
«Հետքի» հրապարակումների հիման վրա` Արմավիրի մարզպետը դիմել է Մեծամորի քաղաքապետին
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը «Հետքի» հրապարակումից հետո դիմել է Մեծամորի համայնքապետ Ռոբերտ Գրիգորյանին՝ առաջարկելով ձեռնարկել համապատասխան միջոցներ կատարված խախտումները վերացնելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացրեցին մարզպետարանից:
Բանն այն է, որ դեռևս 2016թ. նոյեմբերի 19-ին հոդված էինք հրապարակել այն մասին, որ Մեծամոր քաղաքի ավագանին օգոստոսի 9-ի որոշումներով զիջել է համայնքի թվով 5 բնակիչների շենք-շինությունների, հողի հարկի և ավտոմեքենաների գույքահարկի պարտքերը: Ընդ որում՝ նշված 5 քաղաքացիներից 4-ը եղել են ավագանու անդամներ կամ նրանց ազգականները:
Մասնավորապես՝ զիջվել էր Սլավիկ Ղումաշյանի շենք-շինությունների գծով ունեցած 356,400 դրամ պարտքը: Սլավիկը Ղումաշյանը ավագանու անդամ Սուրեն Ղումաշյանի եղբայրն է և ՏԻՄ մասին օրենքով համարվում է մերձավոր բարեկամ: Զիջվել է նաև ավագանու անդամներ Արարատ Մարտիրոսյանի կուտակած 455,700 դրամ ավտոմեքենայի գույքահարկը, Գնել Գաբոյանի 195 400 դրամ շենք-շինությունների, Արմեն Արտենյանի 20,350 դրամ հողի հարկի պարտքերը: Նշված ավագանու անդամները մասնակցել էին նիստին և քվեարկել իրենց և մերձավորի պարտքը զիջելու օգտին:
Ավագանու անդամները զիջել են նաև աղբի և բնակարանների սպասարկման իրենց ունեցած պարտքերը: Օրինակ՝ նույն օրվա որոշմամբ զիջվել էր ավագանու անդամ Գևորգ Հովհաննիսյանի 8200 դրամ աղբի և 35,600 դրամի չափով բնակարանային սպասարկման վարձավճարները: Ինչպես նաև զիջվել էին ավագանու անդամ Մասիս Ղուլիջանյանի եղբոր՝ Արարատ Ղուլիջանյանի ունեցած 14,500 դրամ աղբի և 49,500 դրամ բնակարանի սպասարկման վարձավճարները: Վերջիններս նույնպես մասնակցել են քվեարկությանը և կողմ քվեարկել իրենց և մերձավորի օգտին կայացված որոշմանը:
«Մեր կողմից բազմիցս անգամ համապատասխան շրջաբերական գրություններով առաջարկվել է մարզի համայնքների ղեկավարներին խստագույնս պահպանել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջը, այն է՝ ավագանու անդամը պարտավոր է չմասնակցել ավագանու այն որոշման քվեարկությանը, որն առնչվում է իր, իր մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբար, քույր) շահերին»,- ասում է մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
Մեծամորի քաղաքապետարանից պարզաբանում ստանալ չհաջողվեց, թե ինչ քայլեր են ձեռնարկելու օրենքի խախտումով կայացված որոշումներով մոտ 1 միլիոն 309 հազար դրամ գումարը համայնքային բյուջե վերադարձնելու ուղղությամբ:
Արմավիրի մարզպետը մեր այլ հրապարակումների հիման վրա դարձյալ գրություններ էր ուղարկել համայնքներին և օրենքի խախտումով կայացված որոշումներով տրված օգնությունները վերադարձվել էին համայնքային բյուջե:
Մեկնաբանել