմ ենթադրել, որ դատարանը բոլոր անձանց ժամանակին չի ծանուցել, որի պատճառով էլ նիստը տապալվեց»:

Ըստ փաստաբանի, սա ցույց է տալիս, որ դատարաններում անձանց ճակատագրերը, հատկապես անազատության մեջ գտնվողների, ամենևին էլ չի հետաքրքրում: Նա հույս է հայտնում, որ «գոնե արդարադատությունը իրենց կհետաքրքրի»:

Ի դեպ, այսօրվա դատական նիստին չէր ներկայացել նաև մեղադրող դատախազը:

Փոխարենը դատարանում էին Արամ Աղայանի հարազատներն ու ընկերները:

Արամ Աղայանի մայրը՝ Մարինե Վարդումյանը պատմեց որդու՝ զինվորական դառնալու ընտրած ճանապահի մասին. «Որդիս ավարտել է ԵՊՀ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետը, և նրան շատ աշխատանքներ են առաջարկել»: Ապա Արամն ավարտել է Ռազմաավիացիոն ինստիտուտի մեկամյա դասընթացն, որից հետո ինքնակամ, առանց վիճակահանության, ինքնակամ մեկնել է Շուշի... «միշտ ասում էր, որ պաշտպանության բանակում պիտի ծառայեմ: Իսկական սպան պիտի լինի զինվորի կողքին, զինվորի պաշտպանը, պիտի կարողանա իրոք հզորացնել Հայաստանը»,-պատմում էր Արամի մանկավարժ մայրը՝ տիկին Մարինեն:

Լեյտենանտի հայրն էլ որդու դատապարտման մասին իր կարծիքն ասաց: Ըստ նրա, Արամին անձնավորված քրեական հետապնդման են ենթարկում. «Ուղղակի գործ են սարքել իմ որդու դեմ, բայց սարքելուն էլ ձև կա, այնքան անգրագետ են սարքել, որ անզեն աչքով էլ երևում է»,-շեշտեց Գրիգոր Աղայանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter