
Փաստաբանը չի կարողացել տեսակցել «Հաց բերողին». նրան փորձել են խուզարկել
Փաստաբան Տիգրան Եգորյանին երեկ չի հաջողվել տեսակցել «Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվող, 6 օր հացադուլի մեջ գտնվող, «Հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյանին: Փաստաբանը մեզ փոխանցեց, որ իրեն փորձել են խուզարկել մինչ Արթուր Սարգսյանի մոտ մտնելը, ինչը Տիգրան Եգորյանը թույլ չի տվել:
Փաստաբանը բողոքներ է պատրաստել՝ ուղղված տարբեր մարմիններին: Նաև ասաց, որ այսօր ևս ցանկանում է մեկ անգամ էլ փորձել տեսակցելու Արթուր Սարգսյանին: Դեռ երկու օր առաջ Տիգրան Եգորյանը, տեսակցելով «Հաց բերողին», «Ա1+»-ին հայտնել էր, որ նա չի կարողանում անկողնուց վեր կենալ:
«Եթե իր փաստաբանին չեն թողնում, ուրեմն Արթուրի վիճակը շատ լուրջ է»,-կարծիք հայտնեց Արթուրի եղբայրը՝ Արսեն Սարգսյանը:
Փետրվարի 14-ին մի խումբ փաստաբաններ հայտարարություն էին տարածել, որ հատկապես «Դատապարտյալների հիվանդանոցում» հաճախակի են դարձել փաստաբաններին խուզարկելու փորձերը: Երեկ էլ Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը նույն պատճառով չի կարողացել տեսնել իր պաշտպանյալին «Արմավիր» ՔԿՀ-ում:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա հուլիսին ՊՊԾ գնդում «Սասնա Ծռերին» հաց հասցրած Արթուր Սարգսյանը առաջին անգամ ձերբակալվել էր հուլիսի 31-ին, ապա կալանավորվել: 6 ամիս անց՝ դեկտեմբերի 31-ին դատախազի որոշմամբ փոխվել էր նրա խափանման միջոցը. կիրառվել էր ստորագրություն՝ չհեռանալու մասին: Սակայն 40 օր անց՝ փետրվարի 9-ին նրան կրկին ձերբակալել ու կալանավորել են՝ նախաքննության մարմնի կանչով չներկայանալու հիմքով ու տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց», որտեղ մեկ օր անց՝ ի նշան կալանավորման դեմ բողոքի, հայտարարել է հացադուլ:
Արթուր Սարգսյանը մեղադրվում է պատանդներ պահելուն, զենք-զինամթերք տեղափոխելուն ու պահելուն օժանդակելու մեջ: Արթուր Սարգսյանի մոտ առկա է զինծառայության ընթացքում ստացած Բեխտերևի հիվանդություն, նա տարել է նաև ողնաշարի վիրահատություն՝ C1 և C2 մասնահատումով և պրոթեզավորմամբ, ունի որովայնային գծային ճողվածք՝ բավականին մեծ չափի: 2-րդ խմբի հաշմանդամ է: Արցախյան պատերազմի ժամանակ սնունդ է մատակարարել ազատամարտիկներին ու ստացել վիրավորում: Ունի ֆիզիկական գործունեության սահմանափակումներ, հատուկ պայմանների կարիք: Նշենք, որ Բեխտերևի հիվանդությունը ներառված է պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում (Կառավարության 2006թ. 825-Ն որոշմամբ):
Մեկնաբանել