
Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու հարցով ԱԺ-ում ստորագրահավաք է
ԱԺ այսօրվա նիստին Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ առավոտյան պատգամվոր Նիկոլ Փաշինյանի հետ այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց», որտեղ արդեն 17 օր է` հացադուլ է հայտարարել «Հաց բերող» Արթուր Սարգսյանը։ Պատգամավորների այցի ժամանակ Սարգսյանը եղել է ծանր առողջական վիճակում:
«Նրա կյանքը փրկելու միակ տարբերակը խափանման միջոցը փոխելն է։ Ինչի վերաբերյալ հիմա միջնորդություն ենք պատրաստել, անձնական երաշխավորություն», - ասաց պատգամավորը։
Մարուքյանը ԱԺ պատգամավորներին առաջարկեց ցանկության դեպքում միանալ իրենց՝ գլխավոր դատախազին խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացնելու համար։
«Միակ տարբերակը դա է։ Որևէ կերպ նրան հնարավոր չէ համոզել` դուրս գա իր այդ վիճակից», - հավելեց պատգամավորը։
Նիկոլ Փաշինյանն էլ քիչ առաջ «Ֆեյսբուք»-յան իր էջում գրառում կատարեց` նշելով, որ այս պահին Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու հարցով ԱԺ-ում ընթանում է ստորագրահավաք: Ասում է՝ բացի իրենից և Էդմոն Մարուքյանից ստորագրահավաքին միացել են պատգամավորներ «Ժառանգություն», ՀԱԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ խմբակցություններից: Սակայն միջնորդությանը միացած պատգամավորների ցանկը կհրապարակի առավել ուշ։
Մեկնաբանել