HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

10 տեսախիցկով արձանագրվածը քննության նյութ չի դարձել Գևորգ Սաֆարյանի գործով

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով 2 տարվա ազատազրկման դատապարտված քաղաքացիական ակտիվիստ, «Նոր Հայաստան» շարժման անդամ Գևորգ Սաֆարյանն ու նրա ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Հայրապետյանը վիճարկում են նախաքննական մարմնի մերժման որոշումը: Ըստ նախաքննական մարմնի, որևէ ոչ իրավաչափ գործողություն Գևորգ Սաֆարյանի և ևս 5 քաղաքացիների հանդեպ 2016-ի Ամանորի գիշերը տեղի չի ունեցել, երբ նրանք ցանկանում էին պարզապես տոնածառ տեղադրել Ազատության հրապարակում:

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ընդդեմ նախաքննական մարմնի բողոքի լսումը:

Գևորգ Սաֆարյանն ու իր փաստաբանը ներկայացրեցին սկավառակով լուսանկարներ, որոնք հետազոտվեցին դատարանում: Սկավառակում Ազատության հրապարակի ու Օպերայի շենքի վրա տեղադրված մոտ 10 տեսախցիկների լուսանկարներն էին՝ արված 2016-ի հունվարի վերջին:

Բանն այն է, որ պաշտպանական կողմը մշտապես պնդել է, որ 2016-ի հունվարի լույս 1-ի գիշերը Ազատության հրապարակում տեղի ունեցածն արձանագրվել է շուրջ 10 տեսախցիկով։ Սակայն նախաքննական մարմինը մերժել է դրանք առգրավել, կցել գործին, հետազոտել։

«Սակայն քննիչը գնացել և ուսումնասիրել է այն մեկ տեսախցիկը, որն արձանագրում է, բայց չի պահանում ինֆորմացիան»,-նշեց քաղաքացիական ակտիվիստը:

Ըստ պաշտպանական կողմի, անտեսվել է նաև դեպքի վայրում այդ օրը, այդ պահին գտնվող մոտ 3 ոստիկանների հայտնաբերումը, որոնք կատարել են տեսանկարահանում: Այդպես էլ նրանց կատարած նկարահանումները չեն կցվել գործին, թեպետ այդ կադրերը, Գևորգ Սաֆարյանի համոզմամբ, կարող էին լույս սփռել գործի վրա: Նա նշեց, որ գործին կցված տեսանյութում երևում են տեսանկարահանող ոստիկանները, սակայն քննչական մարմինը չի պարզել նրանց ինքնությունը:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը դատարանին ներկայացրեց նաև ՄԻ պաշտպանի նամակը ոստիկանությանը, նաև “Human Rights Watch” կազմակերպության արձագանքը՝ կապված 2016-ի հունվարի լույս 1-ի գիշերը Երևանի Ազատության հրապարակում կատարվածի առնչությամբ:   

ՄԻ պաշտպանն իր գրության մեջ, դիտարկելով համացանցում առկա տեսանյութերը,  նշում է, որ ոստիկանների ուժ են գործադրում քաղաքացիների նկատմամբ: Հարցեր է ուղղում ոստիկանությանը, թե ֆիզիկական ուժի բացարձակ անհրաժեշտությունն ինչով է պայմանավորված: Ըստ փաստաբան Հայրապետյանի, ստացվում է, որ ՄԻ պաշտպանը տեսել է, որ ոստիկանները բռնություն են գործադրում քաղաքացիների նկատմամբ, իսկ քննիչն ու դատախազը՝ ոչ:

Փաստաբանը մեկ անգամ ևս շեշտեց, որ կատարվել է թերի քննություն: Մինչդեռ դատախազ Վահե Դոլմազյանի կարծիքով, ամեն ինչ արվել է քրեական դատավարության նորմերին համապատասխան:

Բողոքի քննությունը հետաձգվեց մինչև փետրվարի 27-ը, այդ նիստին կշարունակվի գործում առկա նյութերի հետազոտումը:

Լուսանկարը՝ Խաչատուր Էլլոյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter