HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շեյխը վերադարձել է և կապտաժներ կառուցել առանց ջրթույլտվության

Սաուդյան Արաբիայի շեյխը որոշել է ավարտին հասցնել Կոտայքի մարզի Արտավազ համայնքի տարածքում ջրի շշալցման գործարանի կառուցման աշխատանքները։ Սակայն դրա համար անհրաժեշտ է բնապահպանության նախարարությունից ստանալ ջրօգտագործման թույլտվություն, քանի որ նախորդի ժամկետը ավարտվել է 2015 թ․-ին։

Մշակվում է «Էյ ընդ էմ ռեյր» ՍՊԸ-ի` Արտավազ համայնքի վարչական տարածքում խմելու-տնտեսական և արդյունաբերական նպատակներով Ուլաշիկի երկու աղբյուրներից ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը: Այն այժմ բնապահպանության նախարարությունում է:

ԲՆ-ն «Հետքին» թույլ տվեց ծանոթանալ նախագծի փաստաթղթերին: Համաձայն դրանց՝ երկու աղբյուրներից վերցված ջուրը պետք է կազմի 4,6 լ/վրկ: 4 լիտրը՝ մեկ աղբյուրից, 0,6 լիտրը՝ երկրորդից:

Հիշեցնենք՝ Հայաստանի կառավարությունը դեռևս 2010 թվականին Կոտայքի մարզի Արտավազ համայնքի 95,8 հա հողի նկատմամբ բացառիկ գերակա շահ ճանաչեց: Արտավազ համայնքի 150 ընտանիքից 126-ի հողերն ընդգրկված են եղել կառավարության որոշմամբ արձանագրված տարածքում։ Հարակից Փյունիկ համայնքի 7 ընտանիքի հողերը նույնպես ընգրկվել են այդ տարածքում:

2011-ին կառավարության մեկ այլ որոշմամբ էլ պետական անտառներից և անտառային հողերից 147,51 հեկտարը պահպանության նպատակով, անհատույց (անժամկետ) օգտագործման իրավունքով տրամադրվեց օֆշորային հիմնադիրներ ունեցող «Էյ ընդ էմ ռեյր» ՍՊԸ-ին։

«Էյ ընդ էմ ռեյր» ՍՊ ընկերության հիմնադիրը «Էյ ընդ էմ ինվեսթմենտ» ԲԸ-ն է  («A & M Investment»), որը գրանցված է Լյուքսեմբուրգում: «Էյ ընդ էմ ռեյր» ՍՊԸ-ի գործադիր մարմնի ղեկավարը Արամ Աբրահամյանն էր: Նա Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբոր՝ Գագիկ Աբրահամյանի որդին է: Սակայն համաձայն ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների՝ Արամ Աբրահամյանը 2013թ-ից այլևս ընկերության տնօրենը չէ: Այժմ տնօրեն է Սաուդյան Արաբիայի քաղաքացի Ամին Ջաֆար Ջազաերին է: Թե ովքեր են արաբ շեյխի նոր գործընկերները, առայժմ չենք պարզել, բայց ակնհայտ է, որ նա նոր գործընկերներ է գտել Հայաստանում և ակտիվ աշխատանքներ սկսել՝ նոր ներկայացուցիչներով:

Ներդրումային ծրագիրը կառավարությանը ներկայացրել է շվեյցարական «Սվիսս ռեյր էս.էյ» ընկերությունը, որի նախագահն Սաուդյան Արաբիայի շեյխ Մուհամմեդ Մուսալլամին է:

Արդեն 7 տարի է անցել կառավարության առաջին որոշումից, սակայն շշալցման գործարանը դեռ չկա: 2012 թվականին ընկերությունը ԲՆ-ից ստացել է ջրթույլտվություն, սակայն դրա ժամկետը 2015թ.-ին լրացել է և այժմ կրկին դիմել է ջրթույլտվության նախագիծը հաստատելու համար:

Նախագծի փաթեթում առկա էր Հրազդանի ՋՏԿ բաժնի պետ Ա. Ավագյանի զեկուցագիրը՝ ուղղված ԲՆ Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վահան Դավթյանին: Այն թվագրված էր 2016թ. սեպտեմբերի 24-ով: Ա. Ավագյանն իր գրությամբ հայտնել է, որ 2016թ. մայիսից արդեն իսկ շինաշխատանքներ են ընթանում և տրամադրել է կառուցման ավարտական փուլում գտնվող կապտաժային կառույցների լուսանկարները:

Աղբյուրներից մինչև արտադրամաս ջուրը տեղափոխվելու է խողովակաշարի միջոցով: Արտավազ համայնքի ղեկավար Ռեմ Հովհաննիսյանը հաստատեց, որ արդեն 6-7 կապտաժներ կառուցել են, անցկացվել են նաև խողովակաշարերը, սարքավորումներ են բերվել, բայց գործարանի կառուցման աշխատանքներ չեն սկսվել:

«Էս տարի պիտի կառուցեն վերջացնեն (նկատի ունի՝ գործարանը-հեղ.): Ահագին գործ արած է, մի 6 ամիս աշխատել են մինչև ձյան գալը, ջրագծերը հիմնականում անցկացրին»,- հայտնեց Ռեմ Հովհաննիսյանը:

Չկայացած հանրային քննարկումներ՝ «Կոնվերս բանկի» խորհրդի նախագահի մասնակցությամբ

Այսօր ԲՆ-ում նախատեսված էր հանրային քննարկում, բայց այն ըստ էության չկայացավ, քանի որ որևէ դիտարկում կամ առարկություն գրավոր չէր ներկայացվել: Մեր հարցադրմանը, թե ինչպես է ընկերությունը կառուցել կապտաժները և խողովակաշարերն անցկացրել առանց ջրթույլտվության, Բն աշխատակիցներն իրարամերժ պատասխաններ տվեցին:

«Քանի դեռ նա չունի ջրօգտագործման թույլտվություն, որևէ գործունեություն իրականացնելու թույլտվություն չունի»,- ասաց Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վահան Դավթյանը:

«Բայց իր տարածքում իրավունք ունի շինարարություն իրականացնելու»,- ավելացրեց Ջրօգտագործման թույլտվությունների բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Սևակ Մաթիլյանը:

«Ջրի վրա կապատաժներ կառուցելու իրավունք ունի՞»՝ մեր ճշտող հարցին Սևակ Մաթիլյանը պատասխանեց. «Ջրի վրա չունի իրավունք: Ջրօգտագործում  իրականացնելու իրավունք չունի: Ջրի վրա կապտաժ սարքելը դեռ ինչքանո՞վ է համարվում ջրօգտագործում,- հարցադրմամբ պատասխանեց նա և շարունակեց,- իր տարածքում իրավունք ունի խողովակաշար անցկացնել, բայց ջուրը խողովակ մտցնելու իրավունք չունի»:

Ջրային օրենսգրքի համաձայն՝  ջրօգտագործում է համարվում  ջրային ռեսուրսից ջուր վերցնելը, այդ թվում՝ ստորերկրյա քաղցրահամ ջուր արդյունահանելը կամ այլ եղանակով նվազեցնելը, ջրի կուտակումը, ջրային հոսքի խոչընդոտումը կամ շեղումը, ջրային ռեսուրսի աղտոտումը, ջրային ռեսուրսի մեջ կեղտաջրերի արտանետումը, վնասակար նյութերի կուտակումն այնպիսի եղանակով, որը կարող է վնասակար ազդեցություն ունենալ ջրային ռեսուրսի վրա, ինչպես նաև ջրային ռեսուրսի հատակների, ափերի, հոսքի կամ հատկությունների փոփոխումը:

Կապտաժի կառուցման ողջ ընթացքում արդյոք ջրային ռեսուրսի հատակների, ափերի, հոսքի կամ հատկությունների փոփոխում կատարվել է, թե ոչ, հայտնի չէ:

Նշենք նաև, որ նախագիծը դեռևս բնապահպանական փորձաքննության չի ենթարկվել:

«Էյ ընդ էմ ռեյր» ՍՊԸ-ն ներկայացնում էր «Կոնվերս բանկ»-ի խորհրդի նախագահ Արմեն Տեր-Տաճատյանը(նա ներկայացավ որպես ընկերության արտաքին իրավաբանական գրասենյակի տնօրեն), փաստաբան Նվարդ Մանուկյանը և հիդրոերկրաբան Արտաշես Աղինյանը:

«Կատարվել է նոր ջրագծի կառուցում, կատարվել է ամբողջ համակարգի վերակառուցում: Կապտաժը եղել է անօրակ, խմելու ջրին չհամապատասխան, հիմա նորը կառուցվել է եվրոպական ստանդարտներով: Նպատակը շշալցումն է: Կապտաժները կառուցվել են, ջրի հոսքը գետում չի փոխվել: Քանի որ ջրագիծը կիսատ է կառուցվել, կապտաժներից ոնց թափվում էր գետ, հիմա նույնպես թափվում է: Խողովակաշարը որպես այդպիսին չի գործում, նախկին ժանգոտած խողովակների փոխարեն դրվել է եվրոպայից բերված խողովակներ»,- ասաց Արտաշես Աղինյանը:

Արմեն Տեր-Տաճատյանը փորձում էր համոզել, որ իրենք կապտաժների կառուցման աշխատանքները սկսել են այն ժամանակ, երբ ջրօգտագործման թույլտվություն են ունեցել: Սակայն, ինչպես արդեն նշեցինք, Հրազդանի ՋՏԿ բաժնի պետ Ա. Ավագյանի զեկուցագիրն այլ բան էր ասում, որ կապտաժների կառուցումը սկսվել է 2016թ-ի մայիսին, երբ արդեն ջրթույլտվությունը ժամկետանց էր:

Արմեն Տեր-Տաճատյանը շինարարություն իրականացնելու ընկերության գործունեությունը հիմնավորեց նաև կառավարության որոշմամբ և տարածքի նկատմամբ սեփականության իրավունք ունենալու հանգամանքով:

Նշենք, որ Արտավազ համայնքի 25 բնակիչ դիմել է Եվրադատարան՝ արդար դատաքննության և սեփականության իրավունքի խախտումը վերականգնելու համար: Գյուղացիների շահերը ներկայացնող փաստաբան Մարիամ Ղուլյանը հայտնեց, որ արտավազցիները բողոքն ընթացի մեջ է, սպասում են ՄԻԵԴ-ի պատասխանին:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter