
ՀՔԾ-ն հրաժարվում է Միհրան Պողոսյանի գործով կարճման որոշումը տրամադրելուց
Հատուկ քննչական ծառայությունը հրաժարվում է տրամադրել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի՝ Միհրան Պողոսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու գործով կարճման որոշումը:
«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քննիչը քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման պատճենն ուղարկում է կասկածյալին, մեղադրյալին, պաշտպանին, ինչպես նաև տուժողին, նրա ներկայացուցչին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցչին, ինչպես նաև ֆիզիկական անձի կամ իրավաբանական անձի ներկայացուցչին, որոնց հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն հոդվածի առաջին մասում նշված անձինք իրավունք ունեն քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ծանոթանալ կարճման գործի նյութերին:
Նկատի ունենալով, որ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 310-րդ հոդվածի հատկանիշներով ՀՀ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործով Դուք չեք հանդիսանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասում հիշատակված անձ, ուստի քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման պատճենը և գրության մեջ նշված փաստաթղթերը չեն կարող տրամադրվել Ձեզ»,- պատասխանել է ՀՔԾ-ն:
Նշենք, որ քրեական գործը հարուցվել էր հենց «Հետքի» հրապարակման հիման վրա, այսինքն՝ տեղավորվում է նույն հոդվածի սահմանմանը, այն է՝ ֆիզիկական անձի կամ իրավաբանական անձի հայտարարության հիման վրա է հարուցվել քրեական գործը:
Ավելին, մինչ օրս, «Հետքի» որևէ հրապարկման հիման վրա հարուցված քրեական գործերի որոշումները, օրինակ՝ ընտրություններին իրավախախտումների լուսաբանումների մասին, կապիկների մաքսանենգության հոդվածով հարուցված քրեական գործը, իրավապահներն ուղարկել են «Հետքի» խմբագրությանը:
«Հետքը» Հատուկ քննչական ծառայությունից խնդրել էր տրամադրել ինչպես կարճման որոշումը, այնպես էլ Շվեյցարիայի Համադաշնություն և Պանամայի Հանրապետություն ուղարկված իրավական աջակցության միջնորդությունների պատճենները, Շվեյցարիայից ստացված պատասխանի պատճենը:
Հիշեցնենք` «Հետքի» հարցմանն ի պատասխան ՀՔԾ-ն հայտնել էր, որ 2017թ. հունվարի 11-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ստացել է Շվեյցարիայի Հանրապետության Արդարադատության և ոստիկանության դաշնային դեպարտամենտի գրությունն այն մասին, որ Միհրան Պողոսյանի գործով դատական միջնորդությունը չեն կարող բավարարել:
Սակայն թե ինչու էր մերժվել՝ ՀՔԾ-ն չէր մանրամասնել: Սակայն Շվեյցարիայի արդարադատության և ոստիկանության դաշնային դեպարտամենն իրականում չի մերժել հայկական կողմին իրավական աջակցության հարցում: OCCRP-ի մեր գործընկերների հարցմանն ի պատասխան, Շվեյցարիայի արդարադատության և ոստիկանության դաշնային դեպարտամենտի մամլո խոսնակ Ինգրիդ Ռյուսերը (Ingrid Ryser) հայտնել էր, որ իրենք հայկական կողմի միջնորդությունը չեն բավարարել, քանզի այն չի համապատասխանել միջնորդության պահանջներին, այսինքն` պատշաճ կազմված չի եղել. «Հայկական իշխանությունները կարող են ցանկացած ժամանակ հստակեցնել միջնորդությունը»,- հայտնել է մամլո խոսնակը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել